Բժիշկներ
Հարցազրույց ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանի հետ
— Ինչպիսի՞ն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, համաճարակի զարգացման ի՞նչ միտում է նկատվում այսօր:
— 2009 թ. վերջին տվյալներով աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,3 մլն է: Ընդհանուր առմամբ, աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է: 2009 թ. ընթացքում մոտ 2,6 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, ինչը 20%-ով պակաս է 1999 թ. համեմատ, երբ արձանագրվեցին վարակման առավելագույն թվով դեպքերը և ՁԻԱՀ-ը վերածվեց գլոբալ համաճարակի: Նվազել է նաև ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի թիվը: Եթե 2004 թ. այն կազմում էր 2,1 մլն, ապա 2009 թ. արձանագրվել է մահվան 1,8 մլն դեպք:
Առնվազն 56 երկրների հաջողվել է կայունացնել իրավիճակը և անգամ զգալիորեն նվազեցնել վարակման նոր դեպքերի թիվը: Հատկապես ակնառու է դա ՁԻԱՀ-ի համաճարակից առավել տուժած տարածաշրջանում` Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Զամբիա, Զիմբաբվե, Եթովպիա):
Աֆրիկան շարունակում է մնալ աշխարհում առաջատարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությամբ: Վարակման նոր դեպքերի մոտ 70%-ը բաժին է ընկնում աֆրիկյան մայրցամաքին:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արձանագրվել է հիվանդացության և մահացության կտրուկ աճ: 2000-2009 թթ. ընկած ժամանակահատվածում այս տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն աճել է մոտ 3 անգամ, իսկ մահվան դեպքերի թիվը 2001-2009թթ. ընկած ժամանակահատվածում աճել է 4 անգամ: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արձանագրված վարակման նոր դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանն ու Ուկրաինային: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունն ամենաբարձրն է Ուկրաինայում, և կազմում է 1,1%:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մի շարք երկր-ներում, այդ թվում Հայաստանում, ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է ավելի քան 25%-ով:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.:
1988թ. մինչև 2011թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1012 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 727 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 285 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 21 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,9%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39,3%): Սրանցից բացի« արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 491-ի մոտ (կին` 112, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 241 դեպք: Մահացածների թվում կան 40 կին և 5 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (55,4%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,5%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 424 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:
— Որո՞նք են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և դրանցից ո՞րն է այսօր գերակշռողը Հայաստանում:
— ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագործելիս: Երեխաները կարող են վարակվել իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
2000-2010 թթ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների ցույց է տալիս, որ արձանագրված դեպքերի կազմում փոխանցման ուղիների համամասնությունը փոխվել է: Այսպես, եթե մինչև 2005 թ. արձանագրված դեպքերի կեսից ավելին կազմում էին թմրամիջոցների ներարկային օգտագործմամբ պայմանավորված վարակման դեպքերը, ապա 2006 թ. նկատելիորեն աճել են հետերոսեքսուալ հարաբերությունների միջոցով վարակման դեպքերը և որ ներկայումս ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման գերակշռող ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է:
— Հայաստանում ՄԻԱՎ վարակի դեպքերի արձանագրման հարցում այսօր ի՞նչ միտում է նկատվում` դրանք աճու՞մ են, թե՞ նվազում:
— Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Այսպես, ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագվել է վերջին 4, իսկ ՁԻԱՀ-ի դեպքերի կեսից ավելին` վերջին 3 տարիների ընթացքում:
ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում աճել է հետազոտությունների թիվը և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը:
Արձանագրված ՁԻԱՀ-ի դեպքերի թվի աճը պայմանավորված է ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ինդիկատորային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ: ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով՝ շնորհիվ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից անցկացված սեմինար-վարժանքների:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանիշներով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից (հիմնականում ՌԴ-ից) դեպի Հայաստան:
— ՄԻԱՎ վարակի ախտորոշումից հետո ի՞նչ օգնություն և աջակցություն է ցուցաբերվում հիվանդներին:
— Հարկ է նշել, որ ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը կատարվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում: Ախտորոշում ստացած հիվանդների վարումը նրանց կարիքներից բխող բարդ և երկարատև գործընթաց է, որը ներառում է հիվանդի կլինիկական վիճակի գնահատումը, դիսպանսերային հսկողությունը, հակառետրովիրուսային բուժումն ու դրա ընթացիկ հսկողությունը, բուժման ռեժիմի պահպանման հարցում աջակցությունը, օպորտունիստական և այլ ուղեկցող վարակների ու հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը, ըստ անհրաժեշտության համապատասխան ծառայություններ հիվանդների ուղեգրումը: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում, հիվանդներին և նրանց հարազատներին տրամադրում է սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն:
— Ի՞նչ բուժում է տրամադրվում այսօր հիվանդներին և որքանո՞վ է այն արդյունավետ:
— Ցավոք, առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի: Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղամիջոց, որը կարողանար օրգանիզմից լիովին վտարել ՄԻԱՎ-ը: Վիրուսը մարդու օրգանիզմում պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: ՄԻԱՎ վարակի բուժման համար այսօր կիրառվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ: Դրանք արդյունավետ են թե° կանանց, թե° տղամարդկանց, թե° երեխաների համար և արդյունավետորեն ազդում են անկախ ՄԻԱՎ-ով հիվանդի վարակման ուղուց: Հակառետրովիրուսային դեղամիջոցների կիրառումը զգալիորեն նվազեցնում է ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը՝ ՄԻԱՎ վարակով հիվանդ կնոջն առողջ երեխա ունենալու հնարավորություն տալով:
Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Այն երկրներում, որտեղ հակառետրովիրուսային բուժում է անցկացվում, ՁԻԱՀ-ից մահացության կտրուկ նվազում է արձանագրվել: Ընդ որում բուժման արդյունավետությունը հասել է այնպիսի մակարդակի, որ ՄԻԱՎ վարակն այսօր դիտարկվում է որպես երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ էապես նվազում է նաև ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Այս տեսանկյունից հակառետրովիրուսային բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն: Հակառետրովիրուսային բուժումն այլ կերպ կոչվում է նաև համակցված բուժում: Համակցված բուժման նպատակով միաժամանակ նշանակվում է ազդեցության տարբեր մեխանիզմներ ունեցող առնվազն 3 դեղամիջոց: Մի քանի դեղամիջոցների համակցումն օգնում է խուսափել դեղամիջոցների նկատմամբ կայունության զարգացումից և մեծացնել բուժման արդյունավետությունը:
Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ ներկայումս կիրառվող բուժումը ցմահ գործընթաց է. սկսելով բուժումը ՄԻԱՎ վարակով հիվանդը պետք է այն շարունակի ամբողջ կյանքի ընթացքում: Ընդ որում բուժման արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից՝ հիվանդության վաղ ախտորոշումից, բուժումը ժամանակին սկսելուց և դեղամիջոցների ճիշտ ընտրությունից, հիվանդի կողմից դեղամիջոցների ընդունման կարգի հետևողական պահպանումից: Դեղամիջոցների ընդունման կարգը չպահպանելու դեպքում կարող է զարգանալ դեղորայքակայունություն, ինչի արդյունքում դեղամիջոցները կկորցնեն իրենց արդյունավետությունը:
— Արդյո՞ք հակառետրովիրուսային բուժումն այսօր հասանելի է բոլոր հիվանդներին և ինչպիսի՞ն են ՄԻԱՎ վարակի բուժման ու կանխարգելման հեռանկարները
— Հակառետրովիրուսային բուժում նշանակվում է հիվանդության որոշակի փուլերում: Այդ բուժման անհրաժեշտությունն առաջանում է վարակումից որոշ ժամանակ անց: Վերջինիս տևողությունը խիստ անհատական է: ՄԻԱՎ-ով վարակվածների մեծամասնության մոտ հակառետրովիրուսային բուժման անհրաժեշտությունն առաջանում է ՄԻԱՎ-ով վարակվելուց գրեթե հինգ տարի անց:
Սկսած 2005 թ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում: Ներկայումս այդպիսի բուժում ստանում են բոլոր դրա կարիքն ունեցողները, որոնք տվել են իրենց տեղեկացված համաձայնությունը:
Ողջ աշխարհում այսօր շարունակվում են աշխատանքները ՄԻԱՎ վարակի արմատական բուժման հայտնաբերման և հիվանդության դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Իսկ մինչ գիտնականներն աշխատում են այդ ուղղությամբ, պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում՝ հարստացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իր գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը, դրսևորելով պատասխանատու վարքագիծ, դիմակայելով խարանին և խտրականությանը:
— ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են այսօր իրականացվում ՀՀ-ում:
— ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո անցած ավելի քան քսան տարիների ընթացքում հանրապետությունում հսկայական փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի կանխարգելման բնագավառում: Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են համաձայն 2007-2011 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի: Ծրագրի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, որին անդամակցում են պետական հաստատությունների, միջազգային և տեղական ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, նաև՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:
ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Մինչ օրս իրականացված նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել մեր երկրում կասեցնել համաճարակի հետագա զարգացումը, հասնել հիմնական խոցելի խմբերում ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի կայունացման, սակայն ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է, անհրաժեշտ միջոցների առկայությունը և պետական աջակցության ընդլայնումը:
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Հերիքնազ
01.04.2014
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն