Բժիշկներ
Հայաստանում` 2004-ից նշվում է բուժքույրերի միջազգային օրը
Մենք բազմիցս նշել ենք գթության քույրերի անձնվեր աշխատանքի մասին: Գթության քույրերն առաջին անգամ անգլուհի Ֆլորենս Նայթինգեjլի գլխավորությամբ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ:
Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարևորվեց և այլևս բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին:
Աշխարհում 1965 թվականից նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Եվ ի պատիվ Ֆլորենս Նայթինգեյլի, 1974 թվականից այն նշվում է մայիսի 12-ին:
141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:
Հայաստանում` 2004-ից նշվում է բուժքույրերի միջազգային օրը:
Այդ առիթով մենք զրուցեցինք Առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ,«Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և ներկայիս տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանի հետ, ով առաջին անգամ հանրապետությունում թեկնածուական և դոկտորական թեզերը պաշտպանեց բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով, դրանով իսկ բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:
– Բուժքույրական գործը հանրապետությունում իր որակով և գործառույթներով համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային չափորոշիչներին` և´ կրթական, և´ մասնագիտական առումով:
– Առողջապահական համակարգի երկու-երրորդը բուժաշխատողներն են, մոտ 15 հազար բժիշկ և 25 հազար բուժքույր: Այնպես որ, բուժքույրերի բանակը բավական մեծ է: Բժշկի նշանակումներից հետո հիվանդի խնամքը կատարում է բուժքույրը և, բնականաբար, մեր պացիենտների, ազգաբնակչության գոհունակությունը պայմանավորված է բուժքրոջ որակյալ աշխատանքով: Եթե բուժքույրը բանիմաց, լավ կրթություն ստացած, հոգատար է, ունի համապատասխան հատկանիշներ և հմտություններ, ապա ինքնաբերաբար հիվանդը կիսվում է նրա հետ և այդ պարագայում ավելի ճիշտ է կազմակերպվում խնամքը:
Այսքան տարիների ընթացքում մեր բուժքույրերը եղել են իրենց տեղում և ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Մենք ունենք փայլուն բուժքույրեր, ովքեր շատ պարտաճանաչորեն և սիրով կատարում են իրենց պարտականությունները, դա կլինի երկրաշարժի ժամանակ, թե տարբեր արտակարգ իրավիճակներում: Սակայն օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում, մեր բուժքույրերի գործառույթներն ասես սահմանափակ են: Առողջապահության մասին օրենքի փաթեթում ամբողջ մի գլուխ հատկացված է բուժքրոջ գործառույթներին, քանի որ քույրական գործը համակարգի կարևորագույն մասն է և, եթե մենք խոսում ենք որակի մասին, ապա այդ օրենքի ընդունումն էականորեն կնպաստի բուժքրոջ աշխատանքի որակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա կարող եմ ասել, որ մեզ մոտ բուժքույրական գործը համարվում էր երկրորդական, որ այն ինքնուրույն մասնագիտություն չէ, որ բուժքույրը բժշկի կցորդն է: Մինչդեռ այն առանձին մասնագիտություն է և դրա վկայությունն է միջազգային փորձը: Ամբողջ աշխարհում կատարվում է բուժքույրական գործի լուրջ հետազոտություն և բժշկի գործունեության հետ միասին բուժքույրը կազմում է մի հիանալի թիմ ու համատեղ աշխատանքը տալիս է բարձր արդյունքներ: Բժշկի և բուժքրոջ գործունեությունը փոխկապակցված են, հնարավոր չէ բժշկությունն առաջ տանել, իսկ բուժքույրական գործը թողնել նախկին մակարդակի վրա: Որակի տարի հայտարարելը մեծ պատասխանատվություն է դնում բուժքրոջ վրա:
– Իսկ ինչպե՞ս պետք է հսկել որակյալ է աշխատանքը, թե` ոչ:
– Որակյալ աշխատանքը որակյալ կրթությունով է պայմանավորված: Մենք կարող ենք շատ բան փոխել, բայց եթե կրթված մասնագետ չեկավ, ապա ոչինչ չի ստացվի: Առաջնայինը բազային կրթությունն է: Շրջանավարտը պետք է կյանք մտնի բավարար, ժամանակակից գիտելիքներով, ընթանա ժամանակի հետ համընթաց:
– Հիմա բոլոր մարզերն ունեն իրենց բժշկական քոլեջները, որպես նախարարության գլխավոր մասնագետ, այդ ոլորտում հսկողություն իրականացվո՞ւմ է բժշկական քոլեջների կրթական, կադրերի պատրաստվածության մակարդակի վրա:
– Ես կարող եմ ասել պետական բժշկական քոլեջների մասին, որոնք 11-ն են, գործում են նաև մոտ 40 ոչ պետական քոլեջներ: Որպես պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհրդի անդամ կարող եմ ասել, որ քոլեջների տնօրենները մեծ պատասխանատվությամբ են մոտենում խնդրին, ամբողջ ուսումնական գործընթացին: Որպես չափանիշ, հաշվի է առնվում համապատասխան որակավորված դասախոսական կազմը, ցանկալի է, որ այդ կազմում ընդգրկված լինեն կոչումներով դասախոսներ, ի դեպ, քոլեջներում դասավանդող բուժքույրերը հմուտ, վերապատրաստված մասնագետներ են, փորձ ունեցող բուժքույրեր են, ոչ թե բժիշկ: Անհրաժեշտ է ունենալ հիանալի գրադարան, անհրաժեշտ գրականությամբ, հարկ է, որ պրոֆեսորադասախոսական կազմն ունենա առաջընթաց, տպագրեն հոդվածներ, նոր մեթոդներ ներդնեն և ըստ դրա էլ կարելի է գնահատել աշխատանքը: Կարևոր է նաև գործնական աշխատանքի կազմակերպումը, հարկ է ունենալ համապատասխան լաբորատորիա՝ հագեցված անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, որոնք կօգնեն ուսանողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Բոլոր քոլեջներն ունեն մասնագիտացված բազաներ` հիվանդանոցներ, կլինիկաներ, որոնց հետ կնքվում են պայմանագրեր և որտեղ քոլեջների սաներն անցկացնում են իրենց պրակտիկ պարապմունքները: Մյուս գնահատականն այն է, թե որքան ուսանող է ավարտել և քանիսն են ըստ մասնագիտությամբ աշխատում: Ամեն մի գլխավոր բժիշկ, ամեն մի գլխավոր բուժքույր կուզենա աշխատել բանիմաց, հմուտ, իր գործն իմացող մասնագետի հետ: Սեփական փորձից գիտեմ, թե փորձված բուժքույրը որքան մեծ նշանակություն ունի երիտասարդ բժշկի համար: Կրթությամբ և տարիների փորձառությամբ է պայմանավորված որակի մակարդակը: Վերջիվերջո բժիշկը, բուժքույրը գործ ունեն մարդու հետ, ում առողջությունը, երբեմն և կյանքն է վստահվում նրանց:
– Իսկ պրոֆեսորադասախոսական կազմը մարզերի բուժքույրերի համար արտագնա դասընթացներ անցկացնո՞ւմ են:
– Դեռևս 2002 թվականին Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվեց «Քույրական գործի կազմակերպում»ամբիոն, դա Հանրապետությունում առաջին ամբիոնն էր, որ զբաղվում էր բուժքույրերի, մանկաբարձուհիների վերապատրաստմամբ և, բնականաբար, այդ ժամանակ արտագնա դասընթացներ հաճախ էինք անցկացնում գրեթե բոլոր մարզերում: Ներկայումս այդ գործառույթը կատարվում է Մ.Հերացու անվան բժշկական պետական համալսարանի «Բուժքույրական գործի կազմակերպում» ամբիոնը:
– ԱԱԻ-ում տվյալ ամբիոնի վարիչն էիք, համալսարանում ևս Դուք ե՞ք:
– Այո: «Էրեբունի» քոլեջի դասախոսները ևս վերապատրաստվել են ԱԱԻ-ում, հիմա էլ Բժշկական համալսարանում, շատերն էլ արտասահմանում, որն անհրաժեշտ գործընթաց է մասնագետի աճման, միջազգային փորձին ծանոթանալու առումով:
– Բնական է, Ձեր հիմնական գործունեությունը քոլեջն է, դրա խնդիրները, հեռանկարները…
– Աշխարհում ընդունված է, որ բոլոր խոշոր բուժհաստատություններին կից գործում են համապատասխան քոլեջներ: Եվ մեզ մոտ էլ«Էրեբունի» հիվանդանոցին կից հիմնվեց բժշկական քոլեջ: Այն սկսվեց բարեգործությամբ, մեր առաջին սաները որբանոցի, անապահով ընտանիքների, ազամարտիկների 40 երեխաներն էին, մի քիչ ընդլայնվեց` դարձան 80-ը: Այնուհետև, սկսեցինք համագործակցել միջազգային կառույցների հետ` Ֆրանսիայի, Ամերիկայի: Համագործակցությունն օգնեց, որ բարելավենք մեր կրթական ծրագրերը:
Ընդհանուր առմամբ, մինչև 1996 թվականը, բուժքույրերը կրթվում էին 2-ամյա ծրագրերով, դա դեռևս խորհրդային տարիների միասնական ծրագրերն էին: Սակայն տարիների ընթացքում տեսանք, որ այդ կրթությունը չի համապատասխանում արդի պահանջներին: Եվ այն փոփոխությունները, որոնք կատարվում են նաև առողջապահական համակարգում պահանջում են կրթել և ուսուցանել համապատասխան կադրեր: 1993-ին ներդրեցինք 3-ամյա ծրագիրը, հետո կոլեկտիվի որոշմամբ` քույրական գործի կազմակերպման 4-ամյա ծրագիրը, ավարտողները դառնում են ընտանեկան բուժքույրեր: Հարկ եմ համարում նշել, որ քոլեջում այսօր աշխատում է հիանալի մի կոլեկտիվ, որի յուրաքանչյուր անդամ ոչ միայն կատարում է իր պաշտոնական պարտականությունները, այլև իրենց ներդնումն են ունենում քոլեջի ստեղծագործական աշխատանքներում:
Տարբեր երկրների հետ համագործակցությունը մեր առաջընթացի, հաջողությունների գաղտնիքն է, յուրաքանչյուր դրական փորձը ցանկացել ենք ներդնել մեզ մոտ, հարմարեցնել մեր պահանջներին: Մեր նպատակն է, որ մեր մասնագետները ևս լինեն որակյալ, իրենց գիտելիքներով համապատասխանեն միջազգային չափանիշներին: Եվ պատահական չէ, որ մեր շրջանավարտներից ոմանք հաջողությամբ աշխատում են միջազգային կառույցներում: Իհարկե, կարևոր է նաև ֆինանսական միջոցների առկայությունը, որ մեր ուսանողները ևս կարողանան գործնական պարապմունքներն անցկացնեն տեխնիկապես հագեցված ուսումնական լաբորատորիաներում: 2011թվականին կազմակերպել էինք Միջազգային բուժքույրական 1-ին համագումարը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերից բուժքույրեր, մոտ 40 երկրներից ժամանած մասնագետներ, ովքեր համաժողովի մասնակիցներին տեղեկացրին բուժքույրական գործում ձեռք բերած նորարարությունների, նոր մեթոդների և մոտեցումների մասին: Մեր համագործակցության արդյունքում Ամերիկայի, Շվեդիայի, Շոտլանդիայի շատ մասնագետներ դասախոսություններով հանդես են գալիս մեզ մոտ: Մենք ևս դասախոսություններով հանդես ենք գալիս դրսում: Մեծ նշանակություն ունի, որ միջազգային այդ միջոցառումներին մասնակցում է նաև Հայաստանը: Ինքս Միջազգային բուժքույրական պատվավոր միության անդամ եմ, այդ կազմակերպության հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: Այսօր Հայաստանից մոտ 100 բուժքույր դարձել է այդ միության անդամ, որն ունի մոտ 170 հազար անդամ աշխարհի բոլոր երկրներից: Ուրախ եմ, որ 2013 թվականին կայանալիք մեծ համաժողովին Հայաստանի դրոշը ևս կծածանվի:
– Արտասահմանյան շատ երկրներում բուժքույրերն ունեն նաև գիտական կոչումներ: Մենք ունե՞նք կոչումներով բուժքույրեր:
– Դուք շատ կարևոր հարց տվեցիք: Ամբողջ աշխարհում բուժքույրերն ունեն գիտական աստիճաններ` բակալավրի, մագիստրոսի կոչումներ, պրոֆեսոր են, դոկտոր: Եթե մեր բուժքույրը ցանկություն ունի շարունակել կրթությունը, ապա անպայման պետք է ընդունվի բժշկական համալսարան, բայց այդ դեպքում նա դառնում է բժիշկ: Սակայն, եթե բուժքույրն ուզում է ոչ թե վերապատրաստվի, այլ իր մասնագիտությամբ խորանա և ստանա բակալավրի կամ մագիստորսի կոչում, նա դրա հնարավորությունը չունի: Մինչդեռ 1,2,3 տարի սովորելով, ինչպես արտերկրի շատ բուժքույրեր, նա ևս կարող է ստանալ գիտական կոչում և, բնականաբար, աշխատանքի որակն էլ կբարձրանա: Մեր 4-ամյա ծրագրով սովորած շրջանավարտները, ծրագիր, որն ընդունվել է ամերիկյան համապատասխան մարմինների կողմից, մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ հավաստագրեր, որը հավասարազոր է բակալավրի կոչման: Լավ կլիներ, որ մեզ մոտ ևս դա ճանաչվեր որպես հիմք: Մենք առաջինն սկսեցինք, սակայն ներկայումս Ուկրաինայում, Մոլդովիայում, Ռուսաստանում օրինականացրին այդ ուսուցումը, իսկ մեզ մոտ օրենք չկա: Եթե բուժքույրն ուզում է ուսումը շարունակել, ինչու չընդառաջել: Եթե օրենքով կարգավորվի այդ գործընթացը, դա խթան կհանդիսանա, որ բուժքույրը ձգտի կատարյալ տիրապետել մասնագիտությանը …
Աշխարհում բակալավրի, մագիստրոսի կոչումներով քուժքույրերը շատ դեպքերում փոխարինում են բժիշկներին: Մեզ մոտ էլ սահմանամերձ շատ համայնքներում բժիշկների կարիք կա, իսկ եթե մենք ապահովենք բուժքույրերի շարունակական կրթությունը, նա կարող է հեռավոր շատ շրջաններում փոխարինել բժշկին: Ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ բուժքույրը կունենա ակադեմիական կրթություն:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն