Բժիշկներ
«Առողջ քնի վերջին նոտաները լավ կլինի, որ լինեն հաղթական». մեր զրուցակիցն է Պարունակ Զելվեյանը
Քնի համաշխարհային օրն առաջին անգամ անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին: Ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ՝ նվիրված քնի և առողջության հարցերին։
Օրվա առիթով մեր զրուցակիցն է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:
– Լինելով սրտաբան և Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, ինչու՞ եք կարևորել քնի կենտրոնի գոյությունը:
– Քնի խանգարումներն այսօր լուրջ հիմնախնդիր են ո՛չ միայն իրենց բավականին բարձր տարածվածությամբ, այլ նաև այն պատճառով, որ դրանց զգալի մասը չի հայտնաբերվում և չի ախտորոշվում ու, բնականաբար, չի բուժվում, ինչն էլ պատճառ է կյանքի որակի զգալի վատթարացման, սրտանոթային հիվանդացության և մահացության զգալի բարձրացման։
Ինչու՞ եմ կարևորել քնի կենտրոնի գոյությունը. դեռևս Մոսկվայի Սրտաբանական կենտրոնում ուսումնառելու տարիներին, ի թիվս սրտանոթային այլ գիտական հիմնախնդիրների, 1993 թվականից զբաղվում եմ քնի շնչառական խանգարումների, մասնավորապես, զարկերակային գերճնշման հետ փոխկապակցվածության խնդիրներով։ Հայաստանում շատ երկար տարիներ այդ հիմնախնդիրը ո՛չ միայն լայն հասարակության, այլ նաև, որքան էլ տարօրինակ է, բժշկական հանրության ուշադրությունից, մեղմ ասած, չափազանց հեռու էր, այդ իսկ պատճառով անհրաժեշտ համարեցինք խնդրի բարձրաձայնումը: Այդ նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի և Քնի եվրոպական ասոցիացիայի հետ համատեղ մի շարք միջոցառումներ իրականացվեցին։ Ի դեպ, առանց ավելորդ համեստության, անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2009թ. «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում» ստեղծվեց Հայաստանում առաջին «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոնը», որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որտեղ արտերկրում բազմիցս վերապատրաստված մասնագետների կողմից իրականացվում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ախտորոշիչ և բուժական լայնածավալ ու որակյալ միջոցառումներ։
– Վերջին տարիներին ամենահաճախակի հանդիպող բժշկական խնդիրների 10-յակում են քնի հետ կապված խանգարումները. ինչո՞վ եք բացատրում խնդրի նման արդիականացումը:
– Հրատապության պատճառը քնի հետ կապված խնդիրների իրականում բարձր տարածվածությունն է, հասարակության շրջանում և, որքան էլ զարմանալի ու տարօրինակ է՝ նաև բժշկական հանրությունում, քնի խանգարումների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը: Արդյունքում շատ անձինք, ովքեր կարող էին բուժվել և ունենալ կյանքի բարձր որակ, կանխարգելել մի շարք, այդ թվում՝ մահաբեր սրտանոթային բարդություններ, դեռևս ախտորոշված չեն, տեղյակ չեն իրենց մոտ առկա առողջական լրջագույն խնդրի վերաբերյալ, ուստի և համապատասխան արդյունավետ բուժում չեն ստանում։
Շատ կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ հատկապես վերջին տասնամյակում քնի խանգարումները գտնվում են գիտական հետազոտությունների կիզակետում, ինչումն, իհարկե, անմասն չէ նաև «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոնը», որտեղ իրականցվող աշխատանքները՝ ի թիվս այլ գիտաժողովների, արժանվույնս ներկայացվում են Քնի բժշկության Համաշխարհային և եվրոպական ասոցիացիաների գիտաժողովներին։
– Քնի հետ կապված խնդիրներից հատկապես որո՞նք հետազոտման կարիք ունեն:
– Ցանկացած խնդիր, ցանկացած գանգատ անհրաժեշտ է արժեվորել և համապատասխան մասնագետի հետ լուծման ուղիներ փնտրել։
– Ինչպիսի՞ն է կանխարգելումը քնի խանգարումների դեպքում. ի՞նչ անել, եթե անքնության նշաններ են սկսում ի հայտ գալ:
– Կանախարգելման ճանապարհը քնի հիգիենայի պահպանումն է, իսկ «ի՞նչ անել, եթե անքնության նշաններ են սկսում ի հայտ գալ» հարցին շատ պարզ ու բավականին կանխատեսելի պատասխան եմ տալու…. Ինչպես ցանկացած առողջական խնդիրների ի հայտ գալու պարագայում՝ Դիմել բժշկի, և շատ լավ կլինի, եթե նա լինի քնաբան, քանզի անկասկած, նա առավել մասնագիտացված խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան հետազոտություններ ու թիրախային բուժում կարող է իրականացնել։
– Ինչպե՞ս ունենալ արդյունավետ քուն: Նվազագույն քանակից առավելագույն որակ ստանալն այսօր հետաքրքրում է յուրաքանչյուրին, ով ժամանակի սղություն ունի:
Ես երևի կրկնեմ…. Անհրաժեշտ է հնարավորինս պահպանել քնի հիգիենան։
– Ցերեկային քունը կարո՞ղ է լիարժեք փոխարինել գիշերը բաց թողած ժամերին:
Իհարկե՝ ո՛չ, բայց եթե այս կամ այն պատճառներով գիշերային քունը լիարժեք և բավարար չէ, ապա այն անհրաժեշտ է լրացնել ցերեկային քնով։
Ինչու՝ ո՛չ, որովհետև քունը, ինչպես շատերն են ընկալում, դա «պասիվ» գործընթաց չէ, այլ՝ «ակտիվ»։ Քունն օրգանիզմի ցիրկադային ռիթմի կարևորագույն բաղկացուցիչ օղակն է։ Գիշերային քնի ժամանակ, բացի հանգստանալուց և վերալիցքավորվելուց, օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր ունեն լրացուցիչ և շատ կարևոր ֆունկցիաներ, մասնավորապես՝ օրգանիզմի հոմեոստազի պահպանումը։ Ընկալելի լինելու համար մի շատ պարզ օրինակ կարող եմ բերել։ Քնի խորը փուլերում սինթեզվում է սոմատոտրոպին աճի հորմոնը, որն օրգանիզմում պատասխանատու է նաև ճարպային փոխանակության կարգավորման հարցում։ Երբ տարբեր պատճառներով՝ հատկապես քնի շնչառական խանգարումների առկայության պարագայում, հաճախակի ախտաբանական արթնացումների հետևանքով գերակշում են քնի մակերեսային ֆազաները, ապա աճի հորմոնի նյութափոխանակության խանգարումները կարող են հանգեցնել ավելցուկային քաշի, ճարպակալման և շաքարային դիաբետի առաջացման հավանականության հավաստի բարձրացման։ Աճի հորմոնի սինթեզման առումով քնի խորը փուլերի կարևորությունը փաստելու համար եկեք հիշենք, թե որքան երկար են քնում նորածին երեխաները, և մեր մայրերի հորդորը … «բալիկ ջան գնա շուտ քնի… որ շուտ մեծանաս…»։
– Ամենալուրջ վտանգները, որոնց կարող են հանգեցնել քնի հաճախակի խանգարումները, օրինակ՝ 2-3 օր շարունակ չքնելը:
– Քնի պարբերաբար և հաճախակի խանգարումները կարող են հանգեցնել ո՛չ միայն լրջագույն նյարդա-հոգեբանական խնդիրների առաջացման, այլ նաև սրտանոթային և էնդոկրին համակարգերի արտահայտված ախտաբանական վիճակների։
– Զարթուցիչի օգնությամբ արթնանալն արդյո՞ք սթրեսային չէ օրգանիզմի համար: Առողջ քնի վերջին նոտաները ինչպիսի՞ն պետք է լինեն, ինչպե՞ս արթնանալ:
Զարթուցիչը՞… Իհարկե սթրեսային է…. Եթե անկեղծ լինեմ, ապա իմ կյանքում զարթուցիչը՞ ամենասթրեսային ու ամենաատելի բանն է… Սակայն դա ժամանակակից կյանքի պարտադրանքներից է, ինչ-որ ձևով պետք է վճարենք չէ՞ քաղաքակրթության ձեռքբերումների համար… «Առողջ քնի վերջին նոտաները ինչպիսին ե՞ն»՝ լավ կլինի, որ լինեն հաղթական… «Ինչպե՞ս արթնանալ»՝ քնից լիովին հագեցած և լիարժեք հանգստացած, կենսուրախ, էներգիայով լիցքավորված և ավյունով լեցուն։
– Որքանո՞վ է այսօր հայ հասարակությունում թեման արդիական:
– Թեման մեր իրականությունում չափազանց արդիական է։ Վերջերս Երևան քաղաքում քնի շնչառական խանգարումների տարածվածության գնահատման նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքները փաստեցին, որ բնակչության 20-25%-ն ունեն քնի շնչառական խանգարումներ։ Ի դեպ, չափազանց կարևորում եմ և անհրաժեշտ եմ համարում նշել, որ քնի շնչառական խանգարումների ամենագլխավոր ախտանիշներն են՝ խռմփոցը, քնի ժամանակ շնչառական կանգերի առկայությունը, ինչպես նաև արտահայտված ցերեկային քնկոտության առկայությունը։ Սա բավականին կարևոր հիմնախնդիր է և արժանի է չափազանց լուրջ ուշադրության, քանի որ քնի շնչառական խանգարումներ ունեցող անձինք բավականին ռիսկային խմբում են գտնվում սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և հանկարծամահության առաջաման առումով։
– Ըստ Ձեր կենտրոնի դիտարկումների՝ 1 տարի առաջ և վերջին տարում դիմելիությունն ու արդյունավետությունը:
– Իհարկե, դիմելիության աճի տենդենց կա։ Հատկապես վերջին տարիներին հասարակությունը, և ինչն առավել ուրախալի ու ողջունելի է՝ հատկապես երիտասարդությունը, սկսել է առավել լրջությամբ վերաբերվել առողջության խնդիրներին ընդհանրապես, այդ թվում նաև քնի խանգարումներին՝ մասնավորապես։ Արդյունքները ևս բավականին գոհացուցիչ են, քանզի այսօր մենք կիրառում ենք համաշխարհային բժշկագիտության ժամանակակից մոտեցումները։ Մեր բուժական արսենալում ունենք ժամանակակից դեղորայքային բուժման լայն հնարավորություններ, ինչպես նաև սարքավորումներ, որոնց կիրառումը բերում է քնի խանգարումների, այդ թվում՝ քնի շնչառական խանգարումների լիարժեք կարգավորման։
Վերջում ցանկանում եմ բոլորիս մաղթել՝ «Առողջ քուն, առողջ, աշխատունակ, էներգիայով լեցուն և երջանիկ կյանք…»։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն