Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ» նախագծի յոթերորդ անդրադարձը նվիրված է Ալեքսանյան-Զիլֆյան բժշկական ընտանիքին

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ» նախագծի յոթերորդ անդրադարձը նվիրված է Ալեքսանյան-Զիլֆյան բժշկական ընտանիքին

ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի այս անդրադարձը նվիրված է Զիլֆյանների բժշկական տոհմին: Ախտաբան-ֆիգիոլոգ, ախտաբան-անատոմ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտո Վրեժի Զիլֆյանը ընտանիքի բժշկական պատմությունը սկսում է իր մայրական կողմի պապից` Արտո (Արտաշես) Բոգդանի Ալեքսանյանից:

«Պապիկս ծնվել է Թբիլիսում: Նա համաճարակաբան էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ: 1916 թվականին ավարտել է Օդեսային համալսարանի բժշկական ֆակուլտետը: Նա Խորհրդային Հայաստանում համաճարակաբանական ծառայության հիմնադիրներից է»,- պատմում է Արտո Զիլֆյանը:

 

«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ
Իր պապի անուն կրող` այժմյան ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում է 1929 թվականին Արտո Ալեքսանյանը նախաձեռնում առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիայի ստեղծումը:

Մեր երկրում և նրա սահմաններից դուրս մեծ հանբավ վայելող համաճարակաբանը միաժամանակ 1931 թ. Երևանի Մխիրթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի հիմնադիրն ու ղեկավարն էր: Երկար տարիներ և մինչ կյանքի վերջ Արտո Ալեքսանյանը եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության առընթեր առողջապահական խորհրդի նախագահը: 1935 թ. հետո «Միկրոբիոլոգների և համաճարակաբանների համամիութենական միության» անդամ էր, ինչպես նաև մասնագիտական նույն հայաստանյան միավորման նախագահը:

Բազմաթիվ գիտական հրատարակությունների և մենագրությունների հեղինակ է: 1957 թ. Մոսկվայում լույս է տեսել նրա հեղինակած «Դիֆթերիա», 1960թ. ԵՊԲՀ ուսանողների համար «Ընդհանուր և մասնավոր համաճարակաբանություն» հայերեն և ռուսերեն, 1965 թ. Պատվաստումներ, շիճուկներ և բակտերոֆագեր», իսկ 1970 թ. «Դիֆթերիայի դեմ պայքարի և որոնումների 40 տարին» մենագրությունները: Նրա գիտական գործունեությունը վերաբերել է ընդհանուր համաճարակաբանության ուսումնասիրությանը, իմունային համակարգին, մասնավորապես դիֆթերիայի և դիզենտերիայի կանխարգելմանը: Ա. Ալեքսանյանը դիֆտերիայի ժամանակ բացիլակրության հայեցակարգի հեղինակն է, որում բացահայտել է կրկնապատվաստման հատուկ դերը դիֆտերիայի ցուպիկի կայունածին հատկություններ ձեռքբերելու գործում։ Դիֆթերիայի կանխարգելման գործում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում ակադեմիկոս Ա. Ալեքսանյանի կողմից առաջարկվել է և կյանքի կոչվել վակցինացիայի և ռեվակցինացիայի նոր սխեմա, որի շնորհիվ դիֆտերիան խորհրդային Հայաստանում չեզոքացվել է:

Պայքարի առաջարկված մեթոդը հաջողությամբ կիրառվել է նաև նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում:

«Պապիկս մեծ, գործնական ներդրում է ունեցել դիֆտերիայի լիկվիդացման գործում: Նրա գիտականորեն հիմնավորված այս առաջարկը հետագայում լայնորեն քննարկվել է բազմաթիվ միջազգային համաժողովներում»,- ընդգծում է ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչը:

Դոցենտ Արտո Զիլֆյանի խմբագրությամբ է 1936 թ. Երևանում լույս տեսնում «Դիզինֆեկցիա» ձեռագիր ժողովածուն, որտեղ հարց ու պատասխան ձևաչափում ինքն անդրադարձել է արդի առողջապահական խնդիրների:

ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1923թ. և մինչեւ 1940թ. կոչվել տրոպիկական ինստիտուտ, իսկ 1940-1955թ. մալարիայի եւ բժշկական պարազիտոլոգիայի ինստիտուտ: 1955թ. միավորվել է համաճարակաբանության, մանրէաբանության եւ հիգիենայի ինստիտուտի հետ (հիմնված 1930թ.) և մինչեւ 1971թ. անվանվել է համաճարակաբանության եւ հիգիենայի ինստիտուտ և կրում է հենց Արտո Ալեքսանյանի անունը:

1973թ. ինստիտուտը առողջապահության զարգացմանը, բժշկական գիտությանը և մասնագետների պատրաստմանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով: 1930-1960թթ. ինստիտուտում գործել է արտադրական բաժին, որը բավարարել է կանխարգելիչ եւ ախտորոշիչ պատրաստուկների (վակցինաներ, բնական ծաղկի դետրիտ, կատաղության պատվաստանյութ, շիճուկներ, ֆագեր) պահանջարկը Հայաստանում: Սկզբնական շրջանում ինստիտուտում զբաղվել են մալարիայի, բնական ծաղկի, խոլերայի, հետադարձ եւ բծավոր տիֆերի, լեյշմանիոզների, հետագա տասնամյակներում` որովայնային տիֆի, դիզենտերիայի, սալմոնելյոզների, լեպտոսպիրոզների, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կապույտ հազի, կարմրուկի, խոզուկի, գրիպի, ադենովիրուսների, արբովիրուսների, օրնիթոզի, ռոտավիրուսների, պարազիտար հիվանդությունների, իսկ ներկայումս` աղիքային վարակիչ հիվանդությունների (իերսինիոզ, կամբիլոբակտերիոզ, հելիկոբակլտերիոզ, պայմանական ախտածին էնտերոբակտերիաներ), վիրուսային A, B, C, E հեպատիտների, արբովիրուսային վարակիչ հիվանդությունների, ցիտոմեգալովիրուսների, մալարիայի եւ հելմինթոզների ախտորոշման, կանխարգելման եւ պայքարի միջոցառումների մշակման հարցերով: Հատուկ ուսումնասիրվում են դեղորայքների եւ հակաբիոտիկների նկատմամբ մանրէների զգայունության որոշման, արտադրական թափոններից ստացվող ախտահանիչ նյութերի փորձարկման եւ կիրառման հարցերը:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ


Ա. Ալեքսանյանի դուստրը` Վարվառա Ալեքսանյանը (1921-1989թթ.) նույնպես ընտրեց բժիշկի մասնագիտությունը: Համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը 1943 թ. ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը:

1963-89 թթ. նախկին Բժիշկների կատարելագործման ինստիտուտին առընթեր համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում բնական ծաղիկի դեմ պայքարի և կանխարգելման միջոցներին: Հայտնաբերել և ուսումնասիրել է առնետների կծելու հետևանքով առաջացող հիվանդությունը: Բժշկական «բառապաշարում» Վարվառա Ալեքսանյանը գործածության մեջ է դրել «համաճարակաբանական աշխարհագրություն» տերմինը: 1965-89 թթ. Հայաստանի բժիշկ-աշխարհագրագետների ընկերության նախագահն էր: Պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

 

«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ

 

Վրեժ Նշանի Զիլֆյանը` Վարվառա Ալեքսանյանի ամուսինը, ծնվել է 1921թ. Անկարայում: 1946թ. ավարտել է ավարտել է ԵՊԲՀ-ն: Անվանի ուռուցքաբանը 1946-1962թթ. աշխատել է հակաժանտախտային կայանում որպես կայանի պետի տեղակալ: 1967-1977թթ.՝ ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է որպես փորձարար, ապա ուռուցքաբանության լաբորատորիայի վարիչ: 1977թ.-ից՝ փոխտնօրեն: Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը 1977թ. արժանացել է Ամերիկայի կենսագրկան ընկերության նվաճումների ոսկե սկավառակի: Ուսումնասիրել Է չարորակ նորագոյացությունների առաջացման իմունաբանական, ժառանգական մեխանիզմները, Հայաստանի արդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր քիմիական նյութերի ուռուցքածին և մուտածին հատկությունները, հակաուռուցքային պատրաստուկների թունածին ու մուտածին ազդեցությունները, առաջարկել իմունաբանական բուժման մեթոդ՝ տուլարեմիայի շիճուկի օգտագործմամբ:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ


Արտո Զիլֆյանը` Վարվառա Ալեքսանյանի և Վրեժ Զիլֆյանի որդին է: Ծնվել է 1944 թ. Երևանում: 1967թ. ԵՊԲՀ-ն գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է ախտաբանական անատոմիայի ասպիրանտուրա: Այնուհետև թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո սկսել է աշխատանքը Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի Մորֆոլոգիայի և մանրեաբանական լաբորատորիայում: 1984 թ. առ այսօր ղեկավարում է ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնը, որի նպատակն է լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով իրականացնել հիմնարար և կիրառական հետազոտություններ, ուսումնասիրել և ներդնել փորձարարական և կլինիկաբորատոոր հետազոտությունների արդիական եղանակներ:

1993-2004թթ. զբաղեցրել է ԵՊԲՀ պրոռեկտորի պաշտոնը: 1995- 2006 թթ. Եղել է «Բժշկագիտությունը Հայաստանում» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ 2007 թ. Արտո Զիլֆյանը «The New Armenian Medical Journal» («Նոր հայկական բժշկական հանդեսի») գլխավոր խմնագիրն է: ԵՊԲՀ-ի կողմից հրատարակվող անգլերեն և հայերեն տարբերակներով հանդեսը պարբերաբար ընթերցողին դատին է հանձնում բժշկագիտական արդի թեմաներին վերաբերող նյութեր, նորություններ: Հրատարակությունը ներկայացնում է առողջապահական համակարգի տարբեր ոլորտներում կիրառվող առողջապահական նոր մեթոդներն ու մոտեցումները: Հանդեսը հասանելի է նաև վիրտուալ տիրույթում` ԵՊԲՀ պաշտոնական www.ysmu.am կայքում:

Անվանի մասնագետը պարգևատրվել է ՀՀ կրթության գիտության նախարարության հուշամեդալով, ԵՊԲՀ ոսկե, «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱՆ պատվոգրով: ՀՀ նախարարների խորհրդի նախագահությունը նրան պարգևատրել է շնորհակալագրով բեմնավոր գիտական գործունեության և որակյալ կադրերի պատարստման համար: Ավելի քան 180 գիտական հրատարակությունների և 7 մենագրությունների հեղինակ է:

«Շուտով, առաջիկա 2 ամիսների ընթացքում, լույս կտեսնի իմ հերթական մենագրությունը, որտեղ իրազեկվում է միկրոօրգամիզմների դերի մասին, որոնք երկար դարերի ընթացքում ապրում են մարդու և կենդանիների օրգանիզմներում: Գիտական աշխատության մեջ ես ներկայացնում եմ, որ այդ միկրոօրգանիզմները առողջ մարդու օրգանիզմում մասնակցում են սրտանոթային, հորմոնային իմունային և վերարտադրողական համակարգերի կենսագործունեության մեխանիզմների կարգավորմանը»,- իր ծրագրերն է ներկայացնում պրոֆեսորը: Նա առանձնակի ոգևորությամբ է նշում ծննդյան 70-ամյա հոբելյանի մասին:

Երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ նախագահի կողմից ՀՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանն արժանանալը, Արտո Զիլֆյանը համարում է լավագույն գնահատականը Հայաստանում գիտնականի գիտահետազոտական գործունեության համար:

«Այս կապակցությամբ, ես խորապես շնորհակալ եմ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մեր բժշկական համալսարանի ղեկավարությանը, այդ կոչմանն արժանացնելու նպատակով իմ թեկնածությունն առաջարկելու համար»,- ասում է բժշկական գերդաստանի ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է նաև ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի կազմավորման 50 ամյակը: Պատվավոր տարեդարձի ուրախությունը Արտո Զիլֆյանը կիսում է կենտրոնի նախկին և այժմյան աշխատակիցների հետ: Նա շնորհակալ է գործընկերներին իր ղեկավարությամբ գիտական հեղինակավոր ծրագրերի նախագծման և իրագործման գործում ակտիվ մասնակցության համար:

Բժշկական գերդաստանի վառ ներկայացուցիչ է նաև Արտո Զիլֆյանի քույրը` Մարգարիտա Զիլֆյանը: Նա բժշկական գիտությունների թեկնածու է, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ: Հեղինակել է երկու մենագրություն:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ
«Մեր ընտանիքն ամբողջովին համալրված է բժշկական կադրերով»,- նկատում է

Արտո Զիլֆյանը: Կնոջ` բժշկուհի Սվետլանա Հակոբջանյանի հետ հպարտանում են իրենց` նույնպես բժիշկի մասնագիտությունը ընտրած և կարմիր դիպլոմով ԵՊԲՀ-ն ավարտած երեխաներով:

«Ես բժշկական համալսարանն ավարտելուց հետո անցել եմ ինտերնատուրա արյան փոխներարկման կենտրոնում: Մինչ երկրաշարժը, շուրջ 20 տարի որպես թերապևտ աշխատել եմ Ազգային անվտանգության ծառայությունում: Այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիագնոստիկ բաժանմունքում եմ աշխատում որպես բժիշկ-սոնոգրաֆ»,- ներկայացնելով իր անցած մասնագիտական ուղին ասում է Սվետլանա Հակոբջանյանը:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ


Զիլֆյանների դուստրը` Մարինե Զիլֆյանը բնակվում է ԱՄՆ-ում: ԵՊԲՀ շրջանավարտ, Երևանում պլաստիկ վիրաբուժության գծով կլինիկական օրդինատուրան ավարտած բժիշկն ամուսնու հետ այժմ հաջողությամբ աշխատում է ամերիկյան առողջապահական համակարգի մասնավոր հատվածում` կազմակերպելով ամոքիչ խնամքի կարիք ունեցող մարդկանց (Hospice care) բժշկական ծառայություն:

Նրանց երեխաները` Ալեքսանդրը և Վիկտորիան մեծ կրթական հաջողություններ ունեն: Վիկտորիան հետաքրքրվում է պարով, իսկ Ալեքսը տատիկի վստահեցմամբ` բացառված չէ, որ կընտրի բժիշկի մասագիտությունը:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ


Արտաշես Զիլֆյանը` Զիլֆյանների չորորդ սերնդի ներկայացուցիչը ակնաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: Նա տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրենն է, ակնաբուժական ծառայության ղեկավար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, միաժամանակ ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս: ԵՊԲՀ-ի բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո Արտաշես Զիլֆյանը նույն բուհի գիտա-հետազոտական ինստիտուտում գիտաշխատող է եղել: 2004-2006 թթ. սովորել է բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ասպիրանտուրայում: Զիլֆյանների չորորդ սերնդի ներկայացուցիչը ընդհանուր պրոֆիլի ակնաբույժ է, ով մեծ հաջողություններ է գրանցել նաև գիտական գործունեության մեջ: Այսօր նրա ձեռքով կատարվում են ակնաբուժական միջամտությունների գրեթե բոլոր տեսակները:

 

Մասնագիտացման ոլորտը` աչքի մինիինվազիվ վիրաբուժություն` կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, կատարակտի թունելային էկստրակցիա, գլաուկոմայի անթափանց և թափանցող վիրահատություններ (անթափանց խորը սկլերէկտոմիա), վիսկոկանալոստոմիա, ինչպես նաև ակնաբուժավնասվածքաբանություն և ակնագնդի ու քունքերի պլաստիկ-վերականգնողական վիրաբուժություն, աչքի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում:

«Այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում միայն ես եմ ակնաբույժ: Անցյալ տարի Եվրոպայի հեղինակավոր հրատարակություններում լույս տեսավ գլաուկոմայի և կատարակտաի մասին երկու լուրջ աշխատություն, որտեղ ես հանդես եկա որպես համահեղինակ»,- պատմում է «Վազգեն Սարգսյան» մեդալակիրը: 2014 թ. հաստատվել է նրա դոկտորական աշխատանքը, բոլորովին վերջերս Երևանի քաղաքապետի որոշմամբ Արտաշես Զիլֆյանը նշանակվել է մայրաքաղաքի գլխավոր ակնաբույժ:

«Տվյալ պահին մեր բաժանմունքում ոչ միայն կլինիկական, այլև գիտական ուղղվածության հսկայական աշխատանք է կատարվում: Տարեկան մեր կենտրոնում վիրահատվում է ավելի քան 1000 մարդ»,- մեջբերում է Արտաշես Զիլֆյանը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացնում է նաև կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում, աչքի տարատեսակ բարդագույն վիրահատություններ` հաջողությամբ կիրառելով բուժման ժամանակակից մեթոդները: Պարբերաբարկենտրոնի բարձրակարգ մասնագետներն անցկացնում են անվճար խորհրդատվություն և բուժզննում քաղաքացիների համար, կազմակերպում «Բաց դռների» օրեր:

Արտաշես Զիլֆյանը խոստովանում է, որ թե՛ հոր, թե՛ մոր բժշկագիտական գիտելիքները մշտապես օգնել են իրեն մասնագիտական կյանքում:

Մի քանի սերունդներ ներկայացնող ընտանիքում բժշկագիտության արդի խնդիրներին նվիրված քննարկումներն շարունակական են:

Բժիշկ է նաև Արտաշես Զիլֆյանի կինը` Սուսաննա Ուռումյանը, ով գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:


«Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ


«Ես արդեն տասը տարի է աշխատում եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որի տնօրենը` Սերգեյ Ուռումյանը իմ հայրն է: Ես նույնպես բժշկական ընտանիքից եմ: Ղակավարում եմ մարդու վերարտադրողական բաժանմունքը, որտեղ զբաղվում են անպտղության խնդիրներով, ինչպես նաև արտամարմնային բեղմավորումն է մեր գործունեության հիմնական ուղղվածությունը»,- ասում է Սուսանան Ուռումյանը:

Նրանց դուստրը Եվան, թեև դեռ մասնագիտական ընտրության նախաշեմին չէ, սակայն վստահ քայլեր է կատարում արվեստի բնագավառում: Հենց նրա աշխատանքներից մեկը կծառայի որպես ձևավորում պապիկի` առաջիկայում լույս տեսնող մենագրությունը զարդարելու համար:

Անդրադառնալով իր գործընկերներին` ավագ Զիլֆյանը հատուկ ակնածանքով է շեշտում իր ավագ ընկեր ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս, փորձառու վիրաբույժ Պավել Անանիկյանի մասին, ով տարիներ առաջ մասնագիտական օգնություն է ցուցաբերել իր որդուն:

Արտո Զիֆլյանի գնահատմամբ` «Կոչումով բժիշկ» նախագիծը հատկապես ապագա սերունդների համար կարևոր առաքելություն ունի, քանի որ այն ներկայացնում է թե՛ գիտական, թե՛ կլինիկական ոլորտում առողջապահական ոլորտի ակնառու մարդկանց, ընտանիքների մասնագիտական բարձր գնահատականի արժանի գործունեությունը:

 

 

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ