Բժիշկներ
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը
Քունը` ոչ հանուն առույգության, այլ` հանուն կյանքի
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ` նվիրված քնի բժշկությանը:
- Ի՞նչ է քնի բժշկությունը:
- Սա համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից բժշկության մեջ, որն առաջացել և ձևավորվել է անցյալ դարի 60-ական թվականների վերջերում և 70-ական թվականների սկզբին, և այսօր արդեն զարգացած երկրներում քնի խանգարումների բուժումը հանդիսանում է առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը:
- Որո՞նք են քնի խանգարումները:
- Քնի խանգարում են համարվում այն բոլոր վիճակները, որոնք առաջանում են քնի պակասից, քնի ավելցուկից կամ քունը խանգարող տարբեր հանգամանքներից: Գոյություն ունեն քնի խանգարումների հետևյալ հիմնական տեսակները`
1) անքնություն (ինսոմնիա),
2) քնի շնչառական խանգարումներ (հիմնականում քնի ապնոէ),
3) քնի ժամանակ շարժողական խանգարումներ (անհանգիստ ոտքերի համախտանիշ և այլն),
4) պարասոմնիաներ (գիշերամիզություն, ատամները կրճտացնելը, գիշերաշրջություն և այլն),
5) հիպերսոմնիաներ (ցերեկային գերքնկոտության վիճակներ` նարկոլեպսիա և այլն),
6) հաճախ անտեսվում է` ցիրկադային ռիթմի (ՙ''կենսաբանական ժամացույցի'') խանգարումները:
Վերջին տարիներին հատկապես լրջորեն են ուսումնասիրվում քնի խանգարումները կանանց, հոգեկան խանգարումներով տառապող անձանց, երեխաների և հերթափոխային աշխատողների մոտ: Ինչպես տեսնում ենք, քնի խանգարումները բավականին բազմաբնույթ են, և նրանց բուժման գործընթացը ներառում է բժշկության ամենատարբեր մասնագիտությունները` նյարդաբանությունը, թոքաբանությունը, քիթ-կոկորդ-ականջաբանությունը, հոգեբուժությունը, հոգեբանությունը, սրտաբանությունը, էնդոկրինոլոգիան: Նույնիսկ ատամնաբույժներին ու դիմածնոտային վիրաբույժներին է հետաքրքրում այս ոլորտը: Քնի խանգարման տեսակներից ամենատարածվածներն են անքնությունը, քնի ապնոէն և անհանգիստ ոտքերի համախտանիշը, որոնց կցանկանայի անդրադառնալ ավելի հանգամանորեն, քանի որ հենց այս խանգարումներով հիվանդներն են հիմնականում կազմում քնի խանգարումների բուժման մասնագիտացված կենտրոնները հաճախողների հիմնական մասը:
- Ո՞ր մասնագետին է պետք դիմել, եթե կա քնի խանգարման գանգատ:
- Քանի որ քնի բժշկությունը արդեն երկու տասնամյակ է, ինչ ձևավորվել է որպես բժշկության առանձին ճյուղ, առաջացել է պահանջ նոր մասնագետների` քնի մասնագետների:
Այն բոլոր մասնագետները, ովքեր անկախ իրենց նախկին մասնագիտացումից զբաղվում են քնի խանգարումների բուժման խնդիրներով, պետք է ստանան քնի մասնագետի որակավորում և պարտավոր են միաժամանակ զբաղվել վերը նշված բոլոր խնդիրներով:
- Արդյո՞ք քնի խանգարումներն ունեն հատուկ ախտորոշման միջոցներ, թե ամեն ինչ հիմնված է հիվանդի և նրա հարազատների հետ զրույցի վրա:
- Անշուշտ, հիվանդի և նրա մերձավորների հետ զրույցից շատ բան է կախված ճիշտ ուղղություն ընտրելու համար, սակայն հավաստի տվյալները ստացվում են միայն օբյեկտիվ քննությունների շնորհիվ: Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ ուղիներ, որոնք անչափ կարևոր են քնի խանգարման տեսակները իրարից և այլ հիվանդություններից տարբերակելու համար:
Պոլիսոմնոգրաֆիան առաջնային տեղ է զբաղեցնում դրանց մեջ և արժանիորեն համարվում է ՙոսկե ստանդարտ՚: Այն իրենից ներկայացնում է օրգանիզմի ամենատարբեր պարամետրերի միաժամանակյա գիշերային գրանցում` ընդգրկելով էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (գլխուղեղի ակտիվության գրանցում), ակնագնդերի, վերջույթների շարժումների, շնչառական ցուցանիշների, կրծքավանդակի և որովայնի շարժումների, խռմփոցի, ինչպես նաև արյան թթվածնային հագեցվածության գրանցումը, էլեկտրամկանագրությունը, էլեկտրասրտագրությունը և, իհարկե, հետազոտության ընթացքում հիվանդի տեսագրումը: Բացի այդ, գոյություն ունեն ավելի սահմանափակ քանակով պարամետրեր գրանցող սարքեր: Ունենալով պոլիսոմնոգրաֆիկ հետազոտության արդյունքները` համապատասխան մասնագետը կարող է ախտորոշել քնի խանգարումն ու դրա տեսակը և համապատասխան բուժում առաջարկել:
- Ի՞նչ է քնի ապնոէն, որից այդքան սարսափում են և' բժիշկները, և' հիվանդների հարազատները, իսկ իրենք` հիվանդները, քնած ժամանակ գրեթե չեն զգում դրա առկայությունը:
- Քնի ապնոէն շնչառության կանգն է քնի ժամանակ, որը կարող է լինել կարճ կամ երկարատև` հասնելով մինչև 10-30 վրկ-ի: Ապնոէի պատճառն է հիմնականում կոկորդ-ըմպանի մկանների թուլությունից առաջացող շնչառական ուղու փակումը, որի հետևանքով օդը չի անցնում դեպի թոքեր: Այս տիպի ապնոէն կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ, իսկ դրա հաճախակի կրկնվող վիճակը` քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ: Այն բերում է հետևյալ հիմնական հետևանքների: Նախ կարող է ընկնել արյան թթվածնային հագեցվածությունը` առաջացնելով օրգանիզմի և հատկապես գլխուղեղի թթվածնային քաղց (հիպօքսիա), քրտնարտադրություն: Դրան գումարած` առաջանում են կարճատև արթնացումներ, որոնք, այնուամենայնիվ, բերում են քնի ֆրագմենտացիայի (մասնատման), ինչը չի կարող չարտահայտվել հիվանդի ցերեկային ակտիվության վրա: Եվ իրոք, հիվանդը ցերեկվա ժամերին դառնում է գերքնկոտ` երբեմն ունենալով այսպես կոչված քնի գրոհներ (հանկարծ վրա հասնող անսպասելի քուն` անհամապատասխան իրավիճակներում` օրինակ մեքենա վարելիս, կարևոր հանդիպման ժամանակ և այլն): Նման դեպքերում սովորաբար հիվանդը հոգնածություն է զգում, գրգռված է, գանգատվում է առավոտյան գլխացավերից, հիշողության և կոնցենտրացիայի վատացումից. կարող է նկատվել նաև իմպոտենցիա: Ընդհանուր առմամբ ընկնում է կյանքի որակը: Ավելին, քնի արտահայտված օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը կարող է բարձրացնել այնպիսի սուր վիճակների զարգացման ռիսկը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի ռիթմի խանգարումները, ինսուլտը և քնի ժամանակ հանկարծամահությունը: Այս հիվանդության տարածվածությունը բնակչության շրջանում բավականին մեծ է տղամարդկանց մոտ` մոտավորապես 4%, իսկ կանանց մոտ` 2%: Պատահական չէ, որ զարգացած երկրների առողջապահական համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում այս խնդրի կարգավորման վրա:
- Որո՞նք են այս հիվանդության բուժման ուղիները:
- Մոտեցումները տարբեր են և ավելի արդյունավետ են, երբ կիրառվում են միասին: Առաջին հերթին պետք է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այս համախտանիշի զարգացման հիմնական գործոններից մեկն է հանդիսանում հատկապես գիրությունը: Գոյություն ունեն բազմաթիվ բժշկական սարքեր, որոնք առաջ են բերում ստորին ծնոտը և կանխում վերին շնչուղիների փակումը: Կան նաև բազմաթիվ վիրաբուժական մոտեցումներ, որոնց հիմնական նպատակն է վերին շնչուղիների լայնացումը կամ ըմպանի փափուկ հյուսվածքների ծավալի իջեցումը: Սակայն այս դեպքում կարիք կա հիվանդների նախավիրահատական խիստ ընտրության, քանի որ միջամտության արդյունավետությունը առայժմ չի գերազանցում 40%-ը:Ներկայումս ամենաարդյունավետ բուժումն է համարվում (մոտ 90% արդյունավետությամբ) այսպես կոչված CPAP (սիփափ)-թերապիան, որը իրենից ներկայացնում է դիմակախողովակային համակարգ, որտեղ հատուկ սարքի միջոցով (CPAP-machine) ստեղծվում է օդի դրական (ավելի բարձր, քան մթնոլորտայինն է) ճնշում, որը թույլ չի տալիս, որպեսզի վերին շնչուղիները փակվեն:
Անդրադառնալով քնի խանգարումների մյուս տեսակներին` պետք է առանձնացնել անքնությունը և անհանգիստ ոտքերի համախտանիշը: Անքնությունը ներկայումս շատ լուրջ առողջապահական քննարկումների առիթ է դարձել, և պատահական չէ, քանի որ բնակչության 10-40%-ը տառապում է անցողիկ անքնությամբ, իսկ 10-15%-ը ներկայանում են բժիշկներին ամիսներ-տարիներ տևող արդեն երկարատև (քրոնիկ) անքնությամբ: Ունենալ անքնություն, նշանակում է ունենալ ցերեկային ցածր աշխատունակություն, հոգնածություն: Այս դեպքում բժիշկը պետք է ուշադիր լինի և անընդմեջ չնշանակի քնաբեր դեղեր, քանի որ շատ դեպքերում լավ արդյունքների կարելի է հասնել հիվանդի օրվա ռեժիմը և քունը խանգարող որոշ հանգամանքների փոփոխության և վերացման միջոցով: Անկասկած, պետք է ամեն կերպ նպաստել հիվանդի քնի տևողության երկարացմանը:
- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում անհանգիստ ոտքերի համախտանիշը:
- Այս համախտանիշը ամենևին էլ հոգեհուզական բնույթի չէ, ինչպես կարծում են շատերը (նույնիսկ բժիշկները), այլ հանդիսանում է շարժողական խանգարում, որի հիմնական պատճառներն են ոտքերում կամ երբեմն էլ մարմնում և վերին վերջույթներում առաջացող տարբեր բնույթի տհաճ զգացողությունները, որոնք ստիպում են հիվանդներին շարժել ոտքերը և դրա շնորհիվ թեթևացնել այդ անցանկալի ծակծկոցները, մզզոցները, ցավերը: Ավելին, քանի որ նշված երևույթները ուժեղանում են երեկոյան ժամերին, հիվանդը չի կարողանում քնել, իսկ եթե նույնիսկ հաջողվում է քնել, ոտքերի շարժումները կարող են կրկնվել նաև քնի ընթացքում` ընդհատելով այն: Այս համախտանիշի տարածվածությունը բնակչության շրջանում 5-15% է կազմում: Նշենք, որ հիվանդացության տարածվածության որոշման նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի ջանքերով 2006 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվեց հեռախոսային հարցում, որին մասնակցեց մոտ 2 հազ. բնակիչ: Այդ հարցման արդյունքներից պարզվեց, որ Հայաստանում ևս անհանգիստ ոտքերի համախտանիշի տարածվածությունը բավականին բարձր է և կազմում է մոտավորապես 8%: Ուստի պատահական չէ, որ այս խանգարումը դառնում է ամենատարածված նյարդաբանական հիվանդությունը և նույնպես պահանջում է մեծ ուշադրություն: Մեզ մոտ կան նաև այլ ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է բարձրացնել քնի խանգարումների հանդեպ ուշադրությունը, և առողջապահական ոլորտում տեղեկատվություն տարածել խնդրի կարևորության վերաբերյալ:
- Որո՞նք են այդ ծրագրերը:
- Նախատեսել ենք նմանատիպ եղանակով անցկացնել նաև քնի շնչառական խանգարումների տարածվածության գնահատում: Քնի բժշկությունը առանց համապատասխան ախտորոշման պատկերացնելը անհնարին է, և շատ շուտով Երևանում` սրտաբանության ՀԻ-ում, կբացվի քնի առաջին ժամանակակից լաբորատորիան, որի դերը, վստահ ենք, շատ մեծ է լինելու քնի խանգարումներով հիվանդների հայտնաբերման և նրանց հետագա որակյալ բուժումը կազմակերպելու գործում:
Բացի այդ, ՙ''Քնի հետազոտության եվրոպական միության'' հովանավորությամբ այս տարվա մայիսի 18-19-ին Երևանում Հայկական բժշկական ասոցիացիան անցկացրեց քնի բժշկությանը նվիրված տարածաշրջանային սիմպոզիում, որի ժամանակ դասախոսություններով հանդես եկան քնի հայտնի մասնագետներ Եվրոպայից: Հրավիրված էին նաև մասնագետներ հարևան երկրներից: Օգտագործելով այս բացառիկ առիթը` միջոցառման կազմակերպիչները քնի բժշկության գաղափարները և հիմնական դրույթները առավելագույնս փորձեցին լայնորեն տարածել մեր բժիշկների և բնակչության շրջանում:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն