Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Նևրոզային հիվանդությունների վտանգը. հարցազրույց հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ

Նևրոզային հիվանդությունների վտանգը. հարցազրույց հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ

Հոգեբուժության ներկա վիճակի մասին մեր նախորդ հրապարակման («Ազգ», հունիսի 16) արձագանքներն առիթ դարձան թեմայի շարունակման. մեր զրույցն այս անգամ Քասախի նեւրոզների կլինիկայի տնօրեն, առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ շոշափում է ոլորտի ամենատարբեր հարցեր:

 

Մեր խոսակցությունն սկսվեց նախորդ հոդվածում թույլ տված տեխնիկական մի անճշտությունիցՙ ստացիոնար բուժում ստացող հիվանդներին պետության կողմից տրվող գումարին վերաբերող. ներկայացված մոտ 3100-4950 դրամը ոչ թե ամսական է, ինչպես գրված էր մեր հոդվածում, այլ օրական է: Թվային այս ճշտումն, անշուշտ, ֆինանսական առումով որոշակիորեն փոխում է ընդհանուր պատկերը, սակայն, մեր հարցադրումների վրա էականորեն չի տարածվում, քանի որ անկախ այդ հանգամանքից, շենքային պայմանները, հիվանդի իրավունքները, դեղատոմս-դեղորայքային կոռուպցիան եւ այլն, մնում են այնպես, ինչպես կան:

 

Սխալվելու համար մեր ներողությամբ հանդերձ, ցանկություն է առաջանում մի հարց ուղղել առողջապահության ոլորտի մասնագետներին, թե բազում-բազում հիվանդներին սխալ դեղատոմս կամ բուժամիջոց նշանակելու, սխալ ախտորոշումների, սխալ վիրահատությունների համար որքան բժիշկներ ոչ թե ներողություն պիտի խնդրեն, այլ պիտի հրաժարվեն բժշկի իրենց իրավունքից, եւ գուցե ավելինՙ պատասխանատվության կանչվեն: Անշուշտ, խոսքը չի վերաբերում առողջապահական ոլորտի մեր այն բժիշկներին, ովքեր իրապես խորին հարգանքի եւ շնորհակալության են արժանի:

 

Մեր այսօրվա զրուցակիցն իրավացիորեն նկատում է, որ մեր ազգաբնակչության հոգեբանական կուլտուրան ցածր է, քչերն են դիմում հոգեբույժ-հոգեբանի, հայերի համար հոգի, հոգեբուժություն հասկացությունները համարվում են ոչ այնքան ընդունելի: Մինչդեռ վիճակագրության տվյալները արձանագրում են այսպիսի պատկեր. եթե հասարակության մոտ 6-7 տոկոսը հոգեկան հիվանդներ են, 10-15 տոկոսըՙ առողջ մարդիկ, ապա շուրջ 75-85 տոկոսը նեւրոզներով հիվանդներ են, որի դրսեւորումները տարբեր ենՙ դեպրեսիաներ, անքնություն, գլխացավեր, ընդհանուր թուլություն, աշխատունակության անկում, վախեր, տագնապներ, խուճապային վիճակներ, կպչուն մտքեր, արյան ճնշման տատանումներ եւ այլն: Որո՞նք են նեւրոզների, թվարկված այս երեւույթների պատճառները:

 

–    Ամեն երկրում ուրույն պատճառներ կան: Մենք դա համարում ենք նախ եւ առաջ սոցիալականը, սակայն ունենք նաեւ զարգացած երկրների (Ֆրանսիա, Շվեդիա) փորձը, որտեղ նեւրոզներով հիվանդների մեծ քանակություն կա: Շվեդիայում, օրինակ, ինքնասպանություններըՙ դեպրեսիայով հիվանդների, ամենաբարձրն են: Ուստի սոցիալական գործոնը չէ միայն պատճառը: Կյանքն ավելի արագ է զարգանում, քան մարդը կարողանում է հարմարվել, ադապտացվել: Վերջին 100 տարիների ընթացքում մարդու ֆիզիկական տեղափոխման արագությունն ավելացել է 1000 անգամ, ինֆորմացիայի տեղափոխման արագությունըՙ 10 մլն անգամ: Կյանքի այսպիսի ընթացքին ոչ բոլոր մարդիկ են կարողանում հարմարվել, ոչ միշտ են լիարժեք գործում եղած ադապտացիոն մեխանիզմները: Բայց նույն այդ մարդու ենթագիտակցության մեջ առկա են հզոր, դեռ չօգտագործված պաշտպանական հնարավորություններ: Փրկության, առողջության համար պետք է կարողանալ սրանք ի հայտ բերել, որով զբաղվում է հոգեթերապիան:

 

–    Պրն Հակոբյան, կա՞ն ընդհանուր վիճակներ, ինչ-ինչ դրսեւորումներ`թեկուզ բնավորության` բնորոշ նեւրոզով հիվանդներին:

 

–    Կարելի է ասելՙ նեւրոզով հիվանդն այն մարդն է, ով իրեն խաբում է, փախչում իր դժվարություններից: Նեւորզից բուժվելու համար պետք է նախ եւ առաջ անկեղծանալ: Եթե հիվանդն անկեղծ չէ, դա ինձ ցավ է պատճառում, որովհետեւ ինքն անկեղծ չէ նախ եւ առաջ իր հետ: Նրան հոգեբույժի մոտ ուղեղի մի մասն է բերում, մյուս կիսագունդն ասում էՙ մի՛ բուժվիր: Որովհետեւ նեւրոզը ոչ այնքան հիվանդություն է, որքան վիճակ, կյանքի ձեւ: Այդպիսի մարդը չի կարող առողջ ձեւով հարմարվել կյանքի պայմաններին: Նեւրոզով նա երկու հարց է լուծումՙ ուշադրություն իր նկատմամբ եւ իր թերություններն արդարացնելու հնարավորություն:

 

Հաճախ նեւրոզով հիվանդներն ունենում են վախի զգացում. ամենամեծ վախը մահվան եւ խելագարվելու վախն (լիսոֆոբիա) է: Ընդհանուր 400 վախ գոյություն ունիՙ վախ բարձրությունից, փակ տարածությունից, մեծ տարածությունից, մահվան վախ եւ այլն:

 

–    Իսկ կա՞ մարդ, որ մահից չի վախենում:

 

–    Ծնված օրվանից մարդը գիտի, որ մահկանացու է, 4-5 տարեկանում նա լաց է լինում այդ գիտակցությունից: Հետո այդ միտքը մտնում է ենթագիտակցական շերտեր, ավելի խորքերը ու դուրս չի գալիս եւ չի խանգարում ապրել: Երեխան լավագույն պայմաններում իրեն զգում է մոր արգանդում. սաղմի համար այնտեղ տաք է, թթվածին կա, սնունդ ստանում է եւ ամենակարեւորըՙ մոր սիրտն է լսում ու պաշտպանված է: Ծնունդը ծանր պրոցես է, ցավոտ, այդ պատճառով նա լաց է լինում: Եվ որպեսզի ապրի, այդ դժվարությունը պիտի հաղթահարի, իսկ դրան օգնում է իր մեջ դրված ծրագիրը, որ կոչվում է հավատ աշխարհի նկատմամբ: Մարդու երեխան ամենաանպաշտպանն է ծնվում, եթե նրան չօգնեն, նա չի կարող ապրել, զարգացման փուլերը չի կարող անցնել:

 

Պրուսական թագավոր Ֆրիդրիխ 2-րդը ժամանակին մի այսպիսի փորձ է արել. 150 փոքրիկ երեխաների առանձին պայմաններում է պահելՙ ապահովված սննդով, ջերմությամբ, կենսական բոլոր անհրաժեշտություններով, բացակայել է միայն խոսքը. ոչ ոք նրանց հետ բառ իսկ չի փոխանակել. այդ երեխաները մահացել են, ոչ ոք մարդ չի դարձել. խոսքը ուղեղի սնունդն է:

 

Մարդ պիտի հավատ ունենա, որ ապրի, այլապես նա ոչինչ չի անի, մի ծառ իսկ չի տնկի այն գիտակցությունից, թե, միեւնույն է, մեռնելու է: Այդ վախը դեղորայքով չի բուժվում: Հոգեթերապիան կարողանում է մահվան վախի այդ միտքը վերադարձնել իր տեղը:

 

–    Ինչպե՞ս:

 

–    Ստեղծվում են տրանսային պայմաններ, իրավիճակ, երբ հոգեկան ուժերի փոխհարաբերություններն սկսվում են կարգավորվել, հնարավորություն է տրվում մարդուն տալու ճիշտ ծրագիր, եւ այդ միտքը իր տեղն է ընկնում ու չի անհանգստացնում այլեւս:

 

–    Խոսքի միջոցո՞վ է դա արվում:

 

–    Խոսքի ազդեցությունը 15 տոկոս է, բայց մարդիկ խոսում են նաեւ աչքերով, ուսերով, ականջներով, ուրիշ միջոցներ կան, ինֆորմացիոն էներգետիկ լիցքեր, որոնցից կազմված են ամբողջ աշխարհը եւ մարդկային հարաբերությունները:

 

–    Հոգեթերապիան հավատքի, կրոնի հետ ի՞նչ առնչություններ ունի:

 

–    Սա լուրջ թեմա է: Հոգեթերապիան մի գիտություն է, որ զբաղվելով մարդու կյանքի որակի բարելավումով, արմատներով սնվում է անցյալի եւ ներկայի համամարդկային իմաստնություններով, ի թիվս դրանց նաեւ կրոնը:

 

Ամեն մարդ յուրահատուկ երեւույթ է, եւ յուրաքանչյուրի հանդեպ համապատասխան մոտեցում է գործում` ըստ սեռի, տարիքի, սոցիալական վիճակի, բնավորության: Եթե հիվանդների մեջ հավատացյալ կա, ապա, իհարկե, օգտագործվում է նաեւ ազդեցության այդ գործոնը:

 

–    Բայց հոգեկան տագնապների, այդպիսի վախերի ժամանակ կարելի է գնալ նաեւ քահանայի մոտ:

 

–    Այո՛: Շատ հավատացյալներ գնում են քահանայի մոտ: Նման պարագայում այդպիսի խելացի մի մարդու հետ զրուցելն էլ կարող է օգտակար լինել, եթե, իհարկե, տագնապը չի հասել հիվանդության աստիճանի: Նման պարագայում անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի:

 

–    Մարդու առողջական վիճակը պայմանավորված է կյանքի ընդհանուր պայմաններով, թերեւս նաեւ ներքին սուբյեկտիվ վիճակներով, այնպես չէ՞:

 

–    Այսօր արդեն ապացուցված է, որ բոլոր հիվանդությունները սթրեսի հետեւանք են, սթրեսից կարելի է խելագարվել, ինքնասպանության դիմել, կարող են առաջանալ փսիխոսթոմատիկ հիվանդություններՙ սրտամկանի ինֆարկտ, հիպերտոնիա, դիաբետ, ինսուլտ, քաղցկեղ, խոցային հիվանդություններ, բրոնխիալ ասթմա:

 

–    Կա՞ն արդյոք սթրեսներից պաշտպանվելու մեխանիզմներ:

 

–    Իմ հիվանդներից մեկը, երբ իմացավ, որ ամեն տարի Արագած եմ բարձրանում, առողջանալուց հետո ինքն էլ որոշեց բարձրանալ սարը: Ճանապարհին կարկուտ է սկսվում, մյուսները սկսում են բողոքել, տրտնջալ, ինքն իմ խորհրդով մտածում է, թե շուրջն ինչ գեղեցիկ է` երկինքը, կարկուտը, բնության տարերքը: Վերադարձին բոլորը մրսել եւ հիվանդացել են, ինքըՙ ոչ, որովհետեւ դրական տրամադրության մեջ է եղել. սա պաշտպանում է մարդու օրգանիզմը: Փորձը ցույց է տալիս, եթե մարդը լի է սիրով, այսինքնՙ սիրում է եւ սիրված է, ապրում է ներդաշնակ կյանքով, ունի հումորի զգացում, լի է լավատեսությամբ, կարողանում է վատի մեջ տեսնել լավը, արդեն պաշտպանված է սթրեսից, որովհետեւ վերոհիշյալ բոլոր գործոնները դառնում են պաշտպանական ամուր վահան:

 

Յուրաքանչյուր հասարակության համար նեւրոզային հիվանդությունները լուրջ պրոբլեմներ են: Երբ այսպիսի հիվանդները շատանում են, դա հասարակության, պետության վրա անկանխատեսելի հետեւանքներ է ունենումՙ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական առումով: Պատկերացնում եքՙ նստում եք մի ինքնաթիռ, որի օդաչուն դեպրեսիայի մեջ է, կամ վիրահատարանում վիրաբույժը նեւրոզով հիվանդ է, կարող է ընկնել մտքերի մեջ եւ... կամ ուսուցչուհին սթրես է տարել եւ ընկել նեւրոտիկ վիճակների մեջ, ինչ կրթություն կարող է նա տալ:

 

–    Այս առումով մեր հասարակությունը, կարելի է ասել, վտանգված է, նախընթաց եւ այժմյան տնտեսական, սոցիալական եւ բարոյական նախադրյալները նպաստավոր էին եւ են նեւրոզային հիվանդությունների համար:

 

–    Երկրաշարժից հետո կարծիք կար, թե էպիդեմիա է սկսվելու: Չեղավ այդպիսի բան: Մեր հիվանդանոցն ակտիվ աշխատեց այդ օրերին, եւ առաջին հոգեբանական օգնությունը մենք արեցինք: Գտանք մեթոդներ, ձեւերՙ այդ բռնկումները հանգստացնելու: Երկու եւ ավելի երեխա կորցրած մայրերի կոմիտե էր ստեղծվել Լենինականում, եւ մեծ պրոբլեմ էր պետության համար, մենք կարողացանք հաղթահարել նաեւ դա...

Հետո պատերազմըՙ ղարաբաղյան, դրա հետեւանքները, սառը, մութ գիշերները: Պատերազմից հետո կյանքը փոխվեց, նեւրոզով հիվանդների թիվը կտրուկ ավելացավ: Ամերիկացիները, օրինակ, ստացան վիետնամական սինդրոմ, ռուսներըՙ աֆղանական, մեզ մոտ այդպես չեղավ, բայց ղարաբաղյան պատերազմում կռված մարդը դժվար է վերադառնում առողջ կյանքին. նա դարձել է մաքսիմալիստ:

 

Մեր հասարակությունն այժմ բազմաթիվ խնդիրներ ունի, տարեց մարդիկ մենակ են մնացել, երիտասարդները հիմնականում դուրս են եկել երկրից, կիսատ ընտանիքների պրոբլեմը կա, երբ հայրը մեկնում է արտագնա աշխատանքի, եւ երեխաները մեծանում են առանց հոր: Այս ամենը նպաստավոր է նեւրոզների համար, չէ՞ որ դրանք առաջանում են հոգեկան ցնցումներից, տրավմատիկ հոգեբանական ազդակներից հետո, մարդիկ դառնում են ավելի դյուրագրգիռ, տատանողական տրամադրություններով, հոռետես, կյանքը դառնում է անհետաքրքրական, ի հայտ է գալիս սեռական թուլություն, լինում է նաեւ հակառակըՙ սեւեռուն ուշադրություն եւ մյուս ախտանիշներըՙ մտավոր, ֆիզիկական հոգնության եւ այլ, ինչի մասին արդեն ասվեց:

 

–    Տարիքն ունի՞ նշանակություն:

 

–    Այսօր նեւրոզը երիտասարդացել է, ուստի մեր կլինիկայի դերը նաեւ ապագայի համար է շատ կարեւոր:

 

–    Ձեր կլինիկան, ցավոք, շենքային անմխիթար պայմաններում է այսօր, ինչո՞ւ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում, գոնե ներշենքային վերանորոգումներ լինեն:

 

–    Հիվանդանոցը գործում է 1986 թվականից, ԽՍՀՄ առողջապահության նախարարի հրամանով երկու այդպիսի կլինիկա բացվեցՙ Մոսկվայում եւ Երեւանում:

 

Այս հիվանդանոցը միակ հոգեթերապեւտիկ բնույթի կլինիկան է, Հայաստանի համար եզակի, որտեղ բուժումը կատարվում է առաջին հերթին հոգեթերապեւտիկ ձեւերովՙ հիպնոս, տրանսային վիճակներ, ռացիոնալ թերապիա, մեդիտացիա, արտթերապիա եւ այլն:

 

Նեւրոզների կլինիկան ունի 54 աշխատակիցՙ հոգեբաններ, հոգեթերապեւտներ, հոգեբույժներ, եղած 50 մահճակալները մշտապես զբաղված են. բուժման առավելագույն տեւողությունը 24 օր է: Բուժման կիրառվող ձեւերը եզակի են: Չնայած ոչ բարվոք շենքային պայմաններինՙ բուժման մակարդակը ժամանակակից պահանջներին համապատասխան է, ունենք նաեւ արդի, լավագույն դեղորայքային բուժում:

 

Վերջին քսան տարիների ընթացքում աշխատակազմը գրեթե փոփոխություն չի կրել, ճիշտ էՙ ծերացել է, բայց շատ է հմտացել: Բուժքույրեր կան, որ մեծացել են, սակայն նրանք մեծ փորձ են կուտակել եւ բժշկին կարող են փոխարինել: Շատ կարեւոր է մթնոլորտը: Մեզ մոտ ստեղծված է հիվանդին անհրաժեշտ, առողջացմանը նպաստող, բարեհաճ մթնոլորտՙ հոգատար վերաբերմունք, ուշադրություն:

 

–    Ի՞նչ կասեք դեղորայքի, մասնավորապես հայկական արտադրության դեղամիջոցների մասին: Գաղտնիք չէ, որ շատ հիվանդներ բողոքում են դրանցից:

 

–    Մեր հիվանդանոցում այսպիսի խնդիրներ չեն եղել: Նախՙ դեղորայքային բուժումը համեմատաբար քիչ տեղ է գրավում: Բանն այն է, որ այդ դեղորայքային ազդեցությունը հետազոտվել է սրտաբանական պրակտիկայում եւ հետաքրքրական երեւույթներ է ի հայտ բերել: Քիմիական բաղադրությամբ դրանք հիվանդի վրա ազդում են 45 տոկոսով, մնացածը հոգեբանական ազդեցություն է: Նշանակություն ունի, օրինակ, հաբի գույնը, ամենաարդյունավետը կանաչ գույնն է, հետոՙ կապույտը, դեղինը, սպիտակը, կարմիրը, մոխրագույնը, ամենավատն ազդում է սեւ գույնը: Նշանակություն ունի ձեւը, մեծ դեղահաբերը վստահություն չեն առաջացնում, շատ փոքրերըՙ նույնպես, ազդում են փայլը, տուփի ձեւավորումը, նախկինում նշանակություն ուներ նաեւ գինը: Եթե թանկ էր, կարծում էին, թե լավ է: Այսօր գինը երբեմն հակառակ ազդեցությունն է ունենում, շատ կարեւոր է ՙ ով է նշանակում դեղորայքը, այսինքն` վստահությունը բուժող բժշկի նկատմամբ:

 

Մենք օգտագործում ենք ե՛ւ տեղական, ե՛ւ դրսի արտադրության դեղորայք: Որոշ հիվանդների մոտ, այո՛, կա անվստահություն հայկական արտադրանքի նկատմամբ: Կարծում եմ` սա ավելի շատ հոգեբանական բնույթ ունի:

 

–    Որպես բուժամիջոց նշեցիք նաեւ արտթերապիան: Ինչպիսի՞ ազդեցություն է դա ունենում:

 

–    Հայտնի է` արվեստը հուզական մեծ ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա, եւ սա մեր պրակտիկայում արդյունավետորեն կիրառվում է. բուժում երաժշտության, քանդակագործության, նկարչության եւ այլ միջոցներով, ինչպես նաեւՙ պսիխոդրամայի: Սա իտալացի մասնագետ Մորենոյի նեւրոզով հիվանդի թատրոնն է: Մենք դասական պիեսներ ենք բեմադրում, ինքներս մասնակցում այդ ներկայացումներին, ավելի հաճախ ինքներս ենք գրում սցենարներ, քննարկում դրանք` սյուժեները վերցնելով հիվանդների կյանքից. տեղի է ունենում բուժական տրանսֆորմացիա, եւ հայացքները կյանքի նկատմամբ դրականորեն փոխվում են: Հենց բեմի վրա հիվանդը սկսում է գիտակցել իր թերությունները, գտնում նոր ելքեր ամենադժվար կացությունից:

 

***

 

Մեր զրույցի ընթացքում Ցոլակ Հակոբյանը վիճակագրական մի քանի տվյալ բերեց. ըստ ԱՀԿ-ի կանխատեսման, 2020 թվականին մահացության պատճառներից առաջին տեղում, ինչպես եւ այսօր, սիրտ-անոթային հիվանդություններն են լինելու (ինֆարկտ, ինսուլտ), երկրորդ տեղում կլինեն ինքնասպանությունները դեպրեսիաների հետեւանքով: «Դեպրեսիայով տառապողը անտարբերությամբ է լցված ոչ միայն իր անձի նկատմամբ, այլեւ դադարում է սիրել, անգամ նկատել ուրիշներին: Նրանք ոչ միայն իրենց, այլեւ ոչ մեկին չեն սիրում: Պատկերացնո՞ւմ եք մի հասարակություն, որ բաղկացած լինի այնպիսիներից, ովքեր ոչ մեկի չեն սիրում: Եթե շարունակենք լրջորեն չվերաբերվել այս խնդիրներին, ապա մոտ ապագայում հյուծված եւ բարոյալքված հասարակություն ենք ունենալու»:

 

Ցոլակ Հակոբյանը պատմեց նաեւ հեռուստատեսային հոգեթերապիայի իր սեանսներիՙ ինչպես այստեղՙ «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, նաեւ Միացյալ Նահանգներում ձեռք բերած վստահության եւ արձագանքների մասին: Հեռանկարում նա հոգեթերապիայի նոր, ժամանակակից կենտրոնի ստեղծման եւ նույնիսկ միջազգային բժշկական տուրիզմի զարգացման մտահղացումներ ունի:

Հեղինակ. Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Սկզբնաղբյուր. azg.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

26.08.2014

Հարգելի Մարինե, ստորև Ցոլակ Հակոբյանի տվյալներն են, որոնք վերցված են Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական կայքից. http://www.apnet.am/main.php?page-id=1&lang=arm

ՀԲԿ Նևրոզների կլինիկա
Կոտայքի մարզ, Քասախ գյուղ
Ցոլակ Հակոբյան
(+374 93) 504253

Մարինե

18.08.2014

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՄ ՑՈԼԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ