Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Հունաստան

Հունաստան

Այս ակնարկի նպատակն է ներկայացնել Հունաստանի շքեղությունը` բնության բազմազան դրսևորումներով, անցյալի գանձերով, բնաշխարհի արտառոց վառ լուսեղեն դեմքով, ծովեզրին խոյացող քանդակներով, ծովի աննկարագրելի և խորունկ մովով, ինչպես նաև այսօրվա պատկերով։

 

Թերևս կլինեն երկրներ, որոնք իրենց հարստությամբ ու գեղեցկությամբ կմրցակցեն Հունաստանի հետ։ Սակայն միայն Հունաստանի կերպարն է մարդկանց մտապատկերում ընկալվում որպես դասականության օրրան, և, հավանաբար, հենց սրա մեջ է նաև նրա ձգողականության ուժը։

 

Լինելով Բալկանյան թերակղզու հարավային տիրույթներում` Հունաստանն օժտված է բնակլիմայական առանձնակի արտահայտված հատկանիշներով։ Այստեղ լեռնային գոտիները զուգորդվում են ձիթենու անտառների հետ, և ծով կանաչ կատարները սահուն կերպով լուծվում են Միջերկրականի կապույտ անհունում։ Բնաշխարհի շարունակական լրացումն են Պարրոսի սպիտակ մարմարից խոյացող կառույցները, որոնք էլ ավելի շլացնող են դարձնում արևի շողերի անդրադարձը։ Եթե սրան էլ ավելացնենք Էգեյան ծովի կղզիների գեղատեսիլ հրաբխային գոյացումները և ծովաժայռերը, որոնք հեռվից նմանվում են Օլիմպոսի ահեղ աստվածներին, ապա այս ամենի լույսի ներքո ավելի պարզ կդառնա Հունաստան երկրի ձգողականության ուժը։ Պատմության հոլովույթներում Հունաստանը ավանդեց մարդկությանը քաղաքակրթական այն հիմնադրույթները, որոնցից ծնվեցին և զարգացան եվրոպական արվեստի և գրականության մեծարժեք դրսևորումները։ Սա վերաբերում է թերևս և՛ հնագույն շրջանին, և՛ միջնադարյան պատմությանը։ Եվ երբ զբոսաշրջիկները գալիս են այս երկիր, նրանք մեծ ակնկալիքներ ունեն հաղորդակցվելու մարդկային պատմության կարևորագույն երեք շերտերին. մինչ հունական կրետոմիկենյան վաղնջական մշակութային կտրվածքներին, Աթենքի դասական խոյանքներին և միջնադարյան բյուզանդական պերճանքին։ Հնագույն և դասական շրջանի փլատակները նույնքան առինքնող ուժով են օժտված, որքան լեռների քարայրերում թաքնված խորհրդավոր մենաստանները։ Իսկ եթե զբոսաշրջիկի երևակայությանն ու հիշողությանը օգնության գան մանկուց վերապրած հունական աստվածների և հերոսների անզուգական ավանդապատումները, ապա նրա կողմից այս երկրի ընկալումը կվերածվի մի իրական հեքիաթային հրավառության։

 

ՀՆԻ ԵՎ ՆՈՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զբոսաշրջության արահետներով ընթացող հետաքրքրասերը կտարվի ոչ միայն փառահեղ հնություններով, այլև այսօրվա հետաքրքրաշարժ կենցաղային մանրամասներով` բազմազան խանութներով, որոնցում կգտնի արհեստագործական առարկաներ և տեղական մշակույթը ներկայացնող հուշանվերներ, եռուզեռով ապրող լողափներ և այլն։ Քաղաքներն իրար միացնող արագավազ ճանապարհների եզրերին տեղակայված փայտաշեն պանդոկները ճանապարհորդին հրավիրում են` վայելելու հունական հռչակված գինին և իրենց զգալու իրականության ու պատրանքի սահմանագծին։ Հունաստանը սեփական աչքերով ամբողջությամբ տեսնելու համար զբոսաշրջիկը պետք է զուգորդի ցամաքային փոխադրամիջոցները ծովայինի հետ, քանզի Հունաստանի զգալի մասը կազմում են կղզիները, որոնց ընդհանուր մակերեսը 50 հազ. քառ. մղոն տարածք է զբաղեցնում։ Թե՛ ծովի ջրի և թե՛ օդի ջերմաստիճանը Հունաստանում միշտ չափավոր են։ Տարվա բոլոր եղանակները սահուն փոխարինում են մեկը մյուսին և պահպանում միջին թավշյա ջերմաստիճանն ու խոնավությունը։

 

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հունաստանն ունի մոտ 10 մլն բնակչություն։ Մարդիկ ուրախ են, կատակասեր, խանդավառ, հյուրընկալ և, ժամանակ առ ժամանակ` անկանխատեսելի։ Հունաստանի բնակչի խառնվածքը նույնքան ջերմ է, որքան երկրի բնությունը։ Հույնը իր բնօրրանում ձևավորվեց դեռևս 7 հազ. տարի առաջ, դիմակայեց բազում հողմերի, պատմական փորձությունների և դրանով իսկ թրծվեց, ստացավ իր լիարժեք, ամբողջական կերպարը, որը լի է հերոսականությամբ և արժանապատվությամբ։ Այսօրվա հույնը ժամանակակից աշխարհին ներկայանում է գուցե և փոքր-ինչ փոխված դիմագծերով, բայց լի մարդասիրությամբ և ապրելու ու ստեղծագործելու մեծ ձգտումով։

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՆ

 

Պատմության անկրկնելի կոթողներից, սքանչելի բնապատկերներից, գեղատեսիլ կղզիներից և կապուտակ ծովից զատ Հունաստանն այցելուին առաջարկում է նաև բարձրակարգ և ժամանակակից հյուրանոցային ծառայություններ։ Այդ իսկ պատճառով Հունաստանը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է զբոսաշրջության ամենասիրված վայրերից մեկը։ Գրեթե բոլոր հյուրանոցները այս երկրում նոր են։

 

ԱԹԵՆՔ

 

Հնագույն ժամանակներից Աթենքը համարվում էր Հին արևմտյան Աշխարհի կարևորագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն ոչ միայն Ատիկայի մարզի կենտրոնն էր, այլև դասական շրջանից ի վեր ողջ Հունաստանի տարածքի քաղաք պետությունների հոգևոր և քաղաքական առաջատարը։


Աթենքի տարածքը բնակեցվել է 6 հազ. տարի առաջ` պելասգներով։ Մ.թ.ա. III հազարամյակի վերջին հյուսիսից եկած աքեացիները գրավեցին այս տարածքը և, խառնվելով հոնական ցեղերի հետ, որոնք եկել էին հարավից, ձուլվեցին միմյանց ու կազմեցին երկրի հիմնական էթնիկ տարրը։ Հույների նախնիները ամենաառաջիններից նկատեցին Աթենքի վրա խոյացող բնական ամրոցը, որը հետագայում դարձավ քաղաքի պաշտամունքային կենտրոնը և կոչվեց Ակրոպոլիս (քաղաք բլրի վրա)։ Քաղաքի անվանումը ծագել է Աթենաս Պալլաս աստվածուհու անունից, որը և համարվել է քաղաքի հովանավորն ու ձիթենու ծառի ստեղծողը, մի ծառ, որը Ատիկային մեծ տնտեսական բարգավաճում բերեց։ Աթենասը նաև իմաստության ու ռազմի աստվածուհին է, և պատահական չէ, որ կարևորագույն ռազմական գործողություններում Աթենքը միշտ հաղթողի դիրքերում է եղել։ Այսպես դիցաբանությունը կենդանի շունչ է ստացել հունական իրականության մեջ։ Աթենքի վերելքը կապվեց քաղաք-պետության ժողովրդավարական կառույցի հաստատման հետ, երբ ժողովրդավարության գլխում կանգնած էր հանրահռչակ Պերիկլեսը (մ.թ.ա. V դար)։ Սա Աթենքի պատմության ոսկե դարն էր, հունական մշակույթի, արվեստի, ռազմական հզորության գագաթնակետը։ Հելլենիստական շրջանում և քրիստոնեական-բյուզանդական փուլում Աթենքն այլևս առաջատարի դիրքերում չէր գտնվում։ Ուշ միջնադարյան շրջանում Աթենքն ընկավ օսմանյան Թուրքիայի երկարատև լծի տակ և միայն 1834 թ. ազատագրվեց այդ լծից ու հռչակվեց միացյալ Հունաստանի մայրաքաղաք։ Ժամանակակից Աթենքը կառուցվել է վերջին քառասուն տարիների ընթացքում։

 

ԱԿՐՈՊՈԼԻՍ

 

Ակրոպոլիսը Աթենք քաղաքի ամենաբարձր տափարակն է` 156 մ բարձրությամբ բնական մի ժայռահարթակ, որը հին աքեյացիներն ընտրել են որպես բնական պատվանդան պաշտամունքային կոթողները վեր խոյացնելու համար։ Անտիկ դասական շրջանում այստեղ կառուցվել են հույների հիմնական պաշտամունքային շինությունները, որոնցից գլխավորն ու ամենամեծը Պարթենոն տաճարն է։ Սակայն պեղումների ընթացքում պարզվել է, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս 6 հազ. տարի առաջ` նեոլիթյան դարաշրջանում և ի սկզբանե ընկալվել է որպես Սրբազան բարձունք։ Այստեղ են գտնվում Նիկե Ապտերոսի տաճարը, ինչպես նաև հայտնի Էրեխթեոնի տաճարը` իր հռչակավոր մարդաֆիգուր հարավային ճակատի սյունաշարով, և հնում այստեղ էր կանգնեցված մեծն Ֆիդեասի կողմից ստեղծված Աթենաս Պրոմախոսի բրոնզաձույլ քանդակը (որն, ավաղ, չի պահպանվել)։


Ակրոպոլիսի հանդիսավոր մուտքը կոչվում է պրոպիլեյներ` սյունազարդ, երկթեք տանիքով միջանցիկ պորտալ, որը երկու կողմերից պարփակվում է ևս սյունազարդ շինություններով։ Հնում այստեղ զետեղված էր Պինակոտեկը` ազգային պատկերասրահը և ազգային գանձարանը։

 

ՊԱՐԹԵՆՈՆ ՏԱՃԱՐԸ

 

Պարթենոնը գրավիչ է իր պարզությամբ, հստակությամբ և վեհությամբ։ Իր տեսակի մեջ կատարյալ այս շինությունը ներդաշնակության խորհրդանիշ է և ստեղծված է տիեզերական համամասնության համաչափությունների օրենքներով։ Տաճարը ձոնված է կույս Աթենաս աստվածուհուն, որն Աթենքի հովանավորն էր և կառուցված է դորեական օրդերային սյունաշարի կիրառման սկզբունքով. մարմարակերտ է և հարուստ քանդակներով։ Այն կառուցվել է իր նախորդների փլատակների հիմքի վրա։ Ճարտարապետներն են Իխտինեսը և Կալիկրատեսը, իսկ շենքի գեղարվեստական հարդարանքի ղեկավարն է Ֆիդեասը։ Պարթենոն տաճարը կառուցվել է մ.թ.ա. 447-432 թ.թ.։

 

ՆԻԿԵ ԱՊՏԵՐՈՍԻ ՏԱՃԱՐԸ

 

Սա փոքր, նրբագեղ կառույց է, որը գտնվում է անմիջապես պրոպիլեյների ձախ թևին։ Տաճարը կառուցվել է մ.թ.ա. V դարում ի նշանավորում պարսկական զավթիչների դեմ հույների տարած հաղթանակի։ Այն կոչվում է Ապտերոս (թևերը կտրած) և խորհրդանշում է հունական հողի վրա հավերժական թևածող հաղթանակը։

 

ԷՐԵԽԹԵՈՆ

 

Այս տաճարը ձոնված է վաղնջական ժամանակներից ավանդված դիցաբանական թագավոր Էրեխթեոնին, որը հետագայում նույնացվեց ծովերի աստված Պոսեիդոնի հետ։ Ավանդապատումն ասում է, որ այս տարածքին հովանավոր դառնալու համար մրցակցում էին Աթենասն ու Պոսեիդոնը, և հույները նախապատվությունը տվեցին Աթենասին, քանզի վերջինս հույներին պարգևեց այնպիսի մի հրաշք, ինչպիսին ձիթենու ծառն է։ Էրեխթեոնի հարավային ճակատի տանիքը հենվում է նրբագեղ կանանց ֆիգուրների վրա, և այդ կամարաշարը կոչվում է Կարիատիդա` կնոջ ֆիգուրներից կառուցված սյունաշար։

 

ԱԿՐՈՊՈԼԻՍԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

 

Ակրոպոլիսի հարավ-արևելյան հատվածում գտնվում է թանգարանը, որտեղ զետեղված են հնէաբանական պեղումներից հայտնաբերված գտածոները։ Ցուցանմուշները ներկայացված են ըստ ժամանակագրության` սկսած արխաիկայի շրջանից (մ.թ.ա. 1200-600 թ.թ.), դասականից (մ.թ.ա.500-400 թ.թ.), հելլենիզմից (մ.թ.ա. 300-ական թվականները) մինչև քրիստոնեական ռոմանական փուլ։

 

ԴԻՈՆԻՍՈՍԻ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԸ

 

Սա հին հունական թատրոն է, որտեղ առաջին անգամ բեմադրվեցին մեծագույն դրամատուրգների` Էսքիլոսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոֆանեսի, Մենանդրոսի ողբերգություններն ու կատակերգությունները։ Թատրոնը կառուցված է Ակրոպոլիսի հարավային սարալանջին, որտեղ գտնվում էր Դիոնիսի սրբավայրը։ Ամֆիտատրոնն ունի կիսակլոր կառուցվածք, բաղկացած է հարթակից ճառագայթաձև հեռացող շարքերից։ Ամֆիթատրոնի յոթանասունութ հորիզոնական շարքերում տեղադրված են մոտ 20 հազ. քարե նստարաններ։ Առաջին շարքում մարմարակերտ «գահավորակներն» են, որոնք նախատեսված են բարձրատոհմիկ հանդիսատեսի համար։

 

 

ՍԻՆՏԱԳՄԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ


Սինտագմայի հրապարակը ժամանակակից Աթենքի սիրտն է։ Հրապարակը շրջապատում են ժամանակակից ոճով կառուցվածհրաշագեղ հյուրանոցները, փողոցների անկյուններում ծվարած սրճարանները, Հունաստանի խորհրդարանի շենքը (երբեմնի թագավորական պալատը)։Հրապարակի տարածքում է գտնվում նաև անհայտզինվորի հուշարձանը։

 

ԱՊՈԼԼՈ-ՍՈՒՆԻՈՆԻ ՀՐՎԱՆԴԱՆԸ

 

Ատտիկան տեսնելու ամենարագ և լավագույն միջոցը Ապոլլո հրվանդանի երկայնքով ավտոբուսով կամ մեքենայով ճանապարհորդելն է։ Ճանապարհի սքանչելի բնապատկերներն այցելուին «ուղեկցում են» ընդհուպ մինչև Սարոնիկծովածոցը` հասնելով Սունիոն և ետադարձ ճանապարհին կտրում-անցնում են Մեսսոգիան ու վերադառնում Աթենք։ Այս ճանապարհորդության վերջին` հարավային կետում հառնում է Պոսեիդոնի տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. V դարում Սունիոնի հրվանդանում։ Այստեղիցհրաշալիտեսարան է բացվում դեպի Էգեյան ծով։

 

 

 

ԱԹԵՆՔԻ ՄԱՐՄԱՐԵ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ


Մարզադաշտը կառուցվել է 1896 թ. առաջին նոր Օլիմպիական խաղերի կապակցությամբ։ Այն կառուցվել է 330 թ. հիմնադրված հին մարզադաշտի տեղում և կարող է տեղավորել 60 հազ. հանդիսատես։ Մարզադաշտի վազքագիծը 3 հազ. 350 մ է։

 

ՄԻԿԵՆՆԵՐ` ԱՐԳՈՍ, ՏԻՐԻՆՖ, ՆԱՖԼԻՈՆ, ԷՊԻԴԱՎՐՈՍ ԵՎ ՏՈԼՈ

 

Միկենները պատմական մի տարածք է, որտեղ հնում գտնվում էր արքայական նստավայրը։ Այն պարսպապատված էր հսկայական կիկլոպիկ քարերի շարվածքով։ Տեղայնքի մշակութային կոթողները թվագրվում են մ.թ.ա. 3 հազ. թվով։ Միկենները պատմաբանների և հնէաբանների կարծիքով դիցաբանական հերոս Ագամեմնոնի քաղաք-ամրոցն էր։

 

ԴԵԼՓԻՔ


Դելփիքն այն պատմական վայրն է, որի վեհաշքության մասին կարելի էկարծիք կազմել միայն սեփական աչքերով տեսնելուց հետո։ Բնությունն ու դարերի հնություն ունեցող ավերակներն այստեղ այնպիսի զարմանահրաշ ձևով են միմյանց զուգորդում և մեկը մյուսին լրացնում, որ թվում է, թեձեռակերտն ու բնությունը միշտ էլ եղել են միասին։ Ավերակները շրջապատված են բարձր սարերով, ժայռախորշերով, կիրճերով և փարթամ բուսականությամբ։

 

ԴԵԼՓԻՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

 

Դելփիքի թանգարանում պահվում են եզակի ցուցանմուշներ արխաիկայից մինչև դասական շրջանը։ Դրանց շարքում են Սայլորդի քանդակը, Ապոլլոնի տաճարի վերնաճակատը, Սիցիոնների գանձարանի մետոպները, Կլեովիսի և Ֆտոնոսի արխաիկ քանդակները` կուրոսները, նաքսոցիների թևավոր Սֆինքսը և շատ ուրիշ գլուխգործոցներ։ Այս ամենն այցելուի մոտ հիացմունք ու զարմանք են առաջացնում և ակամայից մտածել տալիս, թե ինչպես էր հնարավոր այդ հին ժամանակներում այսչափ ներդաշնակ ստեղծագործություններ կերտել։

 

ՄԵԹԵՈՐ


Սա զարմանահրաշ մի տեղայնք է, որտեղ կողք-կողքի խոյանում են 100-150 մ բարձրություն ունեցող սրածայր ապառաժներ։ Այստեղ XIV դարից մենաստաններ են կառուցվել, այն վանականների կողմից, որոնք հոգևոր փրկության ակնկալիքով հեռանում էին աշխարհիկ կյանքից։ Մենաստանների կառույցները զարմացնում են իրենց գմբեթածածկ տանիքներով, փայտե պատշգամբներով և վերին հարկերով, որոնք բառիս բուն իմաստով կախված են անդունդի եզրից։ Ծայրահեղ իրավիճակներում այնտեղ հասնելու համար օգտագործվել են ձգովի ճոպանները, իսկ ընդհանուր առմամբ դեպի Մեթեոր են տանում ասֆալտապատ ճանապարհներն ու նեղ կածանները։ Միջնադարում Մեթեորի տարածքում 24 գործող մենաստան կար, որոնցից այսօր մնացել են միայն 5-ը։

 

ԿԱԼԱՄԲԱԿԱ

 

Մետեորից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Կալամբակա քաղաքը, որը կառուցվել է հին Էգեոնի փլատակների վրա։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 9-2007 (6)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am
Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am

Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...

Օգտակար խորհուրդներ
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am

 Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև  հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am
Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am

Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...

Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am
Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am

Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...

Սնունդը և առողջությունը
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց...

Ես
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Թեստեր Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am

Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում  պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...

ՆԱՆԵ. Շիրիմ հայրենիքում (պատմվածք)
ՆԱՆԵ. Շիրիմ  հայրենիքում (պատմվածք)

Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո  արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...

Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները
Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները

Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ
11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...

Հայելու գաղտնիքները
Հայելու գաղտնիքները

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...

Գիտե՞ք, որ...
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից

Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...

Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից
Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից

Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...

Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը
Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը

Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ