Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Վերապատրաստման ծրագիր Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը:
2009 թվականից ի վեր Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայի հետ, որը փորձառու անձնակազմով համալրված և նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած կլինիկական բազմապրոֆիլ հիվանդանոց է: Սույն համագործակցության շրջանակներում համալսարանի բժիշկները և բուժանձնակազմը մասնակցում են տասներկու շաբաթ տևողությամբ վերապատրաստման համալիր դասընթացների վերոհիշյալ կլինիկայում:
Սրտաբանության, ռադիոլոգիայի և գաստրոէնտերոլոգիայի ոլորտներում որակավորման բարձրացման նշյալ դասընթացներից հետո ԵՊԲՀ մասնագետները և կլինիցիստները իրենց ձեռք բերած փորձը ներդնում են Հայաստանում:
Սեդա Շեկոյան (սրտաբան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ) - Իմ տեսած նորությունները, որոնք հիմնականում կապված են պրակտիկ աշխատանքների հետ, չափազանց հետաքրքիր էին: Մասնակցությունս վերապատրաստմանը բավականին արդյունավետ էր:
2 ամսվա ընթացքում ես վերապատրաստվել եմ Գերմանիայի լավագույն կլինիկաներից մեկում` Պոտսդամում գտնվող Ernst von Bergmann հիվանդանոցի սրտաբանության և ֆունկցիոնալ դիագնոստիկայի բաժանմունքներում:
Այս վերապատրաստումից շատ տպավորված եմ:
Հիվանդանոցը զինված էր ամենաժամանակակից տեխնիկայով: Օրվա ընթացքում հիվանդների հոսքը չափազանց շատ էր` շնորհիվ բժշկական պարտադիր ապահովագրության, ինչը հնարավորություն տվեց 2 ամսվա ընթացքում տեսնել այնքան անգիոգրաֆիաներ, 24-ժամյա ԷՍԳ հոլտեր հետազոտություններ, օրթոարտրիկ (Tilt test) հետազոտություններ, մարմնի պլետիզմոգրաֆիաներ, սպիրոմետրիաներ, վելոէրգոմետրիաներ և էխոսրտագրություններ:
Շաբաթվա 1 օրը պրոֆեսորը բաց դռների օր էր ունենում պոլիկլինիկայում, և դա ևս հնարավորություն էր տալիս առնչվել սրտային տարբեր պաթոլոգիաներով հիվանդների հետ: Մասնակցել եմ նաև սրտաբանական բաժնի համայցերին:
Հուսով եմ, որ մեզ մոտ` Հայաստանում ևս կգործի պարտադիր բժշկական ապահովագրությունը, ինչը հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը ժամանակին ստանալ իրենց այդքան անհրաժեշտ բուժօգնությունը:
Իմ տեսած տեխնիկական նորությունները և բուժման նոր մեթոդներին ծանոթանալը ոչ միայն կարևոր էին իմ պրակտիկ աշխատանքի համար, այլ նաև հնարավորություն են տալիս իմ ուսանողներին ներկայացնել Եվրոպայում կիրառվող բուժման և ախտորոշման նորագույն մեթոդները:
Լիլիթ Անտոնյան (սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի բժիշկ-սրտաբան) - Պատմել իմ տպավորությունների մասին` նշանակում է ոչինչ չասել, որովհետև դա պետք է տեսնել: Տեսնել` սկսած հիվանդանոցի կատարյալ մաքրությունից և կարգ ու կանոնից, վերջացրած տեխնիկական հագեցածությամբ և բժիշկների կազմակերպված և թիմային աշխատանքով:
Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես հիվանդները հիվանդանոց էին բերվում ոչ միայն շտապօգնության մեքենայով, այլ նաև ուղղաթիռով: Ամեն ինչ կազմակերպված էր իդեալական:
Տպավորիչ էր մասնագիտական բարձր մակարդակը: Կլինօրդինատորը հինգ տարիների ընթացքում հասցնում էր հստակ տիրապետել բոլոր գործնական հմտություններին, և յուրաքանչյուր սրտաբան կատարում էր կորոնարոգրաֆիա, ստենդտավորում կամ փեյսմեյկերների, ICD-ների իմպլանտացիա կամ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն:
Առանձնահատուկ ուշադրության էր արժանի նաև բուժքույրերի աշխատանքը, ինչպիսի հոգատարությամբ և ինչպիսի ահռելի աշխատանք էին կատարում նրանք յուրաքանչյուր հիվանդի խնամքն ապահովելու համար: Վատ չէր լինի, եթե նմանատիպ փոխանակման ծրագրեր կազմակերպվեին նաև մեր բուժքույրերի համար, սովորելու շատ բան կունենային:
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մարդկանց, առանց ում այս ամենը անհնարին կլիներ և նրանց շնորհիվ էր, որ ես Գերմանիայում ինձ զգացի այնպես, ինչպես տանը:
Եվ վերջում անպայման ուզում եմ ասել, որ ես հիացած եմ այդ երկրով, նրա ժողովրդով, նրանց հանգստությամբ և կազմակերպվածությամբ, ամենուրեք, ամեն ոլորտում տիրող կարգ ու կանոնով և ճշգրտությամբ:
Հովհաննես Կժդրյան (անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., համալսարանական թիվ 1 կլինիկայի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա) - Ես նույնպես մասնագիտական վերապատրաստում եմ անցել Պոտսդամի «Էրնստ Վոն Բերգման» կլինիկայում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ընդունելությունը ջերմ էր, ինչպես վայել է եվրոպական քաղաքակրթությանը: Ընձեռված էին բոլոր հնարավորությունները` մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար: Անձնակազմը ջերմ էր, սիրալիր, պատրաստակամ`անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, համագործակցության`տարբեր հարցերում: Ավելին, առ այսօր նամակագրական կապ եմ պահպանում անձնակազմի շատ անդամների հետ: Կցանկանայի կիսվել իմ որոշ տպավորություններով:
Նախ կառանձնացնեի կազմակերպական որոշ հարցեր, որոնք, ըստ իս, արժե քննարկել և ներդնել նաև մեր համակարգում.
- Կատարելության էր հասցված միջին բուժանձնակազմի աշխատանքը` մեկ հիվանդին`մեկ բուժքույր սկզբունքով: Ընդ որում, հիվանդի խնամքի հարցերով զբաղվում էր միայն բուժքույրը: Կրտսեր բուժանձնակազմի պարտականությունը միայն հիվանդասենյակի մաքրությունն էր:
- Առկա էր տվյալների կենտրոնացված, կատարյալ համակարգչային բազա: Հիվանդության պատմագիր կոչվածը ընդամենը հիվանդների տվյալների մուտքագրումն էր համակարգիչ, որտեղ մուտք ուներ միայն բժշկական անձնակազմը: Նվազագույնի էր հասցված թղթաբանությունը: Ներբաժանմունքային կապը (հիվանդի լաբորատոր տվյալներ, հետազոտության արդյունքներ, խորհրդատվության հրավիրում) նույնպես ապահովվում էր համակարգչային բազայի միջոցով:
- Հիացնում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկների պրակտիկ հմտությունների մակարդակը: Բժիշկները տիրապետում էին տարբեր մանիպուլյացիաների և հետազոտության գործիքային մեթոդների` կենտրոնական երակային կաթետերիզացիա, պերիֆերիկ զարկերակային կաթետերիզացիա, վերին շնչուղիների ինտուբացիա, բրոնխոսկոպիկ, գաստրոսկոպիկ, էխոսրտագրություն, սոնոգրաֆիկ հետազոտություն և այլն:
- Բաժանմունքը ուներ սեփական աշխատանքի ուղեցույցներ, արձանագրեր: Բժշկի աշխատասեղանին առկա էր հստակ գործելակարգ` կոնկրետ կլինիկական իրավիճակի համար:
- Բաժանմունքում բոլոր հիվանդներին ապահովվում էր պերիֆերիկ զարկերակային կաթետերիզացիա և ինվազիվ զարկերակային ճնշման մոնիթորինգ: Պետք է ասեմ, որ ինվազիվ Զ/Ճ շարունակական, անընդհատ այս մեթոդը արդեն ներդրվել և կիրառվում է թիվ 1 կլինիկայի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բլոկում:
- Ինտրաաորտալ կոնտրպուլսատորի կիրառում կարդիոգեն շոկերի ժամանակ, ինչի ներդրումը մեծ հնարավորություններ կընձեռի կարդիոգեն շոկերից մահացության նվազման հարցերում` մեր կլինիկայի ինտենսիվ թերապիայի բլոկում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և ողջունել Պոտսդամի կլինիկայի իմ գործընկերներին` միջբուհական հարցերով համակարգող` Դանիելա Պոկորնի, ԻԹԾ ղեկավար բժ. Սաբինա Յանդեր, բժիշկներ Մարկո, Սվեն, Ուղտե, Անդրե, Կենո:
Արամ Միրիջանյան (վիրաբույժ) - Իմ անցած վերապատրաստման կուրսը շատ արդյունավետ էր, քանի որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ հիվանդների նախավիրահատական և հետվիրահատական վարման մոտեցումներին, ինչպես նաև տեսա բավականին շատ վիրահատություններ, որոնցից ինձ համար առավել հետաքրքիր և օգտակար էին լյարդի մասնահատումները, ենթաստամոքսային գեղձի վրա կատարվող վիրահատությունները և լապարասկոպիկ եղանակով կատարվող հաստ աղու մասնահատումները: Ուզում եմ նշել, որ պրոֆ. Վենիշի շնորհիվ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել Մյունխենում տեղի ունեցած գերմանացի վիրաբույժների ամենամյա կոնգրեսին, ընդ որում բոլոր ծախսերը հոգացել է գերմանական կողմը, ինչի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, հատկապես պրոֆ.Վենիշին: Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ կոլեկտիվին` իրենց հյուրընկալության և ուշադրության համար:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ուտցին և նրա տիկնոջը` այս ամենը կազմակերպելու, հովանավորելու, իրենց տանը հյուրընկալելու և Գերմանիայի նման առաջատար երկրում ինձ վերապատրաստման հնարավորություն տալու համար:
Սրբուհի Թարխանյան (գաստրոենտերոլոգ) - Ծանոթացել եմ բուժման ժամանակակից մեթոդներին: Հիվանդանոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած էնդոսկոպիկ բաժանմունք, որտեղ իրականացվում են ախտորոշիչ և բուժական բազմաթիվ միջամտություններ, որոնք մեր երկրում առայժմ չեն կատարվում: Եվ շատ կուզենայի, որպեսզի համապատասխան մասնագետների վերապատրաստվելուց հետո մենք ևս ունենայինք նման սարքավորումներով հագեցած բաժանմունքներ:
Վերապատրաստման ծրագիրը հիմք է դրվել BBD (Berliner Burger Danken) կազմակերպության և Բերգման կլինիկայի` մասնավորապես Ութս Ֆյերդերոյթերի և պրոֆեսոր Վեյնքեի ջանքերով:
Վերապատրաստման 3 ամիսների ընթացքում հնարավորություն է ընձեռվել բարելավել և կատարելագործել մասնագիտական գիտելիքներս: Գերմանացի կոլեգաները միշտ պատրաստակամ են եղել մանրամասնել բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում էին և ինձ համար նորություն էին, տրվել է համապատասխան գրականություն (իրենց անձնական գրադարանից), հնարավորություն է ստեղծվել մեկնելու իրենց հետ Լայպցիգ և մասնակցելու կայանալիք կոնֆերանսին: Այս ծրագրի շնորհիվ սովորել եմ կատարել լյարդի բիոփսիա, որն այսօր կատարվում է Հայաստանում:
Բացի մասնագիտական շփումից` որոշ բժիշկների հետ կապը շատ ավելի է մտերմացել, ստացել եմ հրավերներ`երեկոն գերմանական ընտանքի ջերմ միջվայրում անցկացնելու, մոտիկից շփվելու, ծանոթանալու իրենց մշակույթի և ազգային արժեքների հետ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գերմանացի գործընկերներին այս ամենի համար: Հուսով եմ և շատ ցանկանում եմ, որ ծրագիրը լինի շարունակական, քանի որ այն իսկապես ծառայում է ի նպաստ մեր երկրում բժշկության զարգացմանը:
Լիլիթ Սարգսյան («Մուրացան» համալսարանական համալիր, քիմիաթերապիայի կլինիկա, մանկական օնկոհեմատոլոգ) - Ես նույնպես վերապատրասվել եմ Գերմանիայում, իսկ ավելի կոնկրետ`Բեռլինի “Charite” համալսարանական հիվանդանոցի մանկական օնկոհեմատոլոգիայի բաժանմունքում: Պատիվ եմ ունեցել անձամբ շփվել համաշխարհային հեմատոլոգիայի կարկառուն դեմքերից մեկի` պրոֆեսոր Գյունտեր Հենցեյի հետ, որը ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող լեյկեմիայի բուժման ծրագրերի հեղինակներից է:
Երկու ամիսների ընթացքում վայելել եմ նրա և բաժանմունքի մյուս բժիշկների բարեհաճ վերաբերմունքն ու փայլուն գիտելիքների հրավառությունը: Մասնակցել եմ ամենօրյա բժշկական քննարկումներին, բարդ դեպքերի վերլուծություններին, ոսկրածուծի տրանսպլանտացիայի աշխատանքներին, ինչպես նաև հաճախակի կազմակերպվող դասախոսություններին ու գիտական կոնֆերանսներին, որոնք չափազանց բարձր արդյունավետություն ունեին:
2009-ին մեր կլինիկայի ջանքերով Երևանում կազմակերպվել է կոնֆերանս, որին հրավիրվել են պրոֆեսորներ Հենցեն, Շտակելբերգը, Բորկհարդը և այլ մեծանուն գիտնականներ: Կապը նրանց հետ անըդհատ է: Պարբերաբար կլինիկական բարդ իրավիճակներում «online» խորհրդակցում ենք, լսում նրանց կարծիքը:
Ուզում եմ հայտնել իմ երախտիքի խոսքերը այս մեծանուն մարդկանց և հուսով եմ, որ դեռ կլինեն բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ:
Առանձին շնորհակալություն եմ հայտնում BBD հիմնադրամի նախագահ Ու.Ֆյերդերոյթերին և նրա տիկնոջը` Բ.Ռաֆֆին, որոնք հյուրընկալեցին ինձ այդ երկու ամիսների ընթացքում իրենց բնակարանում:
Վերապատրաստվածները իրենց խոսքն ավարտում էին երախտագիտական հղումներով առ այն մարդիկ ովքեր շատ ջերմ ընդունելության արժանացրին իրենց և ամեն կերպ աջակցեցին` օգնելով ցանկացած հարցում:
Թվարկումների շարքն սկսվում էր ծրագրի հովանավորների` Ութս Ֆյերդերոյթերին նրա կնոջ` Բրիգիթ Ռաֆֆի անվամբ, շարունակվում սրտաբանության, անոթաբանության և կոնսերվատիվ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Ֆրանց Խավեր Կլեբերով, դոկտոր Միշել Հոֆֆմանով, Մարիուս Վիլմանով...
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն