Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանոր
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:
Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:
Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:
Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:
Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:
Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:
Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:
Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:
Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:
Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:
Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:
Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:
Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.
Տունը շեն լինի,
Բարաքյաթ լինի,
Միշտ ջոմարդ լինեք
Մեզ էլ միշտ հիշեք
Շնորհավոր նոր տարի:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:
Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:
Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:
Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:
Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:
Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:
Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:
Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:
Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…
Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:
Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:
Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:
Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...
Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...
Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...
Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...
Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...
Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն