Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 3.2008

Սեդրակ Սիմոնի Շարիմանյանի հիշատակին (նվիրված ծննդյան 110-ամյակին)

Սեդրակ Սիմոնի Շարիմանյանի հիշատակին (նվիրված ծննդյան 110-ամյակին)

Այս տարի լրացավ հայ վիրաբուժության պատրիարքի, Հայաստանում գիտական վիրաբուժության հիմնադիրներից մեկի, վիրաբուժության արժանավոր դպրոցի հիմնադիր, իմաստուն մանկավարժի և կլինիցիստի, ազնվագույն քաղաքացու, գիտության վաստակավոր գործչի` պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանի 110-ամյակը:

 

Ս. Շարիմանյանը ծնվել է 1898թ. Թիֆլիսում: Ավարտելով տեղի գիմնազիան` նա ընդունվում է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և ավարտում այն 1924թ.: Կարճ ժամանակ անց պրոֆ. Հ.Ս.Քեչեկի կողմից հրավիրվում է Երևան և 1926թ.սկզբից աշխատանքի անցնում նրա կողմից ղեկավարած կլինիկայում, որտեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո գործուղվում է Ղափան և աշխատում այնտեղ որպես տեղի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ: Այնտեղից կլինիկա վերադառնալուց հետո Ս.Շարիմանյանը գործնականի հետ մեկտեղ լայնորեն ծավալում է նաև գիտական աշխատանք, որի արդյունքը դառնում է 1936թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը` առաջինը Երևանի բժշկական ինստիտուտում:

 

1936-1938թթ. Լենինգրադում, գիտական գործուղման ընթացքում, դոկտորական ատենախոսություն պատրաստելուց, հաջողությամբ պաշտպանելուց և Երևան վերադառնալուց հետո Ս.Շարիմանյանը 1940թ. ստանձնում է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչի պարտականությունները: Այդ պաշտոնում նա շարունակեց աշխատել շուրջ 33 տարի: 

 

Լենինգրադյան գործուղման ընթացքում Ս.Շարիմանյանը նաև մասնագիտանում է որպես նյարդավիրաբույժ և 1938 թվականից սկսում է Երևանում ակտիվորեն ծավալել գործունեություն նյարդավիրաբուժության ասպարեզում, հաջողությամբ կատարելով ժամանակին համապատասխան այդ մասնագիտությանը պատկանող համարյա բոլոր վիրահատությունները, հիմք դնելով դրանով նյարդավիրաբուժությանը Հայաստանում:

 

Հայրենական պատերազմի ծանր տարիներին Ս.Շարիմանյանը չխնայելով իրեն, աշխատել է գիշեր ու զոր ուժերի գերագույն լարվածությամբ հոսպիտալներում, որպես առաջատար ընդհանուր վիրաբույժ և նյարդավիրաբույժ:

 

Ս. Շարիմանյանը շուրջ 30 տարի, լինելով Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, ոչ միայն կարողանում էր փայլուն կերպով ու բազմակողմանիորեն կազմակերպել ընկերության աշխատանքը, այլև դարձնել այն երիտասարդ վիրաբույժների պատրաստման և կրթման դպրոց:

 

Ս.Շարիմանյանին իր ղեկավարած կլինիկայում հաջողվում է ստեղծել վիրաբուժական արժանավոր ու կուռ կոլեկտիվ, որում աճել ու ձևավորվել են այնպիսի անվանի վիրաբույժ-գիտնականներ, ինչպիսիք են պրոֆեսորներ Վ.Մալխասյանը, Վ.Սարուխանյանը, Ս.Մելիք-Իսրայելյանը, Ս.Հովհաննիսյանը, Ի.Տոտկալոն:

 

Ս.Շարիմանյանը հանդիսանում է մայրենի լեզվով գրած (և չորս անգամ վերահրատարակված) ընդհանուր վիրաբուժության առաջին դասագրքի հեղինակ:

 

Մասնագիտական և հասարակական անձնվեր ու նվիրական գործունեության շնորհիվ Ս.Շարիմանյանը արժանացել է Միութենական և Հայաստանի Գերագույն Խորհրդների պատգամավորի պատվավոր կոչմանը: Ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի պատգամավորության ձևական գործելաոճին, Ս.Շարիմանյանը ըմբռնում էր  իր պատգամավորական պարտականությունները որպես ծառայություն ժողովրդին և կատարում էր այն ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ:

 

Հայրենիքը, բարձր գնահատելով Ս.Շարիմանյանի կատարած աշխատանքը բժշկական, գիտական և պետական-հասարակական գործունեության ասպարեզներում, պարգևատրել է նրան Լենինի երկու շքանշաններով և կառավարական այլ բարձր պարգևներով:

 

Մարդկային բարձր հատկանիշներով օժտված բժիշկ-հումանիստի, իր ժողովրդին ազնիվ ու անշահախնդիր մեծ ծառայություն մատուցած, բոլոր ուժերը մարդու առողջության գործին անմնացորդ նվիրած, տաղանդավոր կլինիցիստի, մանկավարժի և գիտնականի, ջերմ հայրենասերի, հայրենական բժշկության մեջ իր արժանավոր տեղը վաստակած մեծ անհատականության` Սեդրակ Շարիմանյանի պայծառ կերպարը կմնա հետնորդների հիշողության մեջ, որպես առաքինության, բարոյականության և մասնագիտական օրինավորության խորհրդանիշ:

Հեղինակ. Պրոֆ. Ռ.Ա.Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարերի և սինթետիկ տրանսպլանտատների դնելու նոր մոդիֆիկացիա: Հեռավոր արդյունքների վերլուծություն

Բանալի բառեր. աճուկային ճողվածք,կարեր, տրանսպլանտատ         

Ճողվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռևս շատ են հետվիրահատական բարդությունները, հատկապես բարձր է ռեցիդիվների տոկոսը, որը...

Վիրաբուժություն
Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...

Այլ հոդվածներ
ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...

Այլ հոդվածներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ