Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 4.2008

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը և նրա գիտաբժշկական հիմնահարցերը

Բանալի բառեր. երկրաշարժ, աղետի գոտի, առողջապահական համակարգի վերակառուցում

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը: Պատմության մեջ այն մտավ որպես «Սպիտակի երկրաշարժ»: Երկրաշարժից առաջացած փլատակներից հանվեցին 40000 մարդ, 32500 վիրավորներ, 530000 մարդ մնաց անօթևան: Հանրապետությունը կրեց 13 մլրդ ռուբլու տնտեսական վնաս: Ավերվեցին ավելի քան 500 բժշկական հիմնարկներ, մահացան և վիրավորվեցին հարյուրավոր բուժաշխատողներ:

 

Ակնթարթային աղետը մարդկանց մոտ առաջացրեց ամենատարբեր բնույթի ծանր, բազմակի և զուգորդված վնասվածքներ: Բուժական գործունեությանը զուգընթաց, որն ընդգրկեց գրեթե ողջ գիտական բժշկական հասարակությունը, առաջ քաշվեցին կարևոր հարցեր, կապված երկրաշարժի հետևանքների վերացման հետ: Գիտաբժշկական մի շարք հարցերի պարզաբանման համար Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական գիտական խորհրդին կից ստեղծվեց «Երկրաշարժի հետևանքների վերացման բժշկական հարցերը» թեմայով հատուկ գիտական հանձնաժողով: Վերանայվեց գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան, առաջ քաշվեցին գիտական նոր մշակումներ, որոնք համապատասխանում էին գործնական բժշկության պահանջներին` երկրաշարժից տուժածների բուժմանը և բժշկա-սոցիալական վերակառուցմանը: Դրանց ծրագրերին համապատասխան, Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության գիտական հիմնարկներում հետազոտություններ են կատարվել հետևյալ 10 ուղղություններով`

 

  1. Առողջապահության կազմակերպումը երկրաշարժի հետևանքների վերացման ընթացքում:
  2. Երկրաշարժի հետևանքով առաջացած փսիխոգեն սթրեսի և դրանից առաջացած խանգարումների ուսումնասիրումը:
  3. Երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում վիրաբուժական աշխատանքների կազմակերպումը:  
  4. Երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում վնասվածքաբանական աշխատանքների կազմակերպումը:
  5. Երկարատև ճզմման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) պաթոգենեզը, կլինիկան, բուժումը:
  6. Հոգեկան, նյարդաբանական, սրտաբանական և էնդոկրին խանգարումների պաթոգենեզը, կլինիկան և բուժումը:
  7. Ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, անէսթեզիոլոգիայի և արյան փոխներարկման խնդիրները:
  8. Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնահարցերը:
  9. Աղետի գոտում հիգիենիկ և հակահամաճարակային կարևոր խնդիրները:
  10. Երկրաշարժի  հետևանքների բժշկակենսաբանական հարցերը:

 

Նշված հիմնահարցերի իրականացման խնդրում կարևոր հաջողության են հասել Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտները (վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, սրտաբանության, ուռուցքաբանության, կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության, ռադիոլոգիայի և այրվածքային վնասման, համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական պարազիտոլոգիայի, հիգիենայի և պրոֆհիվանդությունների):

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոններում և ՀՀ ԱՆ Ա.Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ուսումնասիրվեցին  կրաշ-սինդրոմի պաթոգենեզի և բուժման հարցերը:  Պաթոֆիզիոլոգիայի, ֆարմակալոգիայի, հոգեբանության, հոգեբուժության ինչպես նաև թերապիայի, մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոններում ուսումնասիրվեցին աղետի գոտում փսիխոգեն սթրեսի ազդեցությունն օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա: Քննարկվեցին Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում սրտի տարբեր հիվանդությունների ընթացքի, Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում` բազմակի և զուգակցված վնասվածքների, Կուրորտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում`  ուղեղային վնասվածքների բուժման հարցերը:  Համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում ուսումնասիրվեցին աղետի գոտում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման և կանխման հարցերը, շրջակա միջավայրի  վիճակը:

 

Նշված ամբիոնների և գիտահետազոտական ինստիտուտների աշխատանքների ղեկավարումը և իրագործումը կատարվում էր ՀՀ ԱՆ բժշկական գիտական խորհրդի կողմից (նախագահ` պրոֆեսոր Ս.Հ. Խաչատրյան): Դրա անմիջական նախաձեռնությամբ 1990 թ. հոկտեմբերի 9-11-ը կազմակերպվեց միջազգային համաժողով «Հայաստանի երկրաշարժի հետևանքների բժշկական տեսակետները երկրաշարժից մեկ տարի անց» թեմայով, որտեղ քննարկվեցին և ամփոփվեցին վերը նշված 10 ուղղությունների գիտական հետազոտությունների արդյունքները: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրվեցին նշված համաժողովի զեկուցումների նյութերը ամբողջությամբ: Որպես գիտաժողովի խորհրդանիշ ընտրվեց Գյումրիի եկեղեցին ճեղքված վիճակում:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն գրավոր ողջունեց համաժողովի մասնակիցներին, որը տպագրվեց տարբեր լեզուներով գիտաժողովի առանձին հատորների առաջին էջերում:

 

Խոսք Ողջույնի

 

Սիրով և գնահատանքով ողջունում ենք բժշկական միջազգային համագումարը, նվիրված Հայաստանի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրմանը, որի ազնիվ նպատակն է, կարծում ենք, անհրաժեշտ բժշկական օգնությունները շարունակել, երկրաշարժի հետևանքները լրիվ հեռացնել համապատասխան բժշկական միջոցառումներով:

 

Այս մարդասիրական նպատակի իրագործումը մեծ բարիք է հանդիսանալու մեր աղետյալ ժողովրդին, ի վերականգնում նրա մարմնական և հոգեկան առողջության:

 

Մեր շնորհակալությունը և մեր օրհնությունը համագումարի բոլոր հարգարժան ու անձնվեր մասնակիցներին:

 

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վազգեն Ա.

 

Այնուհետև երկրաշարժից 10 տարի անց ավելի նեղ շրջանակներում դարձյալ կազմակերպվեց գիտաժողով Երևանում եւ Գյումրիում: Այստեղ քննարկվեցին Սպիտակի երկրաշարժի հետևանքներից առաջացած հիվանդությունների էթիոլոգիայի, պաթոգենեզի և բուժման հարցերը:

 

Աղետի գոտուն բնորոշ է բազմաբնույթ և տարբեր ծանրության խանգարումների առկայությունը: Հայտնի փաստ է, որ գիտական խորը հետազոտությունները հիմնականում իրագործվում են դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների միջոցով: Նշեմ, որ նման թեմայով պաշտպանվել են 6 դոկտորական  և 22 թեկնածուական ատենախոսություններ: 

 

Կցանկանայի անդրադառնալ հատկապես դոկտորական ատենախոսություններին: Նրանք բոլորն էլ ունեն տեսական և գործնական բարձր արժեք: Դրանցից են Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի համատեղությամբ ներկայացված Ռ. Ա.  Հովհաննիսյանի դոկտորական  ատենախոսությունը, որը վերաբերում է երկարատև ճզմման համախտանիշի  ժամանակ առաջացած արյան միկրոցիրկուլյացիայի խանգարումներին: Պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում կատարվել և պաշտպանվել է Երևան քաղաքի սեքսոպաթոլոգիայի բաժնի վարիչ Մ. Գ. Հովհաննիսյանի  դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված է աղետի գոտում առաջացած փսիխոէմոցիոնալ խանգարումների ժամանակ ռեպրոդուկտիվ փոփոխություններին: Երեք դոկտորական  ատենախոսություններ են պաշտպանվել Երևանի պետական բժշկական համալսարանի հիստոլոգիայի ամբիոնում (Մ. Յու. Արտիշչևա, Կ. Թ. Սահակյան, Տ. Գ. Ավագյան)` նվիրված կրաշ-սինդրոմի հիմնահարցերին:

 

Որոշակի գիտական և հատկապես գործնական նշանակություն ունի Ա. Խ. Մայրապետյանի դոկտորական ատենախոսությունը` կապված աղետի գոտու համաճարակաբանական խնդիրների հետ, շնորհիվ որի աղետի գոտում ինֆեկցիայի բռնկման ոչ մի դեպք չգրանցվեց: Բացի դոկտորական ատենախոսություններից երկրաշարժի հետևանքով առաջացած խանգարումների ուսումնասիրություններին են նվիրված 22 թեկնածուական ատենախոսություններ, որոնք կատարվել են Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N1, պաթոֆիզիոլոգիայի, հիստոլոգիայի, սրտաբանության, մանկաբուժության և ակնաբուժության ամբիոններում:

 

Սպիտակի երկրաշարժն անջնջելիորեն մտավ ողջ աշխարհի և, հատկապես,  Հայաստանի պատմության մեջ: Որպես մեծագույն աղետ այն ոչ միայն բերեց տնտեսական խոշոր վնասներ, այլ նաև` քարուքանդ անելով Հայաստանի լավագույն տարածքները, վերափոխեց ողջ հայ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը: Հայ ժողովուրդը շատ անգամ է իր ուսերի վրա կրել տարբեր բնույթի ծանր աղետներ և  որպես օրինաչափություն միշտ պատվով հաղթահարել է դրանց, նորից ու նորից ցույց տալով ողջ աշխարհին իր կենսունակությունը և հարատևելու իր անսպառ կարողությունը: Այս անգամ նույնպես հայ ժողովուրդն իր մեջ գտավ հզոր ուժ վերափոխվելու և իրեն բնորոշ աշխատասիրությամբ նորագույն ձևով աշխատելու` նորը ստեղծելու միջոցով:  Հայ ժողովուրդը ոչ միայն գիտության, կուլտուրայի, արվեստի կարևոր շարժիչ ուժերից մեկն է, այլ նաև ունակ է վերականգնելու քանդվածը, ստեղծելու նոր կոթողներ, զարգացնելու վնասված տնտեսությունը և, ամենակարևորը` պահպանելու իր բարոյական նկարագիրը, ողջ աշխարհին ցույց տալով, որ նա կմնա ՙհայ՚ իր բոլոր արժանիքներով:

Հեղինակ. Ս. Հ. Խաչատրյան Հայկական բժշկ. ինստիտուտի պաթոլոգիական անատոմիայի ամբիոն 0051, Երևան, Տիտոգրադյան փ., 14 УДК 615.847.3
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 4.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սպեցիֆիկ կանխարգելիչ միջոցառումների իրականացման որակը և դրա ազդեցությունը տուբերկուլյոզի հիվանդացության վրա (1992-2004թթ.)

Որոշիչ բառեր. համաճարակաբանություն, տուբերկուլոզ, կանխարգելիչ պատվաստումներ, պատվաստումների ընդգրկվածություն, հիվանացություն

Ինչպես հայտնի է, տուբերկուլոզն (ՏԲ) համարվում է կառավարվող վարակ, և նրա, որպես վարակային հիվանդության դեմ պայքարի գործում իրենց ուրույն տեղն ունեն կանխարգելիչ պատվաստումները...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ