Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 4.2008

Սպեցիֆիկ կանխարգելիչ միջոցառումների իրականացման որակը և դրա ազդեցությունը տուբերկուլյոզի հիվանդացության վրա (1992-2004թթ.)

Որոշիչ բառեր. համաճարակաբանություն, տուբերկուլոզ, կանխարգելիչ պատվաստումներ, պատվաստումների ընդգրկվածություն, հիվանացություն

Ինչպես հայտնի է, տուբերկուլոզն (ՏԲ) համարվում է կառավարվող վարակ, և նրա, որպես վարակային հիվանդության դեմ պայքարի գործում իրենց ուրույն տեղն ունեն կանխարգելիչ պատվաստումները Տուբերկուլոզային պատվաստանյութի ստեղծումն իսկական հեղաշրջում էր այդ հիվանդության դեմ պայքարի և  կանխարգելման գործում: 1919թ. ֆրանսիացի գիտնականներ Կալմետն ու Գերենը ստեղծեցին ՏԲ-ի միկոբակտերիաների պատվաստային շտամը, որը նրանք ստացան ՏԲ-ի ցլային տիպի միկոբակտերիաների բազմաթիվ (230) հաջորդական պասաժների միջոցով: Այդ պատվաստանյութը նրանց անունով էլ կոչվեց BCG  (Bacllles Calmette, Guerin): ԲՑԺ պատվաստանյութն առաջին անգամ 1921թ.-ին ներարկվել է նորածին երեխայի: Առ այսօր տուբերկուլոզի կանխարգելման գործում այն մնում է անփոխարինելի միջոց [5, 6]:

 

Շնորհիվ ՏԲ-ի դեմ համալիր միջոցառումների անցկացման` մասնավորապես կանխարգելիչ պատվաստումների իրականացման, 80-ական թվականներին հանրապետությունում ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք բնութագրվում են այդ հիվանդացության ցածր ցուցանիշներով: Սակայն վերջին 1,5-2 տասնամյակների ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխություններն, ազգաբնակչության կենսամակարդակի վատթարացումը և առողջապահության համակարգում տեղի ունեցած բացասական զարգացումներն իրենց զգալի բացասական ազդեցությունն ունեցան ՏԲ-ի դեմ իրականացվող պայքարի ու կանխարգելման` մասնավորապես կանխարգելիչ պատվաստումների իրականացման որակի վրա [1, 2]: 

 

Այսպես, ՀՀ-ի տարբեր մարզերում և նրանց տարածաշրջաններում 1992-2004թթ. կատարված կանխարգելիչ պատվաստումների վերլուծությունը ցույց է տալիս, որ նորածիններին կատարվող պատվաստումների ընդգրկվածությունը 1994 -1999թթ.-ին գտնվել է ցածր թվերի վրա (առավելագույնը` 78%, նվազագույնը` 69,3%): Իսկ 2000 - 2004թթ. կանխարգելիչ պատվաստումների ընդգրկվածության տոկոսը նորից սկսում է աճել (նվազագույնը` 85,4%; առավելագույնը` 89,3%), որին համապատասխան այդ տարիներին նկատվում է ՏԲ-ի հիվանդացության բարձրացում (նկ. 1, 2): Սակայն այս օրինաչափությունը դիտվում է մեր հետազոտության սկզբնական տարիներին: 1999 - 2000թթ.-ից սկսած պատվաստումների ընդգրկվածության տոկոսը գնալով աճում է, իսկ հիվանդացությունը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակն` աճում է: Այս երևույթը բացատրվում է մի շարք պատճառներով: Նախ, նշված տարիներին մեծանում է հիվանդների հայտնաբերման տոկոսը: Այսպես, եթե 1999թ.-ին հիվանդների 29,3%-ը հայտնաբերվել է պոլիկլինիկաների կողմից, իսկ 19%-ը` ստացիոնարի, ապա արդեն 2004թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 32,5 և 28,2%: Բացի այդ, եթե բարելավվում է պատվաստումների վիճակը, ապա նույնը չի կարելի ասել կրկնապատվաստումների մասին: Այդ մասին են վկայում աղ. 1-ում բերված տվյալները [1, 4]:                                                                                                             

 

Աղյուսակ 1

1992-2004թթ. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի դեմ կատարված կանխարգելիչ պատվաստումները

 

Նկար 1. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի հիվանդացության գրաֆիկական պատկերը 1992-2004թթ.

 

 

Նկար 2. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի դեմ կատարված կանխարգելիչ պատվաստումների ընդգրկվածությունը 1992-2004թթ. 

 

Պատվաստումների ընդգրկվածության և հիվանդացության միջև եղած կապը դիտվում է նաև կրկնապատվաստումների տվյալների վերլուծության ժամանակ: Այստեղ նույնպես ընդգրկվածությունն ըստ տարիների գնալով նվազում է և սկսած 2001թ.-ից նորից սկսում է բարձրանալ: Ընդգրկվածության տոկոսի բարձրացման հետ աճում է նաև ընդհանուր հիվանդացությունը: Մեր կողմից կատարված վերլուծությունը հիմք է տալիս ասելու, որ կրկնապատվաստումների ընդգրկվածության տոկոսի բարձրացումն իր բարերար ազդեցությունն ունի կրկնապատվաստումային տարիքի անձանց հիվանդացության նվազեցման գործում: Կանխարգելիչ պատվաստումների ընդհանուր թվի ավելացման և, մասնավորապես, տարբեր հասակային խմբերում կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածության ավելացմանը զուգընթաց տեղի է ունենում հիվանդացության իջեցում: Դա լավ երևում է 5-9 տարեկանների կրկնապատվաստումների ֆոնի վրա (աղ. 2): 

 

Աղյուսակ 2

ՀՀ - ում ՏԲ-ով հիվանդների ընդհանուր թվում 5-9 տարեկանների տեսակարար կշիռը, հիվանդացությունը և կանխարգելիչ կրկնապատվաստումների ընդգրկվածությունը  (1992 – 2004թթ.)

     

Այսպես, 1994-2000թթ. 5-9 տարեկան երեխաների կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածությունը միջինացված ցուցանիշով կազմել է 54,4%: Այդ նույն տարիներին հիվանդացության միջինացված ցուցանիշը 1,3 է: Հետագա` 2001-2004թթ. 5-9 տարեկանների կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածության միջինացված ցուցանիշը 105,6% է: Այդ նույն տարիներին  հիվանդացության միջինացված ցուցանիշը 0,7 է: Այսպիսով, ստացվում է, որ կրկնապատվաստումների ընդգրկվածությունն աճել է մոտ երկու անգամ (54,4%  և 105,4%), և նույնքան անգամ էլ նվազել է հիվանդացությունը (1,3 և 0,7): Չնայած նրան, որ հայտնաբերված հիվանդների թիվն աճում է,  նրանց մեջ ՏԲ-ի ծանր և քրոնիկ ձևերի ցուցանիշը չի նվազում: Ստորև բերված աղյուսակում (աղ. 3) դա ավելի ցայտուն է երևում [3, 7, 8]:

 

Աղյուսակ 3

Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ով հիվանդների թվում շնչական օրգանների ՏԲ-ի մեջ թելքա-խոռոչային ՏԲ-ի տեսակարար կշիռը, արտաթոքային ՏԲ-ի մեջ տուբերկուլոզային մենինգիտի տեսակարար կշիռը (1992 – 2004թթ.)

 

Վերը նշված հանգամանքը, մեր կարծիքով, հետևանք է այն բանի, որ հիվանդների հիմնական մասը հայտնաբերվել են ոչ թե ակտիվ եղանակով (մասսայական հետազոտություններ և այլն), այլ հիմնականում միայն հիվանդների դիմելուց հետո, շատ դեպքերում քրոնիկ կամ բարձիթողի վիճակում: Այս հանգամանքը մեկ անգամ ևս ընդգծում է ՏԲ-ի ժամանակ ակտիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն  է տալիս հիվանդներին հայտնաբերել ավելի վաղ շրջաններում:

 

Մեր հետազոտության տվյալները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ տուբերկուլոզի նման ծանր հիվանդության հիվանդացության իջեցման ուղղությամբ կայուն ցուցանիշների կարելի է հասնել միմիայն պայքարի ու կանխարգելիչ բոլոր համալիր միջոցառումների միաժամանակյա, նպատակասլաց, հետևողական և երկարատև իրականացման դեպքում: 

 

Գրականություն 

 

  1. Սաֆարյան Մ.Դ., Նիկոլայան Լ.Թ. Ֆթիզիատրիա, Երևան, 2002թ.:
  2. Василева Н.А., Матвеенко Б.Д.,Бублик П.И. и др. Туберкулез, учеб. пособие, М., 1990, 208.
  3. Гусейнов Г.К. Проблемы туберкулеза, 2000, 1, с. 45-47.
  4. Корецкая Н.М. Факторы риска развития туберкулеза, особенности его выявления и течения. Проблемы туберкулеза. 2002, 8, с. 7-9.
  5. Крофтон Дж., Хорн Н., Миллер Ф. Клиника туберкулеза. 1996, с. 1-17, 29-39.
  6. Лебедева З.А. Вопросы профилактики туберкулеза, М., 1968, с. 25-37.
  7. Перельман М.И. Проблемы туберкулеза. 2001, 4, с. 3-4.
  8. Перельман М.И., Корякин В.А. Фтизиатрия. 1996, с. 5-18, 59-73.

Հեղինակ. Ա. Խ. Մայրապետյան, Գ.Վ. Կիրակոսյան ԵՊԲՀ ԳՀԿ-ի Համաճարակաբանական հետազոտությունների, շրջակա միջավայրի որակի և հեռավոր ազդեցության լաբորատորիա 0054, Երևան, Հալաբյան 46 УДК 616.9
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 4.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը և նրա գիտաբժշկական հիմնահարցերը

Բանալի բառեր. երկրաշարժ, աղետի գոտի, առողջապահական համակարգի վերակառուցում

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը: Պատմության մեջ այն մտավ որպես «Սպիտակի երկրաշարժ»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ