Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 3.2009

Թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագիրը

անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը: Թոքային հյուսվածքի ծանր ախտահարումը կոպիտ ֆիբրոզի ձևավորմամբ սահմանափակում է հիվանդների արդյունավետ բուժման հնարավորությունը [2]: Ավելին, որոշ հեղինակների տվյալներով տուբերկուլյոզի այս ձևը հանդիսանում է տուբերկուլյոզից մահացության հիմնական պատճառը [1]:

 

Նյութը և մեթոդները

 

Իրականացվել է Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերի տարեկան հաշվետվությունների և 2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված 119 հիվանդի ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտություն, որի արդյունքում ստացված տվյալները մշակվել են Ստյուդենտի t-ցուցանիշի և հավաստիության ինտերվալի հաշվարկումով: 

 

Արդյունքները և քննարկումը

 

Նախքան ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագրի մասին խոսելը, հարկ ենք համարում ներկայացնել ք.Երևանում տուբերկուլյոզի այս ձևի տեսակարար կշռի տարեկան տատանումները 1998թ.-ից մինչև 2007թ.-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես տարվա ընթացքում նոր հայտնաբերված հիվանդների շրջանում, այնպես էլ տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում (Աղյուսակ):

 

Աղյուսակում ներկայացված տվյալները խոսում են այն մասին, որ սկսած 1999թ.-ից նոր հայտնաբերված հիվանդների շրջանում նկատվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի օրինաչափ նվազում` 2,8 անգամ (8,4%-ից (1999թ.) մինչև 3% (2007թ.) (t = 3,44; p ‹ 0,01)): Վերը նշվածը վկայում է հիվանդների հայտնաբերման արդյունավետության բարձրացման մասին տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ընդունումից հետո:

 

Աղյուսակ 

Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի տարեկան տատանումները (1998-2007թթ.)

Ինչ վերաբերվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռին տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում, այստեղ նույնպես նկատվում է նվազման միտում (12,2%-ից (1998թ.) մինչև 8,8% (2007թ.) (t = 2,79; p ‹ 0,01)), բայց այս ցուցանիշի նվազումը զգալիորեն զիջում է առաջինին: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ այդ նվազումը երբեմն պայմանավորված է խրոնիկական ընթացք ունեցող թոքային տուբերկուլյոզի մահացու ելքերով:

 

2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված հիվանդների ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց տարիքային կազմում ճնշող մեծամասնություն են կազմել 45 տարեկանից բարձր հիվանդները (71,4± 4,14%): Սեռային կազմում գերակշռել են տղամարդիկ (108 հիվանդ` 90,8 ± 2,65%):

Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի զարգացման պատճառը 45,3 ± 4,56% դեպքերում հանդիսացել է հիվանդության ուշացած հայտնաբերումը: Հատկանշական է այն փաստը, որ հիվանդների 16,8 ± 3,43%-ի մոտ այս ախտորոշումը հաստատվել է արդեն իսկ հիվանդության հայտնաբերման պահին, ինչը ընդգծում է տուբերկուլյոզով հիվանդների ակտիվ հայտնաբերման նշանակությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի գործընթացում: Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացքին նպաստել են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են` հիվանդների անհետևողականությունը բուժման նկատմամբ, դեղորայքակայունության առկայությունը և անբարենպաստ սոցիալ-կենցաղային պայմանները:   

 

Հետազոտված խմբի 65,5 ± 4,36%-ը կազմել են տարածուն ռենտգենաբանական փոփոխություններով հիվանդները: 

 

Արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում հայտնաբերվել է հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ: Այն հիմնականում կրել է ռեստրիկտիվ բնույթ, բացառությամբ երկու հիվանդի, որոնց մոտ ախտորոշվել է օբստրուկտիվ և խառը բնույթի արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում: Այսպիսով սպեցիֆիկ պրոցեսի առաջխաղացումը, թոքային հյուսվածքի ֆիբրոզ փոփոխությունները և որպես հետևանք առաջացած թոքերի շնչառական ծավալի կրճատումը առանցքային դեր են խաղացել շնչառական և թոք-սրտային անբավարարության զարգազման գործընթացում: Թոք-սրտային անբավարարությամբ հիվանդները կազմել են հետազոտված խմբի 41,2 ± 4,51%-ը:

 

Այսպիսով` ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնի դերը ստանձնել է շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:   

 

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդների նկատմամբ մեր ուշադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը և հաճախ համալրում են կրկնաբուժվողների շարքերը: Հետազոտված խմբի 49,5 ± 4,58%-ի մոտ, հիվանդության հայտնաբերման պահից մինչև 2007թ.-ի վերջը ընկած ժամանակահատվածում, 2 և ավելի անգամ դիտվել է տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում վարակազատությամբ, ինչի կապակցությամբ հիվանդներին նշանակվել է հակատուբերկուլյոզային բուժում: Այս հիվանդների  կրկնակի բուժման ցածր արդյունավետությունը հաճախ պայմանավորված է հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ կայունության առկայությամբ [3]: Այսպես, հետազոտության մեջ ներառված հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ հայտնաբերվել է կայունություն առաջին շարքի  որոշ հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ, իսկ տուբերկուլյոզի բազմադեղորայքակայուն ձևը (զուգակցված կայունություն իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ) ախտորոշվել է 32,8± 4,3% հիվանդների մոտ: 

 

Հետևաբար տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերին բնորոշ է բազմադեղորայքակայունության զարգացման բարձր վտանգը, ինչը հաճախ պայմանավորված է բուժման ստանդարտ սխեմաների կիրառումով, առանց դեղորայքային զգայունության տվյալները հաշվի առնելու:

 

Եզրահանգումներ

 

  1. Թոքային տուբերկուլյոզով հիվանդների ուշացած հայտնաբերումը նպաստում է հիվանդության խրոնիկական ընթացք ունեցող ձևերի զարգացմանը: 
  2. Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնների դերը ստանձնել են շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:
  3. Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը:
  4. Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերը աչքի են ընկնում դեղորայքակայունության բարձր տեսակարար կշռով: 

 

Գրականություն

  

  1. Нечаева О.Б., Скачкова Е.И. Причины смерти от фиброзно-кавернозного туберкулеза легких в Свердловской области. Проблемы туберкулеза, 2006, 7, с. 27-29.
  2. Перельман М.И., Корякин В.А., Богадельникова И.В. Фтизиатрия. М., 2004.
  3. Treatment of tuberculosis: guidelines for national programs, 3rd ed. Geneva, World Health Organization, 2003 (WHO/CDS/TB/2003.313).  

Հեղինակ. Հ. Հ. Աճեմյան, Ն. Ռ. Մարգարյան, Մ. Ա. Մկրտչյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թոքախտաբանության ամբիոն 0051, Երևան, Կոմիտասի պող., 49/4 УДК 616.24-002.5
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Վիրաբուժություն Ընդհանրացնող հոդվածներ
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը և նրա ախտորոշման մարկերները

Բանալի բառեր. բորբոքում, սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, պրոկալցիտոնին

Բորբոքումը, որի դասական արտաքին նշանները հայտնի են հնագույն ժամանակներից ի վեր, ըստ В.А Руднов–ի [5]` իրենից ներկայացնում է կաթնասուններին բնորոշ տիպիկ պաշտպանական ռեակցիա...

Ինտենսիվ թերապիա
Օնկոլոգիական հիվանդների B և C հեպատիտների վիրուսներով վարակվածության բնութագիրը

Բանալի բառեր.  սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ

Պարէնտերալ վիրուսային հեպատիտները,  մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...

Վարակաբանություն Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ