Ավանդական բժշկություն Ծիծեռնախոտ մեծ - Чистотел большой - Chelidonium majus L.
Ծիծեռնախոտ մեծ - Чистотел большой- Chelidonium majus L.
Հայկական տարանունները - դեղին կոճ, ծիծեռնադեղ, ծիծղան ծաղիկ, ծիծռան խոտ, ծիծռան ծաղիկ, կանթեղախոտ, հողմափայտ, մամերան, մամիրան
Դեղաբույսի նկարագրությունը; Կակաչազգիների ընտանիքին պատկանող, 30-70 սմ, մազիկներով ծածկված, ճյուղավոր ցողունով, բազմամյա խոտաբույս է: Արմատը կարճ է ու բարակ: Տերևները փետրաձև են ու կտրտված, 7-20 սմ երկարության: Ծաղկաբույլը հովանոցաձև է, գագաթնային, պսակաթերթերը` ոսկեդեղին: Պտուղը պատիճանման տուփիկ է, սերմերը` սև կամ սև-ձիթապտղագույն: Բույսի բոլոր մասերը փափուկ են ու նուրբ և վնասվելուց արտադրում են հիմնային ռեակցիայի նարնջագույն կաթնահյութ: Հանդիպում է մեր հանրապետության ոչ բարձր լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրության վրա, հիմնականում բանջարանոցներում, աղբուտներում, ստվերոտ տեղերում, այգիներում, անտառի հատված տեղերում և այլուր, գերադասելով խոնավ ու պարարտ հողերը: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին: Բազմանում է սերմերով: Ունի սուր, անդուր հոտ, դառը համ: Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր: Անձրևից առաջ բույսի ծաղիկները փակվում են, որն ունի ծաղկափոշին անձրևից պաշտպանելու նշանակություն:
Ցեղի ''խելիդոնին'' անունը հունարեն է, որը նշանակում է ծիծեռնակ, կապված այն բանի հետ, որ իբր ծիծեռնակները բույսի կաթնահյութը քսում են իրենց ձագերի աչքերին` աչքերը բացելու բնազդով: Սակայն այս մեկնաբանությունը այնքան հավանական չէ, որքան այն, որ այս անունը ծիծեռնակի հետ կապվում է նրանով, որ բույսի ծաղկումը և թառամումը համընկնում է ծիծեռնակների գալու և չվելու հետ:
Քիմիական բաղադրությունը: Բույսի բոլոր մասերը պարունակում են խոլիդոին, հոմոխելիդոնին, խելերիտրին, մեթօքսիխելիդոնին, օքսիխելիդոնին, սանգվինարին, պրոտոպին, L և B ալլոկրիպտոպին, սպարտեին, բերբերին, խելիդամին, ստիլոպին և ալկալոիդներ, որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1,87%-ի, այնուհետև 0,01% եթերայուղ, մինչև 1000 մգ% C վիտամին, կարոտին, խելիդոնաթթու, խնձորաթթու, լիմոնաթթու և սաթաթթու, ֆլավոնոիդներ, սապոնիններ, ֆիտոնցիդներ: Կաթնահյութի 40%-ը, իսկ սերմերի 40-68%-ը ճարպայուղ է: Սերմերում պարունակվում է նաև լիպազա ֆերմենտ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում գտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը: Բույսը հավաքում են ամբողջ ծաղկման սեզոնում, դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը` գետնից 5-10 սմ բարձրության վրա: Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում: Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23-25%-ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ` 3 տարի ժամկետով: Հավաքելիս պետք է զգույշ լինել` կաթնահյութի հետ շփվելիս, քանի որ ծիծեռնախոտը պատկանում է թունավոր բույսերի շարքին: Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, քաղցկեղ, պիգմենտային բծեր և այլն), գայլախոտի, վեներական վերքերի, պոդագրայի, հավկուրության ժամանակ և այլն: Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանել են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը: Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ:
Ավիցեննան դեղաբույսը խառնել է դառը նշի յուղի հետ և քսելու ձևով օգտագործել գլխացավի ժամանակ: Խառնելով խնկեղեգի հետ, ծիծեռնախոտը օգտագործել է նաև աչքի հատի և վատ տեսողության դեպքերում:
Ամիրդովլաթը, ''ծիծեռնակին խոտը'' անվան տակ, նշում է. ''եթե աչքին դնեն` աչքը սրացնե և սպիտակն տանի'', այն օգտակար է ատամնացավին, ականջացավին, դեղնուկին, ոսկրացավին, բացում է լեղուղիների խցանումը, կանոնավորում միզարձակումը, իսկ արտաքին կիրառմամբ օգնում է քորին, քոսին, ճեղքված եղունգին, պեպեններին:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է միզամուղ, լեղամուղ, լուծողական, հակագորտնուկային և հակագայլախտային: Օգտագործվում է նաև պոդագրայի, ռևմատիզմի, որքինի, էկզեմայի, գեղձախտի և մաշկի քաղծկեղի ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ջրգողության ժամանակ` որպես միզամուղ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարման, գեղձախտի, սիֆիլիսի, մալարիայի, լեղուղիների հիվանդությունների ժամանակ: Բուլղարական գիտական բժշկության մեջ բույսի կաթնահյութը համարվում է որպես ցավազրկող ու սպազմալիտիկ և օգտագործվում է խոլանգիտների, գաստրիտների և կոլիտների ժամանակ:
Գերմանիայում օգտագործվում է ամբողջ բույսը թեյի, ոգեթուրմի և մզվածքի ձևով, որպես ցավ հանգստացնող և սպազմալիտիկ` լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ և աղիների գալարակծկումը բարձրացնելու նպատակով: Լեհաստանում բույսը օգտագործվում է որպես հակաբորբոքիչ, ցավ հանգստացնող, ճիճվամուղ, ինչպես նաև ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, լեղուղիների խիթերի, թութքի և ցավոտ դաշտանի ժամանակ: Ավստրիայում` որպես հանգստացնող և հակացնցումային միջոց: Այնտեղ գտնում են, որ բույսի ալկալոիդներից մեկը ակտիվացնում է լեղապարկի և լեղածորանների ֆունկցիոնալ գործունեությունը և օգտագործում են հատուկ պատրաստուկներ` բույսի առանձին ալկալոիդներից: Ֆրանսիայում դեղաբույսը օգտագործվում է որպես դրդող, միզամուղ և թեթև լուծողական միջոց: Նշվում է, որ դրդող ներգործությամբ բույսը օժտված է միայն թարմ վիճակում: Հոմեոպաթիայում թարմ արմատների էսենցիան օգտագործվում է լյարդի, երիկամների, ստամոքսի հիվանդությունների, ինչպես և թոքաբորբերի և ռևմատիզմի ժամանակ: Որոշ տեղերում օղիով պատրաստված բույսի ոգեթուրմն օգտագործվում է յոդի փոխարեն` վերքերը մշակելու նպատակով: Հայկական ժողովրդական բժշկության մեջ կան տվյալներ, որ դեղաբույսն օգտակար է ջլաբորբի, գլխացավերի` հատկապես միգրենի ժամանակ, իսկ կաթնահյութը` ըստ Հ. Հ. Սեպետճյանի, օգտագործվել է տրախոմայի, կոնդիլոմաների և գորտնուկների դեպքերում: Գ. Մենևիշյանը նշում է կաթնահյութի օգտակարության մասին` մաշկային կոծիծների բուժման դեպքում: Գորտնուկը բուժելու համար ամեն օր ախտահարված տեղամասին կաթեցնում են կաթնահյութը և կապում, այնքան ժամանակ, մինչև գորտնուկի արմատի դուրս գալը: Մինչև այժմ էլ մեր հանրապետության որոշ շրջաններում լավ տրորված դեղաբույսը հավասար չափով խառնում են կարագի հետ և քսում սնկային հիվանդություններով ախտահարված մաշկին: Որոշ տեղերում դեղաբույսի եփուկի մեջ լողացնում են մաշկային հիվանդություններով կամ գեղձախտով տառապող երեխաներին:
Դեղաբույսի ֆարմակոլոգիական հատկանիշների մասին ուշագրավ տվյալներ է նշում Ս. Օ. Չիրվինսկին: Նա պարզել է, որ բույսի ջրիկ մզվածքը մաշկի վրա ցուցաբերում է գրգռիչ ներգործություն, նրա ենթամաշկային ներարկումը ցավոտ է, իսկ ներերարկային կիրառումից դանդաղում է փորձնական կենդանու պուլսը, իջնում արյան ճնշումը, հաճախանում և խորանում շնչառությունը: Հեղինակը նկատել է, որ դեղաբույսի 5%-անոց ջրիկ մզվածքից քաղցկեղային բջիջները ենթարկվում են կազմալուծման (բջիջների եզրագծերի սրացում, չափերի փոքրացում, ցիտոպլազմայի հատիկավորում և պղտորում): Փորձնական կենդանիների մոտ ծիծեռնախոտի պատրաստուկները կասեցնում են ուռուցքային բջիջների աճը, կործանարար ներգործում պալարախտի հարուցիչի, ինչպես նաև ստրեպտո- ստաֆիլոկոկերի և սնկերի վրա: Փորձնականորեն հիմնավորված դեղաբույսի հակաուռուցքային ներգործությունը որոշ դեպքերում օգտագործում են կլինիկական պայմաններում` ուռուցքների ետվիրահատական կանխարգելումն ապահովելու համար: Լաբորատոր պայմաններում բացահայտվել են նաև դեղաբույսի մեջ պարունակվող առանձին ալկալոիդների որոշակի առանձնահատկությունները: Այսպես, պարզվել է, որ խելիդոնինը ունի մորֆինատիպ ազդեցություն, այն սկզբում առաջ է բերում կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, արյան ճնշման իջեցում, պուլսի դանդաղում, ի վերջո` կաթվածային վիճակ: Հոմոխելիդոնինը ցնցումնային թույն է, տեղային ուժեղ անզգայացնող, սանգվինարիանը` նարկոտիկ, դրդում է աղիների շարժունակությունը և թքագեղձերի սեկրեցիան, պրոտոպինը թուլացնում է վեգետատիվ նյարդային համակարգի ռեակտիվությունը, բարձրացնում արգանդի հարթ մկանների տոնուսը, իսկ խելերիտրինը տեղային գրգռիչ է և սրտային թույն:
Կլինիկական պայմաններում Ա. Յա. Գուբերգրիցի և Ն. Ի. Սոլոմչենկոյի տվյալներով պարզվել է, որ ծիծեռնախոտի պատրաստուկներն ուժեղացնում են թքի և լեղու սեկրեցիան, ցուցաբերում լուծողական, միզամուղ և վերքամոքիչ հատկություն: Մաշկային հակապալարախտային ինստիտուտի տվյալներով մաշկի պալարախտի դեպքում հյութի կիրառումը տալիս է դրական արդյունք, որը պայմանավորված է հյութի մեջ պարունակվող վիտամիններով (Վորոշիլով Վ. Ն.): Դեղաբույսը նշանակվում է գայլախտի սկզբնական ստադիաներում, կոկորդի պապիլոմատոզի և գորտնուկների ժամանակ: Տերևները մտնում են մաշկային պալարախտի ժամանակ կիրառվող պլանտազան Բ-ի, ինչպես նաև լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտների և դեղնուկի բուժման գործում լայն ճանաչում գտած խոլելիթին պատրաստուկի կազմի մեջ: Ս. Ա. Տոմիլինը, ծիծեռնախոտը զուգորդելով այլ դեղաբույսերի հետ, այն հաջողությամբ կիրառել է լեղուղիների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև բրոնխիալ ասթմայի, քրոնիկական պոլիարթրիտների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, էկզեմայի և մաշկային այլ հիվանդությունների ժամանակ: Ստամոքսի քաղցկեղի դեպքում դեղաբույսը ի հայտ է բերում ընդհանուր հանգստացնող ներգործություն:
Կույբիշևի հոսպիտալ վիրաբուժության կլինիկայում ծիծեռնախոտի կիրառումից հետաքրքիր տվյալներ է ստացել Ա. Ամինևը: Հեղինակը հաստ աղիքի պոլիպոզով տառապող հիվանդներին` կոնսերվատիվ եղանակով բուժելու նպատակով, 15-60 գ բույսի թարմ զանգվածը, մսաղացով աղալուց հետո ստացված հյութը նոսրացրել է 10 անգամ և օրը մեկ անգամ կամ օրընդմեջ ներմտցրել հաստ աղիք, իսկ միզապարկի պապիլամատոզի դեպքում կաթետերով միզապարկ է ներմտցրել դեղաբույսի կոնսերվացրած, նոսրացրած հյութը: Այս պրոցեսը կրկնելով մի քանի անգամ, նրան հաջողվել է ստանալ գոհացուցիչ տվյալներ: Նա գտնում է, որ ստացված արդյունքը պայմանավորված է պոլիպը սնող անոթների թրոմբոզով և պոլիպային հյուսվածքի կերատոլիտիկ քայքայումով: Նման տվյալներ ստացել են նաև կոկորդի պապիլամատոզի բուժման ընթացքում:
Արևմտաեվրոպական բժշկության մեջ ծիծեռնախոտի պատրաստուկները լայն կիրառում ունեն ջրգողության, ջերմային վիճակի, միզուղիների հիվանդությունների, մալարիայի, ռևմատիզմի, պոդագրայի, հեպատոխոլեցիստիտների ժամանակ: Արմատի փոշին օգտագործվում է որպես հակախոցային, միզամուղ, լուծողական, քրտնամուղ, լեղամուղ, ցավ հանգստացնող, հատկապես ատամնացավի դեպքում: Բույսի ալկալոիդներից խելիդոնինը կիրառվում է մանկական պրակտիկայում որպես ցավ հանգստացնող և ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը օֆիցինալ է մեզ մոտ, ԱՄՆ-ում, Վենեսուելայում և Գերմանիայում: Ծիծիեռնախոտը օգտագործվում է նաև անասնաբուժության մեջ` ոչխարների տիմպանիտը բուժելու համար: Չորացրած վիճակում այն օգտագործում են տնային կենդանիների վերքերը, մաշկային վարակիչ հիվանդությունները և ճիճվակրությունը բուժելու համար: Սակայն դեղաբույսի մեծ դոզաներից առաջ է գալիս թունավորում, որի հիմնական նշաններն են ծարավությունը, գլխում և ստամոքսում ծանրության զգացումը, գլխապտույտը, զգայախաբությունը, իսկ ավելի ծանր դեպքերում առաջ է գալիս ուշաթափություն, սրտանոթային անբավարարություն: Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես արմատը, ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների և միջատների համար:
Կիրառման եղանակները: Ծիծեռնախոտի բոլոր պատրաստուկները պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով և նրա անմիջական հսկողության տակ: Բույսից ջրաթուրմ պատրաստելու համար հաճախ օգտվում են խառնուրդներից: Այսպես բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի և բրոնխիտների ժամանակ հավասար չափերով վերցնում են սագաթաթ, մեղրածուծ, սև թանթրվենու ծաղիկներ, սոճու կոն և ծիծեռնախոտ, որից 4 թեյի գդալ լցնում են 1 բաժակ եռման ջիր մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում օրվա ընթացքում 3 անգամ, կամ հավասարաչափ իրար են խառնում սրոհունդը, ուրցը և ծիծեռնախոտը: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնում են 1 լ եռման ջրի մեջ և հովանալուց հետո աստիճանաբար ըմպում որպես միզամուղ, կամ վերցնում են 1 մաս ծիծեռնախոտ և 2-ական մաս հազարտերևուկ, երիցուկ և սրոհունդ, որոնցից 1 ճաշի գդալ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում միանվագ, օրական 3 անգամ` խոցային հիվանդությունների դեպքում: Լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ հավասար չափով վերցված ծիծեռնախոտի և անանուխի խառնուրդներից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմում են 1 ժամ և ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին: Նույն նպատակով և նույն ձևով օգտագործվում է նաև հավասար չափերով վերցված ծիծեռնախոտի, ընկույզի տերևի և եղերդակի արմատի խառնուրդը: Թարմ հյութից քսուք պատրաստելու համար հումքը խառնում են վազելինի հետ 1:4, իսկ փոշուց քսուք պատրաստելիս` 1:1 հարաբերությամբ և զանգվածի կայունացման համար ավելացնում են 0,25% կարբոլաթթու: Խոլելիթինը, որ բաց է թողնվում դեղատներում, ընդունում են 10-ական կաթիլ, օրական 3 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ: Թարմ կաթնահյութը կամ ջրիկ մզվածքը կոկորդի պապիլոմայի, մաշկի քաղցկեղի, գորտնուկների և ոտքերի կոշտուկների ժամանակ. օգտագործելիս տարբեր չափերով նոսրացվում է գլիցիրինով:
Այլ օգտակար հատկանիշները: Դեղաբույսը հարուստ է ծաղկափոշով, որով էլ հրապուրում է մեղուներին և այլ միջատների: Պտուղներից ստացվող ճարպայուղը կիրառվում է մետաղները կորոզիայից պաշտպանելու համար: Բույսը` շիբի հետ խառնված, բուրդը ներկում է կարմրադեղին, իսկ արմատը` դեղին: Թարմ բույսից պատրաստված թուրմով սրսկում են սենյակային բուսերը` լվիճներին ոչնչոցնելու համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն