ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հոգեբուժարաններում բուժվողները սովորական մարդիկ են և հասարակության լիիրավ անդամ
Նախավերջին համարում անդրադարձել էինք հոգեբան-հոգեբույժ հասկացություններին և մեր երկրում այդ ինստիտուտի ձևավորմանը խանգարող խնդիրներին: Խոստացել էինք ներկայացնել մանրամասներ հոգեբուժական կլինիկաներում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ զրույցում տեղեկացանք, թե որքանով է այս ոլորտը պետության ուշադրության կենտրոնում, և առհասարակ ինչ վիճակում են գտնվում այսօրվա հոգեբուժարանները: Սա թերևս այն ոլորտն է, որի մասին ամենաքիչն է խոսվում: Գուցե այն պատճառով, որ այս ծառայությունից օգտվող մարդիկ բարդութավորվում և նախընտրում են ստվերում մնալ: Այս պարագայում դժվար է դառնում հստակ վիճակագրություն կազմելը, քանի որ հոգեկան խնդիրներ և լուրջ խեղումներ ունեցող պոտենցիալ հիվանդներից ոչ բոլորն են հոգեբուժարաններում հաշվառվում և ստացիոնար բուժում ստանում: Շատ հաճախ հիվանդի մերձավորները գերադասում են կրել հարազատից սպառնացող վտանգը և հանձն առնել նրա խնամքը տան պայմաններում: Պատճառները թերևս խոր արմատներ ունեն:
Այսօր մեզանում չկա հստակ պատկերացում, թե առհասարակ ինչ են իրենցից ներկայացնում հոգեբուժարանները, երբեմն այդ բառն անգամ լսելիս մարդուն սարսուռ է պատում անիրազեկության և թյուրըմբռնման հետևանքով: Հասարակության մեջ ձևավորված կարծիք կա, թե նման վայրերում միայն վտանգավոր, ծայրահեղ հոգեկան հիվանդներ են բուժվում, որոնք, ընդ որում, միշտ մեկուսացվում են: Այս կարծիքը, մասնագետների գնահատմամբ, ապատեղեկատվության հետևանք է: Այն կառույցները, որտեղ այցելում, կամ ստացիոնար բուժում են ստանում քաղաքացիներից շատերը, սովորական բժշկական կլինիկաներ են, որոնց սովորաբար անվանում են հոգեբուժարան:
Հոգեբուժական բժշկական կենտրոնը, որը գործում է որպես մեկ միավոր և ունի հինգ բաժանմունք, ղեկավարում է երկրի գլխավոր հոգեբույժը` Սամվել Թորոսյանը: Այդ բաժանմունքներն առանձին հիվանդանոցներ են, որոնք գտնվում են տարբեր համայնքներում` Նուբարաշենում, Նորքում և Ավանում: Իսկ երկուսը գործում են որպես նարկոլոգիական դիսպանսեր և նևրոզների կլինիկա: Բացի այդ, հոգեբուժական կլինիկաներ կան նաև Սևան և Արմաշ քաղաքներում, իսկ Գյումրու, Կապանի և Վանաձորի հիվանդանոցները իրականացնում են ստացիոնար բուժում: Եվս երկուսն էլ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում. մեկը` Վարդենիս քաղաքում, որտեղ բուժվում են արդեն քրոնիկ հիվանդները, մյուսը` Քասախում:
Մեր երկրի առողջապահության նախարարության կողմից ամեն տարի այս ոլորտին որոշակի գումար է հատկացվում, որով, սակայն, հնարավոր չէ լիովին լուծել ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես, արդիականացնել, վերանորոգել կլինիկաների մասնաշենքերը, թեև տարեցտարի դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ որոշ գործընթացներ լինում են: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում գլխավոր հոգեբույժն ակնկալում է ավարտին հասցնել հոգեբուժարանի անհրաժեշտ գույքի և բուժգործիքների ձեռքբերման գործընթացը: Մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ որոշ չափով ներդրումներ են կատարվել: Օրինակ` Հունաստանի կառավարության ծրագրով նարկոլոգիական բաժանմունքում հնարավոր եղավ լուծել արևային էներգիայով տաք ջրի օգտագործման խնդիրը: Այժմ արևային մարտկոցների միջոցով շուրջտարին կլինիկան ապահովված է տաք ջրի համակարգով: Իսկ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվեցին երկու բաժանմունքները, և կառուցվեց նոր կաթսայատուն: «2004 թ. Ավանի հոգեբուժական կլինիկայում մեր ուժերով կաթսայատուն կառուցեցինք և լուծեցինք նաև ջեռուցման հարցը: Մայրաքաղաքի 4 հիվանդանոցներն էլ այսօր ջեռուցված են և շուրջօրյա տաք ջրամատակարարում ունեն: Սևանի հոգեբուժարանին կից «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծվել է հոգեբուժական բժշկական կենտրոն, և Գեղարքունիքի մարզի բոլոր շրջաններում կան գործող հոգեբուժական սենյակներ, որտեղ թիմային աշխատանք է տարվում: Ֆինանսական աջակցության դեպքում գործընթացը կտարածենք նաև մյուս մարզերում»,- ասաց Սամվել Թորոսյանը:
Նշենք, որ հոգեբուժական ցանկացած ծառայություն անվճար է, և պետպատվերի շրջանակներում հիվանդները կարող են ստանալ անվճար դեղորայք և ստացիոնար բուժում:
Տվյալ բաժանմունքներում այժմ ստացիոնար բուժում է ստանում 650 հիվանդ: Իսկ առհասարակ հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվառված է մոտ 45 հազար մարդ: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ինքնակամ դիմել են կենտրոնին և ստանում են համապատասխան բուժօգնություն, որի մեջ մտնում է ոչ միայն խորհրդատվությունը, այլև ժամանակակից անվճար դեղորայքային պարագաները: Հիվանդանոցներում այսօր բուժվում է մոտ 1100 հիվանդ, իսկ մնացածները հասարակության լիիրավ անդամներ են և ապրում են սովորական կենցաղով: «Պետք է առհասարակ վերանա խտրականությունը հիվանդների և առողջների միջև թե՛ հասարակության մեջ, թե՛ աշխատանքի ընդունվելիս: Նրանցից մի քանիսին նույնիսկ աջակցել ենք աշխատանքի ընդունվելու հարցում»:
Հիվանդների մեջ կանանց թիվն ավելի քիչ է, որի պատճառը, ըստ գլխավոր հոգեբույժի, այն է, որ նրանք ավելի հեշտ են դուրս գալիս պաթոլոգիկ իրավիճակներից: Սովորաբար ծայրահեղ սուր դեպքերի բուժման համար մասնագետներից պահանջվում է 24 ժամ: Ինչ վերաբերում է մասնագետների առկայությանը, ապա Սամվել Թորոսյանը վստահեցնում է, որ այսօր բավական լավ երիտասարդ կլինիկական հոգեբաններ ու հոգեբույժներ կան, որոնք ցանկացած հիվանդի օգնություն ցույց տալու հմտություն ունեն:
Հոգեբանների ծառայություններից օգտվողներն այսօր շատ են, սակայն ստվերում են մնում` այդ մասին լուրեր տարածվելու վախից ելնելով: Եթե շատ երկրներում, մասնավորապես` Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում հոգեբանի ինստիտուտը բավական զարգացած է, և նույնիսկ ընտանեկան հոգեբաններ կան առօրյա սեանսների անցկացման համար, ապա մեր երկրում դանդաղ է ձևավորվում հոգեբանի ծառայությունը: Շատ մասնագետների հավաստմամբ` հարցն այն է, որ մարդիկ սովորաբար չեն կարողանում իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն Սամվել Թորոսյանի դիտարկմամբ` Հայաստանում արդեն աստիճանաբար նկատվում է հակառակ միտումը:
Իսկ ե՞րբ է առհասարակ առաջանում հոգեբանին կամ հոգեբույժին դիմելու խիստ անհրաժեշտություն: Զրուցակիցս մանրամասնեց. «Եթե որևէ մարդու մեջ դրսևորվում են այս կամ այն վարքային կամ կամային հոգեկան խանգարումներ, ապա նա պետք է դիմի հոգեբույժի: Նյարդայնանալ կարող են բոլորը: Շատ երկրներում մարդիկ պարբերաբար օգտվում են հոգեբանական ծառայություններից և նույնիսկ իրենց անհատական հոգեբանն ունեն: Այժմ Հայաստանում էլ այդ երևույթի միտում է նկատվում: Հոգեբանի և հոգեբույժի ծառայությունները միմյանցից տարանջատվում են իրենց արտոնություններով: Հոգեբույժը, ի տարբերություն հոգեբանի, անցկացնում է բուժական աշխատանքներ և առնչություն ունի դեղորայքային բուժման հետ: Իսկ հոգեբանները բժշկական կրթութուն չունեն և անցկացնում են միայն անհատական և խմբակային թերապիա: Մենք այսօր շատ լավ հոգեթերապևտներ ունենք, որոնց աշխատանքը շատ արդյունավետ է և գոհացնող: Իսկ ընդհանուր առմամբ ունենք 180 հոգեբույժ»:
Այսօր հասարակության մեջ առավել տարածված հոգեկան հիվանդություններից են շիզոֆրենիան և սրացած նևրոզը: Բնակչության շրջանում կարծիք կա, թե իրենցից յուրաքանչյուրը տառապում է քրոնիկ նևրոզով: Գլխավոր հուգեբույժ Ս. Թորոսյանի պարզաբանմամբ` նևվրոզի մասին հասարակությունը ոչ ճիշտ պատկերացում ունի: Նյարդային խնդիրներ ունենալը դեռ նևվրոզ չէ: Նևրոզներով հիվանդների համար գործում է համապատասխան կլինիկա, որտեղ դիմողներն այնքան էլ շատ չեն, թեպետ նրանց թիվը հանրապետությունում բավական մեծ է: Նևրոզի ազդանշանները կպչուն շարժումներն են, կպչուն մտքերը և մարդուն համակող վախերը: Իսկ ծանր հիվանդություններից շիզոֆրենիայի ազդանշաններն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ մարդը կորցնում է կամային ունակությունները, դառնում է բոլորովին անտարբեր երևույթների նկատմամբ: Այժմ կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք նպաստում են հիվանդի ապաքինմանը: Սամվել Թորոսյանի տեղեկացմամբ` նույնիսկ այս հիվանդության ծայրահեղ աստիճանի դեպքում ներկայիս բժշկությունն ու դեղորայքային պայմանները հիվանդին առողջանալու հնարավորություն են տալիս: Թեպետ մարդու նյարդային բջիջները յուրաքանչյուր նյարդային անկման ժամանակ չեն վերականգնվում, հիվանդները կարողանում են գոնե պահպանել եղածը:
Հասարակության համար այսօր հոգեկան խնդիրներով տառապող և պոտենցիալ վտանգ ներկայացնող շատ մարդիկ կան, որոնք ապրում են մեկուսացված, մերձավորների կողմից որոշակի արգելքների պայմաններում: Սամվել Թորոսյանը մատնանշում է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներից նման մարդիկ պարտադիր կարգով հաշվառվում և հոսպիտալացվում էին: Սակայն այժմ օրենքը նախատեսում է հոգեբուժարանում պառկեցնել հիվանդին միմիայն իր կամքի համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին խախտում է հարևանների և բնակիչների հասարակական կարգն ու անդորրը: Նման պարագայում զրուցակիցս հորդորում է դիմել ոստիկանության համապատասխան բաժին, որից հետո տվյալ անձն ուղարկվում է ախտորոշման և հոգեկան լուրջ խանգարումներ ի հայտ գալու դեպքում դատարանի միջնորդությամբ տեղափոխվում է կլինիկա` համապատասխան բուժում ստանալու: «Բոլորը կարող են տանը պահվել, բայց եթե տվյալ անձը սոցիալական վտանգ է ներկայացնում, ապա պետք է հոսպիտալացվի, թեպետ մարդկային շատ գործոններ են խանգարում այդ պարագայում իրավապահ մարմիններին դիմելու համար»,- ասում է Ս. Թորոսյանը` հիշեցնելով, որ 2004-ից գործում է հոգեբուժական ծառայության մասին օրենքը, որում հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի հոգեբուժական օգնություն ստանալու, սակայն` հոժարակամ: Ոչ հոժարակամ հոսպիտալացում տեղի է ունենում այն պարագայում, երբ տվյալ անձը լուրջ վտանգ է ներկայացնում, թե՛ հասարակության, թե՛ իր անձի նկատմամբ և կարող է ծայրահեղ քայլերի դիմել:
Ինչպես տեղեկացրեց Սամվել Թորոսյանը, ԱԺ համապատասխան վարչության հետ կառույցը համագործակցում է օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Վերջին լրացումն ուղղված էր այն կետի ավելացմանը, որ ոչ հոժարակամ կարող են հոսպիատալացվել նաև այն դեպքերում, երբ անձն ի վիճակի չէ ազատ արտահայտելու իր կամքը և անճարակ վիճակում է: «Բոլոր նման դեպքերում մենք պարտավոր ենք 72 ժամվա ընթացքում հիմնավորել այն կարծիքը, որ տվյալ անձը կարիք ունի հոգեբուժարանում պառկելու, և դատարանի որոշմամբ միայն կարող ենք նրան ուղարկել ստացիոնար բուժման: Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ այս օրենքը չի կիրառվում: Ոչ հոժարակամ հիվանդների մեջ կան հարկադիր բուժվող հիվանդներ, որոնք կատարել են այս կամ այն հանցագործությունը և դատարանի որոշմամբ հայտարարվել են անմեղսունակ: Վերջիններիս թիվը հանրապետությունում հասնում է 120-ի, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացվածների թիվը 10-15 է: Հաշվառման արդյունքում նրանց տրվում են առավելություններ: Նրանք օգտվում են անվճար դեղորայքից, լաբորատորիայից, ստոմատոլոգիական, թերապևտիկ ու նյարդաբանական բուժում ստանում: Կենտրոնում հիվանդներից 120-ը հիմնականում սոցիալական կապերը կտրած մարդիկ են, որոնք բնակության վայր, մերձավորներ չունեն, մտավոր թերզարգացած են, ոմանք դուրս չեն գալիս պսիխոտիկ վիճակից և գտնվում են պետական հոգածության և խնամքի տակ: Նրանք դարձել են մեր ընտանիքի անդամ: Ցավոք սրտի, ժառանգականությունը որոշակի ազդեցություն ունի հոգեկան խնդիրներ ունենալու տեսանկյունից, սակայն պարտադիր գործոն չէ: Կարող են ծնողներից երկուսն էլ հիվանդ լինել, իսկ երեխան չժառանգի նրանցից ոչինչ և լրիվ առողջ լինի: Դա չպետք է խարան լինի»,- ասում է հոգեբույժը: Նա միաժամանակ խորհուրդ է տալիս քաղաքացիներին չխուսափել հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից. «Եթե որևէ մեկն իր հարազատի մոտ նկատում է որևէ տարօրինակություն, երևույթներ նորմայի սահմաններից դուրս, ապա պետք է դիմի մասնագետի, դրա մեջ ամոթալի ոչինչ չկա»:
Այսօր դեղորայքի վաճառակետերում գործում են հոգեմետ դեղերի գնման խիստ սահմանափակումներ: Նախ` գնորդը որևէ հոգեմետ դեղամիջոց գնելուց առաջ պարտադիր պետք է անձնագրի տվյալներ և դեղատոմս ներկայացնի, որը տրված է արտահիվանդանոցային հոգեբուժական բաժանմունքների համապատասխան մասնագետների կողմից: Իհարկե, երբեմն ապօրինի ձեռքբերման մասնավոր դեպքեր են արձանագրվում, սակայն այս դեղերի վաճառքը խիստ հաշվառման է դրված: «Հիմնականում բոլոր անհրաժեշտ հիվանդները հոգեմետ դեղորայք ստանում են պետպատվերի շրջանակներում, շատ քչերն են, որոնք կարող են իրենց նախընտրած դեղատնից գնել իրենց նախընտրած ֆիրմայի դեղը»,- ասում է Սամվել Թորոսյանը` նշելով այդ հոգեմետ դեղերի չարաշահումների բացասական ազդեցությունը. տոքսիկոմանիա, կախվածություն, որն էլ ընկալվում է որպես հիվանդություն: Դիմողները կարող են անհապաղ բուժում ստանալ: Ի դեպ, հոգեմետ դեղորայք կարող են նշանակել միայն հոգեբույժն ու այն մասնագետները, որոնք առնչություն ունեն բուժական աշխատանքի հետ:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն