ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուղիղ մեկ տարի Covid-19-ի հետ. համալսարանական մասնագետների ծավալուն անդրադարձը. տեսանյութ
ԵՊԲՀ-ում այսօր համալսարանական մասնագետների կողմից ուղիղ եթերում, ակադեմիական միջավայրում ամփոփվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 365 օրը:
Մարտի 1-ից մարտի 1-ը կլինիկական տարբեր ոլորտների ներկայացուցիչները, համաճարակաբանները, բժիշկ-գիտնականները հանգամանալից անդրադարձան արձանագրված խնդիրներին և հաջողություններին:
Քննարկման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին համավարակի հետևանքով մահացածների և պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը հիշեցրեց՝ ուղիղ 1 տարի առաջ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ քաղաքացի, 29 տարեկան տղամարդ էր, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին Թեհրանից։ Մեր երկրում Covid-19-ի դրական ախտորոշմամբ առաջին պացիենտը, ստանալով բուժօգնություն, հաղթահարել էր հիվանդությունն առանց բարդությունների: Մարտի 1-ից արդեն բժշկական հաստատություններ դիմեցին կորոնավիրուսի վարակ ունեցող նոր պացիենտներ, որոնք ժամանել էին Իտալիայից:
Մելանյա Շմավոնյանը նշում է, որ հաջորդիվ արդեն վարակակիրների մոտ արտահայտվում էին կլինիկական բոլոր այն երևույթները, որոնք բնորոշ են Covid-19-ին, մասնավորապես՝ թոքաբորբ:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց ԵՊԲՀ-ում համավարակի շրջանակում իրականացվող հետազոտությունների մասին:
«Իրականացվում են մի քանի մեծ նախագծեր՝ պարզելու՝ արդյոք առաջանում են հակամարմիններ, որքան երկար են մնում օրգանիզմում, որքան են դինամիկորեն փոփոխվում հակամարմինները: Սա մեր՝ գիտնականներիս «սուր» պատասխանն էր Covid-19-ին: Երկրորդ՝ բուն հետազոտությունները, որոնք իրականացնում ենք, վերաբերում են նրան, թե ինչ երկարաժամկետ փոփոխությունների կարող է հանգեցնել Covid-19-ը, մասնավորապես՝ շեշտադրելով ուղեղի վրա թողած ազդեցությունը»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ բժշկական համալսարանը, լինելով առաջամարտիկը, Covid-19-ի հակամարմինների որոշման քանակական, ազգային մակարդակի հետազոտություն է անցկացնելու:
Ըստ նրա՝ հաստատվում է, որ սա նոր տեսակի կորոնավիրուս է, և հակամարմինները, որոնք ձևավորվում են, մինչև տասը ամիս մնում են մարդու օրգանիզմում: Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակված անձիք տասը ամսվա ընթացքում պաշտպանված են կրկնավարակից, սակայն վերոնշյալը 100 տոկոս գիտական հիմնավորվածությամբ կհաստատվի և կներկայացվի հանրությանն առաջիկայում:
Անդրադարձ կատարվեց նաև ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ պատվաստումներին:
Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ մեկ տարի առաջ այս օրը չէինք պատկերացնում, որ Հայաստանը կարող է սկսել պատվաստումները: Փետրվարի 18-ի դրությամբ ԱՀԿ-ն խոսել է 7 պատվաստանյութի մասին, որոնցից երկուսն առաջիկայում հասանելի կլինեն Հայաստանում:
Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստանյութն այսօր այն գործիքն է, որը թույլ է տալիս փոխել խաղի կանոնները Covid-19-ի դեմ պայքարում՝ հօգուտ մարդկանց:
«Շատ բան կախված է մեր հանրության արձագանքից: Չպետք է տրվել միֆերին, թյուր կարծիքներին: Ամեն ինչ ունի գիտական հիմք, և այստեղ բուժաշխատողները շատ մեծ անելիք ունեն՝ մարդկանց ճիշտ իրազեկելու առումով»,- հավելեց համաճարակաբանը:
Խոսելով ձեռնարկված միջոցառումների արդյունավետության մասին՝ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը հիշեցրեց, որ մեր երկրում ևս կիրառվեց վարակակիրների հետ շփման սահմանափակման մոտեցումը:
«Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առողջապահական համակարգն արդեն կոլապսի ենթարկվեց: Հենց այդ ընթացքում ամենաշատ մահերը գրանցվեցին»,- ընդգծեց Արտաշես Թադևոսյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր էր վարակակիրների շղթան կոտրելու գործընթացը՝ սոցիալական հեռավորությունը և շփումների նվազեցումը:
ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը, խոսելով պատվաստումների մասին, նշեց, որ շուրջ 1 տարի շեշտվել է, որ հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների, բուհերի գործունեության սահմանափակումը, զանգվածային միջոցառումների դադարեցումը, դրանց ծավալը, ուժգնությունը և տևողությունը կախված է մեկ հանգամանքից՝ երբ կստեղծվի արդյունավետ պայքարի միջոց՝ պատվաստանյութ: Գիտական մեծ ներուժի շնորհիվ կարգավորող մարմինների կողմից շուրջ 9-ը պատվաստանյութ արժանացել է հավանության: «Անվտանգության և արդյունավետության չափանիշները շատ խիստ են դրված՝ հաշվի առնելով հանրության կենտրոնացվածությունն այս հարցի շուրջ. սխալվելու իրավունք ոչ ոք չունի: Կիրառվող պատվաստանյութերն անվտանգության տեսանկյունից հուսալի են»,- ընդգծեց համաճարակաբանը՝ խորհուրդ տալով չխուսափել պատվաստումներից, այլ մեծացնել դրանց ընդգրկվածությունը՝ վարակը կառավարելու համար:
ԵՊԲՀ դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի ցուցանիշներին, ասաց, որ աշխարհը պատրաստ չէր դիմագրավել Covid-19-ի մարտահրավերին, ինչով էլ պայմանավորված են հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշները: «Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 115 միլիոնը, որոնցից 2,5 միլիոնը մահացել է: Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա նոր կորոնավիրուսային համավարկը ևս բացասական է անդրադարձել: Հայաստանում 2020 թվականին մահացության ցուցանիշը 35,1 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը. մոտ 7000 մարդ ավել է մահացել նախորդ տարվա համեմատ: Այս թվի մեջ ներառված չէ ռազմական գործողությունների հետևանքով մահացածների թիվը»,-նշեց Մելիք-Նուբարյանը՝ ավելացնելով, որ առավել ծանր էին համավարակի երկրորդ ալիքի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, երբ վիրուսի հետևանքով աշխարհում մահացել է 360 174 825 մարդ: Իսկ առաջին ալիքի ամենածանր՝ հունիս ամսին, մահացել է 350 մարդ:
«Հիվանդացության ցուցանիշների վերլուծության համաձայն՝ 2020 թվականին արձանագրվել է 28 հազար կորոնավիրուսային թոքաբորբ»,-նշեց Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը՝ շեշտելով, որ այդ ծանր բեռը առողջապահական համակարգը, բուժաշխատողները պատվով և հերոսաբար են տարել:
Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ առողջապահության համակարգի կազմակերպման տեսանկյունից կարևոր է նաև արձանագրել, որ 2020 թվականին գրանցվել է 24 հազար չճշտված ախտորոշմամբ թոքաբորբ, որոնց ճնշող մեծամասնությունը փաստացի ևս կորոնավիրուսային թոքաբորբեր են: Ըստ վիճակագրության՝ նախորդ 4 տարիներին չճշտված ախտորոշմամբ թոքաբորբերը միջինում 6000 էին, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել առողջապահական համակարգի պլանավորման գործընթացում:
Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը բաժանեց երեք փուլերի՝ նախապատրաստական փուլ, երբ Հայաստանում դեռ չէր արձանագրվել Covid-19-ը ախտորոշմամբ հիվանդ, երկրորդ՝ առաջին դեպքից մինչև մայիսի վերջ, երբ գործում էր կենտրոնացված մոտեցում, և երրորդ փուլը, երբ կորոնավիրուսը վարվում է առողջապահության առաջնային օղակում և մեկուսացում չի արվում:
«Մենք դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ: Առ այսօր արդի է ունենալ համալիր միջգերատեսչական ծրագիր՝ տեղական ինքնակառավարման մարմիների ներգրամամբ, մինչև հնարավոր լինի մեծացնել պատվաստումների ծավալը»,-եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը խոսեց Covid 19-ի պատճառով առաջացած նյարդաբանական խնդիրների մասին: «Շատ հաճախ մարդիկ միայն համի և հոտի կորստով են հասկանում, որ ունեն կորոնավիրուս, բայց մեխանիզմները վերջնականորեն բացատրված չեն: Կան պերիֆերիկ, ինչպես նաև կենտրոնական ախտահարման ձևեր, դրանց հետ կապված հետազոտություններ, բայց վերջնական մեխանիզմը դեռևս գիտության համար անբացատրելի է: Կան կորոնավիրուսով վարակվածներ, ովքեր 8 ամսից ավել ունեն հոտառության տարբեր աստիճանի խանգարումներ»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ ցավոք, միայն հոտառության կորստով չեն նյարդաբանական դրսևորումները: Բուժման ընթացքում կարող են բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջանալ, ինչպես օրինակ՝ ձեռքի և ոտքի նյարդերի վնասվածքներ, գլխուղեղի կաթվածներ՝ պայմանավորված մակարդելության համակարգի ախտահարման հետ: Բժիշկն ընդգծում է, որ մարդիկ գանգատվում են նաև հիշողության խանգարումից, սակայն դա կենտրոնացման խնդիր է, քան հիշողության օբյեկտիվ վնասում:
Պատասխանելով հայ մասնագետների պատրաստվածության մասին հարցին՝ ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը նշեց. «Մենք պատրաստ չէինք այդ ծավալի մեծաքանակ հիվանդների հոսքին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ հիվանդները հայտնվում էին ոչ պրոֆեսիոնալների վերահսկողության տակ»:
Նրա խոսքով՝ մինչ այսօր Հայաստանում Covid 19-ով հիվանդներին բուժում են հակաբիոտիկներով: «Բացարձակ տեղյակ չլինելով վիրուսային վարակի, պաթոգենեզի և հիվանդության ընթացքի մասին, ոչ հիմնավորված, մեծաքանակ դեղեր նշանակելով՝ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում՝ հուսալով, որ օգնում ենք հիվանդին, այնինչ ուղղակի նվազեցնում ենք տվյալ հիվանդի օրգանիզմի ռեսուրսները», - հավաստիացրեց Իրինա Մալխասյանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, թե ինչպես է կառուցվում հսկողությունը նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերում: «Կարևոր է պատվաստումների հարցը: Հակամարմիններ ունեցող անձինք կարող են չշտապել պատվաստման. այդ քայլին պետք է դիմեն նրանք, որոնք հակամարմիններ չունեն», - ասաց մասնագետը:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոն վարիչ Հարություն Մանգոյանը կարևորեց ապացուցողական բժշկության մոտեցումները: «Պետք է հիշենք, որ անհրաժեշտ է հիմնվել ապացույցների վրա: Մենք ունենք մասնագիտական միության կողմից մշակված ուղեցույց և ամեն ինչ անում ենք այն տարածելու համար», - ավելացրեց Հարություն Մանգոյանը:
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի» բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանի հավաստմամբ՝ Covid-19-ից հետո հիվանդներն ունենում են բավականին ծանր պաթոլոգիաներ՝ սկսած շնչառական անբավարարությունից մինչև սիրտ-անոթային և երիկամային անբավարարություն: «Պատերազմը և Covid 19-ը ցույց տվեցին, որ հատկապես մեր մասնագիտության մեջ կարևոր է լինել կրթված և միշտ պատրաստ»,- տեսակետ հայտնեց ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորը:
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանի խոսքով՝ եթե հիվանդությունը բաժանենք 3 փուլի՝ առաջընթացի, պիկի և լավացման շրջան, ապա առաջին փուլում հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չունեն վիրուսի բազմացման վրա:
«Պետք է հասկանալ՝ երբ է անհրաժեշտ սկսել հակավիրուսային, բորբոքումը պակասեցնելու և աուտոիմուն մեխանիզմներն ընկճելու թերապիաները: Մենք համալսարանական շրջանակում մշակեցինք դա՝ ունենալով մեր աշխատանքային մուլտիդիսցիպլինար ուղեցույցը», - նշեց Վիգեն Ասոյանը:
Նրա հավաստմամբ՝ սեղմ ժամկետում՝ մեկ շաբաթվա ընթացքում, ստեղծվեցին բաժիններ, որոնք հագեցվեցին թթվածնային ապահովմամբ. դա այդ պահին ամենակարևորն էր:
Մասնագիտական տասնյակ հարցերի շարքում չէր կարող չլինել նաև երեխաների առողջությունը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը և Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն ասացին՝ ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք է ստանում, ինչը մանկաբույժների համար դրական փաստ էր:
Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց նաև մանկական բազմաօրգանային բորբոքային համախտանիշի՝ «կավասակիանման» համախտանիշի, ինչպես նաև այլ հիվանդությունների մասին, որոնք կորոնավիրուսի հետ զուգորդվեցին երեխաների մոտ: Մեկ տարվա ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքում «կավասակիանման» համախտանիշով 18 երեխա է բուժվել. որևէ մեկի մոտ կորոնոավիրուսը ծանր ընթացք չի ունեցել:
Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին, մասնավորապես «այրման համախտանիշին», որն առավելապես կարող է ի հայտ գալ բժիշկների մոտ՝ պայմանավորված գերծանրաբեռնված աշխատանքով:
Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ «այրման համախտանիշի» դեպքում անձի մոտ աշխատանքին առնչվող ծանրաբեռնվածության պատճառով առաջանում է ֆիզիկական, հուզական և հոգեկան հյուծվածություն: Այսպիսով՝ ամեն օրը տվյալ մարդու համար դառնում է վատ օր, և նա կորցնում է արդյունավետությունը, ունենում է հոգնածության զգացում՝ ի տարբերություն սթրեսի, այս դեպքում մարդը չունի այդ վիճակը հաղթահարելու մոտիվացիա: Մասնագետի հավաստմամբ՝ փոխվում են նաև միջանձնային հարաբերությունների ուրվագծերը:
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Ալլա Հովհանիսյանն էլ նշեց, որ հիվանդությունը նոր է և Covid 19-ի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները շարունակվում են աշխարհում և Հայաստանում:
Հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին համավարակի դեմ պայքարին վերաբերող տարբեր արդի թեմաների շուրջ:
Քննարկումն ամփոփվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթով: Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանը դժվար փորձություններով է անցնում, և Covid 19-ը փաստացի դարձել է մեզ հետ ապրող ինչ-որ երևույթ:
«Այստեղ բազմաթիվ խնդիրներ և աշխատանքներ քննարկեցինք, բայց կուզեի անդրադառնալ մեկ երևույթի, որը կոչվում է համաճարակաբանական մշակույթ: Նման մշակույթ ձևավորվում է հասարակություններում արհավիրքներ անցնելուց հետո, բժշկությունը զարգանում է չարաբաստիկ արհավիրքներից, պատերազմներից, համաճարակներից հետո»,-նշեց Արմեն Մուրադյանը:
Նա անդրադարձավ նաև պատվաստումներին, որոնք շարունակում են շահարկման թեմա հանդիսանալ:
«Մենք չպետք է քննարկենք պատվաստումները, այլ պատվաստանյութը: Այդ 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանը բնակչությանը խորհուրդ տվեց պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ-ում համավարակի թեմայով ևս մեկ քննարկում հրավիրվել էր 2020 թվականի հունիսի սկզբին: Հանդիպումը վարում էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն