Հոգեբանի մոտ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման համար և այլն: Հայաստանում գործում է հոգեկան առողջության «Ինթրա» կենտրոնը, որի խնդիրներն են այցելուների սոցիալականացումն ու ինտեգրումը, ինքնագնահատականի բարձրացումն ու ինքնուրույնության խրախուսումը և այլն: Հոգեկան առողջության խնդիրների, մարտահրավերների, բուժման մեխանիզմների ու հասարակության իրազակմանն ուղղված հարցերի շուրջ զրուցեցինք «Ինթրա» կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ:
– Մեր ունեցած տվյալներով՝ այսօր երկրի վրա շուրջ 500 մլն մարդ տառապում է հոգեբանական ամենատարբեր խնդիրներից` սկսած դեպրեսիայից մինչև շիզոֆրենիա, էպիլեպսիա, մտավոր հետամնացություն: Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:
– Մեզանում վիճակագրությունն այս իմաստով խիստ սահմանափակ է ու կողմնորոշվելու հնարավորություն չի տալիս, քանի որ մեզ մոտ գրանցվում են միայն ծանր հոգեբուժական դեպքերը: Նախարարության զեկույցներում հոգեկան խնդիրները չեն հատում 1-1,5 տոկոսի սահմանը, մինչդեռ ողջ աշխարհում կա մի օրինաչափություն` մեկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր 20 մարդուց առնվազն մեկն ունենում է որևէ հոգեբանական բարդություն: Այսինքն` այն, որ նախարարության տրամադրած թիվը չափազանց փոքր է, չի նշանակում, թե Հայաստանում խնդիրն այդքան մեղմ է դրված, այլ խոսում է այն մասին, որ մեզանում չկան համապատասխան կառույցներ: Օրինակ` նյարդաբանները հաճախ ստանձնում են նաև հոգեբանի ֆունկցիան, քանի որ հոգեբանական ծառայությունների ցանցը շատ նեղ է:
– Եթե անգամ լինեն կառույցներ, կա նաև այլ խնդիր. մեր հասարակությունում ընդունված չէ դիմել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների: Ի՞նչ է արվում` բարձրացնելու հոգեբանական առողջության մասնագետների վարկը հասարակության մեջ:
– Ցավոք, շատ ընդունված է, օրինակ, դեպրեսիան բուժել, այսպես ասած, տնային պայմաններում` խոսելով հարազատների, բարեկամների հետ: Երբեմն սա արդյունավետ է, բայց երբ խոսքը դեպրեսիայի կլինիկական դրսևորման մասին է, մարդը ի վիճակի չէ անգամ կառավարել սեփական տրամադրությունը, այս պարագայում անհրաժեշտ է մասնագետի միջամտություն. խնդիրը հենց սրանում է: Մեր հասարակության զգալի մասը համարում է, որ ատամը ցավելիս պետք է գնալ ատամնաբույժի, բայց հոգեկան խնդիրների դեպքում պետք է փորձել ինքնաբուժությամբ զբաղվել: Սա մի անհասկանալի տենդենց է, որը, բարեբախտաբար, հետզհետե զիջում է իր դիրքերը: Խոսքը հատկապես նոր սերնդի մասին է, քանի որ երիտասարդությունը արդեն եկել է այն գիտակցությանը, որ հոգեբանին դիմելը բնավ էլ ամոթ չէ: Ինչ վերաբերում է` ինչպես բոլորի միջից հանել վախի մտակաղապարը, կարծում եմ, հասարակությանը պետք է փոխանցել հետևյալ մեսիջը. դիմել հոգեբանի` հետագայում հոգեբույժի կարիք չունենալու:
– Հոգեբանական ո՞ր խնդիրներն են առավել բնորոշ մեր երկրին:
– Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կան միևնույն հոգեկան խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ` Հայաստանում, մյուս երկրների հետ համեմատած, բավական մեծ է կպչուն-սևեռուն մտքերի խանգարումների տոկոսը: Նման խանգարումները որևէ մտքի վրա կենտրոնանալու մեջ են դրսևորվում, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին, անընդհատ նույն հաշվարկն է անում, կարող է հազար անգամ հաշվել շենքի հարկերը և այլն։ Ողջ խնդիրն այն է, որ կպչուն-սևեռուն խանգարումները տրամաբանված չեն։ Անհասկանալի է նաև, թե ինչու է դրանց տոկոսը բարձր հատկապես Հայաստանում: Սա հարց է, որի պատասխանը դեռևս չունի ոչ-ոք:
– Կապված սեռի հետ, կա՞ն արդյոք տարբերություններ: Կանա՞յք, թե՞տղամարդիկ են առավել հակված հոգեկան խաթարումների։
– Առհասարակ, եթե նայենք վիճակագրությանը, ակնհայտ կդառնա մի բան` կանայք 2-3 անգամ ավելի շատ են դիմում հոգեբանական ծառայությունների, քան տղամարդիկ։ Սա չի նշանակում, թե տղամարդիկ իրոք 2-3 անգամ ավելի քիչ հոգեկան խնդիրներ ունեն, քան կանայք: Սա պարզապես նշանակում է, որ առկա է նաև մեկ այլ խնդիր՝ կապված տղամարդկանց վարանելու հետ, քանի որ նրանք հաճախ` ուղղակի վախենում են խոստովանել, որ իրական խնդիր ունեն: Սեռերի հետ կապված կա նաև մեկ այլ տարբերություն: Ապացուցված է, որ վաղ տարիքում տղա երեխաները ավելի խոցելի են հոգեկան խնդիրների տեսանկյունից, քան աղջիկները: Խոսքը հատկապես աղետներ վերապրած լինելու մասին է, օրինակ՝ երկրաշարժ, ուժեղ սթրես։ Պատերազմ տեսած տղա երեխաների մոտ հոգեկան տրավմա ստանալու հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է, քան աղջիկների:
– Ընդունված է համարել, որ հոգեկան բարդությունների մեծ մասն արդյունք են սոցիալական ծանր պայմանների: Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում իրոք կեցությունն է որոշում գիտակցությունը:
Ես այդպես չեմ կարծում: Եթե իբրև հոգեկան խնդիրների հիմնական չափորոշիչ ընդունենք ինքնասպանությունների թիվը, ապա կտեսնենք, որ դրանց առավել մեծ տոկոս է գրանցված այնպիսի երկրներում, որոնցում սոցիալական ծանր պայմանների մասին խոսելն իսկ ավելորդ է: Այդ երկրներից են, օրինակ, Շվեդիան, Մերձբալթյան երկրները, Նորվեգիան: Նույն կերպ կարող եմ ասել, որ ո'չ սոցիալական կարգավիճակը, ո'չ հասարակական դիրքը, ո'չ տարիքը, ո'չ սեռը չեն կարող ազդել հոգեկան խնդիրների վրա:
– Իսկ այդ տեսանկյունից ո՞րն է հոգեկան խնդիրների խոցելի խումբը:
– Ամեն ինչ անհատական է: Խոցելի են այն մարդիկ, ովքեր գուցե մանուկ հասակում ենթարկվել են բռնության, խոցելի են ծերերը, քանի որ տարիքային և կենսաբանական փոփոխությունների հետ մեկտեղ փոփոխվում է նաև հոգեկան աշխարհը, խոցելի են երեխաները` հատկապես անցումային տարիքում և այլն:
– Ինչպե՞ս է անդրադառնում պատմական անցյալը մեր հոգեբանության վրա այսօր:
– Այո, ցեղասպանությունը մինչ օրս դաջված է մեր գիտակցության մեջ ու փոխանցվում է սերնդե-սերունդ, սա է պատճառը, որ հայերը, ավելի քան այլ ազգերը, հակված են սթրեսային իրավիճակները առավել ծանր ընդունելու և տրավմա ապրելու: Սա է պատճառը, որ մեզանում կորուստը «սրբացվում է» ու դառնում «պաշտամունքի առարկա»: Ասածիս վառ ապացույցն է այն, որ շատ քիչ հանդիպող երկրներից է Հայաստանը, որտեղ դեռևս մշակութային տարրերում կարելի է հանդիպել թաղման`այդչափ «ճոխացված» արարողությունների: Այսինքն՝մեզանում վշտի վերապրումը հաճախ անցնում է թույլատրելիի սահմանը ու վերածվում գռեհկության:
– Սոցիոլագիական մի փորձի ժամանակ, երբ փոքր երեխաներին ցույց էին տվել տեսարան, թե ինչպես են մեծահասակները տիկնիկներ ջարդում, երեխաների զգալի մեծամասնությունը` հետո, տիկնիկների հետ մնալով առանձին սենյակում, կրկնել էր վարքագիծը: Այս տեսանկյունից ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա լրատվամիջոցները, դրանք կարո՞ղ են ներկայիս վիճակում ագրեսիայի խթան լինել:
– Գիտե՞ք` վերջերս մենք մի բուկլետ հրատարակեցինք և անվճար բաժանեցինք բոլոր ԶԼՄ-ներին: Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրատարակած անգլերեն նյութերից մեկի հայերեն թարգմանության մասին է խոսքը: Այդ թարգմանությունն արվեց միայն մեկ պատճառով` ցույց տալու ԶԼՄ-ներին, թե ինչպես պետք է լուսաբանել, օրինակ, ինքնասպանությունները, քանի որ այսօր մենք ցավոք ունենք հեռուստատեսություն ու մամուլ, որից մեզ են նայում հարյուրավոր ինքնասպանված մարդիկ, այդ լրատվամիջոցների աշխատողները դրանով լուծում են իրենց դիտելիության խնդիրը` չմտածելով, որ, երբ լուրերի երեկոյան թողարկման առաջին լուրն այն մասին է, թե ինչ-որ մեկը նետել է իրեն կամրջից կամ այլ մի նման բան, իրենք պրոպագանդում են ինքնասպանությունը: Քիչ չէ հավանականությունը, որ մեկը, ով լուրերը դիտելու պահին ծանր սթրեսային վիճակում է, կմտածի, թե առաջարկված տարբերակը ելք է։ ԶԼՄ-ն, ստացվում է, առանց բուն միտման, թեկուզ փոքրաթիվ մարդկանց, կդրդի ինքնասպանության:
– Առհասարակ պե՞տք է ինչ-որ կերպ լուսաբանել նման խնդիրները:
– Գուցե, բայց հստակ է մի բան` պետք է չափազանց զգույշ լինել, որ վարքի որոշակի շաբլոններ չստեղծվեն անելանելի վիճակում գտնվող մարդկանց համար:
– Կցանկանայի խոսել վերջին շրջանում մեզանում շատ հրատապ դարձած մանկական ագրեսիայի դրսևորումների մասին։
– Ասեմ, որ ագրեսիան ի ծնե որակ է, որ կա բոլոր մարդկանց մեջ: Պարզապես ագրեսիան լինում է դրական և բացասական: Դրական ագրեսիան մենք ուղղորդում ենք կյանքում: Հասարակ մի օրինակ ասեմ. եթե մենք ագրեսիվ չլինենք, ոչ մի կերպ չենք կարող բարձրանալ հասարակական տրանսպորտ, որը մեր իրականության մեջ միշտ լիքն է, բայց ցանկացողները շարունակում են նստել: Կա նույնիսկ մի տեսակետ, որ առանց ագրեսիայի հնարավոր չի լինի հասնել սեռական բավարարվածության: Սակայն ոմանց մոտ ագրեսիան ոչնչացնող երանգ է կրում և ուղղորդված է հենց վնասելու ինքն իրեն կամ դիմացինին: Պատահական չեմ համարում որոշ ժամանակ առաջ դպրոցահասակ աղջիկների` միմյանց ծեծի ենթարկելու դեպքերը, քանի որ դեռահասները հասարակության ներսում կատարվող պրոցեսների հայելին են: Ցավոք, մեր հասարակությունը այսօր «նյութապաշտ է»: Շատերը երբեմն չեն էլ մտածում, թե ինչ արժեքային համակարգ են ներարկում իրենց զավակների մեջ, մի՞թե ճիշտ է նրանց համար չափորոշիչ դարձնել թանկ հագուստը կամ հեռախոսը: Կարող ենք փաստել. քիչ չեն դեպքերը, երբ երեխային տրվում է նման նյութական արժեքային համակարգ, նոր սերնդի մոտ առաջանում է հակասություն, քանի որ մարդն իր տեսակով ունի հոգեւոր արժեքների կարիք: Հենց այս հակասությունն էլ առավել հաճախ դառնում է ագրեսիայի պատճառ: Ես հիշում եմ մի դեպք դպրոցում. երեխաները դրսևորել էին ագրեսիվ վարք, և առողջապահության նախարարությունից մեզ ուղարկել էին իրավիճակն ուսումնասիրլու: Այդ ժամանակ աշակերտներից մեկն ասաց, որ աթոռը նստելու համար չէ, այլ դրանով պետք է ինչ-որ մեկին խփել: Այսպիսի ագրեսիայի դեպքում առկա է տագնապի տարրը, իսկ որոշ դեպքերում երեխան ցուցաբերում է ագրեսիվություն` պարզապես ինքնապաշտպանությունից ելնելով:
– Դպրոցահասակ աղջիկների` իրենց հասակակիցներին ծեծի ենթարկելու դեպքից հետո Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ չեք կարող ախտորոշել վարքագիծը, քանի դեռ պատճառները չգիտեք, իսկ պատճառների հստակեցման և ախտորոշման դեպքում Հայաստանում լիարժեք բուժում հնարավո՞ր է:
– Գոնե ես ճանաչում եմ մի քանի հայ մասնագետների, ովքեր հոգեկան խնդիրների բուժումը Հայաստանում իրականացնում են այն մեխանիզմներով, դեղերով ու խորհրդատվությամբ, որ գործում են ողջ քաղաքակիրթ աշխարհում: Բայց, քանի որ լրատվամիջոցներին սենսացիան է հետաքրքրում, մեր ԶԼՄ-ների տված տեղեկատվության մեջ դրական տեղաշարժերի մասին լուրերի չեք հանդիպի, միայն այն մասին, թե ինչ-որ հոգեկան շեղում ունեցող մարդ ապրում է վատ պայմաններում, չի բուժվում, ագրեսիվ է և այլն: Դա հասարակության մեջ ստեղծում է կեղծ կարծիք ոլորտի մասին:
– Ձեր կենտրոնը ի՞նչ գործնական քայլերի է դիմում մարդկանց հոգեկան առողջությունը բարելավելու համար: Խոսքը արտաբուժական միջոցառումների մասին է:
– Օրինակ, անցած տարի մենք մի մամլո ասուլիս տվեցինք ու հայտարարեցինք լրագրողական նյութերի մրցույթ` հոգեկան առողջության թեմաներով: Առաջարկեցինք բավական բարձր մրցանակ, բայց մեզ դիմեցին մոտ տասը լրագրողներ, որոնցից և որևէ մեկի նյութը, մեղմ ասած, լավը չէր, և ուղղակիորեն ոչ մեկը չանցավ ժյուրիի կազմած գնահատման աղյուսակի համապատասխան շեմը, ինչը ցավալի էր, բայց` փաստ:
– Ի՞նչ պետական ծրագրեր կան ոլորտում, պետությունը ինչքանո՞վ է շահագրգռված հոգեկան առողջության հարցում:
– Պետական է միայն հոգեբուժական ծառայությունների սպեկտրը, որի միջոցները ծախսվում են ստացիոնար բուժում ստացող հիվանդների վրա, մինչդեռ մենք համարում ենք, որ հոգեկան խնդիրները չպետք է բուժվեն միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ հասարակություն վերադառնալուց հետո մարդը կարող է և «հետ չգալ». իրեն հոգեբանական օգնություն է պետք նաև դրսում` վերջնական ոտքի կանգնելու համար: Սա է պատճառը, որ, օրինակ, մեր կենտրոնը մենք պատկերավոր անվանում ենք կամուրջ, այսինքն՝ այստեղ մարդը բուժվում է, որից հետո մենք օգնում ենք նրան անցնել հասարակության միջով, ինտեգրվել և նոր միայն ապրել լիարժեք` բոլորիս նման:
– Հայ հասարակությունում ընտանիքը փակ համակարգ է: Ի՞նչ անել, երբ ընտանիքի ներսում կա հոգեբանական խնդիր, բայց անդամները չեն ուզում դա խոստովանել ու դիմել հոգեբանի օգնությանը:
– Այստեղ աշխատելու մի քանի շերտ կա: Առաջին շերտում պետք է փորձել աշխատել ծնողների հետ: Բուհերում մեզ սովորեցնում են դառնալ լավ հոգեբան, լավ լրագրող, բայց չեն սովորեցնում լավ ծնող դառնալ: Այսինքն՝ առաջինը ծնողավարությունն է, ինչի ուղղությամբ պետք է աշխատել: Երկրորդ շերտում պետք է աշխատել ողջ հասարակության հետ` ստեղծելով հոգեբանի ճիշտ կերպար, որպեսզի բոլորը հասկանան, որ իրենք երբեք ապահովագրված չեն հոգեկան անառողջությունից ճիշտ այնպես, ինչպես ապահովագրված չեն, ասենք, սրտային հիվանդություններից:
Կարդացեք նաև
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի...
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն