Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ՝ Հունաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բույսի սերմերը: Կան տվյալներ, որ բույսն առնվազն 3000 տարի առաջ օգտագործվել է որպես սննդամթերք Արեւմտյան Հնդկաստանում: Հին Եգիպտոսում պատկերել են հիերոգլիֆների վրա՝«Մակխ-Մակայ» անվանմամբ:
Եգիպտոսում ու Մերձավոր Արեւելքում մինչ մեր օրերը դանդուռը հարգի սննդամթերք է՝ ավելացնում են ձվածեղի մեջ, իսկ թարմ ու չորացրած տերեւներով ու ցողունով համեմած աղցանները ստացել են «ֆատուշ» անվանումը: Հնէաբան Շելլը հայտնաբերել է դանդուռի բուժիչ հատկություններն ու դեղերի պատրաստման եղանակները նկարագրող հին ասորական ձեռագրեր: Թեոֆրաստը, Հիպոկրատը, Պլինիուսը խորհուրդ են տվել կիրառել դանդուռը գլխացավի, թութքի, աչքի, ստամոքսի հիվանդությունների, արյունոտ խորխի ու որդերի դեմ: Սակայն անտիկ ժամանակներում հույներն, ի տարբերություն հռոմեացիների, չեն օգտագործել դանդուռը սննդի մեջ:
Ավիցենան (980-1037) գրել է.- «Դանդուռն ունի կապող, արյունարգել հատկություն: Օգտակար է ստամոքսի ու լյարդի բորբոքումների ժամանակ, նվազեցնում է երիկամների, միզապարկի ցավերը, կիրառվում է միզապարի խոցի դեպքում»: Միջնադարի արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը խորհուրդ է տվել կիրառել դանդուռը նաեւ երիկամների հիվանդությունների ժամանակ:
Բժիշկ Օդոն (11-րդ դար) գրել է.- «Շոգ եղանակին տենդի ու արյունահոսության դեպքում օգտակար է ծամել տերեւն ու խմել հյութը, իսկ աչքերի այտուցվածության դեպքում` տրորել, դնել կոպերին»: Անգլիայում դանդուռը հարգի է եղել Ելիզավետա Ա թագուհու (1558-1603) օրոք՝ պատրաստել են թթու եւ մարինադ: Ավանդույթը շարունակվել է Կարլ Բ արքայի (1660-1685) օրոք: Նրա խոհարարը հաճախ է պատրաստել հետեւյալ աղցանը. 150գ թարմ տերեւը 2-3 րոպե եփել ու խառնել է 10մլ խաղողի քացախի, 1 ատամիկ սխտորի ու մի փոքր պղպեղի հետ: Այդ աղցանով համեմել են մսից ու ձվից պատրաստված ուտեստները: Դանդուռը 17-րդ դարից հարգի է եղել նաեւ Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ՝ Ավսրալիայում, որտեղ եվրոպացիներն օգտագործել են լնդախտի ժամանակ: Բույսի հանդեպ` որպես դեղի, հետաքրքրությունն աճել է 1849 թվականից հետո, երբ ԱՄՆ-ի հանքերում աշխատող 10.000 բանվորների շրջանում տարածվել է լնդախտ հիվանդությունը. Փրկվել են միայն նրանք, ովքեր դանդուռ են կերել, որն անվանել են «հանքափորի հազար» (նույնն է՝ մարոլ):
Հայ միջնադարյան բժիշկները դանդուռի բուժիչ հատկությունների մասին
Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է՝ «դռնակ»: Հայերենում ունի նաեւ փրփրեմ, խոճկորուկ, դանդռնիկ, նուկտավ, անդրաքնե, ղրֆա եւ այլ անվանումներ: «Դան» արմատն ունի հատիկ իմաստը, իսկ պտղի վրա կա դռան փեղկը հիշեցնող լայնակի ճեղք: Փրփրեմ անվանումը հավանաբար կապված է բույսի մեջ պարունակվող փրփրանյութերի հետ: Գիտական գրականությունում երբեմն հանդիպում է նաեւ «Dandur» անվանումը: Քչերին է հայտնի, որ Բաղդադի խալիֆայի հիմնադրած հիվանդանոցում ավելի քան 2 դար ղեկավար դիրքեր են զբաղեցրել Բաղտիշու գերդաստանի հայ բժիշկները: Մ. Հերացին (մոտ 1120-1200) խորհուրդ է տվել տենդով հիվանդներին գինձ, կարոս, ռեհան, բամիա, դանդուռ, նուռ, խաղող, ունաբի (տես, Ջ. Սահակյան, «Ունաբի: Արեւելյան բժշկության գաղտնիքները», MP) ուտել: Ա. Ամասիացին գրել է.- «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը: Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում: Բուժում է լուծը: Օգնում է միզածորանի եւ աղիների բորբոքումների ժամանակ: Սերմերը վերացնում են բերանի ցանը: Թարմ հյութը որդաթափ հատկություն ունի եւ հագեցնում է ծարավը: Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքերին: Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է հազարը»: Հ.Ս. Հարությունյանն իր «Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր» գրքում (1990թ.) գրել է.- «Դանդուռն օգտագործել են սեռական թուլության, մարսողական ուղիների ուռուցքների, միզապարկի խոցերի, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի ու ստամոքսի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, հազի, լուծի, ականջի բորբոքային ուռուցքների բուժման համար»: Միջնադարի բժիշկների գործնական առաջարկները առ այսօր կիրառվում են տարբեր ազգերի ավանդական բժշկությունում ու լիովին հիմնավորվում են ժամանակակից գիտության տեսանկյունից:
Դանդուռի հետքը համաշխարհային հոգեւոր մշակույթում
Կաթողիկոս Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» գրքում գրել է, որ կելտերը սերում են մեր Հաբեթից: Նրանք ապրում էին Եվրոպայի անտառապատ գոտիներում: Կելտ իմաստասերները՝ դրուիդները մշակել են երկու օրացույց-գուշակարաններ, որոնցում մարդու բնավորության հիմնական գծերը գուշակվում են ըստ ծնված օրվա, իսկ յուրաքանչյուր օր ունի իր ծառը կամ ծաղիկը: Դանդուռի նշանի տակ ծնվածների օրերն են մայիսի 11-21-ը: Հետաքրքիր է, որ «մարդ» դանդուռը միշտ պահանջում է ավելին, քան ունի, իսկ լուսասեր բույս դանդուռը, որը բացվում է միայն արեւոտ եղանակին դանդաղեցնում է իր աճն ամառային արեւադարձի շրջանում: Ըստ արաբական ավանդազրույցի Մուհամեդ մարգարեն դանդուռն անվանել է «օրհնված տերեւաբանջար», քանի որ դանդուռի մարգագետնի վրայով քայլելիս ոտքերի վերքերը բուժվել են: Ըստ որոշ պատմաբանների, Կիեւի ռուս իշխանների զորքի սայլաշարքերում միշտ տարել են դանդուռի թթվով լի տակառներ, քանի որ բույսը զսպում է սիրային կիրքը: Դանդուռը մեծ տարածում ունի մի շարք երկրների խոհանոցներում, իսկ Ավստրալիայում սիրում են ուտել դրա բոված սերմերը:
Դանդուռ խոշորածաղիկը՝ P. Grandiflora, բազմամյա բույս է, ունի մեկ ծաղկեպսակ, հայրենիքը Հարավային Ամերիկան է: Ներկայում գոյություն ունեն բույսի բազմաթիվ միամյա հիբրիդներ, որոնք մշակում են բազմաթիվ երկրներում՝ նաեւ ՀՀ-ում: Ծաղիկները բազմապսակ են, բազմագույն, ծաղկման շրջանը երկար է: (Լ.Վ. Հարությունյան, «Քո շրջապատի ծաղիկները»,1987):
Ըստ հավատալիքի, անկողնու մոտ դրված դանդուռի թարմ ճյուղն ունի քնաբեր հատկություն ու հեռացնում է չարագուշակ երազները: Հավատալիքը վերջերս ստացել է գիտական հիմնավորում (կարդալ հաջորդիվ):
Դանդուռ բանջարանոցայինի բուսաբանական նկարագիրը
Արմատն առանցքային է, մազարմատների խիտ ցանցով պատված, կարմրավուն երանգի: Արմատավզիկից ճառագայթաձեւ դուրս են գալիս փռվող (կամ ուղղաձիգ), ճյուղավորվող, փխրուն, կարմրավուն ցողունները, որոնց վրա մեծ մասամբ հակադիր վարդակի ձեւով դասավորված են հակառակ-ձվաձեւ, հիմքի մասում սրված հյութեղ, դեղնականաչավուն տերեւները: Բույսը ծաղկում է հունիս-հուլիսին: Տերեւների ծոցում, հիմնականում 1-ական, մասամբ՝ 2-3-ական հատով նստած են վառ դեղին պսակաթերթերով ծաղիկները: Ծաղկապատյանները կրկնակի են, հնգաբաժան, բաժակաթերթերը հյութեղ են, բութ եզրերով: Պսակաթերթերը հինգն են, կլորավուն, մոտ 10 մմ երկարությամբ: Յուրաքանչյուր ծաղիկն ունի թվով 8-15 առէջքներ, իսկ վարսանդը՝ 3-6 առանձնացված սռնակներ ու երկար սպիեր: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Սերմերը մուգ շագանակագույն կամ սեւ են, փայլուն, 0.7մմ երկարությամբ, ծլում են գարնան կեսին: Արմատավզիկից վերեւ ցողունները կտրելու դեպքում բույսն ընդունակ է նորերն առաջացնելու: Տարածված է երկրագնդի բարեխառն ու տաք գոտիներում, ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում` որպես մոլախոտ: Դանդուռ բանջարանոցայինը մշակվում է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Հարավային Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Ավստրալիայում եւ այլ: Տարբերում են դանդուռ բանջարանոցայինի երկու հիմնական տեսակ. գետնատարած, որի ցողունի երկարությունը 10-30 սմ է (P.sylvestris), ու նույն բարձրության` ուղղաձիգ ցողունավոր (P. Sativa):
Դանդուռ բանջարանոցայինի քիմիական բաղադրությունը
Բույսի ցողունի ու տերեւի 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը 16 կկալ է, պարունակում է 84 գ ջուր, 1.25 գ մոխիր, 1.3 գ սպիտակուցներ, 0.1 գ ճարպեր, 3.43 գ ածխաջրեր, այդ թվում` գլյուկոզա, գալակտոզա, մալտոզա, սախարոզա, 1.2 գ բջջանք, նաեւ բուսական ստերոլներ, լորձանյութ, բուսախեժ, 0.3 գ ալկալոիդներ, գլյուկոզիդներ, մուգ կարմիր ներկանյութ, եթերային յուղ, օրգանական թթուներ, նորադրենալին եւ այլն: Ոչ մեծ քանակներով ներկայացված են B1` 50 մկգ, B2` 110 մկգ, PP՝ 480-710 մկգ, B5` 40 մկգ, B6` 70 մկգ, B9` 12 մկգ, քոլին՝ 12.8 մգ, վիտամին A` 66 մկգ: Միկրոտարրեր. Մանգան` 0.3 մգ, պղինձ` 0.11 մգ, ցինկ` 0.17 մգ, երկաթ` 1.99մգ, սելեն` 0.9 մկգ: Մակրոտարրեր. Կալիում` 494 մգ, նատրիում` 45 մգ (K:Na=11, որի շնորհիվ նպաստում է երիկամների կանոնավոր աշխատանքին ու ջրային հավասարակշռության պահպանմանը), կալցիում` 65 մգ, մագնեզիում` 68 մգ, ֆոսֆոր` 44 մգ եւ այլն: Սերմը պարունակում է ածխաջրեր, ճարպաթթուներ՝ պալմիտինի, լինոլի, օլեինի ու հակաօքսիդանտ, հակաուռուցքային ազդեցությամբ լիգնաններ:
Տեխասի Սան-Անտոնիո Համալսարանի մասնագետները համեմատել են վայրի պայմաններում աճող ու մշակովի դանդուռի եւ սպանախի հակաօքսիդանտ հատկություններն ըստ պարունակվող ալֆա-տոկոֆերոլի (E), ասկոբինաթթվի (C) ու բետա-կարոտինի (A) քանակների: Բույսերի 100 գ թարմ խոտում պարունակվում է. դանդուռ բանջարանոցային. A`1.9 մգ, C` 26.6 մգ, E` 22.2 մգ, վայրի դանդուռ. A` 2.2 մգ, C` 23 մգ, E` 8.2 մգ, սպանախ. A` 3.3 մգ, C` 21.7 մգ, E` 1.8 մգ: Չոր խոտի նույն զանգվածում հակաօքսիդանտ վիտամինների պարունակությունը մոտավորապես 20 անգամ ավելի է: Առաջին հայացքից դանդուռի ու սպանախի ցուցանիշները քիչ են տարբերվում, իսկ զգալի հակաուռուցքային ներուժ ունեցող բետա-կարոտինը (տե՛ս, Ջ.Սահակյան, «Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար» MP) ավելի շատ է սպանախում: Սակայն ԱՄՆ գիտնականները գտել են, որ դանդուռը պարունակում է հակաօքսիդանտ հատկություն ունեցող «քնի հորմոն»՝ մելատոնինը (տես, Ջ. Սահակյան, «Ուղեղի գաղտնիքները», 2013թ.), որի քանակը 20 անգամ ավելի է, քան այլ բույսերում (մոտ 27 մկգ է): Մելատոնինը (C13H16N2O2) արտադրվում է կենդանիների ու մարդու կոնաձեւ գեղձում: Գոյացման չափը կախված է օրվա ժամից, տարվա եղանակից, կլիմայական պայմաններից, հորմոնը կարգավորում է բույսերի, կենդանիների, մարդու աճի ընթացքը: Ամառային արեւադարձի շրջանում գիշերները կարճ են, հետեւաբար, մելատոնինի գոյացման ու դանդուռի աճի ընթացքը դանդաղում են:
Վաշինգտոնի «Ժառանգաբանության ու առողջ սննդակարգերի կենտրոնի» տնօրեն Ա. Սիմոպոուլոսն դանդուռն անվանել է որպես ամենաշատ օմեգա-3 (տե՛ս Ջ. Սահակյան, «Օմեգա ճարպաթթուների օգտակարությունը», 2013), պարունակող տերեւաբանջար` 100մգ/100գ թարմ հումքի մեջ: Նա ասել է.- «Բազմաչհագեցված ճարպաթթուները էապես նպաստում են սիրտանոթային համակարգի առողջացմանը, կանխարգելում են աուտիզմի զարգացումը: Դանդուռը պարզապես հրաշք է, հնարավորության դեպքում աճեցրեք այն, այլ ոչ թե ոչնչացրեք որպես մոլախոտ»:
Դանդուռ բանջարանոցայինի դեղաբանական հատկություններն ու կիրառումը
Բույսից ստացված պատրասուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, հանգստացնող, վերքամոքիչ, արյունարգել, որդաթափ, ջերմիջեցնող, օրգանիզմն ամրացնող ու թույները հեռացնող, քրտնամուղ, քնաբեր, հականեխիչ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաուռուցքային ազդեցություն: Արաբ բժիշկները հնագույն ժամանակներից օգտագործում են դանդուռը որպես արյան մեջ շաքարի բաղադրությունն իջեցնող միջոց: Ռուս բուսաբաններն առաջարկում են կիրառել դանդուռը հիպոտոնիայի, իսկ չին ժողովրդական բժիշկությունը` սուսանակի, արթրիտի, դիզենտերիայի, ինֆեկցիոն բնույթի պարալիչների, երիկամների ու լյարդի հիվանդությունների, կրետի ու կարիճի խայթոցների դեմ:
Դանդուռի մթերման ու պահպանման կարգը
Տերեւներն ու ցողունները հավաքում են ծաղկման շրջանում՝ հունիս-սեպտեմբերին: Հարկ է չորացնել օդափոխվող ծածկի տակ: Սերմերը մթերել աշնանը. զողունների փունջը կախել արմատը դեպի վեր ու հատակին փռած լաթի վրայից հավաքել պտղից թափված սերմը: Հումքը պահել հով, չոր տեղում:
Ժողովրդական դեղատոմսեր դանդուռ բանջարանոցայինով
Դիզենտերիա. 1 ճ.գ. թարմ տերեւը 30 րոպե եփեք 300 մլ եռջրում՝ ջրային բաղնիքի վրա: Կրակն անջատելուց հետո ավելացրեք սխտորի 2 ատամիկ, 20 րոպե թրմեք տաք տեղում: Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ ուտելուց, 30 րոպե առաջ: Կամ.
-Խառնեք 50-ական գ թարմ տերեւ ու շաքարավազ, 1 մանր կտրատած միջին սխտոր, լցրեք 600 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, 90-ական րոպե ընդմիջումներով:
Տրիխոմոնոզ. տերեւը տրորեք, 50 գ հումքը հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Կերեք 20-ական գ, օրը 3 անգամ, ուտելուց 1ժամ հետո:
Ասթմա. չոր սերմը տրորեք, խառնեք մեղրին (1:1): Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Թեփավոր որքին, խոնավ էկզեմա. սերմը փոշիացրեք, 10 գ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիվով: Եփուկը նախատեսված է արտաքին օգտագործման համար:
Փսորիազ. սերմը տրորեք, 2 ճ.գ.-ը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով ջերմապահում: Թրջոց դրեք, անընդհատ թարմացրեք: Ազդեցիկ միջոց է, թեթեւացնում է վիճակը: Կամ.
-Փոշիացրած սերմը 24 ժամ թրմեք երեսնակ բժշկականի գոլ յուղամզվածքում: Նախատեսված է արտաքին օգտագործման համար, կանխարգելում է հիվանդության սրացումը:
Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. սերմը՝ 1-2 գ կամ 10-20 գ թարմ խոտը, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-2 ճ.գ. , օրը 2-3 անգամ:
Սպիտակաթորանք. 40 գ թարմ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ սառը ջրում, զտեք հյութը, ավելացրեք 2 ձվի սպիտակուց: 2-3 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա, ընթացքում խառնեք: Խմեք փոքր չափաբաժիններով` 1օրվա ընթացքում: Շարունակեք 10 օր:
Արթրիտ. թարմ խոտը՝ 1ճ.գ., լցրեք 200 մլ սառը ջրի մեջ, 10 րոպե եռացրեք: Փակ տարան փաթաթեք սրբիչով, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ: Օգտակար է նաեւ այտուցվածությամբ ուղեկցվող երիկամների հիվանդությունների, ցավոտ միզարձակության ժամանակ; Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսաբորբ, կոլիտ. չոր խոտը՝ 1 ճ.գ., լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եռացրեք, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Առնականության անկում. չոր խոտը՝ 1 ճ.գ., 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:
Դանդուռի թարմ հյութի կիրառման ոլորտը
Նեֆրիտ, պիելոնեֆրիտ, ցիստիտ, տրիխոմոնոզ, դիզինտերիա, սուսանակ, սիֆիլիսի հետեւանքով առաջացած հոդաբորբ, միջատների ու օձերի խայթոց. հյութը ստանում են բույսի վերգետնյա մասից, խմում են թարմ վիճակում՝ 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Թունավորում. հյութը լուծեք եռացրած, գոլ, չոր գինու մեջ (1:5): Խմեք 20-ական մլ, օրը 3 անգամ:
Թութք. 2 թ.գ. հյութը լուծեք 2 թ.գ. գոլ, զտված ջրում: Թրջոց դրեք՝ օրը 1-2 անգամ:
Արյունոտ խորխ. խմեք 2-ական թ.գ., օրը 3-4 անգամ:
ԶԳՈւՇԱՑՈւՄ
Խորհուրդ չի տրվում ուտել օրական ավելի քան 100-150 գ: Դանդուռի մեջ պարունակվող նորադրենալինն արագացնում է սրտի ռիթմը, նեղացնում է արյունատար անոթները, բարձրացնում է ճնշումը: Հակացուցված է առիթմիայի, հիպերտոնիկ հիվանդության, հաճախակի կրկնվող ջղակծկումների դեպքերում: Խորհրդակցեք բժշկի հետ:
Գեղարարություն` դանդուռով
Պաշտպանում է մաշկը ծերացումից, վերացնում է մանր կնճիռներն ու կանխարգելում դրանց առաջացումը: Սնուցում է մաշկը, բարձրացնում մկանների տոնուսը, նեղացնում ծակոտիները, մաքրում է ցանը:
Սնուցող դիմակ. տրորած թարմ տերեւը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. թթվասերի ու 4 ճ.գ. փափուկ կաթնաշոռի հետ: Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին: 15 րոպեից լվացեք երիցուկի կամ մաղադանոսի թուրմով: Չորանալուց հետո մշակեք մաշկը խոնավեցնող քսուկով:
Չոր մաշկ. տերեւը՝ 2ճ.գ., խառնեք 1-ական թ.գ. ձիթապտղի յուղի ու գոլ մեղրի հետ: Պահեք 10-15 րոպե, դեմքը մաքրեք կանաչ թեյի թուրմի մեջ թրջած խծուծով, լվացվեք:
Նորմալ կամ ճարպոտ մաշկ. տերեւը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. վարսակի շիլային: Պահեք 15 րոպե, դեմքը լվացեք գոլ ջրով:
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն