Սալուտեմ 4.2021
Մրգային չրեր. ամառային էներգիա ամբողջ տարին. Սալուտեմ ամսագիր №4
Չրերը վաղուց արդեն դարձել են մեր սննդի անբանժան մասը, սիրված քաղցրավենիք։ Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ջրազրկված այս պտուղները լայն կիրառում ունեն սննդի մեջ թե՛ որպես հրաշալի այլընտրանք, թե՛ որպես առանձին ուտեստ։
Չրերի առաջացման համար մարդկությունը պարտական է կանանց, որոնք հնագույն ժամանակներում հավաքում էին հատապտուղներ, մրգեր, անտառային այլ բարիքներ, չորացնում դրանք և պահում հետագա օգտագործման համար։ Չորացրած մրգերի շնորհիվ մարդիկ ամողջ տարին սննդի միջոցով վիտամիններ և հանքանյութեր են ընդունում։
Չրերը չորացված մրգեր կամ հատապտուղներ են՝ 20% մնացորդային խոնավությամբ։ Դրանք չորացվում են բնական ճանապարհով (արևի տակ) կամ արդյունաբերական եղանակներով (ջրազրկիչի կամ հատուկ չորանոցների օգնությամբ)։
Չրերն ամբողջ տարին ապահովում են ամռան էներգիա
Չրերը մարդուն անհրաժեշտ օգտակար նյութերի պահեստ են, ընդ որում, մրգի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը։
Չրերի էներգետիկ արժեքն է. սպիտակուցներ՝ 2,8 գ, ճարպեր՝ 0 գ, ածխաջրեր՝ 51,3 գ։ Կալորիականությունը թարմ մրգերի համեմատ բարձր է, քանի որ 100 գ թարմ մրգից ստացվում է մոտավորապես 20-40 գ չիր։
Չրերի օգտակարությունը
Չորացրած մրգերը մոտավորապես 3,5 անգամ ավելի շատ բջջանք, հանքանյութեր, կարոտին, В խմբի վիտամիններ են պարունակում, քան թարմ մրգերը։ Դրանք բոլորը շատ կարևոր են սրտի, նյարդային համակարգի և մկանների նորմալ աշխատանքի համար։ Գրեթե բոլոր մրգերում կան երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր։ Չրերում պարունակվող կալցիումն ամրացնում է մազերը, եղունգները և ոսկրերը։ Մագնեզիումը և կալիումն օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգի համար։ Երկաթը բարելավում է արյունաստեղծման գործընթացները։
Չրերի օգտակարությունը պայմանավորված է նաև նրանցում առկա վիտամիններով, որոնց խտությունը չորացման ընթացքում ավելանում է (բացառությամբ վիտամին С-ի)։ Առավել օգտակար են չրերում առկա B խմբի վիտամինները, հակաօքսիդանտները, հատկապես` պոլիֆենոլները։
Չրերը դրական ներգործություն ունեն մարսողական համակարգի վրա. մաքրում են աղիները, պայքարում են փորկապության և ստամոքսի բարձր թթվայնության դեմ՝ ստամոքսի պատերը պատելով պաշտպանիչ շերտով: Չրերը խթանում են ո՛չ միայն մարսողությունը, այլ նաև նյութափոխանակությունը։
Չրերը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը, օգնում են ձերբազատվել նյութափոխանակության արգասիքներից, նվազեցնել «վատ» խոլեսթերինի մակարդակը, նպաստում են վիրահատությունից կամ հիվանդությունից հետո վերականգնմանը, հանգստացնում նյարդերը և այլն։
Բնական քիմիական միացությունները՝ հակաօքսիդանտները, օրգանիզմը պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից և բարձրացնում են իմունիտետը։
Չրերից շատերն օժտված են միզամուղ և լուծողական ազդեցությամբ։
Ի՞նչ քանակությամբ կարելի է չիր ուտել
Չիրը շատ խտացված մթերք է, ուստի պետք է քիչ ուտել։ Խորհուրդ է տրվում օրական ուտել մինչև 300 գրամ չիր՝ ոչ միանգամից, այլ բաժանելով մի քանի մասի։
Հիշե՛ք. 300 գրամն օրվա ամբողջ չափաբաժինն է։ Խառնուրդներ կազմեք` ըստ ճաշակի։ Նախքան չրերի կիրառելը պետք է քննարկել բժշկի հետ, հատկապես, եթե արյան մեջ բարձր է շաքարի պարունակությունը կամ առկա են ստամոքսաղիքային ուղու հետ կապված խնդիրներ։
Հիշեցում
- Չրերից պետք է հրաժարվեն սննդային ալերգիա ունեցողները:
- Շաքարային դիաբետ և ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է չչարաշահեն չրերը, քանի որ դրանք շատ կալորիական են, կամ պետք է ուտեն ցածր գլիկեմիկ ինդեքսով չրեր (թզի չիր, ծիրանաչիր, սալորաչիր):
- Չրերը բացասաբար են ազդում բերանի խոռոչի և ատամների վրա. ուտելուց հետո մանրէները սկսում են արագ բազմանալ, ինչին նպաստում է նաև չրերում շաքարի բարձր պարունակությունը:
- Ստամոքսի խոցի դեպքում արգելվում է չրերի կիրառումը, քանի որ կարող են նպաստել լուծի առաջացմանը:
- Հղիները և կերակրող մայրերը պետք է չիր ուտեն սահմանափակ քանակությամբ:
- Ստամոքսաղիքային ուղու խնդիրների դեպքում նախ-ընտրելի են չորացրած բանանը, չամիչը, սեխը, կիվին և պապայան:
- Կարևոր է հիշել, որ սալորը, տանձը և ծիրանը լուծողական միջոցներ են։
Խոշաբ՝ չրերից կոմպոտ
Չրերից պատրաստված կոմպոտը՝ խոշաբը, օգնում է պայքարել ավիտամինոզի դեմ։ Այն սովորական կոմպոտից ավելի օգտակար է, ավելի շատ վիտամիններ և միկրոտարրեր է պարունակում, քանի որ չորացրած մրգերը չեն եփում, այլ թրմում են։
Չորացրած խնձորից և տանձից պատրաստած կոմպոտները կիրառում են լյարդի և երիկամների հիվանդությունների, գաստրիտի և մարսողական օրգանների այլ խանգարումների ժամանակ:
Ինչպես ճիշտ ընտրել չրեր
Արտաքին տեսքը։ Լավ մթերքը պետք է կնճռոտված և խունացած լինի. դա նշանակում է, որ արտադրողը հետևել է չորացման տեխնոլոգիային։ Այդպիսի չրերից պատրաստված ուտեստները ունեն հագեցած և բնական համ։ Չրերի վառ գույնը նշանակում է, որ այն մշակել են ծծմբի դիօքսիդով։
Կորիզով կամ անկորիզ։ Նախընտրելի են կորիզով չրերը. նրանցում մեծ քանակությամբ օգտակար նյութեր կան և ավելի հյութեղ են։ Նաև` եթե չամիչը պոչիկներով է, նշանակում է չորացման ժամանակ նրանից հյութ չի արտահոսել։
Շոշափե՛ք։ Չիր գնելիս, հնարավորության դեպքում, համոզվեք, որ մթերքը փափուկ է. Դա վկայում է, որ խոնավությունն աստիճանաբար է դուրս բերվել. այդպիսի չրերը չեն մշակվել բարձր ջերմաստիճանով և պահպանել են իրենց օգտակար հատկությունները։
Կարդացե՛ք պիտակը: Շատ չրեր պարունակում են «ավելացված» շաքար՝ հյութերի, օշարակների կամ ամենասովորական շաքարի տեսքով: Իրականում, չրերը շաքարի կամ գլյուկոզայի կարիք չունեն: E220-ի առկայությունը նշանակում է, որ չորացրած մրգերը մշակվել են ծծմբի երկօքսիդով, E524-ի առկայությունը՝ նատրիումի հիդրօքսիդով կամ կաուստիկ սոդայով:
Ստուգում ենք պիտանելիության ժամկետը։ Քաշով վաճառվող չրերի համար այն տատանվում է 6 ամսից մինչև 1 տարի, փաթեթավորվածի դեպքում՝ 8 ամսից մինչև 2 տարի։ Որքան երկար է պահպանման ժամկետը, այնքան ավելի շատ քիմիական հավելումներ են օգտագործվել չրերի պահպանման համար։
Ընտրում ենք փաթեթավորումը։ Թույլատրելի են թըղթե և բամբակե գործվածքից տոպրակները, որոնք «շնչում» են։ Միևնույն ժամանակ, դրանցում չրերի փափուկ են մնում, ու քաշի կորուստ տեղի չի ունենում։
Ստուգեք տոպրակի մեջ խոնավության առկայությունը։ Չրերի տոպրակում պետք է կոնդենսատ չլինի։ Վերջինս վկայում է, որ շինության մեջ խախտվել է ջերմային կամ խոնավության ռեժիմը։ Նույնիսկ աննշան բորբոսով չրերը պետք է դեն նետել. բորբոսը չրերի վրա առավել կայուն է։
Ինչպե՞ս պահպանել չրերը տնային պայմաններում
Գնելուց հետո չրերը անպայման դատարկեք տոպրակից և լցրեք ամուր կափարիչով ապակե տարայի (ամենահուսալի տարբերակ) կամ բնական գործվածքից տոպրակի մեջ։ Մրգերի օգտակար հատկությունները հնարավորին երկար պահելու համար դրանք տեղադրեք չոր, մութ տեղում՝ սենյակային ջերմաստիճանում:
Չրերը սառնարանում պահելը վտանգավոր է. խոնավությունը և այլ ապրանքներին մոտ լինելը կարող են նպաստել բորբոսի առաջացմանը: Հնարավոր բորբոսի առաջացումը կանխելու համար կարելի է մթերքը մշակել աղային լուծույթով՝ 20 գ /1 լ հարաբերակցությամբ: Կարևոր նախապայման է չրերն առանձին-առանձին պահելը։
Պոչիկներով մրգերը, ինչպիսիք են սալորաչիրը կամ չամիչը, կարելի է ավելի երկար պահել։
Որպեսզի միջատներ չհայտնվեն մթերքի մեջ, կարելի է տոպրակի մեջ անանուխի կամ ռեհանի չորացրած ճյուղ դնել. դրանց հոտը վանում է միջատներին:
Ժամանակի ընթացքում քաղցր մրգերից պատրաստած չրերը (չամիչ, արմավ), կարող են «շաքարակալել». գլյուկոզան բյուրեղանում է կեղևի տակ, ինչը չի ազդում դրանց որակի վրա։
Այս կանոնների պահպանման դեպքում չրերը տնային պայմաններում կարելի է պահել 6 ամսից մինչև 1 տարի։
Ինչպես ճիշտ լվանալ չրերը
Որքան էլ վստահ լինեք, որ չրերը որակյալ են, ուտելուց առաջ դրանք պետք է անպայման մանրակրկիտ լվանալ։ Չրերը դրեք մեծ կաթսայի կամ տարայի մեջ, վրան լցրեք սենյակային ջերմաստիճանի եռացրած կամ ֆիլտրած ջուր այնքան, որ մրգերն ազատ լողան։ Այդ ընթացքում դրանք մի փոքր կփափկեն, իսկ ամբողջ փոշին կնստի տարայի հատակին։ Թրջելուց հետո չրերը խնամքով լվացեք հոսող ջրով։
Չրերի տեսակները
Չրերը կարող են իսկական դեղամիջոց դառնալ շատ հիվանդությունների դեպքում։ Նախքան բուժական նպատակով կիրառելը պետք է ուսումնասիրել ցուցումները և հակացուցումները, հաշվի առնել այլ սննդամթերքի հետ դրանց համատեղելիությունը։
Առավել տարածված մրգային չրերի բուժական նշանակությունը
Ծիրան
Որպես սննդարար և ընդհանուր կազդուրող միջոց օգտակար է հղիների, երեխաների և տարեցների համար։
Բուժական նշանակությունը
- կանխում է սակավարյունությունը և պայքարում վերջինիս դեմ,
- նվազեցնում է անոթների հետ կապված ռիսկերը և դրանց խցանումը,
- նշանակվում է սրտային անբավարարության, ռիթմի խանգարումների, կրծքային հեղձուկի ժամանակ, սըրտամկանի սուր ինֆարկտից հետո, նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը,
- նպաստում է տեսողության լավացմանը,
- բարելավում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, մարսողությունը, օրգանիզմը մաքրում է թույներից և արգասիքներից,
- օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար, բարձրացնում է իմունիտետը, կանխում է մաշկի ծերացումը,
- ամրացնում է ոսկրերը։
Թուզ
Որքան մանր են պտուղները, այնքան համեղ է միրգը։ Թզի չիրը մյուս չրերից ավելի շատ կալցիում է պարունակում: Մեկ բաժակ թարմ պտուղն օրգանիզմին տալիս է 170 մգ կալցիում։ Թզի չիրը նաև մյուս չրերից ավելի շատ ֆրուկտոզա է պարունակում։ Այն իդեալական սնունդ է օրգանիզմի, մասնավորապես՝ ուղեղի համար ։
Բուժական նշանակությունը
- կաթի հետ թզի չրի թուրմն օգնում է ազատվել տանջող չոր հազից,
- ցուցված է վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ,
- սկզբնական փուլում օգնում է ազատվել լնդերի բորբոքումից և ստոմատիտից,
- թուրմը խորհուրդ է տրվում կիրառել սակավարյունության ժամանակ,
- շոգեխաշած թուզը (քաղցած ժամանակ ուտելիս), ինչպես դդմի հում սերմերը, օժտված է հակաճիճվային հատկություններով,
- օգտակար է միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող տղամարդկանց, լավ է ներգործում սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ,
- օգնում է միգրենի դեմ պայքարում,
- կալիումի հսկայական քանակը կանխում է ցնցումային վիճակները,
- ցուցված է էպիլեպսիայի և վեստիբուլյար համակարգի աշխատանքի խանգարումների ժամանակ,
- կարող է թեթևացնել սրտխառնոցի նոպաները, որոնք առաջանում են տրանսպորտով ճամփորդելիս,
- նպաստում է մտավոր գործունեության բարելավմանը,
- օգնում է վարակի դեմ պայքարում,
- օգտակար է նորագոյացությունների դեմ պայքարում,
- անփոխարինելի միջոց է վիրահատությունից և հիվանդությունից հետո վերականգնվելու համար,
- օգնում է բերանի խոռոչի բորբոքումների ժամանակ։
Սալորաչիր
Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնց օգտակարությունն օրգանիզմի համար դժվար է գերագնահատել. ամրացնում են իմունիտետը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը անբարենպաստ էկոլոգիական միջավայրում, ունի թունազերծող ազդեցություն ծանր մետաղների աղերի նկատմամբ և օժտված է ազատ ռադիկալները կլանելու յուրահատկությամբ։
Բուժական նշանակությունը
- կարող է բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը,
- խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, երիկամների հիվանդությունների, ռևմատիկ դրսևորումների ժամանակ,
- ցուցված է չարորակ և բարորակ նորագոյացությունների կասկածի դեպքում,
- թեթև միզամուղ և հակաբորբոքիչ միջոց է,
- ազդում է որպես լուծողական և խորհուրդ է տրվում ստամոքսի և աղիների գործառույթների խանգարումների ժամանակ,
- իջեցնում է արյան ճնշումը,
- օժտված է լեղամուղ հատկություններով, ամրացնում է իմունիտետը և հանգստացնում նյարդերը,
- օրգանիզմն ապահովում է կալցիումով՝ ոսկրերի ամրացման համար։
Խնձորի և տանձի չրերի օգտակարությունը
Այս մրգերը զգալիորեն նպաստում են օրգանիզմից ծանր աղերի հեռացմանը։ Այս փաստի շնորհիվ դրանք կիրառվում են քաշի կայունացմանն ուղղված սննդակարգերի մեջ։ Կանխում են նաև մրսածությունը, էնդոկրին համակարգի և սրտի հիվանդությունները։ Դրանց օրական չափաբաժինը պետք է կազմի առավելագույնը 100 գրամ։
Բուժական նշանակությունը
Խնձորի չրի կոմպոտը ցուցված է բուժական սննդում` մարսողական խանգարումների ժամանակ, ինչպես նաև միզարձակման խանգարումների, երիկամներում և միզածորաններում ավազի առկայության դեպքում:
- Պայքարում է երկաթի անբավարարության դեմ, պահպանում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, խթանում է արյունաստեղծման գործընթացը,
- օրգանիզմը պաշտպանում է շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից,
- աղիներում ապահովում է օպտիմալ միկրոֆլորա, կարող է թեթևացնել քաղցի զգացումը,
- օգտակար է երիկամների և վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ,
- բարելավում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմի բջիջների նորացմանը,
- բարելավում է մազերի և մաշկի վիճակը,
- նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Տանձը նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը,
- պարունակում է չլուծվող բջջանք, որը խթանում է մարսողական համակարգի պատերի կծկողականությունը,
- ոչնչացնում է վնասակար միկրոօրգանիզմները,
- կայունացնում է արյունաստեղծման գործընթացները,
- նվազեցնում է աղիներում ռադիոնուկլիդների և թույների կուտակումը, ինչի շնորհիվ վերանում են ինտոքսիկացիան, գլխացավերը և այլ տհաճ զգացողություններ,
- օժտված է տոնուսավորող հատկությամբ, նյարդային համակարգի վրա ցուցաբերում է հանգստացնող ազդեցություն, բարելավում է տրամադրությունը, նվազեցնում է սթրեսը,
- օգտակար է ենթաստամոքսային գեղձի, միզատար ուղիների աշխատանքի խանգարումների ժամանակ։
Բալ
- Եփուկն օգնում է դիմակայել մրսածությանը, պայքարել սեզոնային ավիտամինոզի դեմ,
- քաշը նվազեցնելու սննդակարգի մեջ կիրառվում է որպես քաղցրավենիք,
- ցուցված է սակավարյունության, բարորակ ուռուցքների, տրոֆիկ խոցերի, մարսողության խանգարման, արյան ցածր մակարդելիության ժամանակ։
Արմավ
Ցուցված է էնուրեզի դեպքում, ճիճվակրության ժամանակ։ Բուժական ազդեցություն ունի խոլեցիստիտի, էնտերոկոլիտի, դիզենտերիայի ժամանակ։
Սեխ
Ցուցված է փորկապությունների և մարսողական խանգարումների ժամանակ, սակավարյունության, երիկամային ավազանների բորբոքման ժամանակ, օգնում է ազատվել միզածորանի ավազից, թեթևացնում է վիճակը թութքի ժամանակ։
Հոն
Այս չրից կոմպոտը ցուցված է իմունիտետի անկման, այրոցի, ճարպակալման ժամանակ։ Խորհուրդ են տալիս խմել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակով երեխաներին։ Այս հատապտուղների թուրմը ցուցված է դիաբետիկներին։
Սերկևիլ
Այս պտուղների եփուկը խորխամուղ է։ Սերկևիլի կոմպոտը հրաշալի հակափսխումային միջոց է։ Քիչ քանակությամբ ըմպելիքը, քնելուց առաջ, վանում է մղձավանջները և անքնությունը։ Սննդակարգին հետևող մարդիկ կարող են սերկևիլի կոմպոտ խմել և շոգեխաշած չրեր ուտել։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...
Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...
Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...
Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...
Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...
Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...
Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...
Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...
Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...
2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն