Երեխա Դիսպեպսիա
Ներկայումս ընդունված է դիսպեպսիաներ անվանել մինչև մեկ տարեկան երեխաների ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիոնալ բնույթի սուր հիվանդությունները։ Վինդերհոֆերը դեռևս XIX դարում` առաջարկելով «դիսպեպսիա» տերմինը, նկատի է ունեցել այնպիսի հիվանդությունները, որոնք փսխման և լուծի ձևով են արտահայտվել, բայց չեն ընթացել ախտակազմաբանական փոփոխություններով։
Դիսպեպսիաներն առաջանում են ստամոքս-աղիքային համակարդում առկա սննդի քանակին և որակական կազմին ներկայացվող պահանջի ու այդ սնունդը մարսելու ունակության միջև եղած անհամապատասխանության հետևանքով։
Դիսպեպսիաների առաջացումը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ բացատրվում է այդ տարիքում նրանց մարսողության առանձնահատկություններով։ Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ մարսողական պրոցեսների մեծ ուժգնություն է նկատվում, քանի որ օրգանիզմի բուռն աճի և զարգացման պատճառով երեխան յուրաքանչյուր 1 կգ քաշի դիմաց պետք Է ստանա սննդի ավելի մեծ քանակություն, քան մեծահասակը։ Բացի դրանից, ստամոքսահյութը, ենթաստամոքսային գեղձի և աղիքային նյութերը` հարմարված լինելով մարսելու միայն կրծքի կաթը, բնականաբար, այլ սննդանյութերի մարսման համար սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ ունեն։
Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ դիսպեպսիաների ի հայտ գալը կապված է նաև նրանց ստամոքս-աղիքային համակարգի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Վաղ մանկական տարիքի երեխաների աղիքների լորձաթաղանթը հարուստ է արյան անոթներով, որոնք աչքի են ընկնում իրենց նրբությամբ և բարձր թափանցելիությամբ։ Այդ իսկ պատճառով էլ մարսողության խանգարման ժամանակ սննդի ոչ լրիվ տարրալուծման հետևանքով առաջացած թունավոր արգասիքները հեշտությամբ են ներթափանցում արյան մեջ և առաջ են բերում ընդհանուր թունավորման երևույթներ։
Այդ բանին որոշ չափով նպաստում է նաև լյարդի թերզարգացած, ֆունկցիոնալ վիճակը, տվյալ դեպքում նաև նրա հակաթունային հատկության սահմանափակությունը։
Վաղ մանկական տարիքի երեխաների դիսպեպսիաների առաջացմանը նպաստում են նաև մի շարք այլ գործոններ, որոնք պատճառ են դառնում ինչպես օրգանիզմի ընդհանուր, այնպես էլ, մասնավորապես, ստամոքս-աղիքային համակարգի ռեակտիվականության խանգարմանը։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են ռախիտը, հիպոտրոֆիան, էքսուդատիվ դիաթեզը և այլն։ Ինքնին հասկանալի է, որ դիսպեպսիաների նկատմամբ առանձնահատուկ հակում ունեն արհեստական սնուցում ստացող երեխաները։
Խոսելով դիսպեպսիաների առաջացման պատճառների մասին, պետք է նշել նաև գերտաքացման դերը որպես մի գործոնի, որը նպաստում է ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիայի խանգարմանը և դիսպեպսիաների զարգացմանը ինչպես տարվա շոգ եղանակներին, այնպես էլ երեխայի ոչ ճիշտ խնամքի դեպքում, երբ նա գտնվում է շատ տաք սենյակում, չափազանց շատ է փաթաթվում և այլն։
Շատ հաճախ դիսպեպսիաների առաջացման պատճառ են սննդային զանազան գործոնները։ Առաջին հերթին դրանք վերաբերում են սնուցման ռեժիմի խախտումներին և մասնավորապես` երեխայի գերկերակրմանը ինչպես հաճախականության, այնպես էլ քանակի առումով։ Լրացուցիչ կամ հավելյալ սննդի նշանակումը` մեծ քանակությամբ և երեխայի համար անսովոր սննդատեսակի ձևով, դիսպեպսիաների առաջացման հիմնական պատճառներից մեկն է։ Դիսպեպսիաների առաջացման գործում մեծ դեր ունեն նաև սննդային առանձին բաղադրամասերի չարաշահումները։ Այսպես, դիսպեպսիա կարող է առաջանալ մեծ քանակությամբ ճարպեր, ածխաջրեր կամ սպիտակուցներ տալու դեպքում, այլ կերպ ասած, սննդի որակական անհամապատասխանության ժամանակ։
Ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով խախտվում է երեխայի ողջ մարսողական պրոցեսը։ Տեղի է ունենում սննդանյութերի ոչ լրիվ տարրալուծում, որը նպաստում է ստամոքս-աղիքային համակարգում թունավոր նյութերի կուտակմանը։ Ուժեղանում են նեխման և խմորման պրոցեսները։ Այս բոլորը նպաստավոր միջավայր են ստեղծում աղիքային մանրէների բազմացման համար։ Սկզբում տեղի է ունենում մանրէների արագ աճ, իսկ հետո նրանք հաստ աղիքից անցնում են բարակ աղիքների վերին հատվածները և նույնիսկ` ստամոքս։ Ֆերմենտատիվ մարսողությանը միանում է նաև մանրէականը, որը պատճառ է դառնում սննդի ոչ լրիվ տարրալուծման հետևանքով գոյացող թունավոր արգասիքների ավելի մեծ կուտակմանը։ Վերջիններս, բնականաբար, գրգռում են աղիքների լորձաթաղանթը և ուժեղացնում նրանց գալարակծկանքը (պերիստալտիկան)։
Մարսողության սուր խանգարումներն, ըստ կլինիկական արտահայտության, բաժանվում են երկու խմբի`
- ոչ թունավոր կամ հասարակ լուծ
- թունավոր լուծ (թունավոր դիսպեպսիա)։
Հասարակ լուծ։ Կլինիկայի հիմքում ընկած են ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարման ախտանիշները։ Ինչպես ցույց է տալիս հիվանդության անվանումը, հասարակ լուծն ընթանում է առանց ընդհանուր թունավորման արտահայտված երևույթների։
Հիվանդությունը հաճախ սկսվում է փսխումով, որին միանում է նաև լուծը։ Խմորման պրոցեսների ուժեղացման հետևանքով աղիքներում գազեր են կուտակվում, առաջ է գալիս փքվածություն (մետեորիզմ): Երեխան դառնում է անհանգիտ` լաց է լինում, ոտքերը կծկում։ Փսխած զանգվածը թթու հոտ և ռեակցիա է ունենում։ Լեզուն լինում է թեթև փառակալված, ախորժակը՝ վատ, փորը՝ փքված։
Աղիքների լորձաթաղանթի գրգռման հետևանքով կղանքում հայտնվում է թափանցիկ լորձ, կղանքային զանգվածը սպիտակ գուղձերով կանաչ երանգ է ունենում։ Կղման հաճախականությունը մեկ օրվա մեջ հասնում է 8-10 անգամի։ Ջերմությունը, որպես կանոն, նորմալ է։
Քանի որ հիմքերն արագ ծախսվում են թթուների կապման և չեզոքացման վրա, օրգանիզմում թեթև արտահայտված ացիդոզ է առաջանում, որը առողջացման շրջանում արագ վերանում է։
Բուժումը։ Անհրաժեշտ է առաջին հերթին երեխայի օրգանիզմն ազատել աղիքներում կուտակված սննդի ոչ լիարժեք քայքայման արգասիքներից և ապա պայմաններ ստեղծել ստամոքս-աղիքային համակարգի խնայողական գործունեության համար։
Այդ նպատակով նշանակվում է 1-2 թեյի գդալ գերչակի յուղ (ցավոք, պետք է նշել, որ գերչակի յուղը մոռացության է մատնվել)։
Ստամոքս-աղիքային համակարգի մաքրման և նրա ֆունկցիայի խնայման նպատակով նշանակվում է ջրի և թեյի դիետա` 6-8 ժամ տևողությամբ։ Երեխան այդ ժամանակամիջոցում պետք է միայն հեղուկներ ստանա (1 կգ զանգվածին՝ 130-150 մլ հաշվով)։ Տրվում է թեթև քաղցր թեյ, 5%-անոց գլյուկոզայի կամ Ռինգերի լուծույթներ։ Ստամոքսի լորձաթաղանթը չգրգռելու և փսխումը չուժեղացնելու նպատակով հեղուկները պետք է տրվեն փոքր բաժիններով, բայց հաճախ` 1-2 թեյի գդալ, յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ անգամ։
Գազերի կուտակման հետևանքով առաջացած անհանգստության դեպքում կարելի է երեխայի որովայնին դնել չոր կոմպրես, տալ գազամուղներ (սամիթի ջուր, երիցուկի թուրմ), գործածել գազահան խողովակ։
Ջրաթեյային դիետայից հետո երեխային սնունդ է տրվում։ Հաճախ ճիշտ նշանակված առաջին կերակրումից է կախված հիվանդության հետագա ընթացքը և ելքը։ Տրվող սնունդը չպետք է աղիքները մեխանիկական կամ քիմիական գրգռման ենթարկի։ Հյութազատական պրոցեսներում չպետք է լարվածություն առաջացնի և, վերջապես՝ պետք է լավ ներծծվի ու յուրացվի, չպետք է առաջացնի մեծ քանակությամբ խարամային (շլակային) նյութեր:
Եթե երեխան սնվում է բնական ձևով, ապա ջրաթեյային դիետայից հետո պետք է նշանակել կրծքով կերակրում, բայց անպայման սահմանափակել կերակրման տևողությունը։ Եթե մայրը չի կարողանում կրճատել կերակրման տևողությունը, ապա պետք է խորհուրդ տալ, որ նա կաթը կթի և յուրաքանչյուր կերակրման ժամանակ տա 50 մլ կաթ։ Սննդի ծավալի պակասը լրացվում է հեղուկներով, որոնք տրվում են խմելու ձևով։ Կաթի քանակի նման սահմանափակումը տևում է 2-3 օր։ Այդ ընթացքում հանվում է նաև հավելյալ սնունդը։ Եթե Երեխան ստանում է խառը սնունդ, ապա նրա լրացուցիչ սնունդը պետք է հանվի և նշանակվի միայն կրծքի կաթ` վերը նշված ձևով։ Եթե երեխայի ընդհանուր վիճակը լավանում է, փսխումը դադարում է, կղանքը կանոնավորվում է, սկսած 3-4-րդ օրից, կարելի է տալ նաև լրացուցիչ սնունդ։ Նշանակվում են հիմնականում թթու խառնուրդներ՝ կեֆիր, նարինե, ացիդոֆիլային կաթ, ինչպես նաև ացիդոֆիլային այլ հարմարեցված կծքին փոխարինող կաթեր։
Եթե երեխան սնվում է արհեստական ձևով և մինչև 6 ամսականը հիվանդանում է հասարակ լուծով, ցանկալի է նշանակել դոնորական կրծքի կաթ։ Հատկապես նպատակահարմար է կրծքի կաթը տալ սնուցման քրոնիկական խանգարումներով տառապող երեխաներին։ Եթե կրծքի կաթ չկա, ապա ջրաթեյային դիետային հաջորդող ընդմիջումից հետո առաջին օրը նշանակվում է կաթնաթթվային խառնուրդներ՝ աստիճանաբար ավելացնելով նրանց խտությունն ու քանակը։
Նկատի ունենալով ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիայի խանգարումները, հիվանդության 2-րդ օրը երեխային կարելի է տալ ֆերմենտներ, 1%-անոց աղաթթվի լուծույթ՝ պեպսինի հետ։ Անհրաժեշտ է բուժել նաև ուղեկցող հիվանդությունները։
Թունավոր լուծ (տոքսիկ դիսպեպսիա): Ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարման ծայրագույն արտահայտություններից է։
Թունավոր լուծը կարող է լինել հասարակ լուծի զարգացման հետագա փուլը, բայց կարող է զարգանալ և ինքնուրույն։ Բոլոր դեպքերում դա լուծի ծանր, դեկոմպենսացված ձևն է, որը բնականաբար պետք է հաջորդի հիվանդության կոմպենսացված փուլին։ Եթե կոմպենսացված փուլը կարճատև է և կլինիկորեն չի ընթանում հասարակ լուծի ձևով, ապա այդպիսի դեպքերում խոսվում է թունավոր լուծի ինքնուրույն զարգացման մասին։ Մեծ մասամբ թունավոր լուծը հասարակ լուծի շարունակությունն է։ Բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են հասարակ լուծի առաջացմանը, կարող են նաև թունավոր լուծի պատճառ հանդիսանալ։
Ինչպիսի՞ հանգամանքներ են նպաստում այդպիսի լուծի, թունավոր սիմպտոմոկոմպլեքսի առաջացմանը։
- Թունավոր լուծը հաճախ առաջանում է օրգանիզմի թույլ ռեակտիվականություն ունեցող, մարսողության քրոնիկական խանգարումներով, էքսուդատիվ դիաթեզով, ռախիտով կամ այլ հիվանդություններով տառապող, ինչպես նաև զանազան հիվանդություններից ապաքինվող երեխաների մոտ։
- Հիվանդության նկատմամբ մեծ հակում են ցուցաբերում հատկապես այն երեխաները, որոնք սնվում են ոչ ռացիոնալ, լինի դա բնական, թե արհեստական ձևով։
- Թունավոր լուծի առաջացմանը նպաստում են նաև արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները՝ տարվա շոգ եղանակը, վատ խնամքը և այլն։
- Թունավոր լուծը կարող է զարգանալ հասարակ լուծի ոչ ժամանակին և ոչ լիարժեք բուժման հետևանքով։
- Ստամոքս-աղիքային համակարգի ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ վարակային բնույթի հիվանդությունների դեպքում թունավոր համախտանիշի առաջացման գործում որոշակի դեր կարող է ունենալ նաև ալերգիկ կոմպոնենտը։ Ստամոքս-աղիքային համակարգի ալերգիկ ռեակցիան կարող է նպաստել ինչպես թունավոր լուծի առաջացմանը, այնպես էլ նրա ծանր արտահայտվածությանը։
Թունավոր լուծը, հասարակի հետ համեմատած, երեխայի օրգանիզմի որակապես բոլորովին այլ ռեակցիա է։ Դա աղիքային տոքսիկոզի այն ձևն է, որի դեպքում հիվանդի վիճակի ծանրությունը ուղիդ համեմատական է օրգանիզմի ջրազրկման արտահայտվածության աստիճանին։ Վերջինս հիմք է տալիս դիսպեպսիայի այս ձևն անվանել ջրազրկմամբ ընթացող աղիքային տոքսիկոզ՝ էքսիկոզով։ Կլինիկան և բուժումը։ (Տե՛ս «Տոքսիկոզ էքսիկոզով»)։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն