Մանկական հիվանդություններ
Շաքարախտ
Երեխաների ներզատական հիվանդություններից ամենատարածվածն է։ Այն համարվում է բժշկասոցիալական պրոբլեմ, քանի որ շաքարախտով հիվանդների մոտ 20%-ը կազմում են մինչև 10 տարեկան երեխաները:
էթիոլոգիան։ Այս հարցում նշանակություն էն տալիս ժառանգականությանը, հոգեկան և ֆիզիկական վնասվածքներին, մանկական սուր վարակային հիվանդություններին, գերսնմանը և ինսուլինի հանդեպ օրգանիզմի հյուսվածքների զգայնության իջեցմանը։
Հիվանդությունը հաճախանում է 6-13 տարեկանում, երբ ավելանում և ակտիվանում են ինսուլինի հանդեպ օրգանիզմի պահանջները։
Պաթոգենեզը։ Կապված է ենթաստամոքսային գեղձի ինսուլին ներզատող B բջիջների քայքայման կամ նրանց ֆունկցիայի անբավարարության հետ։ Կարևոր դեր ունեն նաև կորտիկոտրոպ, սոմատոտրոպ, թիրեոիդային հորմոնների ու գլյուկոկորտիկոիդների գերարտադրությունը, կենտրոնական նյարդային համակարգը և ենթաստամոքսային գեղձի գլյուկագոն ներզատող a բջիջների գերֆունկցիան, այլ խոսքով` ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությունը։ Առաջին դեպքում պակասում է ինսուլինի սինթեզն ու սեկրեցիան, իսկ հարաբերական անբավարարության ժամանակ գործում են արտաենթաստամոքսագեղձային մեխանիզմները (ինսուլինի չափից ավելի միացումը սպիտակուցների հետ և անհրաժեշտության դեպքում այդ կապից նրա դժվար անջատվելը, այսինքն՝ արյան մեջ ազատ կամ ակտիվ ինսուլինի պակասելը, ինսուլինազա ֆերմենտով ինսուլինի հավելյալ քայքայումը, ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայնության անկումը և հակամարմինների առաջացումը) ։ Իրականում հարաբերական անբավարարության դեպքում չի պակասում ինսուլինի ոչ սինթեզը և ոչ էլ ներզատումը։
Երեխաները, որպես կանոն, հիվանդանում են ենթաստամոքսագեղձային, այսինքն՝ ինսուլինի թերարտադրության հետ կապված շաքարախտով, որն այլ կերպ կոչվում է ինսուլինազգայուն, «յաբիլ», ինսուլինադեֆիցիտային կամ ինսուլինակախյալ շաքարախտ։
Ինսուլինի պակասությունից խախտվում եննյութափոխանակության բոլոր օղակները, գլյուկոզայի թաւիանցումը բջջաթաղանթներով և նրա յուրացման առաջին իսկ փուլն ու ֆոսֆորիլացումը, որը և նպաստում է ածխաջրերից ճարպերի սինթեզմանը։ Ինսուլինի պակասի և հյուսվածքների կողմից գլյուկոզայի քիչ յուրացման հետևանքով արյան մեջ ավելանում է շաքարի քանակը, որը դիֆուզիայի օրենքի համաձայն ունի նաև փոխհատուցող մեխանիզմ։ Կենտրոնական ռեֆլեքսային մեխանիզմով ավելանում է սպիտակուցներից ու ճարպերից գլյուկոզայի սինթեզը (գլիկոնեոգենեզը), ավելանում գլիկոգենի քայքայումը լյարդում։ Միաժամանակ ուժեղանում է ճարպերի և սպիտակուցների քայքայումը, որը պակասեցնում է օրգանիզմի պահանջների համար ծախսվող էներգիան, քանի որ խանգարված է գլյուկոզայի օքսիդացումն ու յուրացումը։ Օրգանիզմում կուտակվում են ճարպերի օքսիդացման միջանկյալ արգասիքները՝ կետոնային մարմնիկները։ Ճարպային պահեստներից ճարպը դուրս է գալիս և կուտակվում լյարդում, առաջացնելով նրա ճարպային ինֆիլտրացիա ու ստեղծում կետոնային մարմնիկների գոյացման աղբյուր։ Ավելանում է արյան խոլեսթերինը, խախտվում է սպիտակուցային ֆրակցիաների փոխհարաբերությունը, պակասում են ալբումինները, ավելանում B-լիպոպրոտեիդները։ Արյան շիճուկի ինսուլինանման ակտիվության որոշումը հիմք է տվել հանգելու այն մտքին, որ նման դեպքերում ինսուլինն ինակտիվ է և գործ ունենք ինսուլինի հարաբերական անբավարարության հետ՝ կապված ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայնության անկման կամ ռեզիստենտության բարձրացման հետ։
Կլինիկան։ Երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն սկսվում է բուռն և ընթանում է ծանր։ Դա է պատճառը, որ հիվանդներին, այն էլ վաղ տարիքի, հաճախ բժշկի մոտ են բերում արդեն կոմային, նախակոմային կամ ացիդոզային վիճակում։
Երեխաները պահանջ են ունենում շատ ջուր խմելու, լինում է շատամիզություն (հատկապես գիշերային), մարմնի զանգվածը պակասում է, նկատվում է մաշկի չորություն, գերշաքարարյունություն ու շաքարամիզություն։ Հաճախ ախտահատուկ է նաև շատակերությունը։
Մարմնի զանգվածի անկումը կարող է լինել որպես զարգացող հիվանդության նախանշաններից մեկը։ Բնորոշ է բերանի չորությունը, համի զգացողության աղավաղումը և այտերի կարմրությունը։
Մեզով արտահանվող շաքարի քանակը օրվա ընթացքում կարող է հասնել տասնյակ գրամների, իսկ դեկոմպենսացիայի դեպքում՝ մինչև 150 գրամի։ Մեզում շաքարի պարունակության մասին ճիշտ գաղափար կազմելու համար այն պետք է որոշել օրվա մեզում, ճշտելով նաև մեզի քանակությունը։ Ինսուլինի դեղաչափի ճիշտ ընտրության հարցում ավելի արժեքավոր է շաքարամիզության վիճակի (պրոֆիլի) և մեզի յուրաքանչյուր բաժնում ացետոնի որոշումը։
Դեկոմպենսացված շաքարախտով երեխաների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարող է հասնել 13-16, իսկ կոմային և նախակոմային վիճակում՝ նույնիսկ 50 մմոլ/լ։
Եթե առողջ երեխաների մոտ նորմայում լինում է 80-200 մկմոլ/լ կետոնարյունություն, ապա ծանր և հատկապես դեկոմպենսացիայի դեպքում այն հասնում է 800-1000 մկմոլ/լ-ի։ Հիվանդից գալիս է ացետոնի հոտ, ինչը և մեզում դրական է։ Գերկետոնարյունությունը և ացետոնի առկայությունը մեզում շաքարախտային կոմայի հիմնական նշաններն են։ Ացիդոզին բնորոշ է նաև արյան պահեստային հիմնայնության անկումը, որն ամենից ցայտուն արտահայտվում է կոմային վիճակի դեպքում։ Արյան մեջ ավելանում են լիպիդներն ու ազատ ճարպաթթուները՝ սպիտակուցների քայքայման արգասիքների հաշվին (ամոնիակ, միզանյութ և այլն), ավելանում է մնացորդային ազոտը։
Ընդունված է երեխաների շաքարախտի հետևյալ դասակարգումը՝ պոտենցիալ, գաղտնի և ակնհայտ ձևեր։ Աոաջին խմբին են դասվում այն ձևերը, երբ երեխան ծնվում է 4,5 կգ-ից ավելի մարմնի զանգվածով և նրա ծնողներից մեկը կամ ծնողները կամ էլ հարազատներից որևէ մեկը հիվանդ են շաքարախտով։ Ավելի հաճախ հանդիպում է գաղտնի ձևը, որի դեպքում երեխայի քաղցած ժամանակ արյան ու մեզի մեջ շաքարի մակարդակը լինում է նորմալ։ Մանկաբույժների համար հատկապես կարևոր է գաղտնի շաքարախտի հայտնաբերումը։ Երեխաների շաքարախտային հիվանդությունը հայտնաբերելու նպատակով գլյուկոզայի նկատմամբ տոլերանաության փորձի արդյունքները շաքարով բեռնվածությունից հետո պետք է գնահատել դրական, եթե մեկ ժամ հետո այն լինում է 11, իսկ երկու ժամ հետո 8-9 մմոլ/լ-ի սահմաններում։ Գաղտնի շաքարախտի դեպքում ավելանում է արյան շիճուկի իմունառեակտիվ ինսուլինը և գլյուկագոնը՝ գլյուկոզայով բեռնվածությունից հետո։ Նման երեխաներին պետք է վերցնել դիսպանսեր հաշվառման և հետազոտել տարին երկու անգամ։
Շաքարախտի անոթային բարդությունները կապված են մուկոպոլիսախարիդների կուտակման և կալցիումի ազդեցության հետևանքով մազանոթների և փոքր տրամաչափի զարկերակների հիմնային թաղանթի հաստացման, լուսանցքի նեղացման և տվյալ օրգան-հյուսվածքների արյան մատակարարման խանգարման հետ։ Շաքարախտային անգիոպաթիաները սկսում են զարգանալ պատանեկան տարիքից։ Բավական հաճախ են զարգանում և ախտորոշվում շաքարախտային ռետինոպաթիաները, որոնք մեծամասնության կարծիքով համարվում են ոչ թե շաքարախտի բարդություն, այլ ախտանիշ կամ արտահայտություն։ Բնորոշ են երակների լայնացումը, արյունազեղումները, այդ թվում նաև ապակենման մարմնի մեջ, որից հիվանդը կարող է հանկարծակի կուրանալ։ Ռետինոպաթիայի բուժման հարցում կարևոր են լիպոտրոտ դեղամիջոցները, հսկողությամբ կատարվող ինսուլինաթերապիան (հիպոգլիկեմիաներից խուսափումը), A, C, E, P վիտամինները, անաբոլիկ ստերոիդները, ֆերմենտները, անգիոպրոտեկտորներից՝ պրոդեկտինը, դիցինոնը և դոքսիումը։ Շաքարախտային կոմաներից հետո աչքի ախտահարումներն արտահայտվում են ավելի հաճախ և արագ։
Երեխաների մոտ քիչ հանդիպող երիկամների ախտահարումներին բնորոշ են սպիտամիզությունը, միկրոհեմատուրիան և գլանամիզությունը, հիպոպրոտեինեմիան, իսկ ավելի ուշ՝ երիկամների ֆունկցիոնալ անբավարարության նշանները։ Շաքարախտային նեֆրոպաթիայի դեպքում աստիճանաբար սկիզբ են առնում այտուցներն ու հիպերտոնիան։ Այս բոլորին հատկապես կարևորություն պետք է տալ, եթե երեխան երկար ժամանակ է շաքարախտով հիվանդ և թեթև գլյուկոզուրիայի պայմաններում բարձր է գլիկեմիան։ Բուժումն ախտանիշային է, առանց որևէ յուրահատկության։
Մյուս բարդություններից պետք է նշել ատամների կարիեսը, պարադոնտիտը և լյարդի ճարպային ինֆիլտրացիան։
Մորիակի համախտանիշ։ Զարգանում է հատկապես անկանոն բուժվող, վաղ տարիքում հիվանդացած, ծանր և կետոացիդոզի հակում ունեցող շաքարախտով հիվանդ երեխաների մոտ, երբ արտահայտված է լյարդի մեծացումն ու հասակի թերզարգացումը։ Երբեմն լյարդի մեծացումը հասնում է խիստ մեծ չափերի, մակերեսը լինում է հարթ, շոշափումը՝ անցավ։ Ոմանք ունենում են կուշինգանման ճարպակալում։ Հասակին զուգահեռ. արգելակվում է նաև սեռական զարգացումը՝ ընդհուպ մինչև սեռական ինֆանտիլության։ Բնորոշ է երեխաների այտերի կարմրությունը։ Մտավոր զարգացումը լինում է նորմալ։ Արյան ու մեզի մեջ՝ շաքարի, արյան մեջ՝ կետոնային մարմինների, բետալիպոպրոտեիդների և խոլեսթերինի քանակությունը սովորաբար բարձր է։ Այս բոլոր դեպքերում կարևորություն ունեն ճարպերի ու ածխաջրերի չարաշահումը, ինսուլինի սխալ դեղաչափերը, լյարդի գլիկոգենային պաշարների սպառումը կամ լյարդում գլիկոգենի կայուն կուտակումը, որը նպաստում է հիպոգլիկեմիաների զարգացմանը։ Բնորոշ է կետոացիդոզի հակումը։ Արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները նպաստում են գլիկոկորտիկոիդների շատացմանը, գլիկոնեոգենեզի ուժեղացմանը։ Հիպոֆիզի սոմատոտրոպ և գոնադոտրոպ հորմոնների թերներզատումից տուժում է երեխայի ֆիզիկական և սեռական աճը։
Անոթային բարդությունները բավական վաղ են արտահայտվում։
Բուժման համար խիստ կարևոր է ֆիզիոլոգիական դիետան, կարճատև և երկարատև ազդող ինսուլինների, վիտամինների, լիպոտրոպ նյութերի, անաբոլիկ ստերոիդների և ֆիզիոթերապևտիկ միջոցառումների համակցումը։ Բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ շաքարախտի կոմպենսացում, որն իրականացվում է դիսպանսեր ակտիվ հսկողության պայմաններում։
Բուժումը։ Տարվում է համակցված ձևով՝ դիետայով, ինսուլինաթերապիայով և որոշ ֆիզիկական աշխատանքով։ Երեխայի ծնողները պետք է տեղյակ լինեն շաքարախտի ընթացքին, բարդություններին, սահմանվող դիետային, կոմային վիճակների ախտանիշներին, անհրաժեշտ դեղամիջոցներին և նրանց օգտագործման ձևին, մեզում շաքարի և ացետոնի արագ որոշման համար գլյուկոթեստի, կետոստիքսի և լաբստիքսի օգտագործման ձևերին։
Շաքարախտով հիվանդ երեխաների սնունդը պետք է լինի ֆիզիոլոգիական և լիարժեք, միայն ոչ դյուրամարս ածխաջրերի և ճարպերի որոշ սահմանափակումով։ Դիետան նշանակելիս պետք է հաշվի առնել աճող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները, երեխայի մարմնի զանգվածը և տարիքը։ Նշանակվում են ճարպահակ ազդեցության սննդմաթերք, լոռ, բուսական յուղեր, խնկածաղիկ, ծնեբեկ և այլն։ Պետք է զգույշ լինել ինսուլինի գերդեղաչափերից և դիետայի խիստ սահմանափակումից, հաշվի առնելով հիպոգլիկեմիկ վիճակները։ Չպետք է մոռանալ և այն, որ երեխաները կարող են խախտել բժշկի սահմանած դիետան։ Ցանկալի է գլյուկոզայի փոխարեն տալ ֆյուկտոզա (խնձոր, մեղր, ձմերուկ), որն ավելի դանդաղ է ներծծվում։ Կալորիականությունը պետք է սահմանել ըստ տարիքի։
Դեղորայքային բուժումը տարվում է դիետաթերապիայի ֆոնի վրա, սակայն պետք է գիտենալ, որ երեխաների շաքարախտը հնարավոր չէ կոմպենսացնել միայն դիետայով և առանց ինսուլինի։
Ինսուլինաթեոապիան փոխարինող բնույթ ունի և ապահովում է երեխաների նորմալ ֆիզիկական զարգացումը։ Երեխաները, որպես կանոն, ավելի զգայուն են ինսուլինի հանդեպ։ Շաքարախտով երեխաների բուժումը ցանկալի է սկսել կարճատև ազդեցության ինսուլինով` նախաճաշից և ճաշից առաջ։ Դեղաչափի ավելացումը կամ պակասեցումը օրվա ընթացքում չպետք է անցնի 4-6 միավորից։ Հետագայում խիստ ցանկալի է կարճատև ազդեցության ինսուլինը փոխարինել երկարատև ազդողներով, որոնցից հատկապես խորհուրդ է տրվում օտար սպիտակուցներ չպարունակող ինսուլին ցինկ սուսպենզիան։ Վերջինս հաճախ հարկ է լինում համակցել սովորական ինսուլինի հետ։ Օրվա ընթացքում տրվող դեղաչափը պետք է ճշտել լաբորատոր քննության հսկողությամբ։
Միջընթաց վարակների, վիրահատման, վերքերի կամ թարախագոյացման դեպքում ինչ-որ չափով պետք է ավելացնել ինսուլինի դեղաչափը, չմոռանալով, որ երեխաների մոտ շաքարախտն ունենում է անկայուն ընթացք, շաքարի բարձրացման և անկման հակումներով։ Ինսուլինաթերապիայի բարդություններից է թերշաքարարյունությունն ու թերշաքարարյունային կոման, որոնք առաջանում են գերդեղաչափերից, սրսկվելուց հետո չսնվելուց և ֆիզիկական աշխատանքից։ Թերշաքարարյունային վիճակը զարգանում է արագ։ Նրան բնորոշ է գունատությունը, սրտխփոցը, քաղցի զգացումը, քրտնելիությունը, իսկ երբեմն նաև ձեռքերի դողն ու մկանային կծկումները։ Բավական վտանգավոր է թերշաքարարյունային կոմայի զարգացումը, որոնց կրկնումները ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգը։ Զարգացող թերշաքարարյունության երևույթները կարելի է կանխել երեխային տալով քաղցր ուտելիք՝ մեղր, շաքար կամ քաղցրավենիք, կոմայի դեպքում պետք է ներարկել 20-40 մլ 40%-անոց գլյուկոզայի լուծույթ, երբեմն հարկ է լինում սրսկել ադրենալին։
Ինսուլինի սրսկումներից առաջացող լիպոդիստրոֆիաները, ինսուլինի հակազդիչները (անտագոնիստները), ճարպակալումը և ինսուլինի հանդեպ օրգանիզմում մշակվող հակամարմինները կարող են առաջացնել ինսուլինառեզիստենտություն, երբ օրվա ընթացքում երեխան ստանում է 80 միավոր ինսուլին։ Շաքարախտով հիվանդ գեր երեխաների ինսուլինառեզիստենտությունն իջեցնելու նպատակով ինսուլինը կարելի է համակցել բիգուանիդներով։ Ինսուլինային լիպոատրոֆիաների դեպքում մաշկային արատը վերացնելու նպատակով խորհուրդ է տրվում նույն տեղում ներարկել խոզի ինսուլին, 4-6 միավոր, միայն թե երկարատև։ Նշանակություն ունի նաև ինսուլինի սրսկման տեղը փոխելն ու սենյակի ջերմաստիճանի պայմաններում պահված ինսուլինի ներմուծումը։
Ինսուլինը, ամենից հաճախ պրոտամին ցինկը, երեխաների մոտ կարող է առաջացնել տեղային կամ ընդհանուր ալերգիայի երևույթներ։ Նման դեպքերում ներարկվող ինսուլինի փոխարեն պետք է սրսկել խոզի ինսուլին կամ վերջինիս նվազագույն դեղաչափերով ապազգայունացնել օրգանիզմը։
Խմելու ձևով տրվող բիգուանիդները, որոնք գլուկոզայի հանդեպ բարձրացնում են բջջաթաղանթի թափանցելիությունը, լյարդում գլիկոգենի կուտակումը և պակասեցնում գլիկոնեոգենեզը, մանկական շաքարախտով հիվանդների բուժման պրոցեսում լայն կիրառում չունեն։ Բիգուանիդներն ընկճում են ախորժակը, նպաստում ճարպերի քայքայմանը և պակասեցնում զանգվածը։ Ծանր շաքարախտի, կետոացիդոզի, անգիոպաթիաների դեպքում, ինչպես նաև նիհար հիվանդներին բիգուանիդները հակացուցված են։ Քանի որ բիգուանիդներն ընկճում են ադրենալինի ներզատումը, ուստի երբեմն նրանց համակցումը նպաստում է անկայուն շաքարախտի ընթացքի կայունացմանը։
Սուլֆանիլամիդային դեղահաբերը B-բջիջներին խթանող, ինսուլինի սինթեզն ավելացնող, ինսուլինազա ֆերմենտի ակտիվությունն ընկճող և ներմուծվող ինսուլինի ակտիվությունը բարձրացնող հատկություն ունեն։ Շաքարախտով երեխաներին սուլֆանիլամիդներով համակցված բուժման ցուցումները նույնն են, ինչ որ չափահասներինը, սակայն այդ դեղամիջոցները նշանակում են ավելի զգույշ և ավելի հազվադեպ։
Լյարդի ճարպային կազմափոխությունը կանխելու նպատակով նշանակում են լիպամիդ, լիպոլաթթու, պոլիվիտամիններ, կոկարբոքսիլազա։ Օգտակար են հապալասի պտուղները, սովորական եգիպտացորենը, խնկածաղիկը, ծնեբեկը և այլն։
Երեխաների դիսպանսեր հսկողությունը պարտադիր է և խիստ անհրաժեշտ։ Սկսվող և հաճախակի դեկոմպենսացիաներով հիվանդներին պետք է ազատել ֆիզկուլտուրայի պարապմունքներից։ Շաքարախտով հիվանդ աղջիկներին հատկապես պետք է զգուշացնել սեռական օրգանների հիգիենիկ մաքրությունը պահպանելու մասին։
Շաքարախտային կետոացիդոզը և կոման համարվում են շաքարախտի ծանր բարդություններից մեկը, երբ արյան մեջ ավելանում են կետոնային մարմինները, գլյուկոզան և խախտվում թթվահիմնային հավասարակշռությունը։ Միաժամանակ լինում էհիպոկալիեմիա, օրգանիզմն աղքատանում է բոլոր տեսակի էլեկտրոլիտներով, սկիզբ են առնում ջրազրկման երևույթներ։ Ուղեղի կողմից գլյուկոզայի յուրացման խանգարման հետևանքով սկզբում զարգանում է ածխաջրաթթվածնային քաղց, իսկ հետո նաև՝ գիտակցության կորուստ։ Կոմայի վիճակին սովորաբար նախորդում է նախակոմային կամ կետոացիդոզի շրջանը, երբ սկսվում են փսխումներ և մեզում դրական է լինում ացետոնը։ Եթե այս շրջանում չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, զարգանում է շաքարախտային կոմա, հաճախանում է անոթազարկը և շնչառությունը, ուժեղանում փսխումները և օրգանիզմի ջրազրկումը, այտերը կարմրում են։ Հիվանդից զգացվում է ացետոնի հոտ, նեղանում են բբերը։ Ի տարբերություն թերշաքարարյունային կոմայի, գերշաքարարյունային կոման զարգանում է դանդաղ։ Կարող են լինել որովայնամզի գրգռման և ասցիտի կեղծ պատկեր։
Գերօսմոսային կոմային բնորոշ է արյան ու շաքարի խիստ բարձրացումը, առանց կետոացիդոզի (մինչև 100 մմոլ/լ), և հիպերնատրիեմիան։
Բուժումը։ Երեխաների շաքարախտային կոման պահանջում է անհապաղ բուժում, որի հիմնական միջոցը ինսուլինի ներմուծումն է և օրգանիզմի ջրազրկման դեմ պայքարելը։ Առաջին հերթին պետք է սրսկել ինսուլին։ Դեղաչափերի հարցում մինչև մեկ տարեկանը պետք է զգույշ լինել, ինչպես նաև ինսուլին չստացած երեխաների նկատմամբ։ Հետագա սրսկումները կատարում են լաբորատոր հսկողության պայմաններում՝ 2-3, իսկ ապա նաև 4 ժամ հետո, որը կազմում է սկզբնական դեղաչափի կեսը կամ 1/3-ը։
Ջրազրկման դեմ պայքարելու համար պետք է ներարկել 0,9%-անոց նատրիումի քլորիդ, տրիսամին կամ ացեսոլ։ Աոաջին 6 ժամում նատրիում քլորիդը պետք է ներարկել 5%-անոց գլյուկոզայի հետ միասին, իսկ հետագայում հիպոկալիեմիայից խուսափելու համար՝ Ռինգերի լուծույթ և նույնիսկ 7,5%-անոց կալիումի քլորիդ։ Գլյուկոզայի ներարկման կարիք չկա, եթե արյան մեջ շաքարը բարձր է 17 մմոլ/լ-ից։ Ծանր դեպքերում հանձնարարվում է ներարկել 5%-անոց նատրիումի բիկարբոնատ կամ այդ նույն լուծույթը ներմուծել հոգնայով։ Բուժման կոմպլեքսում պետք է լինի կոկարբոքսիլազա, C վիտամին, թթվածին, իսկ հաճախ նաև հակամանրէական միջոցներ։ Հիվանդի կլման ակտը վերականգնվելու դեպքում և մինչև ացետոնի վերացումը պետք է տալ դյուրամարս ածխաջրեր (քաղցր թեյ, մրգահյութեր, կիսել, կոմպոտ, հիմքային ջրեր, իսկ 1-2 օր անց` շիլաներ, բոնձով սուպ, հաց, մրգերից պատրաստված խյուս, բայց ոչ մսեղեն)։ Մի քանի օր անց սահմանվում է ֆիզիոլոգիական դիետա՝ ճարպերի սահմանափակմամբ։ Բուժման ընթացքում պետք է զգուշանալ թերշաքարարյունության զարգացումից, իսկ զարգացման դեպքում անհապաղ գլյուկոզա ներարկել։
Շաքարախտով հիվանդ երեխաների ծնողներին պետք է օգնել երեխայի մասնագիտության ճիշտ ընտրության և հետագա ապրելակերպի հարցում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն