Մանկական հիվանդություններ
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների նկատմամբ զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում, դրանց թիվը չի կրճատվի:
Մինչև 5 տարեկան երեխաները տարեկան միջինը հիվանդանում են մոտավորապես 5 անգամ: Քաղաքաբնակները համեմատաբար հաճախ են հիվանդանում՝ մինչև 8 անգամ, իսկ գյուղաբնակներն ավելի հազվադեպ՝ մոտավորապես 3 անգամ:
Ինչպիսի՞ ընթացք ունեն շնչառական հիվանդությունները:
Առավելապես հանդիպում են թեթև, միջին ծանրության ձևերը, իսկ ծանր ձևերը համեմատաբար հազվադեպ են հանդիպում:
Շնչուղիների հիվանդություններ հաճախ հանդիպող նշաններից է հարբուխը՝ ռինիտ, ապա` ֆարինգիտ (կոկորդի բորբոքում), տոնզիլիտ (նշիկների բորբոքում), օտիտ (ականջների` հիմնականում միջին ականջի բորբոքում), սինուսիտներ (քթի հարակից խոռոչների բորբոքում), լարինգիտ, լարինգոտրախեիտ (երեխաների մոտ առաջացնում է կրուպ), տրախեիտ, բրոնխիտ (ուղեկցվում են հազով), մանր բրոնխների ախտահարում (օբստրուկտիվ բրոնխիտ և բրոնխիոլիտ)`որոնք ուղեկցվում են արտահայտված շնչառական անբավարարության զարգացմամբ, թոքաբորբ և պլևրիտ:
Առավել հաճախ ո՞ր վիրուսներն են նշված հիվանդությունների պատճառ դառնում:
Հիվանդություն առաջացնող վիրուսներից առավել մեծ նշանակություն ունեն 8-ը: Դրանցից ամենահայտնի վիրուսը գրիպն է, և կազմում է վիրուսային ընդհանուր հիվանդությունների մոտավորապես 10-12 տոկոսը: Առավել հաճախ հանդիպող վիրուսն է ռինովիրուսը, որը հիմնականում ախտահարում է քիթը (լատիներեն. ռինո` քիթ), առաջացնում քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում և հարբուխ:
Կան ևս մի քանի այլ վիրուսներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես մանկական տարիքում: Դրանցից է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, որը երեխաների մոտ բրոնխիալ օբստրուկցիա է առաջացնում, մյուսը 10 տոկոս դեպքերում հանդիպողն ադենովիրուսն է, ախտահարում է բազմակի օրգաններ՝ աչքերը, շնչուղիները, որոշ տեսակները` նաև ախտահարելով որովայնը, լուծ են առաջացնում: Հաջորդը պարագրիպի վիրուսն է` երեխաների կրուպ հիվանդության առաջին պատճառներից մեկը:
Այս խմբից են նաև մետապնևմովիրուսը, որը վերջերս է հայտնաբերվել, բոկավիրուսը և կորոնավիրուսը:
Ինչպիսի՞ն է հիվանդությունների սեզոնայնությունը և հնարավո՞ր է նախապես կանխատեսել սպասվող հարուցիչները:
Այս վիրուսները զարգանում են բռնկումներով, ունեն սեզոնայնություն, հյուսիսային կիսագնդում այն սկսվում է մոտավորապես հոկտեմբերից և տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները: Կլինիկայից որոշ դեպքերում արդեն հնարավոր է հասկանալ, թե որ վիրուսն է տարածված:
Հայաստանի հակահամաճարակային ծառայությունը վերահսկում է, պարբերաբար ստուգումներ կազմակերպում՝ առկա վիրուսները ճշտելու համար, հիվանդանոցներում կատարվում են վիրուսաբանական հետազոտություններ:
Գոյություն ունի՞ վիրուսների որոշակի տարեկան պարբերականություն:
Այո՛, կա նաև վիրուսների ակտիվացման որոշակի տարեկան պարբերականություն, որը բազմակի գործոններով է պայմանավորված՝ վիրուսի որոշակի փոփոխություններով, մուտացիաներով, նոր տարատեսակների առաջացմամբ: Շատ դեպքերում վիրուսներն այնպես են փոփոխվում, որ գալիս են կրկին իրենց նախորդ ձևերին: Օրինակ՝ ԱՄՆ-ում շատ հետաքրքիր դիտարկում է կատարվել վերջին ամենախոշոր բռնկումներից մեկի ժամանակ. պարզվել է, որ այն անձինք, ովքեր մինչև 1956 թվականը վարակված են եղել այդ վիրուսով, 2009 թվականին՝ 53 տարի անց, այդ վիրուսով չվարակվեցին և չհիվանդացան:
Ի՞նչ դեր ունեն մանրէները շնչառական հիվանդությունների առաջացման գործընթացում:
Շնչառական հիվանդություններ առաջացնում են նաև մանրէները, որոնցից ամենատարածվածը պնևմոկոկն է, ստրեպտոկոկը, ստաֆիլոկոկը և այլն: Պնևմոկոկն ունի 90-ից ավելի ձևեր՝ երոտիպեր, որոնցից մինչև 23 ամենատարածվածի դեմ պատվաստումներ են իրականացվում:
Բացի այդ, պատվաստում է իրականացվում նաև հեմոֆիլուսի ցուպիկի և կապույտ հազի նկատմամբ:
Որո՞նք են շնչառական հիվանդություններին նպաստող գործոնները և դրանց կանխարգելման եղանակները:
Շնչառական հիվանդությունների առաջացման մեջ մեծ դեր ունի մարդու իմունային առանձնահատկությունը: Երեխաների մոտ իմունիտետի բարձրացման նպատակով անհրաժեշտ է, որ երեխան պատվաստվի, ստանա համապատասխան սնունդ, պարտադիր սնվի կրծքի կաթով, հետագայում սնունդը պետք է ևս համապատասխանի տարիքային պահանջներին, ժամանակին ներմուծվի հավելյալ սնունդ, բավարար չափով ստանա սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, վիտամիններ:
Հիվանդացությունը կանխելու հաջորդ պայմանը մաքուր օդն է, որի աղտոտման առաջին պատճառներից է ծխախոտի ծուխը, ինչը երեխաների մոտ առաջացնում է ավելի քիչ հակամանրէային, հակավիրուսային հատկություններով լորձի արտադրում և շնչուցիների լոևձաթաղանթի դիմադրողականության անկում:
Շնչուղիների վրա ազդող օդի այլ կարևոր աղտոտիչներից է փոշին, որը, ցավոք, Երևանում խնդիր է:
Այս հիվանդությունների կանխարգելման հարցում կարևոր է նաև երեխայի կոփվածությունը: Նրան մանկուց պետք է շատ փաթաթված, գերտաքացված վիճակում չպահել, հագուստը պետք է լինի բնական գործվածքից (օրինակ՝ բամբակ):
Ո՞րն է շնչական հիվանդություններին բնորոշ կլինիկան:
Հիմնականում բնորոշ են հազը, շնչառության փոփոխությունը, ջերմությունը: Բժշկին անմիջապես պետք է դիմել հաճախացած, ծանրացած շնչառության դեպքում, երբ կան խզզոցներ, խիստ թուլություն, տրամադրության անկում, որոշ դեպքերում նաև` ջերմային ցնցումներ: Դրանք վտանգավոր ախտանշաններ են և կարող են բերել ծանր խնդիրների առաջացման:
Խոսենք բրոնխիալ ասթմայի մասին՝ կապված վերջին շրջանում երեխաների ալերգիզացիայի հաճախացման հետ:
Ասթման յուրահատուկ վիճակ է: Սկզբնական շրջանում ասթմային կարող են նպաստել շնչական վիրուսները, բայց հետագա զարգացման մեխանիզմները հիմնականում իմունալերգիկ են: Ասթման կապված է կրկնակի օբստրուկցիայի՝ բրոնխների նեղացման հետ: Սովորաբար, վաղ տարիքում երեխաների մինչև 20 տոկոսն ունենում են նման էպիզոդներ, որոնք վիրուսային ծագման են և անհետևանք անցնում են: Բայց երեխաների մոտ առկա որոշակի ֆենոտիպեր և գենոտիպեր հետագայում առաջացնում են կրկնակի օբստրուկցիաներ:
Ի՞նչ բարդություններ են բնորոշ շնչառական հիվանդություններին:
Բարդություններից վտանգավոր են թոքերի աբսցեսը, շնչառական անբավարարությունը: Արտաթոքային բարդություններից հնարավոր են սեպսիս (արյան վարակում), մենինգիտ (ուղեղի թաղանթների բորբոքում) և այլն:
Որո՞նք են շնչական հիվանդությունների բուժման ընդհանուր մոտեցումները:
Քանի որ դեպքերի մեծ մասը վիրուսային է, իրականում բուժում չի պահանջվում, և պետք է ընդամենը կարգավորել քթային շնչառությունը, լվանալ քիթը (աղաջուր և այլն): Կան որոշակի հակաբիոտիկների կիրառման ցուցումներ, բայց դրանց նշանակումը պետք է կատարվի միայն բժշկի կողմից:
Բրոնխօբստրուկցիայի ժամանակ ընդհանրապես չի կարելի հակահազային միջոցներ տալ, որովհետև դեղերը կարող են նպաստել շնչառական անբավարարության խորացմանը:
Ինչպե՞ս վերաբերվել ձգձգվող և քրոնիկական դեպքերին:
Ձգձգվող դեպքերի ժամանակ պետք է հասկանալ, դա քրոնիկակա՞ն է, թե` կրկնակի: Եթե քրոնիկ խնդիրներ կան, պետք է պարզել դրանց իրական պատճառը: Օրինակ, քթային շնչառության խանգարումը կարող է կապված լինել ադենոիդ հյուսվածքի գերաճի հետ: Կրկնվող թոքաբորբերի դեպքում պետք է ուշադրություն դարձնել իմուն համակարգի վիճակի վրա, պարզել բնածին թոքային ձևափոխումների առկայությունը, որը մասնագիտական մոտեցում է պահանջում:
Ինչպե՞ս է իրականացվում երեխայի հսկողությունը քրոնիկական և կրկնվող դեպքերի ժամանակ:
Կրկնվող դեպքերի ժամանակ երեխաները պետք է ընդգրկվեն դիսպանսեր հսկողության, և համապատասխան կանխարգելիչ կամ բուժական միջամտություններ իրականացվեն, երբեմն` տարիներով:
Դրանք կարող են լինել նաև այլ՝ սպեցիֆիկ վարակային հիվանդություններ: Միշտ պետք է հիշել տուբերկուլոզի մասին: Պետք է բացառել նաև թոքերի բնածին ձևափոխությունների առկայությունը: Երբեմն հանդիպում է մուկովիսցիդոզ համակարգային հիվանդությունը՝ կապված օրգանիզմում գեղձերի ֆունկցիայի խանգարման հետ, երբ շնչուղիների արտադրությունը դառնում է մածուցիկ և նպաստում կրկնակի վարակների զարգացմանը:
Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:
Իրականացվում է ռենտգենագրաֆիա (բայց ոչ միշտ` պարտադիր), արյան քննություն, սեպտիկ բարդությունների կասկածի դեպքում` վիրուսաբանական և մանրէաբանական հետազոտություններ, C ռեակտիվ սպիտակուցի որոշում, որոնք կողմնորոշիչ նշանակություն ունեն երեխայի մոտ ընթացող գործընթացները հասկանալու համար:
Կարևոր մեթոդ է պուլսօքսիմետրիան, որով չափվում է թթվածնի խտությունը: Ցանկալի է, որ շատ դեպքերում այն պարտադիր իրականացվի: Բարդ դեպքերում կատարվում է բրոնխոսկոպիա, երբ բրոնխների ձևափոխման և օտար մարմնի առկայության կասկած կա:
Համակարգչային շերտագրությունը ևս կարևոր և անհրաժեշտ հետազոտություն է, այն օգնում է պարզել բնածին անոմալիաների առկայությունը և ծանր թոքաբորբերի հետևանքները:
Քրոնիկական և ձգձգվող դեպքերի ժամանակ որքանո՞վ է ցուցված սանատոր-կուրորտային բուժումը:
Սանատոր-կուրորտային բուժմանը ներկայում ավելի քիչ տեղ է հատկացվում, քանի որ այն ցուցված է ոչ բոլորին և ոչ բոլոր դեպքերում: Հիվանդներից ոմանք դրանից ավելի են վատանում, որովհետև տարիների ընթացքում փոխվել է այդ հիվանդությունների ախտածնության բնույթը և դրանց մասին պատկերացումները:
Շնչական հիվանդությունների դեպքում կիրառվո՞ւմ են, արդյոք, բուժման ավանդական մեթոդներ:
Ավանդական մեթոդներից ամենատարածվածը՝ բուսական բուժումը, նույնպես ալերգիկ հազերի ժամանակ ցուցված չէ և կարող է ալերգիկ ֆոնն ավելի բարձրացնել:
Սերգեյ Սարգսյան, մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն