Ավանդական բժշկություն Քնախոտ - Прострел - Pulsatilla Adans.
Քնախոտ - Прострел - Pulsatilla Adans
Հայկական տարանունները - զարկաչ, կծվախոտ
Դեղաբույսի նկարագրությունը: Գորտնուկազգիների ընտանիքին պատկանող, 10-30 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, կրկնակի փետրաբաժան, արմատամերձ տերևներ, խոշոր, միայնակ, ցողունների ծայրերին նստած լայն զանգակաձև, բաց մանուշակագույն ծաղիկներ: Պտուղը երկարավուն ընկուզիկ է: Արմատները ուղղաձիգ են, մուգ դարչնագույն, հողի մեջ խոր թափանցող: Բույսի ամբողջ վերգետնյա մասը ծածկված է խիտ, արծաթանման մազմզուկներով: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին: Տերևներն ի հայտ են գալիս միայն ծաղկելուց հետո: Պտուղները հասունանում են ամռան ամիսներին և տարածվում քամու միջոցով: Բազմանում է սերմերով: Պտղակալում է ոչ կանոնավոր, լավ է տանում ցուրտը և երաշտը, խիստ պահանջկոտ է լույսի նկատմամբ: Կովկասում աճում են 8, իսկ Հայաստանում` միայն 4 տեսակ, որոնցից մանուշակագույնը և հայկականն ունեն բուժական նշանակություն: Բույսն աճում է մեր հանրապետության ենթալպյան և ալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ վայրերում, ժայռոտ լեռնալանջերին, ուր բարձրանում է ծովի մակերևույթից մինչև 3800-3900 մ բարձրության վրա` տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ:
Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է գլիկոզիդ ռանունկուլին, որը ճեղքվելով, տալիս է գլյուկոզա և ցնդող, կծու համով, սուր հոտով, մաշկը գրգռող պրոտոանեմոնին, որն էլ իր հերթին ճեղքվելով, վեր է ածվում անեմոնինի և վերջապես` անեմոնաթթվի: Բացի սրանից, քնախոտի մեջ հայտնբերվել են նաև սապոնիններ, ֆիտոնցիդներ, դաբաղիչ նյութեր և խեժ: Պրոտոանեմոնինը համարվում է բջջային թույն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է հիմնականում բույսի վերգետնյա մասը, իսկ որոշ դեպքերում` նաև արմատը: Վերգետնյա մասը մթերում են ամռան ամիսներին, չորացնում հով տեղում միջանցուկ քամու տակ, ապա փշրում, հեռացնում կոշտ մասերը, փաթաթում թղթով և պահում չոր տեղում: Արմատը մթերում են աշնան ամիսներին, մշակում նույն եղանակով:
Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Որպես հանգստացնող, ցավազրկող, սպազմալիտիկ, հակաբորբոքիչ և քնաբեր, այն կիրառվում է նևրալգիաների, միգրենի, սպազմոֆիլիայի, անքնության, նևրասթենիայի, թոքային պալարախտի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, կարմրուկի, ծանր ֆիզիկական ընդարմության,ատամնացավի, գինեկոլոգիական և վեներական հիվանդությունների, ստամոքսային, ռևմատիկ և պոդագրային ցավերի, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ոչ միայն ցավազրկման, այլև ծննդաբերության ակտն արագացնելու նպատակով:
Արտաքին ձևով դեղաբույսի թուրմով լվանում են թարախային վերքերը, մաշկի սնկային ախտահարված օջախները: Թարմ տերևները` կերատոլիտիկ նպատակով, դնում են թարախապալարների վրա, թարմ հյութով բուժում քոսը, այրվածքը, այն քսում նաև մաշկի թմրած կամ զգայունությունը կորցրած օջախներին: Արմատն ունի հակաջերմային ներգործություն: Մանկական պրակտիկայում բույսի եփուկը տալիս են կարկամային կծկումների և սպազմոֆիլիայի նոպաների ժամանակ:
Չինաստանում թարմ հյութը` մեղրի հետ խառնված, ընդունում են գլաուկոմայի դեպքում: Այստեղ արմատը համարում են հակաբորբոքիչ, հեմոստատիկ և մածող, այդ պատճառով այն նշանակում են բակտերիալ և ամեոբային դիզենտերիաների, ինչպես նաև առատ դաշտանի ժամանակ: Բույսի վերգետնյա մասն այստեղ ճանաչվում է որպես հակաջերմային և միզամուղ և լայնորեն նշանակում են ջերմային մի շարք հիվանդությունների, սրտային և երիկամային ծագում ունեցող այտուցների ժամանակ: Չոր հումքից պատրաստված եփուկը կամ ջրաթուրմը օգտագործում են պիոդերմիայի, քրոնիկական խոցերի և մաշկային այլ հիվանդությունների դեպքերում, արտաքին ձևով` մազերը սև գույն ներկելու համար:
Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես միզամուղ, քրտնամուղ, հակաբորբոքիչ, ցավազրկող և հազը հանգստացնող միջոց. նշանակում են կանացի մի շարք հիվանդությունների, նևրալգիաների, միգրենի, բրենխիտների, ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի եփուկից կամ թարմ հյութից ընդունում են լոգանք` մկանացավերի և հոդացավերի ժամանակ: Դեղաբույսն օֆիցինալ (պաշտոնական) է Բրազիլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում: Հոմեոպաթներն այն կիրառում են նյարդային որոշ հիվանդությունների և պիելոցիստիտների, իսկ փոքր դոզաներով` սպառնացող վիժման ընթացքում:
Ֆարմակոլոգիական հետազոտություններով պարզվել է, որ քնախոտը` մեծ դոզաներով, կենդանիների մոտ առաջ է բերում սուր գաստրոէնտերիտ, արյունամիզություն, ցնցումներ, ընդհուպ մինչև կաթվածահարություն: Թարմ հյութն ընդունակ է գրգռելու մաշկն այնպես, ինչպես խարանաճանճի ծեփոնը, իսկ մեր տվյալներով` ինչպես պրակտիկայում լայնորեն տարածված Ռոզենտալի քսուքը: Դեղաբույսի ազդեցությունը շատերը կապում են պրոտոանեմոնինի և ծաղիկների մեջ պարունակող ներկանյութի հետ:
Պրոտոանեմոնինը կործանարար է ազդում ախտածին մանրէների և սնկերի վրա, միաժամանակ ոչնչացնելով բորբոսասնկերի և մի շարք բակտերիաների սպորավոր ձևերը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ պրոտոանեմոնինի անգամ 1/60.000 նոսրացումով լուծույթը դարձյալ հակազդում է ոսկեգույն ստրեպտակոկերի վրա: Ի.Գ. Ֆուրսի տվյալներով, քնախոտը սրտանոթային համակարգի վրա ունենում է մատնոցուկանման ազդեցություն: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել դեղաբույսը, քանի որ դոզաների չարաշահումը գրգռում է ստամոքսաաղիքային տրակտը, միզուղիները և կարող է նույնիսկ կաթված առաջացնել:
Դեղաբույսը քսուքի և թրջոցների ձևով մենք կիրառել ենք տարբեր ծագման սուր և քրոնիկական արթրիտների, նևրիտների և միոզիտների ժամանակ: Քսուք պատրաստել ենք բույսի վերգետնյա մասի փոշուց, 1/10 հարաբերությամբ` խառնելով վազելինի և լանոլինի հետ, իսկ թրջոցների համար թարմ բուսահյութը 2 անգամ նոսրացվել է ֆիզիոլոգիական լուծույթով: Ինչպես քսուքից, այնպես էլ թարմ հյութից պատրաստված կոմպրեսները դրվել են մարմնի ախտահարված մասին, մեկ օր տևողությամբ, այսպես 2-3 շաբաթ շարունակ: Հիվանդները դեղաբույսի պատրաստուկներից նշել են այրոց, ախտահարված մասի տաքացում, ցավերի մեղմացում, իսկ հետագայում` ցավերի լրիվ դադարում, այտուցների ներծծում, և որ ամենակարևորն է, ախտահարված մասի` հատկապես վերջույթների ֆունկցիաների վերականգնում: Էլեկտրաթերմոմետրիկ եղանակով ստուգելով տվյալ հատվածի ջերմային ռեակցիան, պարզվել է, որ քնախոտի պատրաստուկների ազդեցության տակ մարմնի լոկալ ջերմությունը բարձրանում է 0,8-1,8 աստիճանով, մի հանգամանք, որը դրականապես է անդրադարձել հյուսվածքների տրոֆիկ տեղաշարժերի վրա:
Կիրառման եղանակները: Բույսի վերգետնյա մասից թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 1 օր թրմում են 1 բաժակ եռման կամ սառը ջրում, ապա քամում և ըմպում 1 օրում` 5-6 անգամ որպես հանգստացնող և քունը կարգավորող միջոց, կամ` այս թուրմը կես դոզայով (1 թեյի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին) ըմպում են 1-ական ճաշի գդալ` 2-3 ժամը մեկ անգամ:
Եփուկ պատրաստելու համար 5-10 գ հումքը 20 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ: Ջրիկ մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ եփուկը եռացնում են մինչև նրա կսվելը, որից հետո ըմպում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ: Թարմ հյութն ընդունում են թեյի գդալներով` օրը 3 անգամ, նոսրացնելով ջրով:
Մեր եղանակով քսուք պատրաստելու համար բույսի վերգետնյա մասի փոշին (կարելի է նաև արմատափոշին) 1/10-ի հարաբերությամբ խառնում ենք 2 մաս վազելինի և 1 մաս լանոլինի հետ: Ստացված քսուքը պիտանի է օգտագործման մոտ 1 ամիս:
Այլ օգտակար հատկանիշները: Քնախոտը մեղրատու է: Շնորհիվ գեղեցիկ տեսքի, այն պիտանի է դեկորատիվ նպատակների համար: Անասուններից ուտում են միայն ոչխարները:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն