Ավանդական բժշկություն Ծորենի սովորական - Барбарис обыкновенный - Berberis vulgaris L.
Ծորենի սովորական- Барбарис обыкновенный- Berberis vulgaris L.
Հայկական տարանունները - ամիրպարիս, զրիշկ, թթութթվաշ, ժրիշկ, ծոր, կծոխուր, կոծոխրի, կոծոխուրի
Դեղաբույսի նկարագրությունը: Ծորենազգիների ընտանիքին պատկանող, տերևաթափ, 1,5-3 մ բարձրության փոշոտ թուփ է: Տերևները հերթադիր են, փնջերով, ձվաձև կամ երկարավուն, բութ կամ սրածայր, ատամնավոր եզրերով, կարճ կոթուններով, բնորոշ թթու համով: Ծաղիկները երկսեռ են, կրկնակի ծաղկապատյանով, անդուր հոտով, ծաղկաթերթիկները` ոսկեդեղին: Հատապտուղը ձվաձև է, հյութալի, թթու, վառ կամ մուգ կարմիր, ծածկված բարակ մոմաշերտով: Սերմերը մուգ դարչնագույն են, ձվաձև: Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատամասերով: Բազմաթիվ տեսակներից Միության մեջ հանդիպում են 10-ը, իսկ մեր հանրապետությունում 3-ը` B. vulgaris, iberica et orientalis, որոնք բոլորն էլ ունեն դեղորայքային նշանակություն և աճում են գետափերին, թփուտներում, անտառաեզրերին, մացառուտներում, չոր ու քարոտ լեռնալանջերին, արտեզրերին և այլուր: Ծորենին լավ է աճում չեզոք կամ թույլ հիմնային հողերում, դիմացկուն է շոգի և չորության նկատմամբ: Բացատներում հաճախ տալիս է անկանոն բուսուտներ: ''Բերբերի’’ անունը, որ հաճախ է հանդիպում Դիոսկորիդի մոտ, հունարեն նշանակում է մարգարիտ, որը վերցված է արաբական նույնանուն բառից և նշանակում է խեցի` ելնելով այն բանից, որ բույսի ծաղկաթերթիկները իսկապես նման են խեցու:
Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում և կեղևում հայտնաբերված են 11 ալկալոիդներ, այդ թվում նաև բերբերին: Տերևները պարունակում են բերբերին, դաբաղանյութեր, C, E վիտամիններ, կարոտին, խնձորաթթու և լիմոնաթթու, ծաղիկները` ալկալոիդ օքսիականթին, եթերայուղ, պտուղները` դեքստրոզա, լևուլոզա, խնձորաթթու (որով էլ պայմանավորված է դրանց թթու համը):
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը և տերևները, որոշ դեպքերում` նաև ծաղիկներն ու պտուղները: Արմատը և կոճղարմատը մթերում են գարնանը կամ աշնանը, պտուղները հասունանալուց հետո, երբ բերբերինի պարունակությունը դրանց մեջ հասնում է առավելագույնի: Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, իսկ պտուղները` որպեսզի չփչանան դեռևս լրիվ չհասունացած վիճակում, չորացնում բացօթյա, միջանցուկ քամու տակ և պահում մինչև 3 տարի` արկղի կամ տոպրակի մեջ: Պտուղները շաքարավազի մեջ ավելի երկար են պահպանվում: Տարեցտարի, Միության մասշտաբով ավելի է մեծանում պահանջը ծորենու նկատմամբ:
Դեռևս մ.թ.ա 650 թ. ասորական թագավոր Աշուրբանիպալի գրադարանից մեզ հասած կավե սալիկի վրա կարդում ենք ծորենու մասին, որպես դեղաբույսի, որ այն համարվել է ''արյունը մաքրող’’ միջոց: Դեղաբույսի օգտակարության մասին իմացել են նաև հին հնդիկներն ու բաբելոնացիները:
Ավիցեննան ծորենու պտուղները` այլ բուսամիջոցների հետ խառնած, նշանակել է խումարային վիճակում գտնվողին, իսկ արմատը` բրոնխիալ ասթմայի և ջերմային վիճակից առաջ եկած հևոցի դեպքում: Մ. Հերացին` պտուղները այլ միջոցների հետ զուգորդած, նշանակել է ուժեղ լուծի դեպքում, Ապուճարեհը` գաստրոէնտերիտների, Գալենը` փայծաղի ցավի, Սահակը` դեղնուկի ժամանակ: Դեղաբույսը առավել մեծ չափով օգտագործել է Ամիրդովլաթը: Ծորենու արմատի կեղևը` (''աարղիս'' անվան տակ) եփուկի ձևով, նա օգտագործել է բերանի խոռոչի բորբոքումների, իսկ վարդաջրի հետ խառնած` աչքի քրոնիկական հիվանդությունների ժամանակ: Նույն հումքը` քացախով կամ գինով եփած, թրջոցի ձևով օգտագործել է լյարդի, իսկ ջրաթուրմի ձևով` հոգնայի միջոցով, աղիների հիվանդությունների ժամանակ: Բժշկապետը նշում է, որ դեղաբույսը (''ծոր'' կամ ''ամիրպաղիս'' անվան տակ) օգնում է գինեհարին, կեղևը ամրացնում է շարժվող ատամը և բուժում նրա ոսկրափուտը, բերանի խոռոչի բորբոքումը, ամրացնում է մազարմատը, ուժեղացնում տեսողությունը, բուժում սիրտը, լյարդը և ստամոքսը, վերացնում դեղնուկը, կտրում ծարավությունը և զկռտոցը, առաջ բերում փորկապություն: Արմատի կեղևը կանոնավորում է լյարդի գործունեությունը, բուժում աղիների խոցը, դադարեցնում լուծը, օծելուց` օգնում բորբոքական ուռուցքին: Բույսի ծաղիկները մաքրում են սպիները, բուժում մաշկի թարախային ախտահարումները: Այն մտնում է բրոնխիալ ասթմայի ժամանակ կիրառվող խառնուրդների մեջ: Ընդհանրապես, Ամիրդովլաթը ծորենու պատրաստուկները նշանակել է նաև քթի արյունահոսության, մոլոքորի, նողկանքի, գերծարավության, ստամոքսային ցավերի, ջրգողության, դիզենտերիայի ժամանակ: Ուշագրավ է այն, որ նա բացահայտել է նաև դեղաբույսի հակաուռուցքային հատկությունը. արմատը և կեղևը գինով կամ քացախով եփած, տվել է լյարդի քաղցկեղով հիվանդին: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի արմատի եփուկը տեղ է գտել աղիքային խիթերի բուժման ցանկում, իսկ արմատը և պտուղները` տրորված վիճակում, ներքին ընդունման ձևով, կիրառվել են պալարախտի ժամանակ, հատկապես հազի և հևոցի առկայության պայմաններում:
Հնդկական բժշկության մեջ ծորենին ճանաչվում է որպես մածող և միզամուղ միջոց: Չեխոսլովակիայում դեղաբույսի պտուղներից պատրաստված գինին օգտագործվում է վատ ախորժակի, գլխացավի, փորկապության և դիֆթերիայի ժամանակ: Բուլղարական բժշկության մեջ արմատը և կեղևը հանրահայտ են հեպատիտների, լեղաքարային հիվանդության, դեղնուկի, նեֆրիտների, միզապարկի հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի և ռադիկուլիտի բուժման մեջ, իսկ ժողովրդական բժշկության մեջ` ստամոքսի սպազմի, արյունահոսությունների, դիզենտերիայի և լնդախտի ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի պտուղները համարվում են որպես մարսողական տրակտի գործունեությունը խթանող, հակաջերմային, հիպոտենզիվ և մանրէասպան միջոց: Եփուկի կամ թուրմի ձևով պտուղները նշանակվում են ստամոքսաաղիքային տրակտի սուր հիվանդությունների, հատկապես հղիների մոտ առաջ եկած լուծի և փսխման, ինչպես նաև որպես տոնուսավորող միջոց` մորֆինիզմի ժամանակ: Լեհաստանում տերևներն օգտագործվում են ներքին արյունահոսությունների, լեղուղիների և ստամոքսային հիվանդությունների, ինչպես նաև C ավիտամինոզի ժամանակ: Ավստրիայում բույսի պատրաստուկներն օգտագործում են հեպատոխոլեցիստիտների, տարբեր բնույթի լուծերի և լնդախտի ժամանակ, Գերմանիայում պտուղներն օգտագործում են գաստրոէնտերոկոլիտների, հազով ուղեկցվող թոքային հիվանդությունների, ողողման ձևով` բերանի և բկանցքի բորբոքումների ժամանակ, Հոլանդիայում` թարմ, մատղաշ տերևները, սալաթի ձևով` ախորժակը լավացնելու նպատակով, Անգլիայում` ներքին արյունահոսությունների, իսկ ԱՄՆ-ում` լեղուղիների հիվանդությունների և ստամոքսաաղիքային տրակտի թերֆունկցիոն վիճակի ժամանակ: Իտալիայում գիտականորեն հիմնավորել են, որ ծորենու պատրաստուկները օժանդակ միջոց են մալարիայի բուժման դեպքում: Նրանք մեծացած փայծաղի միջից արյան մեջ են դուրս բերում պլազմոդիումներին, որտեղ հակամալարիային դեղամիջոցները հեշտությամբ ներգործում են դրանց վրա:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բույսի պտուղները, կեղևը և արմատը օգտագործվում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լուծը վերացնող, լեղամուղ և ախորժակը լավացնող միջոց: Անդրբայկալում դեղաբույսը համարվում է որպես քրտնամուղ` ցրտառական հիվանդությունների ժամանակ և հակամալարիային, իսկ Սիբիրում, ուր աճում են ծորենու տարատեսակներ, դեղաբույսի արմատի թուրմն օգտագործում են որպես արգանդային, իսկ պտուղների եփուկը` որպես հակալնդախտային, սերմերը` որպես թեթև լուծողական միջոց: Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են որպես սրտամկանը ամրապնդող, ջերմն իջեցնող, ծարավը հագեցնող և հակալուծային միջոց, ինչպես նաև` նևրասթենիայի դեպքում: Արմատի եփուկը տալիս են ռևմատիզմի, տարբեր բնույթի ջերմերի, աչքի և բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Հոմեոպաթիայում ծորենու բոլոր մասերն օգտագործվում են լեղուղիների, միզուղիների և արյունահոսությամբ ուղեկցվող այլ հիվանդությունների ժամանակ:
Ա. Դ. Տուրովայի և նրա աշխատակիցների տվյալներով պարզվել է, որ դեղաբույսի արմատի ջրաթուրմը` 1:10 հարաբերությամբ, կենդանիների մոտ առաջ է բերում շարժումների ակտիվության նվազում, նրանց կոորդինացիայի խանգարում և մկանների լրիվ թուլացում: Միաժամանակ ընկել է արյան ճնշումը: Թուրմը և ոգեթուրմը ուժեղացրել են կենդանու արգանդի կծկումները, բարձրացրել արյան մակարդելիությունը, իսկ ֆիստուլավեր շների մոտ դեղաբույսի ներգործությունից նկատվել է լեղարտադրության ուժեղացում, լեղապարկի տոնուսի թուլացում, կծկումների ամպլիտուդի փոքրացում: Բերբերինը, որ համարվում է ծորենու ամենաակտիվ ալկալոիդներից մեկը, փորձառական պայմաններում, մեծ դոզաներով կործանարար է ներգործում բոլոր կենդանիների վրա: Ուշագրավ տվյալներ են արձանագրվել շների մոտ Բ. Ա. Վարդազարյանի կողմից: Այսպես. երբ լեղու ընդհանուր ծորանը բաց է, բերբերինի ազդեցությունից լեղին ջրիկանում է, բայց նրա քանակը չի ավելանում, մինչդեռ երբ լեղածորանի վրա դրվում է կապ, բերբերինից ոչ միայն ջրիկանում է լեղին, այլև զգալի չափով ավելանում է նրա քանակը: Արմատներից և կեղևից ստացվում է բերբերին` ծծմբաթթվական աղի ձևով, որը 5 մգ դոզայով, օրական 3 անգամ ուտելուց առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ, նշանակվում է քրոնիկական խոլեցիստիտների, լեղաքարային հիվանդության, լեղապարկի դիսկինեզիայի և քրոնիկական հեպատիտների ժամանակ: Պատրաստուկը հակացուցված է հղիության ժամանակ: Գիտականորեն հիմնավորվոծ է, որ բերբերինն իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում սրտի աշխատանքը, ուժեղացնում լեղարտադրությունը, կրճատում արգանդը և ունի որոշակի հակաուռուցքային հատկություն: Այն միաժամանակ օգտագործվում է մալարիայի և լեյշմանիոզի դեպքերում (Մ. Դ. Մաշկովսկի): Բերբերինի կուրսային կիրառումից լեղուղիների բորբոքումներով հիվանդների մեծ մասի աջ թուլակողի հատվածի ցավերը վերանում են, իջնում է ջերմությունը, վերանում դիսպեպտիկ երևույթները, նորմալանում աղիների գործունեությունը: Բուժումից հետո պարզվել է, որ ավելանում է լեղապարկի լեղու արտահոսը, նվազում բիլիրուբինի խտությունը, իսկ մանրադիտակային եղանակով պարզվել է, որ պակասել են բորբոքական վիճակը հիմնավորող բաղադրատարրերը: Միաժամանակ վերանում են մինչև այդ եղած լյարդային բարդությունները, նորմալանում լյարդի ածխաջրատային և հակատոքսիկ ֆունկցիաները: Այս տվյալները հիմնավորվել են Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի կլինիկաներում:
Բերբերինի կիրառման մեր բազմամյա փորձը հիմք է տալիս նշելու, որ պատրաստուկն օժտված է ոչ միայն լեղամուղ, այլև լեղուղիների սպազմը վերացնող և հակաբորբոքիչ հատկություններով: Բուժման շնորհիվ նորմալանում է լեղու տեսակարար կշիռը, նվազում նրա մածուցիկությունը, ph-ը հաճախ դառնում հիմնային, ավելանում են լեղաթթուների քանակը, պակասում լորձը: Քրոմատոգրաֆիկ ստուգմամբ, լեղապարկի լեղին ավելի լավ է ներկվում մեթիլեն կապույտով: Այս բոլոր ցուցանիշների հետ մեկտեղ նկատվել է հիվանդների սուբյեկտիվ վիճակի լավացում: Միաժամանակ նշենք, որ պտուղներից պատրաստված թուրմը հաջողությամբ կիրառել ենք սուր գաստրիտների ժամանակ` խառնելով հիդրոկարբոնատային հանքային ջրերի հետ: Կարճ ժամանակում դադարել են հիվանդների նողկանքն ու փսխումը, հանգստացել վերփորի հատվածի ցավերը և այլ դիսպեպտիկ երևույթները:
Լեղամուղ հատկությամբ օժտված է նաև տերևներից պատրաստված ոգեթուրմը, որը նշանակվում է խոլեցիստիտների և լեղապարկի դիսկինեզիաների ժամանակ: Արմատի կեղևից պատրաստված ոգեթուրմը մտնում է ’’խոլելիթին’’ պատրաստուկի մեջ, որը նշանակվում է խոլեցիստիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ: Տերևներից պատրաստված ոգեթուրմն օգտագործվում է մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում` ետծննդյան ատոնիկ արյունահոսության, արգանդի թերկրճատման և նրա բորբոքական բնույթի արյունահոսությունների ժամանակ: Պատրաստուկը հակացուցված է կլիմակտերիկ և ընկերքային արյունահոսությունների դեպքում: Արմատը օֆիցինալ է ԱՄՆ-ում, իսկ մեզ մոտ` տերևների թուրմը (կանացի և լեղուղիների հիվանդությունների բուժման համար): Արմատը մտնում է ուռուցքաբանության պրակտիկայում կիրառվող Զդրենկոյի միքստուրայի բաղադրության մեջ:
Կիրառման եղանակները: Մանրացրած արմատից կամ կեղևից ջրաթուրմ պատրաստելու համար 1/2 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ: Նույն հումքերից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ, 15 րոպե եռացնում 1 բաժակ ջրում, քամում, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 1-2 անգամ: Տերևներից ոգեթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 40° սպիրտի հետ` 1:10 հարաբերությամբ, թրմում 1 օր, ապա ընդունվում 25-30-ական կաթիլ` օրական 3 անգամ: 5%-անոց ոգեթուրմը կիրառվում է լեղուղիների հիվանդությունների, իսկ 20%-անոցը` արգանդային արյունահոսությունների դեպքերում:
Այլ օգտակար հատկանիշները: Ծորենու պտուղները օգտագործում են մուրաբա, ժելե, հյութ, օշարակ, զովացնող խմիչքներ, կոնֆետ և համեմունքներ պատրաստելու համար: Պտուղներով համեմում են օղին, լիկյորը, հրուշակեղենային որոշ մթերք, կվասը, լիմոնադը: Պտուղները միաժամանակ ուտում են թարմ կամ չորացրած: Դրանք գրգռում են ախորժակը, հագեցնում ծարավը:
Ծորենին նեկտարատու է: Նրանցից ստացված մեղրը բուրավետ է և հաճելի համով: Մատղաշ տերևները շատ տեղերում օգտագործվում են թրթնջուկի փոխարեն` սալաթի ձևով, ինչպես նաև մարինադի մեջ: Արմատի կեղևը կաշին և բուրդը ներկում է կիտրոնադեղին, իսկ պտուղները` խառնված շիբի հետ, կարմիր: Դեղին, ամուր բնափայտից պատրաստում են զարդարանք և կիրառական տարբեր առարկաներ: Սակայն միակ անցանկալին այն է, որ նրա տերևների վրա բազմանում են որոշ ժանգասնկեր, որոնք անցնում են հացաբույսերին և մեծ վնաս պատճառում դրանց բերքատվությանը:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն