Ավանդական բժշկություն Կաղնի - Дуб - Quercus L.
Կաղնի- Дуб- Quercus L.
Հայկական տարանունները - լողփի, խոզկաղին, կաղնենի, հոշի, հոշկի, մատնկաղնի, շանկաղին, սարկաղնի
Դեղաբույսի նկարագրությունը: Հաճարազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության, վիթխարի պսակով, հզոր բնով, տերևաթափ ծառ է: Ունի հերթադիր, կոշտ, կտրտված, բլթակավոր կամ ամբողջական ատամնաեզր, թավոտ կամ մերկ տերևներ, մանր, միասեռ ծաղիկներ: Պտուղը կաղինն է` ամփոփված գավաթաձև պտղակալում: Երիտասարդ ընձյուղների կեղևը հարթ է, գորշ ձիթապտղագույն կամ գորշ արծաթավուն: Ծառը սկսում է ծաղկել 40-60 տարեկանից: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կաղնին ապրում է 500-600, իսկ առանձին դեպքերում` մինչև 1000-1500 տարի: Բավականաչափ լուսասեր է, երաշտակայուն, ցրտադիմացկուն, իսկ հողի նկատմամբ` նվազ պահանջկոտ: Մեզ մոտ աճում են կաղնու միայն 5 տեսակ (վրացական, արևելյան, արաքսյան, երկարակոթուն և ոսկեգույն):
Կաղնու առավել տիպիկ անտառներ հանդիպում ենք Լոռիում, Աղստևի հովտում, Գուգարքի շրջանում և այլուր: Ընդհանրապես անտառային տարածքներ ստեղծում են կաղնու վրացական և արևելյան տեսակները, որոնք էլ հիմնականում օգտագործում են բուժման նպատակով:
Ցեղի անունը` ''վերկուս'' լատիներեն բառ է, որը նշանակում է գեղեցիկ ծառ: Հին Հունաստանում այն նվիրված էր արևի, գիտության և արվեստի աստված Ապոլլոնին: Կաղնու ճյուղը համարվում էր հզորության նշանաբան, այն պարգևում էին մարդկանց կյանքը փրկողներին, զինվորական սխրանքներ գործողներին և այլն: Հռոմեացիների մոտ այն նվիրված էր Յուպիտերին: Պլինիոս ավագը հիացած այս ծառով, գրել է. ''Կաղինները… դարերից անձեռնմխելի, տիեզերքի հետ հասակակից, հիացնում են իրենց գրեթե անմեռ կացությամբ, որպես աշխարհի վեհագույն հրաշք'': Սլավոնները կաղնին համարել են սուրբ ծառ. այն նվիրված է եղել կայծակի և որոտի աստված Պերունին, իսկ հնդկիները ծառն անվանել են ''տևադարա'', որը բառացի նշանակում է աստվածածառ:
Քիմիական բաղադրությունը; Մատղաշ ճյուղերի կեղևը պարունակում է 10-20% պիրոգալոլային խմբի դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, պենտոզան, պեկտին, կվերցետին, կվերցիտ, լևուլին, օսլա, լորձ, ֆլոբաֆեն, պտուղները` մինչև 40% օսլա, 5-8% դաբաղանյութեր, մինչև 5% ճարպայուղ, շաքար և սպիտակուցային նյութեր, տերևները` կվերցիտրին, կվերցետին, դաբաղանյութեր և պենտոզան, բնափայտը` 4-6% տանին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են մատղաշ բնի (տրամագիծը 10 սմ-ից ոչ ավելի) և ճյուղերի հարթ կեղևը, որոշ դեպքերում նաև պտուղները և տերևները: Կեղևը հանում են ծառի հյութաշարժման ժամանակ, այսինքն` ապրիլից մինչև հունիս, կատարելով մոտ 30 սմ իրարից հեռու, օղակաձև կտրվածքներ, որոնք հետո ուղիղ գծով իրար են միացնում և անջատում կեղևը: Այն չորացնում են անմիջապես արևի և միջանցիկ քամու տակ: Պատրաստի հումքը պահում են պարկերի մեջ: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում արևի տակ: Չորացած կեղևը դրսից գորշ մոխրագույն է կամ գորշավուն, ներսից` դեղնավուն կամ գորշ կարմրավուն, անհոտ, ուժեղ տտիպ համով:
Կաղնին որպես դեղամիջոց ունի կիրառման շատ հին պատմություն: Հնդկական բժշկության մեջ այն կիրառվել է որպես օրգանիզմի ուժերը խթանող և էկզեման բուժող միջոց, իսկ արաբական բժշկության մեջ հիմնականում օգտագործվել է արմատի կեղևը` դիզենտերիայի ժամանակ: Ավիցեննան պտուղների թուրմը ողողման ձևով օգտագործել է լնդերի բորբոքման և արյունահոսության, իսկ պտուղների հյութը կամ կեղևը` արյունախխման ժամանակ, որպես հակափսխեցուցիչ միջոց օգտագործվել է պտուղների փոշին: Գալենը կաղնու պտուղները նշանակել է կալցիումական աղերի պակասով տառապող հիվանդներին: Նույնը` Հիպոկրատը և Ֆոլոսը, նշանակել են ակամա միզարձակման և սակավ դաշտանի, Ապուճարեհը` ստամոքսացավի և լուծի ժամանակ: Էհանան առաջարկել է նիքերի դեպքում աղիները լվանալ կաղնու կեղևի եփուկով: Սապիթ Կուռանը և Սահակը` կաղնու աղացած պտուղները խառնելով գինու և այլ դեղամիջոցների հետ, տվել են միզակապության դեպքում: Ամիրդովլաթը նշում է, որ կաղնու պտուղը (''պալլուտ'' անվան տակ) օգտակար է սկսվող վիժման ժամանակ արյունահոսությունը դադարեցնելու համար, այն օգնում է լնդերի և ատամների ցավին, արյունախխմանը, թոքի և կրծքի խոցերին: Եփուկը` կոմպրեսի ձևով, բուժում է կրծքագեղձի բորբոքական ուռուցքը, ուժեղացնում ստամոքսի գործունեությունը, մաքրում այն, առաջ բերում փորկապություն, կտրում դաշտանային արյունահոսությունը, վերացնում միզապարկի ատոնիան, դժվարամիզությունը, ավելացնում մերձավորությունը: Տերևը դնում է խոցակալված վերքի վրա, խեժը կիրառում պիսակի դեպքում: Պտուղներն այրելով` փոշին ցանում է տարածվող, իսկ բնափայտի մոխիրը` արյունահոսող վերքերի վրա: Վերջինս խնձորի հյութով տալիս է ստամոքսային ցավերի, իսկ կեղևաթուրմը` լուծերի դեպքում: Միաժամանակ նշում է, որ կեղևաթուրմը փայլ է տալիս մազերին և ներկում սև գույնի:
Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ եթե պտուղը ծեծվի և դրվի թունավոր միջատների և սողունների կծածին, ապա վերանում է այտուցը: Այն օգտակար է նաև բույսերից առաջ եկած թունավորումների և լնդերի բորբոքումների ժամանակ: Պտուղն ունի փորը կապելու և աղիների խոցերը բուժելու հատկություն, իսկ տերևները` եփուկի ձևով, բուժում են ստամոքսի հիվանդությունները, դադարեցնում ''բերանից ջուր գնալը'', ծեծված վիճակում դնում են վերքերի վրա: Ըստ Հ. Օղուլլուխյանի, կաղնուց ստացվող պատրաստուկներն օժտված են անոթասեղմիչ հատկությամբ:
Լեհաստանում կաղնու կեղևը համարվում է որպես արդյունավետ մածող միջոց և կիրառվում է միզուղիների հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների, թութքի և վերքերի բուժման նպատակով: Բուլղարիայում կաղնու կեղևը հանրահայտ է որպես ստամոքսաղիքային տրակտի կատարի, դիզենտերիայի, մաշկային որոշ հիվանդությունների, լնդերի բորբոքումների, վերքերի, արյունահոսող թութքի, կանանց սպիտակաթորանքի, անգինայի, բերանի վատ հոտի և ցրտահարված վերջույթների բուժման հուսալի միջոց: Կեղևի եփուկը` խառնելով կարմիր գինու հետ, տալիս են արյունահոսությունների, դիսպեպսիաների, առատ դաշտանի, միզապարկի բորբոքման, սուսանակի ժամանակ և այլն:
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կեղևի եփուկը լայնորեն կիրառվել է արյունային լուծի, խոլերայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, առատ դաշտանի, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցերի ժամանակ և այլն: Միջին Ասիայի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկները հայտնի են որպես ջերմ իջեցնող, ատամնացավը և լուծը դադարեցնող միջոց: Ն. Պ. Իորիշի ցիտումով, ըստ Կ. Ապինիսի, կաղնու տերևներից և պտուղներից մեղրով թեյը հիանալի միջոց է թոքերի, ստամոքսի և լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում: Նույն ցիտումով, ըստ Էրտելի և Բաուերի, կաղնու պտուղներից և կեղևից պատրաստված մեղրով թեյը օգտակար միջոց է գեղձախտով հիվանդներին: Ն. Գ. Կովալևան կաղնու կեղևը առաջարկում է նևրալգիաների և տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար: Որոշ տեղերում կեղևի եփուկով բուժում են գլխի ճարպային սեբորեան: Ժողովրադական բժշկության մեջ բուժական լայն կիրառում ունի կաղնու պտուղներից պատրաստված սուրճը, որը նշանակվում է գեղձախտի և նյարդային ցնցումների ժամանակ: Բուժական առանձին նշանակություն են տալիս կաղնու որոշ տեսակների տերևների վրա աշնանը առաջացող պաթոլոգիական նորագոյացություններին, որոնք հայտնի են գխտոր անունով: Վերջինս գնդաձև է, շագանակի մեծության, անհոտ, պարունակում է մինչև 70% տանին: Գխտորը լայն ճանաչում է ունեցել անցյալում: Մ. Հերացին այն կիրառել է թոքային, քթային, արգանդային և այլ տեսակի արյունահոսությունների, լուծի և թարախային բորբոքումների ժամանակ: Գխտորից պատրաստված եփուկը օգտագործվել է թրջոցի ձևով նաև ցրտահարության և այրվածքների դեպքում: Այն հիանալի պատող և հակաբորբոքիչ միջոց է (ողողման ձևով) բերանի խոռոչի մի շարք հիվանդությունների դեպքում: Կաղնու կեղևը օֆիցինալ է բազմաթիվ երկրներում և մեզ մոտ: Գիտական բժշկության մեջ կեղևի եփուկը` որպես մածող և հականեխիչ միջոց, ողողման ձևով օգտագործվում է բերանի խոռոչի, կոկորդի, ըմպանի, լեզվի, լնդերի, նշիկների, բորբոքումների, հատկապես բերանի վատ հոտի առկայության դեպքերում: Մեր տվյալներով, կաղնու կեղևի 20%-անոց եփուկը դրականորեն է անդրադառնում հետանցքի քորով տառապող հիվանդների վիճակի վրա: Օրը մեկ անգամ` լոգանքի ձևով, քնելուց անմիջապես առաջ` ընդունելով պրոցեդուրան, հիվանդներից շատերի մոտ մեղմացել կամ լրիվ վերացել է մինչև այդ եղած տանջող քորը: Բուժման կուրսը տևել է 15-20 օր: Արյունահոսությունը դադարեցնելու և վերքերը բուժելու նպատակով դեղաբույսը օգտագործվում է նաև անասնաբուժական պրակտիկայում:
Բույսի տերևներն ունեն արտահայտված ֆիտոնցիդային հատկություն, հատկապես տիֆի, դիզենտերիայի և պալարախտի հարուցիչների նկատմամբ:
Կիրառման եղանակները: Կեղևից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 2 բաժակ սառը ջրում` 8 ժամ թրմելուց հետո, ըմպում են կեսական բաժակ` օրական 2-3 անգամ: Կեղևից եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 200 մլ ջրում` 10 րոպե եռացնելուց հետո, հովացնում, քամում են և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ, կամ այս եփուկը կրկնակի դոզայով (20 գ` 200 մլ ջրում) օգտագործում են բերանի ողողումների համար, իսկ ավելի բարձր դոզայով (40 գ` 200 մլ ջրին)` այրվածքների ժամանակ, որի 1 մասը խառնվում է 4 մաս կարագի կամ վազելինի հետ: Կոկորդի ողողման եփուկ պատրաստելու համար 10 գ կեղևը 10 րոպե եռացնում են 150 մլ ջրում, քամելուց հետո ավելացնում 2 գ ալյումինի շիբ և 15 մլ գլիցերին, կամ 4 ճաշի գդալ կեղևը 10 րոպե 2 բաժակ ջրում եռացնելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 50-100 գ հումքը 20 րոպե 1 լ ջրում եռացնելուց հետո` գոլ վիճակում, ոտքերը դնում ենք լոգանք` քրտնոտության դեպքում: Այս եփուկը 1:3 հարաբերությամբ, օսլայի հետ օգտագործվում է հոգնայի ձևով: Արտաքին, ցանափոշու ձևով, օգտագործվում է կեղևից պատրաստված փոշին: Ընդհանուր լոգանքի համար 500 գ կեղևը կես ժամ եռացնում են 3-4լ ջրում, այնուհետև քամում ու ավելացնում են լողարանի ընդհանուր ջրին: Կաղնու կեղևը օգտագործվում է խառնուրդների ձևով: Այսպես. կոկորդի ողողումների համար այն հավասարաչափ խառնում են տուղտարմատի և եղեսպակի հետ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 5 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում ու օգտագործում, կամ` վերցնում են կաղնու (20 գ) և մատնունու կոճղարմատ (30 գ): Այս խառնուրդից 2 թեյի գդալ 6 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում, լրիվ հովացնում ու տամպոնի ձևով օգտագործում քթային արյունահոսության ժամանակ, կամ` հավասար չափերով խառնուրդ են կազմում կաղնու կեղևից, չորածաղկից և արջի խաղողից, որից վերցնում են 1 ճաշի գդալ` 2 բաժակ եռման ջրին, թրմում մի քանի ժամ և երեկոյան ըմպում 1 բաժակ` միզուղիների հիվանդությունների և մեզի հիմնային ռեակցիայի ժամանակ, կամ` 10գ կաղնու կեղևը խառնում են 25-ական գ հովվամաղախի, հազարտերևուկի և մատնունու կոճղամարտի հետ, որից վերցնում են 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրին, թրմում մի քանի ժամ և ըմպում առավոտյան ու երեկոյան, 1-ական բաժակ` առատ դաշտանի դեպքում, կամ` 10 մաս կեղևին ավելացնում են նույնքան երիցուկ, 30 մաս եղինջ և 50 մաս ծտապաշար: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 30 րոպե եռացնում են 1 լ ջրում և օգտագործում հեշտոցային ներլվացումների համար, կամ` հավասարաչափ իրար են խառնում կաղնու կեղև, խնկեղեգի կոճղարմատ, ուրց և ընկույզի տերևներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 6 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, հետո եռացնում ու ըմպում օրվա ընթացքում` լուծի ժամանակ, կամ` 50 մաս կաղնու կեղևին ավելացնում են 20 մաս կատվախոտի արմատ և նույնքան ձիաձետ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 6 ժամ թրմում են 1 լ եռման ջրում և ընդունում լոգանք թութքի ժամանակ: Կաղնու կեղևը մտնում է կոկորդի ողողման № 1, № 4 և № 5 խառնուրդների մեջ` լորենու ծաղկի, խնկածաղկի, տուղտի արմատի, եղեսպակի, մոլոշի և սև թանթրվենու ծաղիկների հետ: Այս բոլոր խառնուրդները բաց են թողնվում դեղատներում` պատրաստի վիճակում և օգտագործվում թուրմի ձևով: Տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ կիրառվող Ն. Գ. Կովալևայի դեղատոմսի մեջ մտնում են 20-ական գ կաղնու կեղև, չորածաղիկ, կեչու տերև, եղեսպակ, երիցուկ, վաղենակ, 10-ական գ նարդոս, թխենու ծաղիկ և գնդածաղիկ: Այս խառնուրդից 15 գ 1 լ եռման ջրում եռացնում են 10 րոպե, թողնում 2-3 ժամ` փափկելու համար, ապա քամում են և նշանակում հեշտոցային ներլվացումների ձևով, շաբաթը 2 անգամ` քնելուց առաջ:
Ռախիտի և գեղձախտի դեպքում իր դեղատոմսն է առաջարկում Մ. Ա. Նոսալը: Նա վերցնում է 20-ական գ կաղնու կեղև, խնկածաղիկ, խնկեղեգի արմատ, հազարտերևուկ, ավելացնում 40-ական գ սոճու ճյուղեր` ասեղնատերևներով, կատվալեզու, եռագույն մանուշակ, 1-ական կգ ցորենի թեփ, ծլած տարեկան և սև հաղարջի տերև: Այս բոլորը լցնում են տոպրակի մեջ և եռացնում 30 րոպե` 1 դույլ ջրում, հետո խառնում են ընդհանուր լոգանքի ջրին, որի մեջ նստելու է հիվանդը: Կանանց սպիտակաթորանքի դեպքում նույն հեղինակը առաջարկում է հետևյալ խառնուրդը. 20-ական գ կաղնու կեղև, մղամուճ, խուլ եղինջ, երիցուկ, վարդի թերթիկներ և հազարտերևուկ: Այս բոլորը 30 րոպե եփում են 2 լ ջրում, քամում և գոլ վիճակում օգտագործում հեշտոցային ներլվացումների համար: Պառկելախոցերի դեպքում պատրաստում են քսուք 1:2 հարաբերությամբ` կաղնու կեղևից և սև բարդու բողբոջներից, 7 մաս կարագի հետ: Խառնուրդը գիշերը թողնում են թույլ տաքացրած վառարանում, առավոտյան 30 րոպե եռացնում մարմանդ կրակի վրա, ապա քամում և օգտագործում որպես քսուք:
Այլ օգտակար հատկանիշները: Կաղնին ունի հողապաշտպան, ջրահավաք և ջրակարգավորիչ նշանակություն: Շնորհիվ բնափայտի ամրության` օգտագործվում է նավաշինության, կահույքի արտադրության, ատաղծագործության և տնաշինության մեջ: Նրանից պատրաստում են պարկետ, ֆաներա, հատկապես տակառ, որը խոշոր դեր է խաղում կոնյակի մշակման պրոցեսում: Կաղնին որպես դեկորատիվ և ֆիտոնցիդային, լայնորեն աճեցվում է զբոսայգիներում և մայթեզրերին: Որոշ տեսակների կեղևից պատրաստում են խցան, ստանում գորգագործության մեջ կիրառվող դիմացկուն և լուսակայուն ներկ: Կեղևով դաբաղում են կաշին: Հնում կաղնու պտուղներից մարդիկ հաց են թխել, պտուղները սովի տարիներին ավելացրել հացին, կաղնուտներում սունկ հավաքել, հատապտուղ քաղել, որս արել: Պտուղներից պատրաստել են մինչև հիմա էլ իր նշանակությունը չկորցրած կաղնու սուրճ, որը ոչ միայն համեղ է, այլև բուժիչ: Վերջինս հաճախ համեմում են եղերդակի ու տատրակի արմատներով և օգտագործում կաթի ու մեղրի հետ: Կաղնու պտուղները հիանալի կեր են ընտանի և վայրի կենդանիների ու թռչունների համար: Պտուղներից ստանում են օսլա:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն