Ավանդական բժշկություն Կաղշնակ սովորական - Татарник обыкновенный - Onopordon acanthium L.
Կաղշնակ սովորական- Татарник обыкновенный- Onopordon acanthium L.
Հայկական տարանունները - իշակառ, կածակ, կառ, կարպ փշավոր, տափափուշ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 150 սմ բարձրության, ճյուղավոր, փշապատ ցողուններով երկամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, փշոտ տերևներ: Ծաղիկները երկսեռ են, վարդագույն, հաճելի բույրով: Սերմիկներն ունեն փուփուլիկներ, երկարավուն են, ուղիղ կամ թույլ կորացած, գորշ կամ դարչնագույն: Մեկ բույսն ընդունակ է տալու մինչև 8000 սերմիկ: Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Հայաստանում աճում են սովորական, հայկական և տարբերափուշ տեսակները, որոնք բոլորն էլ ունեն որոշակի բուժական նշանակություն: Կաղշնակը աղբային մոլախոտ է, մեծ չափերով հանդիպում է ճամփեզրերին, բնակարանների մետ, ցանքերում, արոտավայրերում, խոտհարքներում, այգիներում, աղբուտներում և այլուր` հաճախ առաջացնելով ցրված բուսուտներ:
Քիմիական բաղադրությունը: Դեղաբույսի ծաղկաբույլերն ու տերևները պարունակում են քիչ քանակությամբ ալկալոիդներ, C վիտամին, դաբաղանյութեր, ինուլին, սապոնիններ, սեսկվիտերպենային լակտոն, արկցիոպիկրին, սերմերը` 35-38%, իսկ ցողունի միջուկը` 53,5% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղկազամբյուղները և տերևակիր ընձյուղները, որոնք հավաքում են ծաղկման սկզբում, չորացնում հով տեղում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը գրեթե անհոտ է` օժտված դառը համով: Այն պահում են թղթով փաթաթված վիճակում, արկղերի մեջ, 2 տարի ժամկետով: Դեղաբույսը հնում ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակաբորբոքիչ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող և վերքամոքիչ միջոց: Դեռևս իր ժամանակին Ամիրդովլաթը` ''շուքահի'' կամ ''կառ'' անվանումներով, դեղաբույսի մասին նշել է, որ այն օգնում է ստամոքսի բորբոքումներին, արգանդի հիվանդություններին, հին ջերմերին: Բժշկապետի տվյալներով, արմատի եփուկից պատրաստված լոգանքը կտրում է արգանդային արյունահոսությունը, եթե բույսը դնեն բարձի մեջ` դադարեցնում է երեխայի բերանից ''ջուր գալը'', իսկ օգտագործելով օշինդրի և մեղրի հետ` օգնում է փղախտին և պիսակին:
Հայրենական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի եփուկը օգտագործվում է թարախային վերքերի, չարորակ ուռուցքների, փայտացման, անգինայի, ըմպանի բորբոքումների, գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների և թոքերի պալարախտի ժամանակ: Բուլղարիայում դեղաբույսի եփուկն օգտագործում են հազի, բրոնխիալ ասթմայի, սրտխփոցների, լվացումների և թրջոցների ձևով` մաշկային մի շարք հիվանդությունների, իսկ ժողովրդական բժշկության մեջ` թութքի և չարորակ ուռուցքների ժամանակ: Ֆրանսիայում այս բույսի արմատների եփուկն օգտագործում են որպես միզամուղ և մարսողությունը լավացնող միջոց: Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ կաղշնակը կիրառվում է ռևմատիզմի և միզապարկի հիվանդությունների ժամանակ` որպես միզամուղ: Նշվում է, որ դեղաբույսի կիրառման հետևանքով ''մաքրվում է արյունը'', բարձրանում տրամադրությունը, վերականգնվում օրգանիզմի ընդհանուր ուժերը: Թարմ հումքը` տրորված ձևով, դնում են քերծվածքների, վերքերի, մաշկի թարախապալարների վրա, իսկ փոշին ցանում են թարախային վերքերի և խոցերի վրա, եփուկով կատարվում են ողողումներ` բերանի խոռոչի բորբոքումների ժամանակ:
Փորձառական տվյալները (ցիտ. ըստ Ն. Գ. Կովալևայի) ցույց են տվել, որ կաղշնակի պատրաստուկներն առանձնապես տոքսիկ չեն և երկարատև կիրառումից չեն առաջացնում կողմնակի երևույթներ: Փոքր դոզաները դրդում, իսկ մեծ դոզաները ընկճում են կենտրոնական նյարդային համակարգը: Դեղաբույսի պատրաստուկները ունեն կարդիոտոնիկ ազդեցություն, ուժեղացնում են սրտամկանի կծկումները, սեղմում ծայրամասային անոթները, բարձրացնում զարկերակային արյան ճնշումը, հարթ մկանների տոնուսը, ավելացնում դիուրեզը: Նրանք օժտված են հեմոստատիկ, հակացնցումային, հանգստացնող և որոշակի մանրէասպան հատկություններով:
Մի շարք երկրներում դեղաբույսի գալենյան պատրաստուկներն օգտագործում են որպես պրոֆիլակտիկ միջոց` չարորակ ուռուցքների վիրահատական եղանակով բուժումից հետո, ինչպես նաև մաշկի քաղցկեղի, խոցերի, գայլախտի, գեղձախտի, ռևմատիզմի ժամանակ և այլն: Ն. Գ. Կովալևան դեղաբույսն օգտագործում է որպես մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և կարդիոտոնիկ միջոց:
Մեր կողմից դեղաբույսն օգտագործվել է եփուկի ձևով, մեկ ամիս տևողությամբ, հիպոտոնիկ ձևի նեյրոցիրկուլյատոր դիստոնիայով տառապող հիվանդների մոտ: Օժտված լինելով հանգստացնող և օրգանիզմը տոնուսավորող ներգործությամբ` դեղաբույսը առաջ է բերել հիվանդների զարկերակային արյան ճնշման որոշակի բարձրացում, երակային ճնշման թեթևակի իջեցում, սրտամկանի կծկման ուժի որոշակի ավելացում, նրա ռիթմի կանոնավորում, ցուցանիշներ, որոնք պարզորոշ կերպով արտահայտվել են էլեկտրասրտագրերի վրա: Միաժամանակ մեղմացել կամ լիովին վերացել են գլխացավերը, գլխապտույտը, ականջների խշշոցը, աչքերի մթագնումը, սրտխփոցները, սրտի շրջանի ցավերը, ճնշման և ծանրության զգացումները, մասնակիորեն` նաև ակրոպարեսթեզիայի երևույթները: Մյուս կողմից մեզ հաջողվել է բացահայտել նաև դեղաբույսի որոշ հիպոգլիկեմիկ ազդեցությունը շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ: Մեր տվյալներով, սրտային, լյարդային և երիկամային ծագման այտուցների ժամանակ դեղաբույսը ի հայտ է բերում չափավոր արտահայտված միզամուղ արդյունք:
Կիրառման եղանակները: Չոր հումքից ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալը 2-3 ժամ թրմում են1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Ցիստիտների ժամանակ նույն եղանակով թուրմ պատրաստում են միայն տերևահումքից, այն ընդունելով 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Եփուկ պատրաստելու համար չոր հումքից 20 գ 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ` որպես հազը հանգստացնող և ջերմը իջեցնող, իսկ միզուղիների հիվանդությունների ժամանակ` 1-ական բաժակ` օրական 3 անգամ: Տերևափոշին ընդունում են գոլ ջրով, 1-ական թեյի գդալ` օրական 3-4 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Բույսի մատղաշ ընձյուղները և տերևները ուտում են եփած և տապակած վիճակում, մեղրատու է: Կաղշնակն ուտում են միայն ուղտերը, իսկ մյուս անասունները` հազվադեպ:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն