Առաջին օգնություն Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում
Կարդալուց հետո դուք կկարողանաք.
- Թվարկել մանրէների` մարդու մարմին ներթափանցման ուղիները:
- Թվարկել վարակիչ հիվանդությունների ընդհանուր նշանները:
- Որոշել հիվանդի մոտ տարբեր աստիճանի ջրազրկման նշանների առկայությունը և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
- Նկարագրել առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակի կանխարգելման ընդհանուր քայլերը:
- Նկարագրել վարակիչ հիվանդություննեի կանխարգելման ուղիները և պատկերացում կազմել պատվաստման մասին:
- Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել վարակիչ հիվանդությունների դեպքում:
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի կենսական համակարգերի վերաբերյալ (տե'ս "ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ")։ Դուք պետք է գիտենաք նաև շոկի զարգացումը նվազեցնող քայլերը (տե'ս "ՇՈԿ")։
Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների՝ մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։ Ի տարբերություն մյուս բոլոր հիվանդությունների՝ սրանք կարող են փոխանցվել հիվանդ (վարակակիր) մարդուց կամ կենդանուց առողջ մարդուն։ Վարակի հարուցիչներ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, սնկիկները և այլ մանրէներ: Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իր յուրահատուկ հարուցիչը։ Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի (նկ. 21.1).
- օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
- մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
- անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
- արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
- ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։
Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն (նկ. 21.2).
- հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի. քրտինքի հետ,
- հարուցիչ,
- հարուցչի բավարար քանակ,
- «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։
Միշտ չէ, որ առաջին օգնություն ցուցաբերելիս առկա են լինում բոլոր այդ պայմանները, և բացառելով դրանցից գոնե մեկը (տե՛ս կանխարգելում), կարելի է բացառել նաև վարակումը։ Եթե մարմնի դիմադրողականությունը բարձր է, մարդու մարմին հարուցիչի թափանցումից հետո էլ հիվանդությունը կարող է չզարգանալ։ Սակայն որոշ իրավիճակներում, օրինակ՝ բարձր և ցածր ջերմաստիճանների, ճառագայթման ազդեցության, թերսնման հետևանքով, մարդու մարմնի դիմադրողականությունն ընկնում է, և հիվանդությունը դրսևորվում է։
Վարակիչ հիվանդություններն ունեն զարգացման երեք շրջան.
- Գաղտնի շրջան՝ վարակվելու պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը, որի տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ներթափանցած հարուցիչների քանակից, մարմնի դիմադրողականությունից։
- Ծաղկման շրջան՝ հիվանդության նշանների դրսևորման շրջան։ Այս շրջանում հիվանդն ամենավտանգավորն է վարակման առումով։
- Ապաքինման շրջան հիվանդության նշաններն աստիճանաբար անհետանում են։
ՆՇԱՆՆԵՐԸ
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.
- տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
- տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
- ավշային հանգույցների մեծացում,
- գլխապտույտ,
- գլխացավ,
- ախորժակի նվազում,
- մկանային ցավեր։
ՏԵՆԴ
Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38°C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39°C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40–41°C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։
Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դոդ։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ (տե'ս "ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ")։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.
- երբ ջերմաստիճանը 40–41°C–ից բարձր է,
- երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
- երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
- երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։
- Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
- Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
- Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
- Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
- Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Այս շարքին են պատկանում գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը, այսպես կոչված «մանկական» վարակները (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ) և այլն։ Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։ Պետք է նշել, որ այս հիվանդությունները բնորոշ են առավելապես մանկական տարիքին և ունեն բարձր վարակելիություն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի և մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռես վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն՝ տարվա առավել ցուրտ շրջանում, և հենց այդ ժամանակ է, որ պետք է զգույշ լինել։
ՆՇԱՆՆԵՐԸ
- ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն,
- հազ,
- արտադրություն քթից,
- ավշային հանգույցների մեծացում (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում
- Աստիճանաբար, ժամանակի ընթացքում առաջացող ցան, որը տարածվում է գլխից մարմնին ու վերջույթներին, ունի կարմիր բծերի տեսք, որոնք կարող են միանալով մեծանալ (կարմրուկ)։
- Մանր, փշոտ ցան՝ մաշկի կարմիր ֆոնին, իրանի վրա (բացի բերան-քիթ եռանկյունուց) ու բնական ծալքերում, մի քանի օրից ցանի տեղում առաջանում է մաշկի արտահայտված թեփոտում և քոր (քութեշ);
- Հեղուկով լցված բշտերի տեսքով ցան ամբողջ մարմնին ու նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն ուղեկցվում է քորով։ Որոշ ժամանակից բշտիկի տեղում առաջանում է կեղև։ Մաշկի վրա միաժամանակ կարելի է տեսնել և՛ կարմիր բիծ, և՛ բշտիկ, և՛ կեղև։ Բշտիկի պարունակությունը և կեղևը վարակիչ են (ջրծաղիկ);
- բերանի խոռոչի, բկանցքի լորձաթաղանթների կարմրություն կամ փառակալում,
- դժվարացած, աղմկոտ շնչառություն։
Տե'ս ԴԻՖԹԵՐԻԱ
Տե'ս ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Տե'ս ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Տե'ս ՓԱՅՏԱՑՈՒՄ
Տե'ս ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ
Տե'ս ՀԵՐՊԵՍ
ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍՃՓՀ)
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները հիվանդ մարդուց առողջին փոխանցվում են սեռական հարաբերության ժամանակ։ Այս խմբին են պատկանում սիֆիլիսը, գոնորեան, ՄԻԱՎ վարակը, խլամիդիոզը, տրիխոմոնիազը և այլն։
ՆՇԱՆՆԵՐԸ
- Արտաքին սեռական օրգանների շրջանում ցանավորում, խոցերի առաջացում, կարմրություն։
- Տարբեր բնույթի (լորձային, շոռանման, թարախային, կանաչավուն, գարշահոտ) արտադրություն սեռական օրգաններից։
- Քոր, այրոցի, անհարմարության զգացում արտաքին սեռական օրգանների շրջանում։
- Ցավոտ միզարձակում։
- Աճուկային շրջանի ավշագեղձերի մեծացում։
- Սեռական հարաբերությունների ժամանակ ցավ կամ անհարմարության զգացում։
Այս նշաններից անգամ մեկի ի հայտ գալու դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել մաշկավեներաբանի։ Եթե զուգընկերներից մեկն ունի ՍՃՓՀ նշաններ, մյուսը նույնպես անհապաղ ստուգման կարիք ունի։ Հակառակ դեպքում նրանք նորից կվարակեն միմյանց։ Երբեմն, որոշ մարդկանց, հատկապես կանանց մոտ, բացակայում են հիվանդության տեսանելի նշանները։ Այդ իսկ պատճառով, կանանց խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի։ Երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։
ՍՃՓՀ դեպքում ձեռնարկվռղ միջռցառռւմները.
- Մինչև բժշկի դիմելն արգելվում են սեռական հարաբերությունները։
- Խորհուրդ տվեք հիվանդին շտապ դիմել մասնագետի՝ անհապաղ և ճիշտ բուժում ստանալու համար։
- Պահպանեք հիվանդի գաղտնիքը։
Տե'ս ՄԻԱՎ (HIV) ՎԱՐԱԿ
ԱՐՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Տե'ս ՀԵՊԱՏԻՏ B
Տե'ս ՄԱԼԱՐԻԱ
ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Աոաջին օգնության ցուցաբերման ընթացքում անհրաժեշտ Է ձեռնարկել քայլեր, որպեսզի դուք չվարակվեք, չվարակեք տուժածին և վերքերի դեպքում նվազեցնեք վարակի ներթափանցումը: Հնարավորության դեպքում կատարեք ստորև թվարկվող գործողությունները։
- Մաշկի վնասվածքների դեպքում մանրազնին մշակեք վերքը (տե'ս "ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ")։
- Արյունահոսության դադարեցման և վերքերի վիրակապման ժամանակ խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Խնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։
- Օգնություն ցուցաբերելիս աշխատեք օգտվել ստերիլ ձեռնոցներից։ Ձեռնոցները հագնելուց հետո հետևեք, որ նրանք չկեղտոտվեն, ձեռք մի՛ տվեք այլ առարկաների։ Օգտագործված ձեոնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել։ Օգտագործված ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած, շրջեք հակառակ երեսով, գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ։
- Օգտագործեք ստերիլ վիրակապական միջոցներ։
- Օգնություն ցուցաբերելու ընթացքում ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։
- Օգնությունը ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո, մանրակրկիտ լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ ձեռքի տակ եղած որևէ ախտահանիչ միջոցով, օրինակ՝ օղիով։
- Արհեստական շնչառություն կատարելիս՝ օգտագործեք պաշտպանական դիմակ։
ՎԱՐԱԿԻՉ ՀԻԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՅԼԵՐԸ
- Պահպանեք անձնական և, հատկապես, ձեռքերի հիգիենան։
- Օդակաթիլային վարակների դեպքում հիվանդի հետ շփման դեպքում օգտագործեք դիմակ՝ շնչուղիները պաշտպանելու համար։
- Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ։
- Խուսափեք պատահական սեռական կապերից։
- Պայքարեք տնային միջատների (ճանճեր, մոծակներ, ուտիճներ) և մակաբույծների (տզեր, ոջիլներ, լվեր) դեմ, քանի որ նրանք կարող են հիվանդության հարուցիչների անմիջական փոխանցողը լինել։
- Կատարեք վարակիչ հիվանդությունները կանխարգելող պատվաստումներ։
- Օգտագործեք միայն ստուգված կամ արտոնագրված խանութներից գնված որակյալ սննդամթերք, մի օգտագործեք ժամկետանց կամ ոչ սառնարանային պայմաններում պահված մթերք։
- Սնվեք լիարժեք և բավարար քանակով, քանի որ թերսնուցումը թուլացնում է մարմինը և հեշտացնում վարակիչ հիվանդությունների զարգացումը։
- Աշխատեք օգտագործել միայն ջրմուղի քլորացված ջուր կամ, եթե դա հնարավոր չէ (գյուղական պայմաններում)՝ եռացրած ջուր։
- Օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք միրգը և բանջարեղենը հոսող ջրի տակ։
- Վարակիչ հիվանդության կասկածի դեպքում անմիջապես դիմեք բժշկի և հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին և նրա անձնական օգտագործման իրերը շրջապատից։
ՊԱՏՎԱՍՏՈՒՄ
Պատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նան պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։
Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Վարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.
- օդակաթիլային,
- մարսողական (աղիքային վարակներ),
- անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
- արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
- ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին)։
Վարակիչ հիվանդությունների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունն իր մեջ ընդգրկում է հետևյալ քայլերը՝
- Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
- Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից։
- Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
- Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։
- Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
- Կանխարգելեք վարակի ներթափանցումն առաջին օգնության ցուցաբերման ժամանակ։ Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոցը պատվաստումն է։ Սակայն, բացի այդ, միշտ պետք է կատարել նաև վարակիչ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներ։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն