Ավանդական բժշկություն Վաղենակ դեղատու - Календула лекарственная - Calendula officinalis L.
Վաղենակ դեղատու - Календула лекарственная - Calendula officinalis L.
Հայկական անվանումը - նարգիզ
Դեղատու վաղենակը մինչև 75 սմ բարձրության միամյա խոտաբույս է: Պատկանում է բարդածաղկավորների (Compositae ) ընտանիքին: Ունի յուրահատուկ ուժեղ հոտ: Արմատը ճյուղավորված է, առանցքային: Ցողունն ուղղահայաց է, պարզ կամ` թույլ ճյուղավորված և խիտ տերևակալված: Տերևները հերթադիր են, ծածկված մազիկներով: Ներքևի տերևները թիանման են, վերևում դասավորված տերևները` երկարավուն կամ նշտարաձև: Ծաղիկները հավաքված են զամբյուղ ծաղկաբույլում: Եզրային ծաղիկները լեզվակավոր են , իգական: Մեջտեղի ծաղիկները զամբյուղում խողովակաձև են, նարնջագույն կամ դեղին գույնի, երկսեռ, անպտուղ: Պտուղը`կորացած սերմիկ է, առանց կատարիկի: Արտաքին մակերեսը ծածկված է գոգավորություններով և սուր փշիկներով:
Դեղատու վաղենակը ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր ամիսները, պտուղները հասունանում են հուլիսից-սեպտեմբեր ամիսներին: Ծաղկման շրջանը և պտուղների հասունացումը երկար են ձգվում` մեծ քանակի բարձր կարգի ընձյուղների առաջացման պատճառով: Վաղենակը բազմանում է սերմերով: Մշակվում է որպես դեղատու և դեկորատիվ բույս: Որոշ դեպքերում աճում է վայրի վիճակում: Դեղատու վաղենակը պահանջկոտ չէ ջերմության, խոնավության, հողի նկատմամբ, բայց լուսասեր է: Վայրի վիճակում աճում է Հարավային Եվրոպայում, Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում:
XV դարում մեծ քանակությամբ վաղենակ էին աճեցնում Ֆրանսիայում: Վաղենակը Մարգարիտա Նավարսկայա թագուհու սիրելի ծաղիկն էր: Եվ այժմ էլ Փարիզում` Լյուքսեմբուրգյան այգում, կանգնած է թագուհու արձանը` վաղենակի ծաղիկը ձեռքին:
Որպես դեղաբույս, վաղենակը հայտնի էր արդեն Հին Հունաստանում: Ձեռագիր աղբյուրներից հայտնի է, որ XII դարում այս բույսն օգտագործվում էր թարախային վերքերի բուժման, իսկ XVII դարում` խոցերի, սկրոֆուլյոզի, ֆորունկուլյոզի բուժման ժամանակ:
Հումքի հավաքումը և չորացումը
Հավաքում են վաղենակի նոր բացված ծաղկաբույլերը (զամբյուղիկները)` Flores Calendulae, որոնցում լեզվակավոր ծաղիկների ավելի քան կեսը գտնվում է բացման փուլում: Ամառվա ընթացքում կատարվում է 10-20 հավաքում: Պարբերական, հաճախակի հավաքման դեպքում բույսի վրա առաջանւմ են նոր ծաղկաբույլեր: Ծաղկումը շարունակվում է մինչև ցրտերն ընկնելը, որի հետևանքով էլ բարձրանում է բերքատվությունը:
Հումքի հավաքելն ուշացնելու դեպքում ընկնում է ծաղկման ակտիվությունը և սերմերի որակը:
Վաղենակի ծաղկման շրջանում ծաղկաբույլերը բացվում են 3 օրը մեկ, հետագայում`4-5 օրը մեկ և ավելի սակավ:
Զամբյուղիկները հավաքում են ծաղկակրի հիմքից կտրելու միջոցով: Չորացնում են օդային չորանոցներում, 4 ժամից ոչ ավել` 40-45°C ջերմության պայմաններում, բարակ շերտով տարածած: Չորացումը համարվում է ավարտված, երբ զամբյուղիկները սեղմելիս փշրվում են: Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է: Հումքի հոտը թույլ է, բուրումնավետ: Համը դառնավուն է, լպրծունության զգացումով: Հումքը արտահանվում է: Հավաքման հիմնական շրջաններն են Ռուսաստանի եվրոպական մասը, Բելառուսը, Ուկրաինան, Հյուսիսային Կովկասը:
Քիմիական կազմը
Բույսի ծաղկազամբյուղիկները պարունակում են կարոտինոիդներ (մոտ 3%), կարոտին, ռուբիքսանտին, լիկոպին, ցիտրոքսանտին, վիոլոքսանտին, ֆլավոքրոմ, ֆլավոքսանտին և այլն:
Վաղենակի ծաղիկների մեջ հայտնաբերվել են նաև պարաֆինային շարքի ածխաջրեր` սիտոստերին և գենտրիակոնտրան, խեժեր (մոտ 3,4%), եռտերպենային գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ (նարցիսին, իզոկվերցիտրին, ռամնետին), եթերայուղ (մոտ 0,02%), ինուլին, լորձանման (2,5%) և դառնահամ նյութեր` կալենդեն (մինչև 10%), օրգանական թթուներ` խնձորաթթու (մինչև 6,8 %), սալիցիլաթթու, ասկորբինաթթու և այլն:
Վերգետնյա մասում հայտնաբերված է (մինչև 10%) կալենդեն դառը նյութը, որն ունի չհագեցած բնույթ:
Վաղենակի սերմերում կա յուղ`գլիցերիտների տեսքով, հիմնականում լաուրինաթթու և պալմիտինաթթու, ալկալոիդներ: Արմատներում կա ինուլին և մի շարք եռտերպենային գլիկոզիդներ, որոնք օլեանոլովյան թթվի ածանցյալներն են:
Վաղենակի ծաղկազամբյուղները պարունակում են. Մոխիր` 8,01%, մակրոէլեմենտներ (մգ/գ )` K - 29,80; Ca - 11,4; Mn - 2,50; Fe - 0,15; միկրոէլեմենտներ` Mg - 0,20; Cu - 0,86; Zn - 1,31; Co - 0,03; Mo - 1,47; Cr - 0,09; Al - 0,05; Se - 4,20; Ni - 0,25; Sr – 0,10; Pb - 0,03; I - 0,05; B - 48,40 մկգ/գ: Չեն հայտնաբերվել` Ba; V; Li; Au; Ag; Br: Խտացված ձևով կան` Zn; Cu; Mo; Se:
Ֆարմակալոգիական հատկությունները
Դեղատու վաղենակից պատրաստված ֆիտոպատրաստուկների և գալենային ձևերի հիմնական հատկություններն են` հակաբորբոքային, վերքերը լավացնող, մանրէասպան (բակտերիցիդ), ջղակծկումները վերացնող (սպազմոլիտիկ) և լեղամուղ: Վաղենակը թուլացնում է ստամոքսի, աղիների և լյարդի հարթ մկանային համակարգը և միաժամանակ ակտիվացնում հյութարտադրությունը` լեղարտադրությունն ու լեղարտազատումը, ստամոքսի հյութարտազատումը: Ամենալավ արդյունքները ստացվում են, երբ վաղենակն օգտագործվում է դեղատնային երիցուկի և սովորական հազարատերևուկի հետ միասին: Այս բույսերի համալիր պատրաստուկի ազդեցության արդյունքում լավանում է լյարդի լեղարտազատումը և վերանում լեղու կանգը լեղապարկում:
Վաղենակի պատրաստուկներն արագացնում են հյուսվածքների վերականգնողական գործընթացներն ու աճը, լավացնում գրանուլացիայի (հատիկավորման) որակը, օժանդակում աելի արագ էպիթելիզացիային և ավելի նուրբ սպիի ձևավորմանը: Պատրաստուկները` ներքին օգտագործման ժամանակ, ցուցաբերում են հակաբորբոքային ազդեցություն, օգնում ստամոքսի և աղիների լորձաթաղանթի վերականգնմանը, խոցերի ու էրոզիաների ապաքինմանը:
Վաղենակի պատրաստուկների պաշտպանիչ ազդեցության մեխանիզմը կայանում է նրանում, որ նրանք թուլացնում են ստամոքսահյութի ագրեսիվությունը և բարձրացնում ստամոքսի լորձաթաղանթի դիմադրողականությունը: Վաղենակը`ցուցաբերելով սեդատիվ (հանգստացուցիչ) թույլ հիպոթենզիվ (արյան ճնշումը իջեցնող) ազդեցություն, նպաստում է սրտի աշխատանքի նորմալացմանը և այտուցների իջեցմանը:
Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են դեղատու վաղենակի հակաբորբոքային , բակտերիցիդ, սեդատիվ, անտիտոքսիկ (հակաթունային), ջղակծկումները վերացնող, միզամուղ, հակամիտոտիկ հատկությունները:
Կիրառումը բժշկությունում
Ծաղիկների թուրմը` ներքին ընդունման, օգտագործվում է գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, կոլիտների, էնտերոկոլիտների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների (որոնք ուղեկցվում են սրտխփոցով, շնչարգելությամբ, այտուցներով ), նորագոյացությունների ժամանակ, որպես ախտանշային միջոց: Արտաքին ողողումների ձևով օգտագործում է բերանի խոռոչի հիվանդությունների, վերին շնչուղիների բորբոքումների և անգինաների, երեխաների մոտ` կաթնախտի, դեպքերում:
Հոգնաների ձևով` պրոկտիտների և պարապրոկտիտների բուժման ժամանակ:
Լվացումների ձևով`արգանդի վզիկի էրոզիայի, տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ:
Թուրմը և քսուքն օգտագործվում են որպես հակաբորբոքային և վերքերը լավացնող միջոցներ, ինչպես նաև սալջարդերի, քերծվածքների, փոքր վերքերի, պառկելախոցերի, փթախտի, խուղակների, այրվածքների, ցրտահարությունների, ֆուրունկուլների, պզուկների, ցաների դեպքում:
Վաղենակը կիրառվում է նաև հոմեոպաթիայում:
Ժողովրդական բժշկության մեջ ծաղկազամբյուղների եփուկն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, հղիների մոտ` սալջարդերից հետո վիժման կանխարգելման, արգանդային արյունահոսությունների, կանացի հիվանդությունների, ջերմային տենդի, մրսածության ժամանակ: Եփուկով լվանում են վերքերը, օգտագործում դիաթեզի և մանկական էկզեմաների ժամանակ:
Հյութը` ներքին ընդունման, օգտագործվում է ստենոկարդիայի (կրծքահեղձուկ), հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, նևրոզների, կլիմաքսի, գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, կոլիտների, էնտերոկոլիտների ժամանակ:
Արտաքին ողողումների ձևով` հարբուխի ժամանակ:
Հոգնաների ձևով` պրոկտիտների, հետանցքի ճաքերի, ուղիղ աղիքի բորբոքման դեպքում:
Լվացումների ձևով` արգանդի վզիկի էրոզիայի, սպիտակահոսության, տրիխոմոնադային կոլպիտի դեպքում:
Բրազիլիայում վաղենակի ծաղիկներն օգտագործում են չարորակ ուռուցքների բուժման ժամանակ` որպես օժանդակող պատրաստուկ:
Գերմանական ժողովրդական բժշկությունում օգտագործվում է վերքերի, սալջարդերի, խոցերի, ֆուրունկուլյոզի, երակների լայնացման ժամանակ:
Լեհական ժողովրդական բժշկությունում` լյարդի հիվանդությունների ժամանակ:
Կորեական բժշկությունում եփուկը և սպիրտային թուրմն օգտագործում են այրվածքների, սալջարդերի, հեմորոիդալ ճաքերի (հոգնաների ձևով), ֆուրունկուլյոզների և խոշոր թարախաբշտերի դեպքում: Թուրմն օգտագործվում է ստոմատիտների և թարախահոսությունների ժամանակ` որպես ախտահանիչ միջոց, ինչպես նաև` լվացումների ձևով, արգանդի խուղակների, արգանդի վզիկի էրոզիայի և տրիխոմոնադային կոլպիտների (2%-անոց թուրմ) դեպքում: Բացի այդ, կորեական բժշկությունում թուրմը և ջրաթուրմն օգտագործում են որպես հակաբորբոքային և լեղամուղ միջոց` ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ժամանակ, հեպատիտների և լեղուղիների բորբոքման դեպքում, ինչպես նաև բարձր արյան ճնշման ու մի շարք այլ սրտային հիվանդությունների ժամանակ:
Վաղենակի ծաղիկների թերթիկների փոշու և նիկոտինաթթվի խառնուրդը կիրառում են որպես ամոքիչ միջոց ստամոքսի քաղցկեղի վիրահատության անհնարության դեպքում:
Նույն փոշու խառնուրդը` երկաթի օքսիդի հետ, օգտագործվում է որպես հակաանեմիկ միջոց:
Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները
Վաղենակի թուրմը ( Tinctura Calendulae ): Սպիրտային (70% սպիրտի
վրա) թուրմը (1:10)` պատրաստված վաղենակի ծաղիկներից և ծաղկազամբյուղիկներից, դեղին գույնի թափանցիկ հեղուկ է: Օգտագործելու համար 1 թեյի գդալ թուրմին ավելացնում են 1 բաժակ ջուր: Որպես լեղամուղ միջոց օգտագործում են 10-20 կաթիլ` մեկ ընդունման ժամանակ:
Վաղենակի ծաղիկների ջրաթուրմ (Infusum florumCalendulae): 20 գ (2 ճաշի գդալ) հումքը տեղավորում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում 200 մլ տաք, եռացրած ջուր, ծածկում կափարիչով և տեղավորում ջրային բաղնիքում` 15 րոպե: Այդ ժամանակամիջոցում հաճախակի խառնում են: Այնուհետև 45 րոպե սառեցնում են սենյակային ջերմաստիճանում, քամում և մնացած հումքը` մզում: Դրան ավելացնում են եռացրած ջուր` ծավալը հասցնելով 200 մլ: Պատրաստված ջրաթուրմը պահում են սառը տեղում, 2 օրից ոչ ավել: Օգտագործում են գոլ վիճակում, օրը 2-3 անգամ, 1-2 ճաշի գդալ:
Օգտագործում են հոգնայի ձևով (1 թեյի գդալ ջրաթուրմը` ¼ բաժակ ջրի հետ)` պրոկտիտների դեպքում:
Վաղենակի ջրաթուրմը` հավասար ծավալով 3% բորաթթվի լուծույթի հետ, խառնուրդի ձևով ներարկում են խուղակի մեջ, ներծծելու նպատակով:
Քսուք «Կալենդուլա»-ն (Unguentum Calendulae ) պարունակում է 20 գ վաղենակի թուրմ և 90 գ էմուլսիա (ջուր/վազելին): Այն դեղին գույնի է, բաց է թողնվում ապակե սրվակներով, 40 գ չափաբաժնով: Պահում են սառը տեղում: Օգտագործում են այրվածքների, կտրվածքների, շրթունքների և կրծքապտուկների ճաքերի, սալջարդերի, էկզեմաների և այլնի ժամանակ:
Կալեֆլոն (Caleflonum) վաղենակի ծաղիկներից ստացված, մաքրված մզվածքն է: Բաց է թողնվում 0,1 գ հաբերի ձևով: Գույնը բաց շագանակագույն է (մինչև մուգ շագանակագույն)` թույլ, յուրահատուկ հոտով: Օգտագործում են 0,1-0,2 գ, օրը 3 անգամ, ուտելուց հետո: Բուժման կուրսը 3-6 շաբաթ է:
Նշանակում են որպես հակաբորբոքային և ակտիվացնող միջոց ռեպարատիվ պրոցեսների համար, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, քրոնիկական գաստրիտների և էնտերիտների ժամանակ: Այս պատրաստուկը կարելի է օգտագործել ջղակծկումները վերացնող (սպազմոլիտիկ) միջոցների հետ միասին:
Պատրաստուկն օգտագործելիս հնարավոր են բերանում դառնահամ զգացում և այրոցներ` ստամոքսի շրջանում: Եթե այս կողմնակի ազդեցությունները խիստ արտահայտված են, ապա պատրաստուկի օգտագործումը դադարեցնում են:
Վաղենակի հյութը ստանում են ծաղկազամբյուղիկներից և լեզվակավոր ծաղիկներից` մզման միջոցով: Օգտագործում են 20-40 կաթիլ` 1 ճաշի գդալ մեղրի և 1 բաժակ կաթի հետ, օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ:
Արտաքին ձևով օգտագործում են 1:2 կամ 1:3 նոսրացումով:
Վաղենակի քսուքը ծաղիկների 10 գ մանրացված փոշին է` 50 գ վազելինի հետ:
Օգտագործումն այլ բնագավառներում
Վաղենակի ծաղիկներն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ` մարգարինին, կարագին, պանրին և այլ մթերքներին գույն և բուրմունք տալու համար:
Լայն կիրառում ունի կոսմետիկայում` բազմաթիվ քսուքների բաղադրության մեջ:
Ծաղիկներից ստանում են դեղին գույն:
Կան տվյալներ, որ վաղենակի հարևանությամբ աճող վարդերը չեն վնասվում նեմատոդներով (կլոր որդեր):
Ուկրաինայում վաղենակի բերքը 1 հա տարածքից հասնում է 10 ց:
Լավ ագրոտեխնիկայի դեպքում բերքը կարող է հասնել մինչև 12-18ց/հա:
Մշակման ագրոտեխնիկական տարրերը
Դեղատու վաղենակը հողի նկատմամբ շատ պահանջկոտ է: Այն աճեցնում են լավ պարարտացված ու հերկված հողերում, որտեղ աճեցվել են այլ կուլտուրաներ: Նույն տեղում մի քանի տարի վաղենակի մշակումը խորհուրդ չի տրվում, քանի որ բույսը խիստ «հյուծում» է հողը: Տեղամասն աշնանը փորում են և ավելացնում` 3-4 կգ գոմաղբ, 40 գ սուպերֆոսֆատ և 10 գ ամոնիակային սելիտրա (1ք.մ. հաշվով): Գոմաղբի բացակայության դեպքում` նույն մակերեսում ավելացնում են 15 գ ամոնիակային սելիտրա, 10 գ կալիումական աղ և 60 գ սուպերֆոսֆատ: Սերմերը ցանում են գարնանը` 50-60 սմ միջշարքային տարածությամբ և 2-3սմ խորությամբ: Սերմերի ցանքսի հետ, միաժամանակ, հողին ավելացնում են 30-40 գ հատիկավորված (գրանուլացված) սուպերֆոսֆատ` 1ք.մ. հաշվով: Սերմերը ծլում են 20-30°C ջերմության պայմաններում` ցանքսից 6-12 օր հետո: Վաղենակը սկսում է ծաղկել 38-50 օր հետո և հասունանում` 60-75 օրից: Հողի պնդությունից կախված` կատարվում է 2-3 միջշարքային փխրեցում: Աճման ընթացքում պարարտացում չի կատարվում: Ծաղկազամբյուղների մշտական և լրիվ հեռացման միջոցով հասնում են վաղենակի առատ ծաղկմանը: Բույսը լավ է աճում բաց և լուսառատ տարածքում:
Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն