Ավանդական բժշկություն Կատվալեզու եռաբաժան - Череда трехраздельная - Bidens tripartitus L.
Կատվալեզու եռաբաժան - Череда трехраздельная- Bidens tripartitus L.
Հայկական տարանունները - երկատամնակ, կատվալեզվիկ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 15-100 սմ բարձրության միամյա խոտաբույս է: Բազմաթիվ տեսակներից միայն 8-ն են, որ հանդիպում են մեր հանրապետությունում և նրանցից միայն եռաբաժան տեսակն է, որ ունի բուժական նշանակություն: Դեղաբույսն ունի կանաչ կամ բաց կարմրավուն, մերկ կամ նոսր թավիկներով, ուղղաձիգ ցողուն, մուգ կանաչ, հակադիր դասավորված, կարճ կոթուններով, եռամաս, երբեմն հնգամաս տերևներ, ծաղկաբույլերում հավաքված ծաղիկներ , տափակ սերմեր, որոնք կենսունակությունը պահպանում են 5-7 տարի: Արմատը ճյուղավորված է: Ծաղկում է հուլիս- սեպտեմբեր, իսկ պտուղը հասունանում` օգոստոս- սեպտեմբեր ամիսներին: Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, աղբուտներում, խոնավ մարգագետիններում, գետեզրերին, բանջարանոցներում, ջրովի դաշտերում: Մեր հանրապետությունում հանդիպում է գրեթե ամենուր: Ցեղի '’Բիդնես’’ անունը լատիներեն է , որը նշանակում է երկատամ` ելնելով այն բանից, որ սերմներն ունեն 2 սրածայր , ատամնավոր ելուններ, որոնց միջոցով կպչում են մարդկանց ու կենդանիներին և տարածվում: Բույսը արտահայտված մեզոֆիլ է և ցրտադիմացկուն:Պտղակալում է կանոնավոր:
Քիմիական բաղադրությունը: Ոչ լրիվ տվյալներով, կատվալեզվի մեջ հայտնաբերված են ֆլավոնոիդներ, կումարիններ (ումբելիֆերոն, սկոպոլետին), C վիտամին (60-70մգ%), մոտ 50մգ% կարոտին, մինչև 4,5% դաբաղանյութեր, պիգմենտ, դառը նյութեր, լորձ, գամմա-լակտոն, ամիններ, ալկալոիդներ և եթերայուղի հետքեր, մանգան, իսկ պտուղներում ` մինչև 11% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժական նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են մինչև ծաղկելը կամ` ծաղկման ընթացքում: Հումքը չորացնում են թիթեղյա ծածկ ունեցող տանիքում` թղթի կամ խսիրի վրա, 5-7 սմ հաստությամբ փռված, իսկ ավելի լավ է` կախվաzծ վիճակում: Չոր հումքի ցողունը ծալելուց պետք է դյուրաբեկ լինի: Այն տրորելուց տալիս է յուրահատուկ հոտ, տտիպ, քիչ կծու համ: Պիտանելիությունը 3 տարի է:
Դեղաբույսը լավ ծանոթ է ժողովրդական բժշկությանը: Այն Չինաստանում օգտագործվում է դիզենտերիայի, ջերմային վիճակի, թոքային պալարախտի և էկզեմայի, իսկ տիբեթական բժշկության մեջ` հոդային ախտահանումների, սակավարյունության, աթերոսկլերոզի և սիբիրախոցի ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ, քրտնամուղ, նյութափոխանակությունը և մարսողությունը կանոնավորող միջոց ու լայնորեն կիրառվում է շնչառական օրգանների ու արյան հիվանդությունների, C ավիտամինոզի, դեղնուկի, մկնատամի և ատամնացավի ժամանակ, իսկ արմատի շփոթը դնում են կարիճի կծածի վրա: ՈՒկրաինական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են մաշկային ցանավորումների, ռախիտի, գեղձախտի, արթրիտների և պոդագրայի ժամանակ, ինչպես նաև` որպես թեթև քրտնամուղ և միզամուղ միջոց: Հոմեոպաթիայում դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ միջոց, միաժամանակ օգտագործվում է միզուղիների և լեղուղիների քարային հիվանդության ժամանակ:
Տարբեր երկրներում կատվալեզուն օգտագործում են նաև քոսի, ֆուրունկուլյոզի, էքսուդատիվ պլևրիտների, հիպերտոնիկ և խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ տերևները` տրորված վիճակում, դնում են դժվար ապաքինվող վերքերի և օձի կծածի վրա:
Փորձերով պարզվել է, որ բույսի պատրաստուկները, ներերակային կիրառման դեպքում, առաջ են բերում հանգստացնող ազդեցություն, իջեցնում կենդանիների արյան ճնշումը, որոշ չափով մեծացնում սրտամկանի կծկման ամպլիտուդը, ուժեղացնում արգանդի կծկումները: Միաժամանակ պարզվել է դեղաբույսի հակաալերգիկ ազդեցությունը: Գիտական բժշկության մեջ հիմնավորվել է դեղաբույսի քրտնամուղ, միզամուղ և հակաալերգիկ ներգործությունըն ու օգտագործվում է ցրտառական մի շարք հիվանդությունների, միզուղիների ախտահարումների ժամանակ, իսկ մանկաբուժության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի գեղձախտի, գլխի մաշկի ճարպահոսության (սեբորեայի), մաշկային ցանավորումների և դիաթեզների բուժման բնագավառում: Ջրաթուրմը հաճախ օգտագործվում է ախորժակը լավացնելու նպատակով, իսկ եփուկը` հիմնականում լոգանքների և թրջոցների ձևով: Կլինիկորեն պարզվել է, որ թանձր մզվածքից պատրաստված քսուքը դրական ազդեցություն է թողնում սաստկացող ստադիայի թեփոտվող որքինի վրա (Սալիխով Ա. Ա., Ֆարաշչուկ Ե. Ֆ.` աշխատակիցներով և ուրիշներ): Այս ծանր հիվանդությամբ տառապող 53 անձանցից` դեղաբույսի կիրառման շնորհիվ , առողջացում և լավացում նկատվել է 51 հոգու մոտ:
Հեղինակները, բացի քսուքից, օգտագործել են նաև բույսի մզվածքը` կաթիլների ձևով: Բուժման շնորհիվ, մակերիկամների ֆունկցիոնալ ակտիվացման հետևանքով մեզի մեջ նկատվել է 17-կետոստերոիդների արտազատման ավելացում, իսկ պերիֆերիկ արյան մեջ` էոզինոֆիլների քանակի նվազում:
Կլինիկական պայմաններում Մ. Մ. Լևինի և աշխատակիցների կողմից բացահայտվել է դեղաբույսի օգտակար ներգործությունը գլխի և դեմքի օջախային մազաթափության ժամանակ: Հեղինակները պատրաստել են թանձր մզվածք, որի 100 գ բուսահյութը եռացնում են այնքան, մինչև նրա 1/4 մասի մնալը, որից հետո այդ թանձրուկից պատրաստում են 5% -անոց քսուք, որը ամեն օր քսում են ախտահարված օջախին: Միաժամանակ, ներքին ընդունման ձևով, ընդունում են բույսի ջրիկ մզվածքը` 10- ական կաթիլ, օրական 2 անգամ, 1 ամիս տևողությամբ: ՈՒշագրավ է, որ հիվանդների մոտ բացարձակ արդյունքը հասել է 89%-ի:
Դեղաբույսի յուղային մզվացքն օգտագործում են դժվար լավացնող վերքերը բուժելու համար` որպես վերքի ռեգեներացիան խթանող միջոց: Դեղաբույսը մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի մեջ: Գիտականորեն հիմնավորված է նաև կատվալեզվի հակամիկրոբային ակտիվությունը: Մեր տվյալներով, կատվալեզուն` 2:1:2 հարաբերությամբ, խառնված խռնդատի ծաղիկների և տատրակի տերևների հետ, ջրաթուրմի ձևով դրականորեն է ներգործում սուր տրախեաբրոնխիտների վրա: Բուժման 2-3-րդ օրերից սկսել է փափկել հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը, մեղմացել է ետկրծոսկրային ցավերը, ուժեղացել միզարձակումը և քրտնարտադրությունը, իջել ջերմությունը: Մեր կողմից առաջարկված այս խառնուրդից ջրթուրմ պատրաստելու համար հումքից վերցնում են 1 ճաշի գդալ, 1 ժամ թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում և ընդունում 1-ական ճաշի գդալ` 3 ժամը 1 անգամ:
Կիրառման եղանակը: Բույսից ջրաթուրմ պատրաստելու համար 6-8 գ հումքը 200 մլ ջրում 30 րոպե թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 4 ճաշի գդալ հումքը 1 լ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո ըմպում են 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 10 գ հումքը 1 ժամ 200 մլ եռման ջրում թրմելուց հետո, օգտագրծում են արտաքին` լվացումների ձևով` դիաթեզի և մաշկային ախտահարումների ժամանակ, կամ` 20 գ հումքը 200 մլ ջրում տաքացնում են (չեն եռացնում) 15 րոպե, ապա հովացնում ու քամում, 45 րոպեից հետո ավելացնում նորից 200 մլ ջրում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Ավերինի թեյը, որն օգտագործում են գեղձախտի ժամանակ, պարունակում է կատվալեզու, եռագույն մանուշակ և դառնանուշ մորմի ցողուն` 2:2:1-ի հարաբերությամբ: Այն օգտագործվում է վերոհիշյալ թուրմերի նման: Եփուկ պատրաստելու համար 3 ճաշի գդալ հումքը 2 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, որից հետո օգտագործում են թրջոցների ձևով: Լոգանքի համար 10 գ հումքից պատրաստում են ջրաթուրմ և այն 100 գ կերակրի աղի կամ ծովաղի հետ խառնում են ընդհանուր լողարանի ջրին, իսկ ջրիկ մզվածքը օգտագործում են 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ: Մ. Ա. Նոսալը մաշկային հիվանդությունների, ռախիտի և գեղձախտի ժամանակ առաջարկում է իր դեղատոմսը, որի մեջ մտնում են` 10 գ կատվախոտ, 5 գ ընկույզի տերև, 20 գ եռագույն մանուշակ, 15 գ կռատուկի արմատ, 10 գ խուլ ծաղիկ, 10 գ հազարտերևուկ, 10 գ սև հաղարջի տերև և 15 գ գետնամորու տերև: Այս խառնուրդից վերցնում են 20 գ, 10 րոպե թույլ կրակի վրա եռացնում 1 լ ջրում, հովացնում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Կատվալեզուն թույլ նեկտարատու է: Նրա չեզոք և թթու քամուկները մետաքսը և բուրդը ներկում են տարբեր գույների` կրեմագույն, դարչնագույն և այլն:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն