Ավանդական բժշկություն Մոլեխինդ սև - Белена черная - Hyoscyamus niger L.
Մոլեխինդ սև - Белена черная - Hyoscyamus niger L.
Ռուսերեն անվանումները: белена черная, блекота, куриная слепота, бесиво, дурь-трава, одурь.
Բելորուսերեն: блёкат чорны, дурнап'ян, дур-трава.
Ուկրաիներեն: блёкота чорна, люлюх.
Մոլեխինդ սևը երկամյա, հազվադեպ միամյա բույս է՝ հաստ, մսոտ արմատով: Բույսից ծանր, տհաճ հոտ է գալիս: Պատված է փափուկ, կպչուն մազիկներով: Ցողունն ուղիղ է, ճյուղավորված, մինչև 115 սմ բարձրությամբ: Տերևներն ընդմիջվող են, կանաչագորշավուն, ներքևիններն ավելի բաց են՝ գոգավոր-փետրանման կտրվածքով, ցողունային և վերևի տերևները նստած են: Ծաղիկները բավականին խոշոր են (2-3 սմ երկարությամբ)՝ խիտ տերևազարդ զանգուրներում: Ծաղկապսակը լայնաձագարաձև է, փոքր-ինչ անկանոն, կեղտոտ դեղնասպիտակավուն գույնի և մանուշակագույն երակների ցանցով: Պտուղը կժանման երկբնանի տուփիկ է՝ ներքևում լայնացող և վերևում բացվող կափարիչով: Սերմերը բազմաքանակ են, գորշամոխրագույն, մանր, 1,5 մմ երկարությամբ: 1000 սերմի զանգվածը 0,5-0,9 գ. է: Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր, պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին: Բազմանում է միայն սերմնային ճանապարհով (մեկ բույսը միջինում տալիս է 10.000 սերմ): Տարածված է հարավում և ԱՊՀ եվրոպական հատվածի միջին գծում, Ղրիմում, Կովկասում և Միջին Ասիայում: Աճում է որպես մոլախոտ՝ բակերում, պարիսպների, շենքերի պատերի մոտ, ինչպես նաև այգիներում, հազվադեպ՝ դաշտերում:
Բույսը թունավոր է (հատկապես սերմերը): Հնուց ի վեր մոլեխինդը հայտնի է որպես ամենաթունավոր բույսերից մեկը: Ավիցենան ավելի քան 1000 տարի առաջ գրել է. «Մոլեխինդը թույն է, որն առաջացնում է խելագարություն, զրկում է հիշողությունից և առաջ բերում շնչահեղձություն ու դաժանություն»: Մոլեխինդի՝ հալյուցինացիաներ առաջացնելու հատկությունն օգտագործվել է միջնադարում «կախարդների քսուք»-ի կազմում, որտեղ այն մտնում էր մահամորմի (բելադոննայի) պտուղների էքստրակտի հետ միասին: Հին բալթերի մոտ գայլի աստծո ռազմիկ-ծառաների հատուկ խումբ կար, ովքեր մոլեխինդի ըմպելիքն ընդունելուց հետո էին գնում կռիվ: Պայքարի ժամանակ այս ռազմիկներն իրենց համարում էին գայլեր: Ըստ ավանդության, գայլ-ռազմիկներն այնքան կատաղի էին, որ զենքի կարիք չունեին և թշնամուն սպանում էին իրենց վահաններով:
Նախկինում գոյություն ուներ նաև այսպիսի ռազմական խորամանկություն. հրամանատարները, հեռանալով իրենց ռազմական ճամբարներց, թշնամուն թողնում էին գինու պաշար, որտեղ նախօրոք մոլեխինդ էր ավելացված: Հակառակորդը զբաղեցնում էր լքված ճամբարն ու հարձակվում գինու վրա, և թմրելով՝ քնում: Իսկ նահանջածները վերադառնում էին ու ջարդում քնած թշնամուն:
Միջնադարում մոլեխինդի սերմերը լայնորեն օգտագործվել են Գերմանիայում խմիչքների հարբեցնող ազդեցությունն ուժեղացնելու համար: Գերմանական շատ քաղաքների անուններ սերում են այս բույսի անունից, այստեղից է նաև «Պիլզներ» գարեջրի անունը: Բայց այնքան շատ էին մոլեխինդով գարեջրից թունավորման դեպքերը, որ կառավարությունն արգելեց գարեջրի մեջ մոլեխինդի սերմեր ավելացնել:
Հավաքն ու չորացումը
Դեղաբանական նպատակներով օգտագործում են մոլեխինդի տերևները, իսկ էքստրակտի ստացման համար՝ խոտը (բույսի վերևի մասը՝ տերևների և ծաղիկների հետ միասին): Մեկ տարվա բույսից հավաքում են ստորին տերևներն աշնանը, իսկ ցողունային տերևները՝ երկու տարվա բույսից, ծաղկման շրջանում: Մոլեխինդ սևի հումքը հավաքում են միայն չոր եղանակին: Անհապաղ չորացնում են լավ օդափոխվող ձեղնահարկերում կամ ծածկի տակ՝ տարածելով բարակ շերտով և պարբերաբար խառնելով: Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքում: Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է: Հումքի հոտը թույլ է, յուրահատուկ, ուժեղացող՝ թրջման ժամանակ:
Քիմիական կազմը
Մոլեխինդի արմատներում և ցողուններում հայտնաբերված են հիոսցիամինի N-օքսիդը և հիոսցինի N-օքսիդը (0,13-0,57% և 0,08-0,104% համապատասխանաբար): Վերգետնյա հատվածը պարունակում է հիոսցիամին, ապոհիոսցին, հիոսցին, սկիմիանին, սկոպոլամին, ապոատրոպին, ա-բելադոնին, բ-բելադոնին, տրոպին ալկալոիդները (0,06-0,13%), ազոտ պարունակող միացություններ՝ խոլին: Տերևները պարունակում են ալկալոիդներ (0,04-0,6%, հիոսցինի N-օքսիդ), սերմերը՝ ալկալոիդներ (0,16-0,17%, հիոսցինի N-օքսիդ), ֆոսֆոլիպիդներ (0,9%), ճարպայուղեր (25%), որոնց կազմի մեջ հայտնաբերված են լինոլաթթու, պալմիտինաթթու, ստեարինաթթու, միրիստինաթթու, օլեինաթթու:
Տերևներում պարունակվում են. մոխիր՝ 15,14%, մակրոտարրեր (մգ/գ)՝ К - 52,80, Ca - 16,20, Мg - 6,50, Fe - 0,90, միկրոտարրեր (մկգ/գ)՝ Мn - 0,29, Cu - 1,43, Zn - 0,93, Со - 0,28, Мо - 9,60, Cr- 0,30, Al -0,60, Ва -0,13, V - 0,40, Se - 1,10, Ni -0,23, Sr - 0,29, Pb - 0,18, I - 0,05, Br - 3,00, Li - 16,00. В -35,20: Հայտնաբերված չեն՝ Cd, Au, Ag: Կուտակում է՝ Fe, Cu, Zn, Mo, Se:
Դեղաբանական հատկությունները
Մոլեխինդ սևից դեղերը ցուցաբերում են պերիֆերիկ Մ-խոլինոպաշարիչ ազդեցություն, ինչը կապված է բույսում տրոպանային ալկալոիդների առկայությամբ: Դեղերը նվազեցնում կամ վերացնում են աղիների, լեղուղիների և միզուղիների հարթ մկանների սպազմը, ավելի քիչ ազդում է բրոնխների հարթ մկանների վրա: Արգելակում են արցունքային հեղուկի, թքի, լորձի, ստամոքսահյութի անջատումը:
Հումքում, սկոպոլամինի պարունակությունից կախված, նրա ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա միանշանակ չէ: Այդ ալկալոիդի գերակշռման դեպքում բույսը ցուցաբերում է սեդատիվ ազդեցություն, արգելակում է գրգռման գործընթացները կեղևի շարժողական կենտրոնում:
Կիրառությունը բժշկության մեջ
Մոնղոլական բժշկությունում մոլեխինդ սևը կիրառում են սիբիրյան խոցի, դիֆտերիայի ժամանակ: Հոմեոպաթիայում կիրառում են մանիակալ-դեպրեսիվ փսիխոզների, ջղակծկումների, նևրոզների, կակազելու, ռեֆլեկտոր և ջղակծկումային հազի, տեսողության ախտահարման և այլնի ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես սեդատիվ, հակաջղակծկումային, պարկինսոնիզմի, նևրալգիաների, գլխացավերի դեպքում՝ ցավազրկող միջոց, նաև բրոնխիալ ասթմայի, քրոնիկական բրոնխիտի, թոքաբորբի, հիստերիայի, միզապարկի սպազմի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, ռևմատիզմի, ալգոդիսմենորեայի ժամանակ, դաշտանի շրջանում:
Էքստրակտն օգտագործում են չարորակ նորագոյացությունների ժամանակ:
Արմատներն օգտագործում են եփուկների տեսքով կատաղության, հեմատուրիայի ժամանակ, իսկ ներքին ընդունում են ռևմատիզմի, աբսցեսների ժամանակ:
Վերգետնյա հատվածը տիբեթյան բժշկությունում օգտագործում են որպես հակահելմինթային (հակաճճվային) և հակաոջլային միջոց: Ժողովրդական բժշկությունում մոլեխինդի եփուկը վաննաների տեսքով կիրառվում է ռևմատիզմի, ռադիկուլիտի ժամանակ: Եփուկը ներքին ընդունում են ֆուրունկուլյոզի ժամանակ:
Տերևներից ստացված էքստրակտն օգտագործում են որպես հակասպազմատիկ և ցավազրկող միջոց ստամոքսաղիքային տրակտի օրգանների հիվանդությունների ժամանակ: Մտնում է «Ասթմատին», «Ասթմոտոլ» բրոնխիալ ասթմայի ժամանակ կիրառվող հակաասթմատիկ հավաքների մեջ: «Մոլեխինդի յուղը» մտնում է բարդ լինիմենտների կազմի մեջ, որոնք օգտագործվում են մերսման ձևով որպես տեղային անզգայացնող միջոց նևրալգիաների, ռևմատիզմի ժամանակ: Մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում էքստրակը և յուղը կիրառում են դիսմենորեայի, վագինիզմի, արգանդի վզիկի, ուղիղ աղիքի, միզուղիների մկանների սպազմի ժամանակ: Մոնղոլական բժշկությունում փոշին (ներքին և արտաքին) կիրառվում է մաշկային, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, քոսի, էկզեմայի, դերմատոմիկոզների, սիֆիլիսի ժամանակ, ինչպես նաև որպես հակաճճվային միջոց: Ավանդական բժշկությունում՝ գլխացավի, նյարդային գրգռվածության, հիստերիայի, պարկինսոնիզմի, քրոնիկական բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի, միզապարկի սպազմների, ալգոդիսմենորեայի, կլիմաքսի ժամանակ: Թարմ տերևներից ստացված հյութն՝ արտաքին օգտակործման, կիրառում են հոդացավերի, ֆուրունկուլոզի, թարախային վերքերի, ուռուցքների, դիմային նյարդի նևրալգիայի, պարալիչների ժամանակ: Եփուկները (բուսական յուղերի հիման վրա)` պոդագրայի, հոդացավերի, մկանացավերի, ֆուրունկուլոզի, ռեսպիրատոր վարակների, պլևրիտի, օտիտի ժամանակ, քսուկը, մոմիկները՝ ուղիղ աղիքի, արգանդի վզիկի, միզուղիների հարթ մկանների սպազմի դեպքում: Հյութը, թուրմը ցուցաբերում են հակամիկրոբային ակտիվություն: Հիոսցիամինը մտնում է «Աէրոն» դեղահատերի կազմի մեջ, որոնք կիրառվում են օդային և ծովային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:
Սերմերը հնդկատիբեթյան բժշկությունուն կիրառվում են ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, տիբեթյան բժշկությունում՝ որպես հակաբակտերիալ, նաև հակաճճվային միջոց: Ավանդական բժշկությունում կիրառվում են բրոնխոպնևմոնիայի, ռեսպիրատոր վարակների, գաստրիտների, էնտերիտների, կոլիտների, նեֆրիտի, ջղակծկումների, կապույտ հազի, խորոզակի, նյարդային հիվանդությունների, գլխացավրի, անքնության ժամանակ: Արտաքին օգտագործվում է որպես ցավազրկող միջոց տեղային բորբոքումների, աբսցեսների, ուռուցքների ժամանակ, ծխում են ատամնացավի ժամանակ: Մոլեխինդի եփուկը վաննաների տեսքով՝ մրսածության ժամանակ:
Դեղաձևերը, կիրառման եղանակները և դեղաչափերը
Մոլեխինդի չոր էքստրակտը (Extractum Hyoscyami siccum) նշանակում են 0,02-0,05 գ. ընդունման համար: Մեծերի համար բարձրագույն միանվագ դեղաչափը 0,1 գ. է, օրականը՝ 0,3 գ.:
Մոլեխինդի յուղի (Oleum Hyoscyami) կազմի մեջ մտնում են՝ չորացված և խոշոր կտրատված մոլեխինդի տերևներ՝ 100 մաս, սպիրտ՝ 95%-ոց կամ 70%-ոց և ամոնիակի լուծույթ բավարար քանակությամբ, արևածաղկի յուղ՝ 1000 մաս: Իրենից ներկայացնում է թափանցիկ յուղային հեղուկ՝ կանաչադարչնավուն գույնի և բնորոշ հոտով: Կիրառում են արտաքին՝ ռևմատիզմի և նևրալգիայի ժամանակ մերսումների նպատակով:
«Աէրոն» դեղահատերը (Tabulettae Aeronum) պարունակում են 0,0001 գ. քափուրաթթվային սկոպոլամին և 0,0004 գ. քափուրաթթվային հիոսցիամին: Ընդունում են օդային և ծովային հիվանդության կանխարգելման և բուժման, ինչպես նաև Մենյերի հիվանդության նոպաների կանխման և չեզոքացման համար: Երբեմն օգտագործում են լորձա- և թքարտադրության նվազեցման համար դեմքի պլաստիկ վիրահատության և վերին շնչառական ուղիների վիրահատությունների ժամանակ: Օդային և ծովային հիվանդության ժամանակ դեղահատերը նշանակում են ներքին. կանխարգելման նպատակով նշանակում են 1-2 դեղահատից 30-60 րոպե՝ ուղևորությունից առաջ, իսկ հետագայում, եթե անհրաժեշտ է, 6 ժամ հետո՝ ևս 1 դեղահատ: Եթե Աէրոնը նշանակում են ոչ թե կանխարգելման, այլ բուժման նպատակով, ապա հիվանդության առաջին նշանների դեպքում (սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ) կիրառում են 1-2 դեղահատ, իսկ հետագայում՝ 1 դեղահատից օրը երկու անգամ: Մեծերի համար բարձրագույն միանվագ դեղաչափը 2 դեղահատն է, իսկ օրականը՝ 4 դեղահատը: Աէրոնի կիրառման դեպքում հնարավոր են ծարավի զգացում, բերանում և կոկորդում չորություն: Այդ վիճակը թեթևացնելու նպատակով նշանակում են կոֆեին և հեղուկի շատ օգտագործում: Աէրոնը հակացուցված է գլաուկոմայով հիվանդներին: Բաց է թողնվում 10 դեղահատեր պարունակող փաթեթներով:
Հակացուցումները և հնարավոր կողմնակի երևույթները
Քանի որ բույսը շատ թունավոր է, նրանից պատրաստված միջոցները պետք է ընդունել միայն բուժող բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Մոլեխինդով թունավորումն առաջանում է հաճելի համով յուղոտ սերմերն (քիչ՝ տերևներն ու արմատները) ուտելու դեպքում (գլխավորապես երեխաների կողմից), ինչպես նաև դեղերով գերդոզավորման ժամանակ: Թունավորումն ընթանում է հալուցինացիաներով ուղեկցվող սուր փսիխոզների տեսքով: Բնորոշ է շարժողական և խոսակցական գրգռվածությունը: Նկատվում է բերանում չորություն, խիստ ծարավ, կլման ակտի, միզելու դժվարություններ, սրտխփոց և հաճախասրտություն:
Քրտնարտադրության խախտման պատճառով ջերմությունը բարձրանում է: Դիտվում է դեմքի մաշկի հիպերեմիա, բբերի լայնացում, լուսավախություն, բարդ ձևերի դեպքում՝ շնչառության խանգարում, գիտակցության կորուստ, հնարավոր է մահացու ելք:
Առաջին օգնությունը կերակրի աղի լուծույթով ստամոքսի լվացումն է (1 ճաշի գդալ 5-10 լ ջրում), նշանակել ակտիվացված ածուխ և 15-20 րոպե անց ստամոքսի լվացում կատարել կալիումի պերմանգանատի լուծույթով: Ուժեղ թուլության դեպքում տալիս են թունդ թեյ, սուրճ:
Կիրառությունն այլ ոլորտներում
Անասնաբուժությունում տերևներից պատրաստված եփուկները և թրջոցները կիրառում են վնասվածքների, վերքերի, ուռուցքների, տեղային բորբոքային գործընթացների դեպքում: Գոլորշիացված հյութն օգտագործվում է սպիտակաարծաթավուն ներկի պատրաստման համար: Ինսեկտիցիդը (եփուկը, թուրմը, փոշին) օգտագործվում է սարդոստայնային տզերի, կաղամբի ցեցի և այլ միջատների դեմ: Սերմերից ստացված յուղը Եգիպտոսում օգտագործում են այրման համար: Մոլեխինդ սևն աճեցվում է Արևմտյան Սիբիրում, Վորոնեժի շրջանում և Կրասնոդարի մարզում:
Աճեցման գյուղատնտեսական տարրեր
Մոլեխինդը գերադասում է բերրի, փափուկ, չեզոք հողեր: Սիրում է խոնավություն, բայց գերխոնավ հողերում վատ է ձմեռում: Սերմերը ցանում են ձմռանը կամ վաղ գարնանը:
Թարգմանությունը` Հռիփսիմե Ազիզյան
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
Տեղեկատվությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն