Ավանդական բժշկություն Կատվախոտ դեղատու - Валериана лекарственная - Valeriana officinalis L.
Կատվախոտ դեղատու- Валериана лекарственная- Valeriana officinalis L.
Հայկական տարանունները - կատվարմատ, կատվակնծկունծ, կատվի դեղ, մրվան, մրվանտակ, ֆու
Դեղաբույսի նկարագրությունը: Կատվախոտազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 2 մ բարձրության, սնամեջ, գլանաձև ցողունով խոտաբույս է: ՈՒնի փետրաձև, հատվածավորված, լայն ձվաձև տերևներ, սպիտակ կամ վարդագույն, երկսեռ, մանր ծաղիկներ, կարճ, ուղաձիգ կոճղարմատ` բազմաթիվ հավելյալ, թելանման արմատներով: Պտուղը փուփուլիկավոր սերմիկ է: Կոճղարմատը և արմատներն ունեն բնորոշ ուժեղ հոտ, դառը համ: Մեզ մոտ աճում են 12 տեսակ, որոնցից միայն որոշ տեսակներ ունեն դեղորայքային նշանակություն: Աճում է անտառների բացատներում, արոտավայրերում, ճամփեզրերին, քարքարոտ, արևկեզ լեռնալանջերին, ալպյան, մարգագետիններում և այլուր` հաճախ տալով անկանոն բուսատուներ: Ծաղկում է հունիս-հուլիս, իսկ պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատներով: Ձմեռում է լավ, առանձնապես պահանջկոտ չէ հողի նկատմամբ: Դեղաբույսը վաղուց արդեն մշակվում է, որը զգալի չափով նպաստում է նրա վայրի տեսակի պաշարների հետագա ապահովմանը: Ցեղի '’Վալերե’’ անունը ունի արաբական ծագում, որը նշանակում է ''եղիր առողջ’’: Հայկական անունը ծագել է այն բանից, որ կատուները մի առանձին մոլությամբ են վերաբերվում դեպի այս բույսը` հաճախ կրծելով և փչացնելով պահեստավորված հումքը:
Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատում և արմատներում հայտնաբերված է 0,5-2% բնորոշ ''վալերիանայի'' հոտով եթերայուղ, որը պարունակում է վալերիանա - բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, այնուհետև` ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից` կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի կոճղարմատը և արմատները. հավաքում են վաղ գարնանը կամ ավելի լավ է` աշնանը, երբ վերջացած է լինում բույսի վեգետացիան: Հավաքում են միայն երկամյա բույսի արմատը` հաջորդ տարվա աճի համար թողնելով նրա կողքից դուրս եկած մատղաշ արմատածիլը: Հումքը մաքրում են հողից, լվանում սառը ջրով, չորացնում լավ քամհարվող, ստվերոտ տեղում կամ` հատուկ չորանոցում: Այն փաթաթում են թղթով ու պահում փակ ամանի մեջ` մինչև 3 տարի, մյուս դեղաբույսերից հեռու, որպեսզի չկլանեն միմյանց հոտը:
Կատվախոտն ունի կիրառման հին պատմություն: Դեռևս Դիոսկորիդը` իր ժամանակին, բույսը համարել է որպես ''մտքերը կարգավորող'', իսկ Պլինիոսը գտնում էր, որ այն ''դրդում է միտքը'': Ավիցեննան արմատը օգտագործել է բրոնխիալ ասթմիայի ժամանակ, իսկ Ամիրդովլաթը նշել է, որ դեղաբույսը` ''հոռոմ սմբուլ'' կամ ''ֆու'' անվան տակ, ունի միզամուղ, արգանդը պնդացնող, դաշտանը բացող, միզակապությունը վերացնող, լյարդի հիվանդությունները բուժող հատկություն, իսկ լոգանքի ձևով այն օգտակար է արգանդի ուռուցքի, անդամալուծության և դիմաներվի կծկումների դեպքում: Բժշկապետի տվյալներով` դեղաբույսի պատրաստուկներն օգտակար են նաև ատամնացավի, առատ քրտնարտադրության, սրտային թուլության, օջախային մազաթափության, կոնքազդրային հոդացավի և լեղուղիների խցանումների ժամանակ:
Հ. Օղուլլուխյանը հիմնավորել է դեղաբույսի միզամուղ, Գ. Մենևիշյանը` քրտնամուղ և նյարդերը հանգստացնող հատկությունները: Ռ. Պետրոսյանը դեղաբույսի մասին 1832 թ. նշել է. ''Կաղամինթը` կամ կատվախոտը, շատ լավ է օգնում ջղերի ախտին, անդամալուծությանը, կես գլխացավին և ընդհանրապես` ամեն մի ախտի, ցնցումների և ջղերի հիվանդությանը: ՈՒնի զորացնող և թմրեցնող բնություն'':
ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ կատվախոտն օգտագործվել է որպես նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող, ճիճվամուղ, փքահան, քունը կարգավորող, լուծը և սրտխփոցները վերացնող միջոց: Առանձին դեպքերում այն օգտագործվում է հոգեկան ընկճվածության, ընկնավորության, իսկ կոմպրեսի ձևով` ակնախոտի հետ, նաև աչքի բորբոքումների ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կատվախոտը լայնորեն կիրառվում է հիսթերիայի, միգրենի, սրտի շրջանի ցավերի, սրտի արատների, խորեայի, ընկնավորության, նեյրոգեն գերհոգնածության, կլիմակտերիկ արյունալեցումների ժամանակ, ինչպես նաև` ծանր հիվանդություններ տանելուց հետո, որպես ախորժակը դրդող և ընդհանուր կազդուրիչ միջոց:
Երեխաներին նշանակում են ոգեթուրմ` 2-3 կաթիլ դոզայով կամ` հոգնայի ձևով` փորի սաստիկ ցավերի, փսխումների և ցնցումների ժամանակ, իսկ ընկնավորության դեպքում երեխային լողացնում են դեղաբույսի եփուկի մեջ:
Ըստ Ս. Կնեյպի (ցիտ Ն. Պ. Իորիշի), հիսթերիայի դեպքում ավելի օգտակար է դեղաբույսն ընդունել մեղրաթեյով` խառնված սպանդի հետ: Բազմաթիվ փորձերով պարզված է, որ կատվախոտի եթերայուղը նվազեցնում է ստրիխնինատիպ նյութերից առաջացած ցնցումները, կոֆեինից առաջ եկած գրգռվածությունը, երկարացնում է քնաբերների ազդեցությունը, բարձրացնում կենդանիների գլխուղեղի կեղևի ֆունկցիոնլ գործունեությունը, իսկ երկայնաձիգ և միջին ուղեղամասերի վրա ցուցաբերում է արգելակող ներգործություն: Մյուս կողմից` կենտրոնական նյարդային համակարգի միջոցով կարգավորում է սրտի աշխատանքը և, անմիջականորեն ազդելով նաև սրտամկանի վրա, լավացնում է պսակաձև զարկերակների արյան շրջանառությունը, ուժեղացնում ստամոքսաղիքային տրակտի հյութազատությունն ու լեղարտադրությունը: Կեմպինսկասի տվյալներով, կատվախոտը ճնշում է գորտերի միջին ուղեղով կարգավորվող բերան-ըմպանային շնչառությունը, արգելակում կենդանու շուռ գալու և ցատկելու ռեֆլեքսները, հանում կորդիամինից առաջ եկած հիպերկինեզը (գերշարժությունը): Ուշագրավ է այն հանգամանքը, որ առնետների մոտ ամինազինի այն դոզաները, որոնք բոլորովին քնաբեր չեն, կատվախոտի հետ համակցելիս` նույն դոզաները դառնում են քնաբեր: Ավելին, երբ քնաբեր միջոցները զուգակցվում են կատվախոտի հետ, քնի տևողությունը եռապատկվում է: Սովորաբար դեղաբույսը կատուներին, առյուծներին դարձնում է հնազանդ: Կատվախոտի պատրաստուկները լայնորեն կիրառվում են կլինիկայում` նևրոզների, հիսթերիայի, ընկնավորության, նյարդահոգեկան սուր գրգռման, անքնության, միգրենի, պսակաձև զարկերակների քրոնիկական անբավարարության, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության թեթև ձևերի, սրտխփոցների, էքստրասիստոլաների, պարոքսիզմալ տախիկարդիայի, սուր միոկարդիտի, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումների, փորկապության, աղեփքանքի, որկորի սպազմի, լեղուղիների ախտահարման, բազեդովյան հիվանդության, անշաքար դիաբետի, կլիմակտերիկ խանգարումների, նեյրոդերմիտների ժամանակ և այլն: Ստացված արդյունքը հաճախ պայմանավորված է լինում ոչ միայն կատվախոտի տևական ընդունումով, այլև նրա արդյունավետ զուգորդումով այլ դեղաբույսերի հետ (Վոտչալ Բ. Ե., Չուկինչևա Մ. Ն., Կովալևան Ն. Գ. և ուրիշներ): Կատվախոտը օֆիցինալ է աշխարհի 24 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ: Դեղաբույսը կազմում է դեղատներում պատրաստի վիճակում բաց թողնվող վալոկորմիդի, կորվալոլի, կարդիովալենի և զելենինի կաթիլների բաղադրիչ մասը, որոնք լայնորեն կիրառվում են ինչպես վերոհիշյալ հիվանդությունների, այնպես էլ ռևմատիկ արատների, կարդիոսկլերոզի, արյան շրջանառության տարբեր աստիճանի խանգարումների ժամանակ և այլն: Դեղաբույսի մեջ գտնվող ալկալոիդներն ունեն հակամիկրոբային ակտիվություն:
Մեր տվյալներով, կատվախոտը ինչպես առանձին, այնպես էլ հավասար չափերով համակցված սզի ծաղիկների և սրտախոտի հետ, ջրաթուրմի ձևով` կիրառելով հիպերտոնիկ ձևի նեյրոցիրկուլյատոր դիստոնիայով տառապող հիվանդների մոտ, պարզվել է, որ խառնուրդն ունեցել է արտահայված հանգստացնող ներգործություն: Բուժման երկրորդ շաբաթից հիվանդներից շատերի մոտ մեղմացել են սրտխփոցները, գլխացավը, անախորժ զգացումը սրտի շրջանում, կանոնավորել է քունը, պակասել վերջույթների դողը, ներքին լարվածությունը, մահվան վախը: Շատերի մոտ կանոնավորվել է արյան ճնշումը, զգալի չափով նորմալացել էլեկտրասրտագրության պատկերը: Կատվախոտի ջրաթուրմը, մեր տվյալներով, դրականապես է անդրադարձել նաև շնչուղիների սուր բորբոքումների, անգինայի և մկանային ցավերի ժամանակ: Դեղաբույսի արտահայտված միզամուղ և քրտնամուղ հատկությունը այս դեպքերում, ինչպես երևում է, խոշոր դեր է խաղում պաթոլոգիական պրոցեսների կարգավորման ներքին օղակներում: Մեր կողմից առաջարկված վերոհիշյալ խառնուրդը օգտագործվել է այսպես. 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, հետո քամում և ըմպում 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ:
Կիրառման եղանակը: Ջրաթուրմ պատրաստելու համար 6-20 գ հումքը 30 րոպե թրմում են 180-200 մլ եռման ջրում, հովացնում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 6-8 ժամ թողնում են 200 մլ սառը ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 300 մլ ջրում եռացնում են 15 րոպե, հովացնում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ` 5 գ արմատը 250 մլ եռման ջրում եռացնում են ու թողնում 2 ժամ, ապա ըմպում 100-ական մլ, առավոտյան և երեկոյան, ցանկալի է մեղրով, կամ` 2 թեյի գդալ մանրացրած արմատը 1 բաժակ ջրում եռացնում են 5 րոպե, հովացնում, քամում ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Ավելի մեծ դոզաներով եփուկները (օրինակ. 20 գ. հումքը` 200 մլ ջրին) օժտված են ավելի արտահայտված հանգստացնող հատկությամբ: Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1:5 հարաբերությամբ խառնում են 70° սպիրտի հետ, թրմում են 2-3 օր, ապա քամում և ըմպում 20-30-ական կաթիլ` 3-4 անգամ: Թանձր մզվածքը և ցինկ-կատվախոտային միացությունը բաց են թողնում դեղատներում դեղահաբի և փոշու ձևով, որոնք ընդունվում են 20-60 մգ` օրական 3 անգամ: Արմատափոշին ընդունում են 1-2 գ` օրական 2-4 անգամ:
Փքահան № 1 թեյը պարունակում է 2-ական մաս կատվախոտ, անանուխ և 1 մաս սամիթի սերմեր, № 2 թեյը` 1 մաս կատվախոտ, 2-ական մաս երիցուկ, անանուխ, քեմոնի սերմեր և 3 մաս սամիթի սերմեր, իսկ № 3 նույնատիպ թեյը` 4 մաս կատվախոտ, 6 մաս երիցուկ և 1 մաս քեմոնի սերմեր: Բոլոր այս թեյերն օգտագործում են միանման` այսպես. 2 թեյի գդալ հումքը 10 րոպե 1 բաժակ ջրում եռացնելով` այն ընդունում են առավոտյան և երեկոյան:
Ստամոքսային № 1 թեյի մեջ մտնում են 2-ական մաս կատվախոտ և անանուխ, 1-ական մաս բեկտենու կեղև և խնկեղեգ և 3 մաս եղինջ: Այս հումքից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` առավոտյան և երեկոյան: Հանգստացնող № 1 թեյի մեջ մտնում են 1-ական մաս կատվախոտ և գայլուկի կոներ, 2-ական մաս անանուխ և երեքնուկ, № 2 թեյի մեջ. հավասարաչափ` կատվախոտ, անանուխ, երիցուկ, քեմոնի և սամիթի սերմեր, № 3 թեյի մեջ. դարձյալ հավասարաչափ` կատվախոտ, առյուծագի, քեմոնի և սամիթի սերմեր, № 4 թեյի մեջ. 3-ական մաս կատվախոտ և անանուխ, 4 մաս երեքնուկ, իսկ № 5 նույնատիպ թեյի մեջ. 2 մաս կատվախոտ, 3 մաս երիցուկ և 5 մաս քեմոնի սերմ: Այս բոլոր թեյերն օգտագործում են ստամոքսային թեյի նման: Անքնության և նևրոգեն սրտխփոցների ժամանակ օգտագործում են 3-ական մաս կատվախոտի, պատրինջի և 10 մաս հազարտերևուկի խառնուրդը, որից 2 թեյի գդալ 3 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում ու քամում, ստացված թուրմն ըմպում մեկ օրվա ընթացքում: Նույն եղանակով օգտագործվում է լյարդի հիվանդությոնների ժամանակ` 2-ական մաս կատվախոտի և սզի ծազիկների, 3-ական մաս կծոխուրի և անանուխի խառնուրդը: Մ. Ա. Նոսալը գլխացավի և ստամոքսային ցավերի ժամանակ առաջարկում է 6 ճաշի գդալ անանուխ և 1-ական խաշի գդալ օշինդր ու կատվախոտի արմատ: Այս խառնուրդից նա առաջարկում է ըմպել 1-ական բաժակ` օրը 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները; Կատվախոտն ունի դեկորատիվ նշանակություն, նրանով կարելի է զարդարել այգիներն ու պուրակները: Բույսը մեղրատու է, ունի որոշակի ֆիտոնցիդ հատկություն:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն