Ավանդական բժշկություն Հալվե ծառակերպ- Алоэ древовидное- Aloe arborescens Mill
Հալվե ծառակերպ- Алоэ древовидное- Aloe arborescens Mill
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը կապված է տերեւի դառը համի հետ: Երկիր մոլորակի հնագույն բույսերից է: Առնվազն 6, իսկ ըստ որոշ հետազոտողների` 25 դար առաջ հայտնի է եղել մարդկանց. hայտնաբերվել է ժայռապատկերների վրա: Ցեղի ավելի քան 420 տեսակներից առավել հայտնի են Հ. ծառատիպը (A.arborescens), որը հանդիպում է Հարավային եւ Արեւելյան Աֆրիկայում ու Հ. իրականը (A.vera), որը վայրի բնության մեջ աճում է Կանարյան կղզիներում: Էբերսի պապիրուսից (Ք.ա. 16-րդ դար) տեղեկանում ենք, որ հալվեն հարյուրավոր տարիներ շարունակ օգտագործվել է որպես վերքամոքիչ ու լուծողական միջոց (Coopoosamy RM, Naidoo KK. A comparative Study of three aloe spesies used to treat skin diseases in South African rural communities. J. Altern Complement Med. 2012):
Բուսաճական ու դեղաբանական հատկություններն առաջին անգամ նկարագրել են Դիոսկորիդոսն իր «De Materia Medica» գրքում ու Պլինիուս Ավագը (Ք.հ.՝ մոտ 60թ.): Հ. Անիսիուսը («Կոդեքս», 512), Ավիցենան (980-1037), հայ հանճարեղ բժշկապետ Ա. Ամասիացին (մոտավորապես 1429-1496) եւ այլն: Հալվեի մոտավորապես 15 տեսակ աճում է Յեմենում, որոնցից մեկը՝ A.perryi, բնաշխարհիկ է: ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ այս տեսակը շատ մոտ է Հ. իրականին, նման արդյունքներ են ստացվել, նաեւ 5 այլ, հատկապես՝ հարավաֆրիկյան բնաշխարհիկ A. Striata տեսակի դեպքում: Հալվեի հյութը բավականին արագ է տրոհվում:
Հետաքրքիր է իմանալ, որ Յեմենին պատկանող Սոկոտր կղզում հազարամյակներ առաջ մշակվել է հյութի չորացման եղանակ: Շումերում ու Աքքադում այն անվանել են «Sa-bu-ru», թարգմանաբար՝ դիմացկուն, արաբները կոչել են «սաբուր», իսկ հայերը` սապռ: Ըստ 12-րդ դարի արաբ ճանապարհորդ Իրդիսու գրառման, Արիստոտելն իմացել է, որ Արեւելքի զինվորները բուժել են իրենց վերքերը հալվեի պատրաստուկներով, որոնք Այուրվեդայում ստացել էին հատուկ՝ «Kathalai» անունը: Նա համոզել է Ա. Մակեդոնացուն գրավել Սոկոտր կղզին ու տիրանալ բուժիչ հումքի պաշարին: Հազարամյակներ անց Կոլումբոսը գրել է.- «Հալվեն անհրաժեշտ է մարդուն բուժվելու համար», իսկ ժամանակակից հետազոտողներն ապացուցել են, որ հալվեն պարունակում է E ու C վիտամինների յուրացումը խթանող, հակաբորբոքային նյութեր, որոնց շնորհիվ բուժվում են բերանի խոռոչի վերքերը:
Հալվե ծառատիպի բուսաճական նկարագիրը
Արմատը գլանաձեւ է, ճյուղավորվող: Բնության մեջ աճող բույսի բարձրությունը 2-5 մ է: Սղոցաեզր, նստադիր, թրանման, հյութալի տերեւները հերթադիր են, մինչեւ 60 սմ երկարության, որոնք ցողունի գագաթին կազմում են վարդյակ: Ծաղկակոթունը երկար է, ծաղիկները` գլանաձեւ կամ նեղ զանգականման, որոնք ունեն երկշերտ կառուցվածք. 3 արտաքին նեղ երկարավուն թերթիկներն ալ կարմիր կամ նարնջագույն են, իսկ 3 ներքինները` դեղնասպիտակավուն: Ծաղկաբույլը հիմնականում հուրանատիպ կամ պարզ է: Առէջները 6-ն են, ներքին 3-ի թելիկներն ավելի երկար են: Արտաքին առէջների փոշոտիչները վառ նարնջագույն են: Եռաբաժան սերմնարանը գտնվում է վարսանդի վերին մասում, որն ունի 1-ական սռնակ ու սպի: Պտուղը եռանիստ, հարթ կողերով տուփիկ է: Սերմերը բազմաթիվ են: Եթե երբեւէ չեք տեսել ծաղկած հալվենի, ապա այցելեք Կարապետ Հակոբյանի ջերմոցը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Գայ գյուղ): Հալվե իրականի (A.vera) արմատն ավելի թույլ է զարգացած, ցողունը շատ կարճ է, վարդակի տրամագիծը մոտավորապես 60 սմ է, տերեւները հաճախ գունագեղ են, եզրային փշերը` ճերմակ, իսկ ծաղիկները՝ դեղնանարնջագույն: Եվրոպայում հալվեն սկսել են մշակել 1689 թվականից (Ամստերդամ), առավել մեծ տարածում են ստացել 2 վերոգրյալ տեսակները, որոնց քիմիական կազմն ու դեղաբանական հատկությունները քիչ են տարբերվում: Մշակվում են բազմաթիվ երկրներում, բուժահումք ստանալու ու գեղարարական արտադրության համար:
Քիմիական կազմը
Հալվեն պարունակում է օրգանիզմում չգոյացող` թվով 8, ու 10 փոխարինելի ամինաթթուներ: Միկրոտարր սելեն պարունակող ամինաթթուների բարդ միավորում՝ նույնն է պեպտիդ գլուտատիոն, որը երբեմն անվանում են «հակաօքսիդանտ պաշտպանության համակարգի արքա»:
Այն կատարում է հետեւյալ ֆունկցիաները.
- Անմիջականորեն մասնակցում է ազատ ռադիկալների հեռացման գործընթացին, նպաստում է հակաօքսիդանտ E, C վիտամինների պահպանմանն ու յուրացմանը:
- Կարգավորում է ազոտի օքսիդի շրջանառությունն օրգանիզմում, որը թուլացնում է անոթների պատերի հարթ մկանները եւ ունի կարդիոպաշտպան ու հիպոտենզիվ՝ արյան ճնշումն իջեցնող ազդեցություն:
- Մեծապես ազդում է երկաթի փոխանակման գործընթացի վրա, հայտնի է, որ արտադրվում է հալվեի օշարակի ու երկաթի խառնուրդ, որն ունի արյունաստեղծ ազդեցություն:
- Խթանում է խմորիչների ակտիվությունը, ամինաթթուների տեղաշարժը, սպիտակուցի ու պրոստագլանդինի գոյացման ընթացքը: Գլուտաթիոնն անհրաժեշտ է իմունային, նյարդային, աղեստամոքսային համակարգերի ու թոքերի առողջության պահպանման համար:
- Կարող է դանդաղեցնել ուռուցքի աճը նախնական փուլերում, սակայն անհամատեղելի է քիմիաթերապեւտիկ դեղորայքի հետ:
- Տարեց մարդկանց մոտ նվազում է գլուտաթիոնի մակարդակը, որը կարելի է վերականգնել (մինչեւ 94.6%) L-ցիստեին ու գլիցին պարունակող հավելումների միջոցով: Հետաքրքիր է իմանալ, որ գլիցինը տիեզերքում հայտնաբերված առաջին ամինաթթուն է (Ջ.Ս.,Գլիցին՝ համատիեզերական կյանքի հատիկներ):
- Կանխում է տուբերկուլոզի ցուպիկների աճը (Morris Di, et al, Glutatione supplementation improves macrophage functions in HIV. S. Interferon Cytokine Res.2013):
- Բարձրացնում է արական սերմնաբջիջների շարժունակությունը (Mora-Esteves C., Shin D. Nutrient supplementation: improving male fertility fourfold. Semin Reprod Med. 2013): Հայտնի է, որ հալվեն իջեցնում է սերմնահեղուկի խտությունը, այն կիրառվում է նաեւ ոչխարների արհեստական բեղմնավորման դեպքում:
Ացեմանանն առանձնացվել է հալվեի հյութից, բարդ շաքարներից բաղկացած նյութ է, որը կանխարգելում է ուռուցքները սնող արյունատար ցանցի ձեւավորմանը: Հալվեի տերեւի ապլիկացիաները բուժում են ստոմատիտը:
Ալոինը (C21H22O9) դառնահամ նյութ է, որը գոյանում է տերեւաթիթեղում ու մասամբ արտազատվում հյութի մեջ: Պարունակվում է մոտավորապես 68 տեսակներում, Հալվե ծառատիպում ավելի շատ է, քան Հ. իրականում: Ալոինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ունի լուծողական հատկություն, ուժեղացնում է արգանդի կրճատումները: Չարաշահելու դեպքում խախտվում է օրգանիզմի էլեկտրոլիտների հավասարակշռությունը, առաջացնում է փորացավ, լուծ:
Էմոդինը նույնպես լուծողական հատկություն ունեցող նյութ է, սակայն, ի տարբերություն ալոինի, չի պարունակում շաքարներ: ԱՄՆ-ում 2002թ. մայիսից անտրաքինոններ՝ հատկապես ալոին պարունակող նյութերը, վաճառվում են միայն բժշկի թույլտվությամբ: Հալվեի հյութում ալոինի պարունակությունը չնչին է:
Անտրաքինոններ ալոինը, էմոդինը, բարբալոինն ունեն հակաբակտերիալ ազդեցություն, որոնք հալվեի հյութում պարունակվող ալֆա-ամիլազա խմորիչի հետ համատեղ կանխարգելում են վնասված հյուսվածքների ու այտուցների բորբոքումն ու նպաստում դրանց ապաքինմանը՝ առանց ցավ պատճառելու:
Հալվեի հյութը պարունակում է հարյուրավոր խմորիչներ, որոնցից կատալազա, օքսիդազա, ամիլազա, ալիինազա, ցելյուլազա՝ պրոտեոլիտիկ խմորիչների խումբն ի զորու է տրոհել օսլայի ու այլ դժվար յուրացվող նյութերի կուտակումները:
Կենսաբանորեն ակտիվ ածխաջրատներ ռամնոզան ու գեկսուրոնաթթուն ունեն մանրէասպան հատկություն, իսկ կարնիզինը, որն ունի հակավարակային ազդեցություն, արդյունավետ է ՁԻԱՀ-ի բուժման գործընթացում:
Գլիկոզիդային փրփրանյութերը, որոնք ունեն մաքրող հականեխիչ ազդեցություն, կա կարծիք, որ ճնշում են բորբոքումների ընթացքը: Պարունակում է մինչեւ 20% խեժ, սալիցիլաթթու, եթերայուղերի հետքեր:
Հալվեն պարունակում է բույսերում հազվադեպ հանդիպող B12, B խմբի այլ վիտամիններ, ֆոլաթթու, կարոտինային նյութեր (Ջ. Սահակյան., Վիտամիններն արեւածաղկում, MP):
Հալվե ծառատիպը (ըստ պրոֆեսոր Ե.Յա. Կոնովալովայի) կուտակում է գերմանիում (Ջ. Ս.,Սխտորի գաղտնիքները), սելեն (Ջ. Ս., Մակրոտարրերն արեւածաղկում), ցինկ (Ջ. Ս., Թիմուսի վերականգմանը նպաստող բույսեր), ստրոնցիում: Պարունակում է նաեւ կալցիում, կալիում, մագնեզիում, նատրիում, պղինձ, քրոմ, այլ:
Նորագույն գիտական հետազոտություններ
Միջազգային գիտական խորհուրդը, որը զբաղվում է հալվեի ուսումնասիրությամբ, շարունակաբար հրապարակում է զեկույցներ: 2009թ. հաղորդվել է, որ հալվեի պատրաստուկների ներքին կիրառումն իջեցնում է գլյուկոզայի ու ճարպերի պարունակությունն արյան մեջ՝ շաքարային դիաբետի ու ճարպակալման դեպքում, արդյունավետ է գենիտալ հերպեսի (Ջ.Ս., Հերպես) ու փսորիազի բուժման գործընթացում: 2007թ. հաղորդվել է, որ Հալվե իրականը (vera) 1-ին ու 2-րդ կարգի այրվածքները բուժող արդյունավետ միջոց է, նաեւ կարող է օգտագործվել արեւապաշտպան կոսմետիկ միջոցներում: Կա հաղորդագրություն, որ հալվեն իջեցնում է T3, T4 հորմոնների պարունակությունն արյան մեջ:
Ինչպես օգտագործել հալվեն
Հալվեն կենսաբանական նյութերով հագեցած բանջար է, որոնք առավել շատ են 3-12 տարեկան տերեւներում: Խորհուրդ է տրվում 15 սմ ու ավելի երկարություն ունեցող տերեւից զգուշորեն կտրել մոտավորապես 4 սմ-անոց հատված, լվանալ եւ ուտել (1 օրվա չափաբաժինն է), հալվեն պետք է մանրացնել ձեռքերով, փայտե կամ պլաստիկ դանակով: Ակադեմիկոս Վ.Ն. Ֆիլատովն առաջարկել է հալվեում պարունակվող օգտակար նյութերի ակտիվացման հետեւյալ եղանակը. լվացած տերեւը դնել քամիչի վրա, չորանալուց հետո «բարուրել» սեւ թղթով ու 12-25 օր պահել +4°-+8°C ջերմաստիճանի պայմաններում, որի դեպքում իր կյանքի համար պայքարող բույսը ի մի է բերում կենսական ռեսուրսները: Նման վիճակում գտնվող նյութերը կոչվում են կենսախթանիչներ: Գիտական բժշկությունը գտնում է, որ կենսախթանիչները խստորեն հակացուցված են չարորակ ուռուցքների դեպքում ու անհամեմատելի են քիմիաթերապեւտիկ դեղորայքի հետ: Ջերմամշակում անցած հումքը հարկավոր է մանրացնել, լցնել սառը ջրի մեջ (1:3), 90 րոպե թրմել մութ տեղում ու քամել հյութը: Մեծ չափաքանակներ պատրաստելն անիմաստ է, քանի որ հյութի պահպանման ժամկետը 5-7 օր է:
Խորհուրդ: Սենյակային պայմաններում աճեցնելու համար առավել բարենպաստ են թրծակավե ծաղկամանները: Ջրելուց առաջ ցուցամատի առաջին փալանգը մխրճեք հողի մեջ ու ջրեք, եթե այն չի խոնավանում:
ՀԱԼՎԵ ԾԱՌԱՏԻՊ. ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Դեպրեսիա. Հալվեի 5 ճ.գ. մանրացրած տերեւը խառնեք 200 գ շաքարավազի հետ: Տարան ծածկեք երկշերտ ծալած թանզիվով, 3 օր թրմեք, առաջացած հյութը քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Միգրենի նոպա: Հալվեի 2 ճ.գ. տերեւը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ:
Դաշտանադադար: Ալոճենու 3 ճ.գ. ծաղկաթերթը լցրեք 600 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք, լուծեք 3 ճ.գ. հալվեի հյութ: Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ:
Ադենոիդներ: Քնելուց առաջ կաթեցրեք 1-ական կաթիլ հալվեի հյութ: Մի քանի րոպե շնչեք բերանով ու 5-10 րոպեից կուլ տվեք հյութը: Շարունակեք 1 տարի:
Արթրիտ: Խառնեք հալվեի հյութ, մեղր, օղի (1:2:3), 1-3 ժամ թրմեք: Դրեք թրջոց հիվանդ հոդի վրա, ամրացրեք բրդյա կտորով, պահեք մինչեւ չորանալը: Կամ՝ խառնեք կարմիր կծու պղպեղի փոշի, օղի, հալվեի հյութ (1:1:0.3 ), 7 օր թրմեք մութ, հով տեղում: Ներմերսեք հիվանդ հատվածին ու վիրակապեք բրդյա լաթով՝ քնելուց առաջ:
Հայմորիտ: Խառնեք հալվեի հյութ ու մեղր (1:1): Կաթեցրեք 3-ական կաթիլ, օրը 4 անգամ:
Թութք: Խառնեք 1-ական ճ.գ. մեղր ու կարագ, 5 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա: Հալվելի տերեւի եզրերը հարթեցրեք, մի քանի րոպե պահեք խառնուրդի մեջ, տեղադրեք «մոմիկը»՝ քնելուց առաջ, շարունակեք 30-45 օր:
Աչքի հիվանդություններ: Ցորենահատիկի չափով մումիոն տաքացրեք ափի մեջ ու ավելացրեք հալվեի 2 տերեւից զտված հյութին, խառնեք մինչեւ լուծվի, քամեք քառատակ թանզիվով: Պահեք կիպ փակվող ապակյա տարայում, սառնարանի մեջ: Կաթեցրեք 1-ական կաթիլ՝ առավոտյան ու երեկոյան: Կիրառեք գլաուկոմայի, կատարակտի դեպքում:
Այրվածք: Տերեւը կտրտեք, ամրացրեք վերքին, 4-5 ժամից փոխեք վիրակապը:
Ճարպագունդ: Հալվեի տերեւաթաղանթի մեկ կողմն ու փշերը հեռացրեք, դրեք ճարպագնդի վրա ու ամրացրեք` քնելուց առաջ: Շարունակեք մինչեւ ճարպապալարը դուրս գա: Կարեւոր է իմանալ, որ մեխանիկական ազդեցության դեպքում ճարպագնդերը բորբոքվում են (Ջ. Սահակյան, «Ճարպագնդերի տեսակները, առաջացման պատճառները եւ բուժումը» 2014):
Չոր կոշտուկ: Տերեւը մշակեք` ինչպես նախորդ դեղատոմսում, քնելուց առաջ ամրացրեք կոշտուկի վրա: Շարունակեք մինչեւ փափկի ու հնարավոր լինի հեռացնել, վերքը մշակեք վաղենակի (календула) ոգեթուրմով կամ «զելյոնկայով» (капли Зеленина):
Բրոնխիալ ասթմա: Աղացեք 400 գ գլուխ սոխ, լցրեք արծնապատ կամ կավե տարայի մեջ, ավելացրեք 400-ական գ կարագ ու մեղր, 150 գ շաքարավազ, 150 մլ հալվեի հյութ: Խառնուրդը 3 ժամ պահեք ջրային բաղնիքի վրա, տարան ծածկեք, 1 ժամ թրմեք, պահեք սառնարանում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:
Բրոնխիտ, թոքաբորբ, պլեւրիտ: Հալվեի 0.5 լ հյութը 7 օր թրմեք 300 մլ մեղրի ու 0.75 լ Կագոր գինու լուծույթում, պահեք մութ տեղում: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Շարունակեք մինչեւ խառնուրդի վերջանալը:
Քրոնիկ հոգնածություն, ավիտամինոզ: Խառնեք կիտրոնի 200 մլ ու հալվեի 80 մլ հյութեր, 300-ական գ մեղր ու ընկույզի տրորած միջուկ, պահեք սառնարանում: Կերեք 1-2 թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Օրգանիզմն ապաքինող: Խառնեք 100-ական մլ հալվեի հյութ ու Կագոր, 300 գ մեղր, 5 օր թրմեք մութ, հով տեղում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Լավացնում է ախորժակն ու մարսողությունը, հատկապես օգտակար է ծանր հիվանդություններից հյուծված մարդկանց՝ ապաքինման շրջանում:
Փորկապություն: Խառնեք կեսական թ.գ. մեղր ու հալվեի թարմ հյութ, կերեք օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Լեղաքարային հիվանդություն: Խառնեք 0.1-ական լ մեղր, օղի, բազուկի, գազարի, սեւ բողկի, հալվեի հյութեր: Լցրեք 3 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, փակեք, բարուրեք պոլիէթիլենային թաղանթով: Թաղեք հողի մեջ (մինչեւ կափարիչը), 14 օր թրմեք, պահեք սառնարանում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Շարունակեք 3 ամիս: Կամ՝ թթու դրած կաղամբի 200 մլ հեղուկում լուծեք 2 ճ.գ. հալվեի հյութ: Խմեք 70-ական մլ՝ օրը 3 անգամ: Շարունակեք 45-60 օր: Խորհրդակցեք բժշկի հետ:
Ստամոքսի, 12-մատնյա աղու խոց: Աղացեք հալվեի 500 գ տերեւ, խառնեք 100 գ մեղր, 10 օր թրմեք մութ տեղում, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պահպանեք համապատասխան սննդակարգ:
Ստամոքսաբորբ՝ ցածր թթվայնությամբ, աթերոսկլերոզ: Խմեք 1-ական թ.գ հալվեի թարմ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:
Ստամոքսաբորբ՝ բարձր թթվայնությամբ: Խառնեք 100-ական մլ հալվեի հյութ ու մեղր: Կերեք 2-ական թ.գ. նախաճաշից ու ընթրիքից 30 րոպե առաջ: Շարունակեք 30-60 օր:
Հիպերտոնիա, նախնական փուլ: Մանրացրեք, խառնեք 1-ական թ.գ. դաղձի ու հալվեի տերեւներ, 2 թ.գ. սրոհունդի խոտ, 2 ժամ թրմեք 150 մլ եռջրում, քամեք: Աղացեք վարդագույն միջուկով կես կարտոֆիլ, քամեք հյութը, ավելացրեք թուրմին: Խմեք 2-ական ճ.գ., օրը 5 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:
Հիպերտոնիա, երբ ճնշումը 200 մմ ս.ս. ու ավելի է: Մաղադանոսի 1 ճ.գ. կանաչին մանրացրեք, 10 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ, քամեք, ավելացրեք 100մլ հալվեի հյութ: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ:
Ստենոկարդիա: Աղացեք 3 միջին սխտոր, 10 օր թրմեք 30 մլ օղու մեջ, քամեք: Ավելացրեք 2 ճ.գ. հալվեի հյութ, 1 ճ.գ. մեղր: Խմեք կես թ.գ., օրը 1 անգամ:
Սրտամկանի ինֆարկտ, վերականգնող թերապիա: Ծիրանաչիրը մանրացրեք, 3 ճ.գ. 1 ժամ թրմեք 100 մլ եռջրում, քամեք, ավելացրեք 2 ճ.գ. հալվեի հյութ: Խմեք փոքր չափաբաժիններով, օրվա ընթացքում:
Լյարդի, լեղապարկի ցավեր: Մեկ միջին բազուկը կեղեւահարեք, մանր կտրտեք, եփեք 1լ ջրում մինչեւ փափկելը, քամեք: Եփուկի մեջ լուծեք 1 ճ.գ. հալվեի հյութ ու 4 ճ.գ. սրոհունդի 10 %-անոց ոգեթուրմ: Խմեք 100մլ, օրը 1 անգամ:
Ցավեր երիկամներում: Հալվեի տերեւը մանրացրեք, 5 ճ.գ. 20 րոպե եփեք 1 լ կաթի մեջ` թույլ կրակի վրա, քամեք, հումքը մզեք ու ավելացրեք եփուկին: Խմեք 300-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ գոլ վիճակում:
Ցավոտ միզարձակություն: 200 գ նուշը մանրացրեք, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա կես լ կաթում, քամեք: Աղացեք 150 գ հալվեի տերեւ, խառնեք նշի խաշուկին: Կերեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո:
Զգուշացում: Հակացուցված է արգանդի ու թութքի արյունահոսության, անհատական անընկալունակության դեպքում, հղիներին: Քրոնիկ հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժիշկի հետ:
Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն