Ավանդական բժշկություն Երիցուկ դեղատու - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։
Դեղաբույսի նկարագրությունը
Դեղաատու երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս է։ Ունի մինչև 60 սմ բարձրություն։ Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։
Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։
Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։
Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։
Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։
Դեղատու երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գ, սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075-0,08գ.։ Դեղատու երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում;
Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններում։
Որպես մոլախոտ կարող է հայնտվել տարբեր վայրերում, սակայն, սովորաբար, 1-2 տարի հետո անհետանում է` չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը։
Վայրի վիճակում դեղատու երիցուկն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում։
Դեղատու երիցուկը` որպես դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին Հունաստանի և Հռոմի բժիշկներին։
Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ նրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»։
XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն կոսմետիկայում։
Հումքի հավաքումը և չորացումը
Դեղագործական հումք են դեղատու երիցուկի ծաղկաբույլերը (զամբյուղիկները) (Flores Chamomillae): Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբին, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները զամբյուղներում հորիզոնական են տեղավորված:
Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային տեսքը։
Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և չորացումից հետո մգանում են։
Հավաքված հումքը չորացնում են բաց օդում` մինչև 5 սմ հաստությամբ շերտերով։ Չորացման ընթացքում խորհուրդ չի տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվեն։
Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքում։
Կարելի է չորացնել նաև վերնահարկերում, տանիքների, ծածկերի տակ, ինչպես նաև չորանոցներում` 400 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։
Հումքի պիտանելիության ժամկետը մեկ տարի է։
Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն, համեմունքային։ Որպեսզի կատարվի դեղատու երիցուկի ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ` յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ զարգացած բույսեր։
Քիմիական բաղադրությունը
Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև` ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային, պալմիտինային, օլեինային։
Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)` K - 41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe - 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn - 0,80; Co - 0,16; Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr - 0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80։ Չի հայտնաբերված` Mo, Cd, Li, Au, Ag, Br, խտացված ձևով կան` Zn, Cu, Se։
Ֆարմակոլոգիական հատկությունները
Դեղատու երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային, հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և որոշ չափով ցավազրկող ազդեցություն։
Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան), ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում են խմորման գործընթացները, վերացնում աղիների կծկումները։ Բույսի հակակծկանքային ազդեցության մեխանիզմը բացատրվում է նրա գլիկոզիդների Մ-խոլինոլիտիկ հատկություններով։
Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենի։
Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի էպիթելի վերականգնողական գործընթացները և դադարեցնում բորբոքման զարգացումը։
Կիրառումը բժշկությունում
Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։
Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։
Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։
Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։
Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։
Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։
Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումների և ցավերի, փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակ։ Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Գիշերը մեղրի և կաթնասերի հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնին։
Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի, վերջույթների քրտնելու ժամանակ։
Դեղատու երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և փափկեցնող հավաքածուների կազմի մեջ։
Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները
Երիցուկի ծաղիկների եփուկը (Decoctum florum Chamomillae). 10 գ (4 ճաշի գդալ) հումքը տեղավորում են էմալապատ տարայի մեջ, ավելացնում 200 մլ եռման ջուր, ծածկում կափարիչով և տեղավորում եռացող ջրային բաղնիքում` 30 րոպե, ապա հովացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում` 10 րոպե։
Քամում են, մնացած հումքը մզում։ Ստացված եփուկի ծավալը դարձնում են 200 մլ` ավելացնելով եռման ջուր։ Ստացված եփուկը պահպանում են սառը տեղում` 2 օրից ոչ ավել։ Օգտագործում են 1/3-1/2 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելուց հետո` որպես հակակծկանքային, հակաբորբոքային, հականեխիչ, քրտնեցնող, աղիների կծկանքների,փքանքի, լուծերի ժամանակ։
Արտաքին` ողողումների, թրջոցների, հոգնաների ձևով։
Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6% ազուլեն)` 0,3 մլ։ Որպես էմուլգատոր ավելացնում են թվին (твин)` 80-4 գ։
Պատրաստուկն ունի հակաբորբոքային և դեզոդորացնող հատկություն։ Օգտագործում են ողողումների, լվացումների ձևով` բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների (գինգիվիտ, ստոմատիտ), արտաքին ականջի, վագինիտների, ուրետրիտների, ցիստիտների, տրոֆիկ խոցերի, մաշկային հիվանդությունների ժամանակ (էկզեմա, նեյրոդերմիտ, մաշկի քոր, քոր` հետանցքի և շրջակա մասերում)։
Ներքին. այս պատրաստուկն օգտագործում են գաստրիտների, կոլիտների ժամանակ, փքանքների դեպքում։
Կծկանքային կոլիտների դեպքում օգտագործում են հոգնաների ձևով։
Արտաքին օգտագործման և հոգնաների ժամանակ 1,5 ճաշի գդալ պատրաստուկին ավելացնում են 1 լ ջուր։ Օգտագործում են 1/2 թեյի գդալ պատրաստուկից` ավելացրած 1 բաժակ տաք ջրի մեջ։
Ռումազուլոնը բաց է թողնվում 100 մլ ապակյա սրվակներով։ Արտադրվում է Ռումինիայում։
Դեղատու երիցուկի ծաղիկների թուրմը. 15 գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամում։ Օգտագործում են օրը 3-4 անգամ` 1 ճաշի գդալ։
Դեղատու երիցուկի ծաղիկների փոշին օգտագործում են 0,2 գ` ուտելուց 2-3 ժամ հետո։
Երիցուկի հյութը ստանում են հուլիս-օգոստոս ամիսներին։ Օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը` մեղրի հետ, օրը 3 անգամ, մինչև ուտելը։
Հակացուցում և հնարավոր կողմնակի ազդեցությունները
Երիցուկի եթերային յուղի բարձր չափաբաժինները կարող են առաջացնել գլխացավ և ընդհանուր թուլություն։
Կիրառումն այլ ոլորտներում
Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքի, օդեկոլոնների, օճառների, նրբաքսուքների (կրեմ) արտադրության ժամանակ։
Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու ժամանակ։
Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով ներկել։
Մեծ կիրառում ունի կոսմետիկայում։
Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը` աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների դեպքում։
Երիցուկը կուլտուրական մշակաբույս է Ուկրաինայում, Բելառուսում, Արևմտյան Սիբիրում։
Ագրոտեխնիկական տարրեր
Դեղատու երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերում։ Աղքատ հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևում։ Լավ կանխանշան է գոլորշին։
Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը` թափվելով հողում, տալիս են շատ խիտ ինքնացան։
Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային կոմպոստ` 1 մ2 մակերեսի հաշվով։
Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտ։ Սերմերի ցանքից 3-5 օր առաջ մշակում են հողը։ Սերմերը ցանում են խոր աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ խորությամբ, կամ էլ` վաղ գարնանը, 1-1,5 սմ, միջշարքային տարածությունը` 45-60 սմ։
Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններում։
Ձմեռած սերմերն ավելի բարձր բերք են տալիս։
Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3 անգամ։
4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմ։ Ցանելու հարմարության համար սերմերը կարելի է խառնել չոր, մանր ավազի հետ` 1։50 հարաբերությամբ և հավասարաչափ ցանել։
Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով կարելի է ծածկել փխրուն հողով, ծածկել հաստ թղթով, տոլով կամ պոլիէթիլենային թաղանթով։
Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով միայն պոլիէթիլենի թաղանթը, որի տակ նրանք շատ արագ աճում են և տերևաբույլ տալիս։ Տերևաբույլի կազմավորվելուց հետո պոլիէթիլենային թաղանթը հանում են։
Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարի։
Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն