Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բժշկություն   Մագնոլիա - Магнолия - Magnolia

Գլխավոր

Մագնոլիա - Магнолия - Magnolia  Մագնոլիա - Магнолия - Magnolia

 

Մագնոլիա - Магнолия - Magnolia

 

Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով:

 

Ծածկասերմ բույսերը երկիր մոլորակի հնաբնակներն են: Հնէաբաններն ապացուցել են, որ  կղբազգի բույսերն աճել են երկիր մոլորակի վրա, մոտ 95 միլիոն տարի առաջ: Մնացորդային հետքեր են հայտնաբերվել Դոն, Ուրալ, Վոլգա, Օբ գետերի ավազաններում, Սախալին կղզում: Ներկայում կղբազգիները տարածված են Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մալայան կղզիներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում: Ըստ Ճապոնիայի կայսերական բուսաբանական այգու մասնագետների կազմած ցուցակի` ներկայում հայտնի են կղբազգիների  ընտանիքին պատկանող մագնոլիա ցեղի թվով 240 տեսակներ: Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում,  ՀՀ Տավուշի մարզում մշակվում է  մագնոլիա խոշորածաղիկը (Magnolia grandiflora), որի հայրենիքը ԱՄՆ հարավարեւելյան շրջաններն են:  Դիլիջանի ու Գյուլագարակի բուսայգիներում մշակվում Է՝ M. Kara Kobus տեսակը, որի հայրենիքը հարավարեւելյան Ասիան է:

 

Ըստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված  բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:

 

Մագնոլիա - Магнолия - MagnoliaԾաղիկը խորհրդանշում է վեհանձնություն, համառություն:  Մագնոլիա  խոշորածաղիկը սաղարթախիտ, բրգաձեւ (մինչեւ 30մ բարձրություն ու 130սմ բնի տրամագիծ ունեցող) ծառատեսակ է: Բնափայտը շատ արժեքավոր է, դրանից պատրաստված կահույքն ունի մեծ պահանջարկ: Բողբոջներն իլիկաձեւ են: Տերեւները հարթ են ու կաշվեպատ, խոշոր (12-25սմ երկարություն, 4-12սմ լայնք): Տերեւը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, կաթնագույն կամ ծիրանի, որոնց  տրամագիծը  մոտավորապես 25սմ է, պարունակում են 0.16% եթերային յուղ, որն ունի սուր, շշմեցնող հոտ:

 

Ծաղկապատյանի տերեւները ձվաձեւ կամ օվալ են (7.5-10սմ երկարություն, 2-5սմ լայնք), որոնց թիվը փոփոխական է՝ 6, 9 կամ 12 հատ: Ծաղկի առանցքային վարսանդիկը երկարավուն է, նստած է ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում տեղակայված է սերմնարանը, այն շրջապատված է գազարագույն առէջներով:

 

Ծաղկման շրջանի վերջում ձեւավորվում  են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են  մինչեւ 42% ճարպ,  որը պաշտպանում է սաղմը:

Քիմիական բաղադրությունն ու բուժիչ հատկությունները

Մագնոլիա խոշորածաղկի տերեւը պարունակում է 0.6% եթերային յուղ, 0.24% գլիկոզիդներ, 3% պոլիֆենոլներ, 4% կարբոնիլային միացություններ: Արտադրվում են տերեւից ու ծաղիկից առանձնացված եթերային յուղ ու հեղուկամզվածք, որոնք խորհուրդ է տրվում հիպերտոնիայի նախնական փուլում.

Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում, ընդամենը 21 օր:

Մասնագետները գտել են, որ մագնոլիա ցեղի առանձին տեսակների քիմիական բաղադրությունն ու բուժական ազդեցության ոլորտը գրեթե չեն տարբերվում: Վերջին տարիներին ուսումնասիրվում են չինական ավանդական բժշկությունում հնուց կիրառվող  M. Kara Koboku ծառատեսակի  կեղեւի բուժիչ հատկությունները: Հայտնաբերվել են խոնոկիոլ  ու մագնոլոլ նեոլիգնաններ ու դրանց թվով 2 ածանցյալները, նաեւ 5 ալկալոիդներ, սիրինգին ու դրա հետ կապված գլիկոզիդներ, բույսին բնորոշ 11 այլ միացություններ: Վերջին տարիներին (1999-2013 թ.թ.) հրապարակվել են 3 տասնյակից ավելի հետազոտությունների արդյունքներ.

Մագնոլիա - Магнолия - MagnoliaՄագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ  (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր  հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն  տագնապի զգացումը  հեռացնող,  հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից  ու թթվեցնող ռադիկալներից:  Մի շարք  հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ  հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն  ունեն  բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:

Հիպերտոնիա. մագնոլիա խոշորածաղկի մանրացրած տերեւը 14 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1:1), մութ, հով տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ 50մլ ջրով, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:

Մկանային ցավեր. մագնոլիայի ճյուղի չոր կեղեւը փոշի դարձրեք, լցրեք տաքացրած ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք: Քսեք ցավոտ հատվածին՝ քնելուց 1-2 ժամ առաջ: 

Կեղեւի 1գ փոշին 8 ժամ թրմեք 300մլ եռջրում, քամեք թանզիֆով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում: Չին բուժարարները խորհուրդ են տալիս խմել թուրմը  նաեւ կոլիտի ու ստամոքսաբորբի դեպքում:                                                                             

Զգուացում: Հակացուցված է հղիներին: Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները: Խորհրդակցեք բժշկի հետ:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ