Ավանդական բժշկություն Չիչխան դժնիկանման - Облепиха крушиновидная - Hippophae rhamnoides L.
ՉԻՉԽԱՆ ԴԺՆԻԿԱՆՄԱՆ- Облепиха крушиновидная- Hippophae rhamnoides L.
Հայկական տարանունները - ափռի, ծովափուշ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ
Դեղաբույսի նկարագրությունը: Փշատազգիների ընտանիքին պատկանող, 0,5 -3,5 մ բարձրության, խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ` ծառ: Մատղաշ ընձյուղներն արծաթագույն են, իսկ հետագայում դառնում են գորշ ժանգագույն: Տերևները հերթադիր են, պարզ, երկար, նշտարաձև, ամբողջաեզր: Բույսը երկտուն է, ծաղիկները` միասեռ, պարզ, շատ մանր, դեղին: Պտուղները մսալի են, հարթ, փայլուն, նարնջագույն` ճյուղերին կպած: Սերմերը ձվաձև են, հաճախ սև գույնի: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` թփի վրա մնալով մինչև գարուն: Աճում է հիմնականում խոնավ տեղերում, գետափերին, ճահճուտներում` հաճախ տալով անանցանելի բուսուտներ: Մեզ մոտ հիմնականում հանդիպում է Աբովյանի, Իջևանի, Սևանի, Մեղրու, Գորիսի, Սիսիանի, Կիրովականի և այլ շրջաններում: Չիչխանը ծաղկում և պտղակալում է ամեն տարի` միշտ էլ տալով առատ բերք: Բավականաչափ ցրտադիմացկուն է, լուսասեր, կայուն` շոգերի նկատմամբ, իսկ հողի նկատմամբ` առանձնապես պահանջկոտ չէ: Բազմանում է սերմերով, վեգետատիվ եղանակով և մերձարմատային շյուղերով: Արմատների վրա բազմանում են մեծ քանակությամբ ազոտային բակտերիաներ: ''Հիպպոս'' անունը հունարեն նշանակում է ձի , իսկ ''ֆաոս''` փայլ` ելնելով այն բանից, որ Հին Հունաստանում բույսով սնում և բուժում էին ձիերին, որի հետևանքով ձիու մազերը ստանում էին գեղեցիկ փայլ:
Քիմիական բաղադրությունը: Թարմ, հասուն պտուղները պարունակում են 83,6- 86,4% ջուր, մինչև 9% ճարպայուղ, 900մգ% C վիտամին, 11 մգ% A վիտամին, 0,28% B1 վիտամին, 0,56 մգ% B2 վիտամին, 0,79 մգ % B6 վիտամին, 14,3 մգ % E վիտամին, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտինաթթվային գլիցերիդներ: Սերմերի մեջ պարունակվում է մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում` մինչև 10% դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից` Fe, B, Mn: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ հիպոֆեին:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերոում նաև` տերևները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն: Պտուղներն իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերևները հավաքում են ամբողջ սեզոնում, չորացնում հով տեղում` միջանցուկ քամու տակ: Սակայն դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատուկ համով ու հոտով յուղի շնորհիվ, որի պահանջը` Միության մասշտաբով, չաբազանց մեծ է: Չիչխանի անունը հաճախ է հանդիպում Դիոսկորիդի, Թեոֆրաստի և այլոց մոտ, սակայն դեղաբույսի բուժական նշանակության մասին խոսվել է ավելի ուշ:
Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներըն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց: Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծող հատկությամբ, մինչդեռ ճյուղերի և տերևների եփուկը ունի միանգամայն հակառակ ներգործություն և օգտագործվում է լուծերի ժամանակ: Պտուղների և տերևների եփուկն օգտագործվում է ինչպես ներքին ընդունման, այնպես էլ գուխը լվանալու ձևով` մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Դեղաբույսից ստացված յուղը լայն կիրառություն ունի կլինիկական բժշկության մեջ: Ըստ Լ. Ն. Յուդկինայի (ցիտ. Ա. Դ. Տուրովայի), չիչխանի յուղը լավ արդյունք է տալիս մաշկի թարախային բորբոքումների , էկզեմայի, թեփոտվող որքինի, Դարյեի հիվանդության, խեյլիտի և խոցային բնույթի գայլախտի բուժման ժամանակ: Յուղից պատրաստված 5%-անոց քսուքը արագորեն վերացրել է մաշկային բորբոքման երևույթները, այտուցը, էրիթեման, ցավը, սուր էկզեմայի այրոցը: Նեյրոդերմիտի, թեփոտվող որքինի և մաշկային քրոնիկական այլ հիվանդությունների ժամանակ յուղային քսուքից արագորեն ներծծվել է ինֆիլտրացիան, դադարել է թեփոտումը, քորը, էպիթելիզացվել են ճաքվածքները: Յուղը դրական արդունք է տալիս նաև բերանի լորձաթաղանթի վերքերի, ճաքվածքների, ինչպեա նաև հետանցքի և սեռական օրգանների շրջանի մաշկային մի շարք ախտահարումների ժամանակ: Յուղը օգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելեւց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, արագանում վերքի ռեգեներացիան: Յուղն` ընդհանրապես, խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան և էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման պրոցեսը: Այն ցուցված է այրվածքների, ցրտահարության, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, օրգանիզմի ճառագայթային ախտահարումների և որկորի քաղցկեղի ժամանակ` ճառագայթաբուժման հետևանքով առաջ եկած դեգեներատիվ երևույթները պակասացնելու նպատակով:
Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում: Այն արդյունավետ ներգործություն է ունենում կոլպիտների, էնդոցերվիցիտների և արգանդի վզիկի էրոզիայի դեպքում: Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարակտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, անեմիաների, գաստրիտների, լորձաթաղանթների ատրոֆիկ փոփոխությունների, հիպերտոնիկ հիվանդության ընթացքի վրա և այլն: Պտուղները թարմ կամ սառած վիճակում ուտում են հիպո- կամ ավիտամինոզ A-ի և ընդհանուր հյուծվածության ժամանակ: Կեղևը` շնորհիվ սերոտոնինի պարունակության, օժտված է որոշակի հակաուռուցքային ակիվությամբ և մտնում է հակաուռուցքային պատրաստուկների կազմի մեջ, որոնք փորձնականորեն տվել են որոշակի շոշափելի արդյունք ( Բալիցկի Կ. Բ., Վորոնցովա Ա. Լ., Կարպուխինա Ա. Մ.): Նշենք, որ յուղը հակացուցված է սուր խոլեցիստիտների, ստամոքսաաղիքային տրակտի սուր խանգարումների և պանկրեատիտների ժամանակ:
Մեր կողմից, յուղը աերոզոլի ձևով օգտագործվել է քրոնիկական տրախեաբրոնխիտների ժամանակ` պրոցեսի սրացման շրջանում: Յուղը ինհալացիայի ձևով յուրաքանչյուր հիվանդ ընդունել է օրական 2-3 անգամ, 10-15 րոպե, 10 օր տևողությամբ: Նշենք, որ առաջին իսկ օրերից` առանց որևէ այլ դեղամիջոց օգտագործելու, աերոզոլիայի հետևանքով փափկել է հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը, դադարել են ետկրծոսկրային շրջանի ցավերը, իջել ջերմությունը, պակասել քրտնարտադրությունը և ընդհանուր ինտոքսիկացիան: Ընդհանուր առմամբ` լավացել է հիվանդների սուբյեկտիվ վիճակը: Խուխը, որի մածուցիկությունը ստուգել ենք Բ. Ե. Վոտչալի կողմից առաջարկված շպրից-վիսկոզիմետրով, դարձել է թույլ մածուցիկ, վերացել են նրա մեջ նախկինում հայտնաբերվող թարախային մասնիկներն ու տհաճ հոտը:
Կիրառման եղանակները: Յուղը, որը բաց է թողնվում դեղատներում 50, 100, 250 և 500 մլ-անոց մուգ սրվակներով, ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 2-3 անգամ, կամ 10-ական կաթիլ, օրական 3 անգամ` մի կտոր հացի կամ կաթի հետ: Յուղը ներարկվում է նաև միջմկանային` 1-3 մլ չափով:
Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա հովացնում ու քամում, և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Պտուղներն ունեն սննդային մեծ արժեք: Իզուր չէ, որ չիչխանին անվանում են սիբիրյան անանաս: Պտուղներն ուտում են թարմ և սառեցրած վիճակում: Նրանցից պատրաստում են մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո, մրգահյութ, գինի և թրմօղի: Պտուղներով համեմում են ձկնեղենը, թխվածքները, որոշ տեսակի խմիչքներ: Պտղահյութը` շաքարով, որպես պոլիվիտամինային հարուստ հումք, կարելի է պահել շատ երկար ժամանակ:Որոշ տեղերում պտուղները խառնում են ալյուրին, հացին` յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Տերևներն օգտագործվում են կաշի դաբաղելու համար: Նրանցից (խառնելով երկաթային աղերի հետ) ստացվում է սև գորշավուն, իսկ պտուղներից` դեղին գույնի ներկ: Չիչխանը դեկորատիվ է, այն վաղուց դարձել է մշակովի, մեղրատու է, պտուղներով ձմռանը սնվում են բազմաթիվ սովահար թռչուններ: ՈՒնի ամուր, լավ հղկվող բնափայտ, որից պատրաստում են մանր կիրառական առարկաներ:
Չիչխանը մշակում են` նաև գետեզրերը, ջրանցքները, լանջերը և հեղեղատները ամրացնելու նպատակով: Դեղաբույսի նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և հսկողություն, քանի որ այն հաճախ ենթարկվում է անխնա հատումների ու ոչնչացման, մինչդեռ սառած պտուղները, որոնց պատճառով էլ տուժում է թուփը , կարելի է հեշտությամբ հավաքել ճիպոտահարումով` դրանով քիչ վնաս պատճառելով այս արժեքավոր բուսատեսակին:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն