Ավանդական բժշկություն Գաղձ — Повилика — Cuscuta L.
Գաղձ - Повилика- Cuscuta L.
Հայկական տարանունները - ավթիմոն, աքշուշ, գայլախոտ, գելուկ, գոճամորուս, գոճմորու, ծտաճինճի, փաթթկենի, փոթորնի, քշութ, քշուշ
Դեղաբույսի նկարագրությունը
Գաղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին և այլ բույսերին` ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը` աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է` սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ: Պտուղը տուփիկ է: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Պտուղները հասունանում են աշնան ամիսներին:
Սերմերը ծլունակությունը պահում են 6-7 տարի:
Քիմիական բաղադրությունը
Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ` կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիններ:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը: Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում` միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձն օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց:
Ավիցեննան գաղձն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ և այլն: Այս բոլոր դեպքերում նա դեղաբույսն օգտագործել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Մխիթար Հերացին նշում է գաղձի («աֆթիմոն» անվան տակ) լեղամուղ հատկության մասին և նրա օգտակարությունը նյարդահոգեկան հիվանդությունների ժամանակ: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, Հերացին գաղձն օգտագործել է քառօրյա մալարիայի, տենդային սպիտամիզության, լեղապարկի բորբոքումների և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Հաբերի ձևով դեղաբույսը նշանակվել է նաև գլխացավերի, աչքի և ոսկրերի մի շարք հիվանդությունների դեպքերում: Խառնելով լուծողական հավաքածուներին, Հերացին նշում է գաղձի արդյունավետ ներգործությունն աղիների խիթի, աղեփքանքի և ստամոքսի բորբոքումների ժամանակ: Գաղձը մտել է այն ժամանակ շատ տարածված Գալենի դեղահաբերի բաղադրության մեջ, որոնք լայնորեն կիրառվել են վերը նշված հիվանդությունների ժամանակ:
Դեղաբույսի ներգործման հետաքրքիր տվյալներ նշում է նաև Ամիրդովլաթ Ամասիացին: Ըստ անվանի բժշկապետի, գաղձն ունի վիժեցնող հատկություն, դրականապես է անդրադառնում ընկնավորության, դեպրեսիվ սինդրոմի և որոշ ուռուցքների բուժման ընթացքի վրա: Միաժամանակ նշում է, որ գաղձը կանոնավորում է լյարդի և փայծաղի ֆունկցիաները, վերացնում դեղնությունը, նորմալացնում միզարձակումը և դաշտանը, ուժեղացնում ստամոքսը, կտրում որձկալու երևույթը: Դեղաբույսի սերմերը` «պզր քշուշ» անվան տակ, հեղինակն օգտագործել է փորկապության, լյարդի և խայծաղի բորբոքումների, միզակապության, դաշտանի անկանոնության դեպքերում. ինչպես նաև ստամոքսը մաքրելու նպատակով, իսկ բույսի մզվածքը` շաքարով, ջրգողության և դեղնության ժամանակ:
Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողովուրդներ գաղձն օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում` մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը` որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների:
|
Դեղաբույսի լեղամուղ հատկությունը հիմնավորելու նպատակով կատարել ենք մի շարք հիվանդների դուոդենաժ, լեղապարկի ռեֆլեքս առաջացնելու նպատակով օգտագործելով գաղձի եփուկը` 5 գ չոր հումքը 100 մլ ջրին: Նշենք, որ բոլոր հիվանդների մոտ ստացել ենք լեղու բոլոր բաժինները: Գաղձի եփուկը 12-մատնյա աղի լցնելուց 8-10 րոպե հետո առաջ է եկել լեղապարկի բնորոշ ռեֆլեքս, որն արտահայտվել է լեղու առատ արտահոսով: Ստացված լեղին միանգամայն բավարարել է` գաղափար կազմելու լեղուղիների առկա հիվանդությունների մասին: Գաղձի այս հատկանիշը, բացի ախտորոշիչ նպատակից, օգտագործել ենք նաև լեղապարկի դիսկինեզիայով հիվանդներին բուժելու համար: Պարզվել է, որ դեղաբույսի եփուկը (20 գ հումքը` 200 մլ ջրին), ընդունելով 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, գոլ վիճակում, 2 շաբաթ տևողությամբ, առաջ է բերում լեղապարկի ֆունկցիոնալ աշխուժացում, նրա չափերի փոքրացում: Հիվանդների աջ թուլակողի հատվածում նկատվել են լարվածության, ծանրության զգացման և ցավերի մեղմացում կամ լրիվ վերացում:
Կիրառման եղանակները
Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Բույսի այլ հատկանիշները
Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին և այլն: Չնայած նրա ոոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ` հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար:
Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն