Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:
Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և ձայնալարերի հետ կապված կոկորդի ուռուցքները:
2. Ինչպե՞ս և ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում կոկորդի հիվանդությունները:
Մեծավ մասամբ, կոկորդի հիվանդություններն արտահայտվում են ձայնի փոփոխությամբ՝ խռպոտությունից մինչև ձայնի ամբողջական կորուստ: Հաջորդ փուլերում ախտանիշներին ավելանում է ցավը, շնչառության դժվարացումը:
3. Կոկորդի չարորակ ուռուցքներն ի՞նչ տարածվածություն ունեն:
Կոկորդի չարորակ ուռուցքներն աշխարհում կազմում են բոլոր ուռուցքների մոտավորապես 5-10%-ը, նույնը` Հայաստանում:
4. Կոկորդի չարորակ ուռուցքն ի՞նչ փուլերով է ընթանում:
Առաջին ախտանիշը ձայնի խռպոտությունն է, որին, սովորաբար, հիվանդներն ուշադրություն չեն դարձնում: Ամիսների ընթացքում ի հայտ են գալիս կլման ակտի, շնչառության խանգարումներ, ցավ: Պացիենտները, ցավոք, սովորաբար, բժշկի դիմում եմ այդ փուլում:
5. Որքանո՞վ է հնարավոր պահպանել ձայնը կոկորդի չարորակ ուռուցքի հեռացումից հետո:
Եթե կոկորդի չարորակ ուռուցքի հետ միասին հեռացվում է նաև ամբողջ կոկորդը, բնականաբար, հիվանդն, ընդհանրապես, զրկվում է ձայնից: Բժիշկը հիվանդի հետ քննարկում է ձայնի վերականգնման հետագա քայլերը` վերականգնման մեթոդները: Եթե վիրահատությունը մասնակի է՝ մի մասի ռեզեկցիայով, հնարավոր է ձայնի ինքնուրույն վերականգնում՝ հետագայում պլաստիկայի միջոցով:
6. Բուժվո՞ղ է:
Բուժման արդյունքը կախված է չարորակ ուռուցքի փուլից: Կոկորդի չարորակ ուռուցքներն ընթանում են 4 փուլով: Առաջին փուլում բժշկի դիմելու դեպքում 90-95% դեպքերում արդյունքը դրական է, երկրորդ փուլի դեպքում դրական ելք ունի դեպքերի 70%-ը, երրորդ փուլում՝ 50-60%-ը, չորրորդ փուլում՝ 40%-ը: Լավ արդյունք է համարվում, եթե վիրահատությունից հետո հիվանդն ապրում է 5 տարի և ավելի: Փաստերն ապացուցում են, որ ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է լիովին առողջացում: Կան սկզբնական փուլերում դիմած հիվանդներ, ովքեր ապրում են 10-20 տարուց ավելի:
7. Եթե արդեն ախտորոշված է կոկորդի չարորակ ուռուցքը, իմաստ կա՞ հրաժարվել ծխելուց:
Անպայման: Ծխելուց հրաժարվելը միշտ էլ անհրաժեշտ է, քանի որ հիվանդության հիմնական պատճառներից մեկը հենց ծխելն է: Հիվանդներին և՛ նախքան վիրահատությունը, և՛ վիրահատությունից հետո զգուշացվում է այդ մասին:
8. Ի՞նչ հետազոտություններ պետք է իրականացնել նախքան վիրահատությունը:
Նախքան վիրահատությունը կատարվում է լարինգոսկոպիա՝ դիտվում է կոկորդը հատուկ հայելիով, ֆիբրոլարինգոսկոպիա և այլ հետազոտություններ, որոնք տարբեր մակարդակներով տեղեկատվություն են տալիս: Պարտադիր է բիոփսիան՝ հյուսվածքային նմուշի հետազոտությունը: Իրականացվում է նաև շերտավոր տոմոգրաֆիա` ՄՌՏ: Երբեմն հետազոտությունների արդյունքում վիրահատությունն այլևս անիմաստ է համարվում. դա վերաբերվում է խիստ ուշացած դեպքերին կամ երբ այլ օրգաններում կան մետաստազներ:
9. Ո՞ր մասնագետների հետ է խորհրդատվությունն անհրաժեշտ:
Դա կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից, կատարված հետազոտությունների արդյունքներից: Անհրաժեշտություն դեպքում հիվանդին զննում է թոքաբանը, սրտաբանը և այլն:
10. Նախքան վիրահատությունը քննարկվո՞ւմ է խոսքի վերականգնման միջոցները:
Հիվանդի հետ նախքան վիրահատությունը քննարկվում և բացատրվում են սպասվող էտապները, հետագայում խոսքի վերականգնման համար հնարավոր տարբերակները:
11. Ի՞նչ է լարինգէկտոմիան և ե՞րբ է իրականացվում:
Լարինգէկտոմիան կոկորդի ամբողջական հեռացումն է, որը կատարվում է կոկորդի չարորակ ուռուցքի երրորդ և չորրորդ փուլերի ժամանակ: Կատարվում են նաև մասնակի հեռացումներ՝ հեմիլարինգէկտոմիա. ռեզեկցիա, խորդէկտոմիա, երբ միայն ձայնալարերն են հեռացվում:
12. Ե՞րբ է առաջին անգամ իրականացվել կոկորդի հեռացումը:
Առաջին անգամ կոկորդի հեռացում կատարել է հայտնի գերմանացի վիրաբույժը՝ Բիլռոտը 1873 թ., գրեթե հարյուր հիսուն տարի առաջ:
13. Ինչպե՞ս նախապատրաստվել կոկորդի հեռացմանը:
Հիվանդի հետ զրույցի ընթացքում բացատրվում է վիրահատությունից սպասվող արդյունքները: Նախկինում, երբ կոկորդի հեռացումից հետո ամբողջովին զրկվում էին ձայնից, հիվանդների կողմից հոգեբանական առումով դա ընկալվում էր շատ ծանր, անգամ հրաժարվում էին վիրահատվել: 2005 թվականից առայսօր մեր կլինիկայում կատարվում է ձայնի վերականգնում, հիվանդին բացատրվում է, որ նա հետո ապրելու է սովորական կյանքով, կարողանալու է խոսել` սակայն կոկորդային անցքով, ինչը լինելու է քողարկված: Դրանից ելնելով, ներկայում հիվանդներն առավել վստահ են համաձայնվում վիրահատվել:
14. Ի՞նչ ընթացք ունի կոկորդի հեռացումը:
Կոկորդը հեռացվում է ամբողջական` ներառյալ շրջապատի փափուկ հյուսվածքները, եթե հարկ է լինում: Տեղադրվում է տրախեոխողովակ՝ պարանոցի առաջային մակերեսին, որով հիվանդը հետագայում շնչում է: Վիրահատությունից հետո վերքերը լավանում են մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում:
15. Որքանո՞վ է պահպանվում կլման ակտը լարինէկտոմիայից հետո:
Վիրահատությունից հետո քթի, կերակրափողի, ստամոքսի մեջ դրվում է նազոգաստրալ զոնդ, որով հիվանդը կերակրվում է առաջին 7-10 օրվա ընթացքում, միչև վերքերը լավանան, քանի որ կերակրափողն ու շնչափողը մեկ ընդհանուր տարածքում են: Վերքը լավանալուց հետո զոնդը հանվում է և կարողանում են նորմալ սնվել:
16. Ի՞նչ գործոններ կարող են բարձրացնել բարդությունների ռիսկը:
Բարդությունների ռիսկը բարձրացնող գործոն է հիվանդի վիճակը, վնասակար սովորությունները, առաջին հերթին, պետք է հրաժարվել ծխելուց:
17. Հնարավոր բարդությունները լարինգէկտոմիայի ժամանակ և հետո:
Ամենալուրջ բարդությունը արյունահոսությունն է, քանի որ պարանոցով մեծ անոթներ են անցնում՝ քներակը և այլ անոթներ, որոնք շատ մոտ են տեղակայված կոկորդին ու, երբեմն, նորագոյացությունը վնասում է նաև հարակից որևէ անոթ: Արյունահոսություն կարող է լինել նաև վիրահատությունից օրեր անց (10-15 օր),` վնասված հյուսվածքների, անոթների մեռուկացման արդյունքում: Կարող է լինել վերքի վարակային բորբոքում: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ վերքի լավացումը կրում է ձգձգվող բնույթ, ուստի նրանք նախապես պետք է խորհրդակցեն էնդոկրինոլոգի հետ:
18. Ի՞նչ հետևանքներ ունի լարինգէկտոմիան:
Կարող է տրախեոստոմիայի տեղում սպիական գործընթացի արդյունքում անցքը փոքրանա և հիվանդի շնչառությունը վատանա: Այդ դեպքում վիրահատական պլաստիկայով նորից անցքը լայնացվում է: Հնարավոր է նաև կլման ակտի դժվարացում, եթե ուռուցքը հեռացնելիս հեռացվել է նաև կերակրափողի մի հատված:
19. Որքանո՞վ են հավանական օրգանապահպան վիրահատությունները:
Դա կախված է հիվանդի դիմելիությունից, թե որքանով են շուտ կամ ուշացած դիմում: Բնականաբար, վաղ դիմելու դեպքում կոկորդը հիմնականում հնարավոր է պահպանել և վիրահատությունից հետո հիվանդը շարունակում է խոսել ու շնչել բնական ճանապարհով:
20. Ի՞նչ զարգացման էտապներ է անցել ձայնային ֆունկցիայի վերականգնաման մեթոդը:
Ձայնային ֆունկցիայի վերականգնման մեթոդի հեղինակն ամերիկյան բժիշկներ Բլումը և Սինգերն են, և հենց իրենք էլ օգնել են Հայաստանում ևս այդ մեթոդի ներդրմանը: Կարևոր է, թե վիրահատությունից հետո ինչ վիճակ է պարանոցի շրջանում, քանի որ, եթե կպումները շատ են, հնարավոր է, որ մեթոդը չգործի:
Ձայնի վերականգնման տարբեր մեթոդներ կան: Մեթոդներից մեկը կոչվում է լերակրափողային ձայն, երբ ձայնը վերականգնվում է լոգոպեդի հետ պարապմունքների արդյունքում: Հիվանդների 10-15%-ն այդ մեթոդով է սկսում խոսել: Էլեկտրոլարինգս մեթոդի դեպքում հատուկ գործիք է դրվում պարանոցի շրջանում, հիվանդը խոսում է, իսկ գործիքն ուժեղացնում է ձայնը, այս դեպքում ձայները ռոբոտային հնչեղություն են ունենում: Հաջորդ մեթոդը 1980-ին ամերիկացի բժիշկների առաջարկած մեթոդն է՝ սիլիկոնե պրոթեզավորումը:
21. Կոկորդի հեռացումից հետո խոսքի վերականգնման վերլուծական գնահատականի ի՞նչ կրիտերիաներ կան:
Վիրահատությունից հետո հիվանդն, ընդհանրապես, չի կարողանում խոսել, միայն մեթոդների կիրառումից հետո է հնարավոր հասկանալ, թե որքանով է ձայնը վերականգնված: Կոկորդի մասնակի հեռացման դեպքում վիրահատությունից 15-20 օր անց հիվանդի ձայնը վերականգնվում է:
22. Հիվանդության նկատմամբ անհատական առանձնահատկություններն ի՞նչ դեր ունեն:
Հիվանդներին անհատական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև կան շատ զգայուն հիվանդներ, որոնց պետք է երկար բացատրել, հավատ ներշնչել արդյունքների նկատմամբ: Վիրահատության համար կարևոր են նաև հիվանդի ֆիզիկականը՝ գեր է, թե նիհար, ուղեկցող հիվանդությունների առկայությունը:
23. Լարինգէկտոմիայից հետո ձայնային պրոթեզների կիրառման համար պացիենտների ընտրության ի՞նչ կրիտերիաներ են գործում:
Հայաստանում պրոթեզների մեծ ընտրություն չկա, առկա են շվեդական ընկերության լավագույն պրոթեզները:
24. Լարինգէկտոմիայի և պրոթեզավորման միջև ի՞նչ ժամկետներ են գործում:
Արտասահմանյան որոշ կլինիկաներում լարինգէկտոմիայի ժամանակ միանգամից դրվում է նաև պրոթեզը, մեզ մոտ ընդունված է տեղադրել որոշ ժամանակ անց` խուսանավելու վիրահատության ժամանակ և հետո հավանական բորբոքական գործընթացների արդյունքում չափերի փոփոխությունից: Դրա համար ավելի ճիշտ է պրոթեզը դնել վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո, երբ վերքն արդեն փակված է:
25. Ինչպե՞ս են մշակվում վերականգնողական միջոցառումները և ինչպե՞ս է գնահատվում արդյունավետությունը:
Հիվանդին բացատրվում է, թե ինչպես է պետք պրոթեզին հետևել, որպեսզի երկար ծառայի, քանի որ սիլիկոնե պրոթեզները շուտ են փչանում: Հարկ եմ համարում նշել, որ պրոթեզը փոխելը մի քանի րոպե տևող միջամտություն է և դժվարություն չի ներկայացնում:
26. Հոգեհուզական ասպեկտները հիվանդի մոտ կոկորդի հեռացումից հետո:
Այս պարագայում հոգեբանի հետ աշխատանքն առավել գերադասելի է, բայց հիմնականում վիրաբույժն ինքն է փորձում հիվանդին հոգեբանորեն պատրաստել, բացատրել սպասվող վիճակները, հնարավորին հանել վախերն ու հուզական ֆոնը:
27. Լարինգէկտոմիկ հիվանդների անձնա-հոգեբանական առանձնահատությունները և կյանքի որակը:
Երբ արդեն վերականգնվում է ձայնը, հիմնականում իրենց լավ են զգում, կարողանում են նորմալ կյանքի վերադառնալ:
28. Կոկորդի հեռացումից հետո ի՞նչ լոգոպեդիկ հետազոտություններ են կատարվում:
Դա լոգոպեդի հետ կատարվող աշխատանքն է: Կերակրափողային ձայնի վերականգնման դեպքում հիվանդը լոգոպեդի մոտ է վերականգնողական կուրսեր անցնում: Սակայն դա հնարավոր է բոլոր հիվանդներից միայն 10-15%-ի մոտ: Կան նաև հիվանդներ` թեև քիչ դեպքերում, ովքեր առանց լոգոպեդի կարողանում են ինքնուրույն սովորել խոսել:
29. Կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգնման ի՞նչ փուլեր կան:
Փուլեր կարելի է համարել մեթոդների կիրառումից հետո ձայնի վերականգնումը. մի դեպքում լոգոպեդի աշխատանքից հետո քայլ առ քայլ վերականգնումն է, մյուս դեպքում` պրոթեզավորումից հետո անմիջապես խոսելը:
30. Լարինգէկտոմիայից հետո ձայնի վերականգնման ի՞նչ մեթոդներ կան:
Երեք մեթոդ կա. առաջինը կերակրափողային ձայնն է, որի մասին խոսվեց, հաջորդը` էլեկտրոլարինգս սարքի տեղադրումը պարանոցի վրա, երբ բոլորը նույն ձայնով են խոսում: Երրորդը սիլիկոնե պրոթեզների կիրառումն է, որոնք դրվում են վիրահատության միջամտությամբ՝ շնչափողի պատի մեջ և այս դեպքում յուրաքանչյուր հիվանդ ունենում է իր ուրույն ձայնը:
31. Ի՞նչ է ձայնային պրոթեզավորումը:
Վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո դրվում է պրոթեզ, ինչը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որի հաճախականությունը կախված է հիվանդի կոկորդի միկրոֆլորայից, նրա կողմից պրոթեզին ցուցաբերվող խնամքից:
32. Ձայնային պրոթեզների նկատմամբ պահանջները, ժամանակակից ձայնային պրոթեզները:
Հայաստանում օգտագործվում են շվեդական Ատոս ընկերության պրոթեզները: Պահանջը պրոթեզի նկատմամբ դրա երկար ծառայելն է:
33. Ձայնի վերականգնման մեթոդների հիմնական թերությունները և ներկայում ամենաօպտիմալ մեթոդի առանձնահատկութունը:
Ամենաօպտիմալ մեթոդը պրոթեզավորումն է: Մեթոդների թերությունը կարելի է համարել այն, որ ձայնը կարող է չվերականգնվել. կան հիվանդներ, ովքեր այդպես էլ չեն խոսում: Կարևոր է հիվանդի ինտելեկտը, որովհետև դեպքեր կան, երբ որքան էլ բացատրվում է պրոթեզի խնամքը, նրանք դա չեն կարողանում իրականացնել: Հաճախ շմչուղիների հիվանդություններով հիվանդանալու դեպքում էլ պրոթեզը կարող է շուտ շարքից դուրս գալ:
Հարցերին պատասխանեց`
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանը
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն