Սեքսոլոգիա
Հեշտանքի խանգարումներ
Կանանց հեշտանքի խանգարում
Հեշտանքի փուլի խանգարումները լայնորեն տարածված են։ Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր տարիքի այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
DSM-IV-ում կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով. «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական գործողության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»։
Այս վիճակը չի համապատասխանում նախկինում լայնորեն կիրառվող «ֆրիգիդություն» ախտորոշմանը, քանի որ նման կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու։ Սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու և ունենալու հեշտոցի խոնավացում` իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա։ Այլ խոսքով ասած, սեռական ցիկլի սկզբնական երկու, այն է՝ ցանկության և գրգռման փուլերը, խանգարված չեն, և միակ ներկայացվող գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է։
Կանանց հեշտանքի շեմը ունի տարբեր մակարդակներ.
- Փոքր թիվ կազմող որոշ կանայք կարող են հեշտանք ունենալ առանց սեռական օրգանների անմիջական տակտիլ գրգռման. բավարար է էրոտիկ երևակայությունը կամ կրծքագեղձերի համբուրումը և գրգռող շոշափումը։
- 20-30% կանայք ունակ են սեռական հարաբերության ընթացքում հասնելու հեշտանքի միայն հեշտոցային գրգիռների կուտակման արդյունքում (հեշտոցային հեշտանք) առանց ծլիկի որևէ գրգռման։
- Հաջորդաբար գալիս է այն կանանց խումբը, ովքեր ի վիճակի են հասնելու հեշտանքի, եթե սեռական հարաբերությունը պարտադիր ուղեկցվի ծլիկի անմիջական գրգռմամբ (խառը՝ հեշտոցա-ծլիկային կամ միայն ծլիկային հեշտանք)։
- Հետևյալ խմբի կանայք չեն կարող հասնել հեշտանքի սեռական հարաբերության ժամանակ, նույնիսկ եթե այն ուղեկցվում է ծլիկի գրգռմամբ։ Սակայն առանձին լինելու դեպքում, առանց զուգընկերոջ ներկայության, էրոտիկ երևակայությունների և ձեռնաշարժության միջոցով նրանք կարող են հեշտանք ունենալ։
- Վերջին խմբի կանայք բացարձակ անօրգաստիկ են և երբևէ հեշտանք չեն ունեցել։ Ըստ ամերիկյան մի հետազոտության տվյալների (Fisher, 1973), ամերիկուհիների մոտավորապես 8%-ը այս խմբում են։
Վերջին երկու տարբերակները որոշակի վերապահումով համարվում են ախտաբանական, և այդ կանանց կարելի է առաջարկել բուժում։ Բուժման ենթակա են նաև հեշտանքի այն խանգարումները, որոնք իրավիճակային են, այսինքն հեշտանքն առաջանում է միայն որոշակի պայմաններում։ Հոգեվերլուծաբանությամբ զբաղվող որոշ մասնագետներ գտնում են, որ բուժման անհրաժեշտություն կա նաև այն դեպքերում, երբ առնանդամի ներթափանցման ժամանակ հեշտանքն անհնարին է առանց ծլիկի լրացուցիչ գրգռման։ Այնուհանդերձ, ժամանակակից սեքսոլոգիայում մասնագետների միջև գոյություն ունի փոխհամաձայնություն այն հարցի շուրջ, որ հեշտանքի հասնելու համար ծլիկի լրացուցիչ գրգռման պահանջը նորմայի սահմաններում է, և նմանատիպ կանայք ենթակա չեն բուժման։
Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չունեցող որոշ կանայք համապատասխան բուժման արդյունքում կարող են ձեռք բերել այդ ունակությունը, ուստի պետք է ստանան համապատասխան բուժման հնարավորություն, մինչդեռ որոշներին բուժելը իմաստ չունի։ Այսինքն, հեշտանքի խանգարումը բուժելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը պարզ է դառնում այցելուի հետազոտության ժամանակ։
Կանանց և տղամարդկանց կողմից հեշտանքի խանգարումներին տրվող հուզական պատասխանները տարբեր են։ Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն է պատճառում սերմնաժայթքման բացակայությունը սեռական գրգռվածության գագաթնակետին, որոշ կանանց մոտ, հեշտանքի բացակայությունը ամենևին չի առաջացնում դժգոհության և սեռական անբավարարվածության զգացում. նրանց չի անհանգստացնում սեռական գրգռման հետևանքով փոքր կոնքում ի հայտ եկած լարվածության և անհարմարավետության զգացումը։ Իհարկե, որոշ դեպքերում սա մերժողական պատասխանի արդյունք է, սակայն կան նաև կանայք, որոնք իսկապես սեռական բավարարվածություն են ապրում հեշտանքի բացակայության պարագայում։ Սա չի կարելի միանշանակ գնահատել որպես ախտաբանական պասիվության նշան։ Կնոջ կարծիքը այս հարցի շուրջ պետք է հաշվի առնել և հարգել։ Այս կանայք ոչ մի դեպքում չպետք է պարտադրվեն բուժման իրենց ամուսինների կամ «լավագիտակ» մասնագետների կողմից։ Ինչևիցե, որոշ կանայք այն աստիճան են սևեռվում իրենց այս վիճակի վրա, որ երբեմն հասնում են հուսահատության։ Նրանք գանգատվում են փոքր կոնքում անհարմարավետության, լարվածության զգացումից և բարկանում են իրենց զուգընկերոջ վրա, քանի որ սեռական հարաբերությունը վերջինիս համար միշտ ավարտվում է հեշտանքի բերկրալից զգացումով, ինչից իրենք անարդարացիորեն զրկված են։
Երբեմն զուգընկերը կարող է ավելի մտահոգված լինել կնոջ հեշտանքի խանգարման կապակցությամբ, քան ինքը` կինը։ Զուգընկերը կարող է եզրակացնել, որ դրանում կա իր մեղքի բաժինը։ Սա հաճախ պատահում է այն դեպքերում, երբ տղամարդը հանիրավի կարծում է, որ կնոջ հեշտանքի պատասխանատուն ինքն է և չի կարողացել կնոջը տալ այն, ինչ պարտավոր է։ Նման մտածելակերպը հղի է տղամարդու մոտ թերարժեքության բարդույթի առաջացման վտանգով և սեռական խանգարման զարգացման համար նպաստավոր հող է ստեղծում։
Զուգընկերոջ վերաբերմունքը կարևոր ախտորոշիչ չափանիշ է։ Թեև նա մեղավոր չէ զուգընկերուհու հեշտանքի խանգարման համար, բայց նրա բացասական և ճնշող վարքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ բուժման ճանապարհին, մինչդեռ նրա աջակցությունը և համագործակցությունը արժեքավոր ներդրում կլինեն բուժման մեջ։
Տարբերում են հեշտանքի առաջնային և երկրորդային խանգարումներ։ Առաջնայինն այն է, որ կինը երբևիցե հեշտանք չի ունեցել, իսկ երկրորդայինի դեպքում` նախկինում առանց որևէ դժվարության հեշտանքի հասնող կինը ինչ-որ պատճառներով զրկվել է այդ ունակությունից։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ընդհանուր առմամբ, կնոջ հեշտանքը կարող է խանգարվել միայն եզակի հիվանդությունների և դեղամիջոցների պատճառով։ Այս համախտանիշը հիմնականում ունի հոգեբանական արմատներ։
Հեշտանքի խանգարումից գանգատվող կանանց համարյա կեսը ի վիճակի են հեշտանք ունենալ ձեռնաշարժության ժամանակ և չեն հաջողում հեշտանքի հասնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում։ Այս դեպքերում ֆիզիկական պատճառներ փնտրելը նպատակահարմար չէ։ Սակայն կինը, որ երբևիցե որևէ պայմանում չի հաջողել հեշտանք ունենալ, պետք է բժշկական հետազոտություն անցնի բացառելու համար այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել դրան։ Ախտածին գործոնների դերը չի բացառվում նաև հեշտանքի երկրորդային խանգարման պարագայում։
Դեղամիջոցներից հեշտանքի խանգարում կարող են առաջացնել այնպիսիները, ինչպիսիք են ՄԱՕ-ինհիբիտորները (հակադեպրեսանտներ) և ալֆա-ադրենոբլոկատորները (հակահիպերտենզիվներ)։
Հեշտանքը կարող են ուշացնել կամ անհնարին դարձնել հետևյալ ախտաբանական վիճակները.
- ծլիկի բնածին անոմալիաները,
- ծլիկի ֆիմոզը,
- նյարդային դեգեներատիվ հիվանդությունների, տրավմաների, ուռուցքային պրոցեսների հետևանքով հեշտանքի ռեֆլեքսն ապահովող նյարդային ուղիների և ողնուղեղային կենտրոնների ախտահարումը,
- սեռական օրգանների վիրահատական վնասումները (ուռուցքային հիվանդությունների ռադիկալ վիրահատումներ),
- շաքարային դիաբետի հետևանքով ծլիկի նյարդերի դեգեներատիվ փոփոխությունները։
Վերոնշյալ դեպքերում հիվանդության հիմնական նշանների առկայությունը տարբերակիչ ախտորոշման հավաստի հիմք են հանդիսանում։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հեշտանքի առաջնային խանգարման գործում օրգանական գործոնը ցածր հավանականություն ունի։ Ուստի, երբ հետազոտության ընթացքում բացառվում է որևէ սպեցիֆիկ հիվանդության կամ դեղորայքի հնարավոր ազդեցությունը, և սեռական օրգանների անատոմիան նորմայի սահմաններում է, այցելուին անմիջապես ցուցվում է հոգեթերապիայի կուրս, որն այս պարագայում ամենաարդյունավետ բուժական միջոցն է։ Իսկ եթե կինը նախկինում հեշտանքի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չկա հեշտանքը խաթարող հոգեբանական որևէ լուրջ պատճառ, ապա ամենայն հավանականությամբ հեշտանքի խանգարումը հետևանք է որևէ բժշկական խնդրի։ Այս դեպքում զգուշորեն պետք է բացառվեն վերոնշյալ օրգանական պատճառները, ներառյալ շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, ողնուղեղի ուռուցքային և դեգեներատիվ հիվանդությունները։
Կնոջ հեշտանքի խանգարման հիմնական հոգեբանական մեխանիզմը սեռական հարաբերության ժամանակ օբսեսիվ ինքնազննումն է, որը հեշտությամբ արգելակում է հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը։
Մյուս հիմնական պատճառն այն է, որ այցելուն չի ստանում բավարար սեռական գրգռում, հատկապես ծլիկի շրջանում։ Սա պատահում է այն զույգերի մոտ, ովքեր սխալմամբ կարծում են, թե կնոջ հեշտանքի առաջացման համար բավարար է ընդամենը առնանդամի ներթափանցումը հեշտոց, առանց սիրային նախերգանքի և ծլիկի գրգռման։ Այլ դեպքերում, ամոթի և անապահովության զգացումից դրդված կինը չի ասում զուգընկերոջը, թե հատկապես ի՞նչ է իրեն հարկավոր սեռական գրգռման և հեշտանքի հասնելու համար։
Հեշտանքի խանգարում ունեցող որոշ կանայք ի վիճակի չեն էրոտիկ երևակայության։ Մյուսները նշում են, որ սեռական հարաբերության ժամանակ տարվում են անցանկալի և անիմաստ մտքերով։ Այլ դեպքերում` ծլիկի շոշափումը չեզոք և նույնիսկ տհաճ զգացողություններ է առաջ բերում, որը նյարդայնացնում է կնոջը։ Կարելի է եզրակացնել, որ նման կանայք էրոտիկ զգացողությունների դեմ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ և վախենում են իրենց ազատություն տալ՝ սեռական գրգռմանը տրվելու և անկաշկանդորեն վայելելու սեռական հաճույքը (վախ ինքնատիրապետումը կորցնելու վտանգից, վախ ինտիմությունից)։
Զուգընկերոջ հետ հաղորդակցվելու անկարողությունը նույնպես խոչընդոտում է հեշտանքի առաջացմանը։ Հաղորդակցության անկարողության հիմքում ընկած խորը ներհոգեբանական կոնֆլիկտները կարելի է բացահայտել` տվյալ կնոջ հայրական տանը տիրած բարքերի, նրա հոգեսեռական զարգացման ընթացքի, ինչպես նաև զուգընկերոջ հետ ունեցած միջանձնային հարաբերությունների մասին զրույցների միջոցով։ Մանկության տարիներին ձեռնաշարժության և սեռական այլ դրսևորումների դեմ ծնողների խստիվ արգելքները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են։ Այդպիսի կոնֆլիկտներ հաճախ են տեղ գտնում սեռական խանգարումով կանանց փսիխոսեքսուալ զարգացման պատմության մեջ։ Այս կանանցից շատերը թշնամական կամ օտարոտի հարաբերություններ ունեն իրենց մայրերի հետ, որոնց կողմից նրանք երբեք խրախուսանք չեն ստացել իրենց արթնացող սեռականության վերաբերյալ։
Կանանց սեռական խանգարումների առաջացման հիմքում հոգեվերլուծությունը նշանակալի դեր է տալիս անգիտակից նևրոտիկ գործընթացներին (էդիպյան բարդույթ)։ Ըստ հոգեվերլուծական տեսանկյունի, սեռականության դեմ պաշտպանական մեխանիզմների հիմքում ընկած են «հայրական արտացոլանքները», որի արդյունքում կինը զուգընկերոջ մեջ տեսնում է իր հորը։ Իրականում, շփման և սեռական խանգարումներ ունեցող որոշ կանանց հարաբերությունները իրենց հայրերի հետ ակնհայտորեն փակ են կամ կրում են երկակի բնույթ։
Հաճախ տղամարդկանց հետ այս կանանց ընթացիկ հարաբերություններում նկատվում է հաճույքի զգացման արգելակումներ, մտերմության և հավատի դրսևորման ամբիվալենտություն։ Որոշ կանայք տղամարդկանց հետ մրցակցության մեջ են մտնում և զուգընկերոջ նկատմամբ ունենում են անվստահության, վախի և երկմտանքի պահեր։ Սա կարող է արդյունք լինել կանանց ձեռքբերումների հանդեպ հասարակության, հատկապես տղամարդկանց անարդարացի վերաբերմունքի, ինչը կնոջ մոտ ծնում է բարկության և ագրեսիայի դրսևորումներ դեպի տղամարդը։
Հեշտանքի խանգարման պատճառ է նաև ինքնակառավարումը ոչ մի գնով չթուլացնելու հակվածությունը, ինչը թույլ չի տալիս կնոջը անմնացորդ տրվել տղամարդուն։
ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԼՔԵՐԸ
Հեշտանքի խանգարման բուժումը պետք է նպատակաուղղված լինի անհիմն վախերի և սխալ պատկերացումների ուղղմանը։ Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատակամությունը (պնդելու իր ցանկությունները) և սեռական նախաձեռնությունը։ Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ սեռական ակտիվությունը հավասարապես ծառայում է իր հաճույքին։ Մի քանի սեռական վարժությունների միջոցով կինը կարող է ճանաչել իր սեռական նախընտրությունները և պատասխանները, սեռական բավարարվածության հասնելու միջոցները։
Հեշտանքի խանգարումները կանանց մոտ բուժվում են մեծ արդյունավետությամբ։ Գրեթե բոլոր ընդհանրապես անօրգաստիկ կանայք կարող են տիրապետել հեշտանքի հասնելու «գաղտնիքին», նույնիսկ եթե խանգարման հիմքում ընկած են խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրներ։ Բուժման արդյունավետության կանխատեսումը փոքր-ինչ դժվար խնդիր է, քանի որ այն կախված է զույգի փոխհարաբերությունների բնույթից և երբեմն կարող է պահանջել ավելի բարդ ու երկարատև բուժում` ընդգրկելով նաև զուգընկերոջը։
Տղամարդու հեշտանքի խանգարում
Տղամարդու հեշտանքի խանգարումը հայտնի է ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda) անունով։
Ինչպես հայտնի է, տղամարդու սեքսուալ ցիկլի հեշտանքի փուլը բաղկացած է երկու մասից՝ էմիսիա և էյակուլյացիա։ Էմիսիայի ժամանակ տղամարդու ներքին վերարտադրողական օրգանների՝ սերմնատար ծորանների և սերմնաբշտերի կծկման շնորհիվ սերմը կուտակվում է հետին միզուկում։ Էյակուլյացիայի ժամանակ ռիթմիկորեն կծկվում են առնանդամի հիմքի կմախքային մկանները՝ mm bulbo- et ischio-cavernosi, շագանակագեղձը և միզուկի m. constrictor urethrae-ն, որի շնորհիվ էլ հետին միզուկում կուտակված սերմը, խառնվելով շագանակագեղձի հյութին` բարձր ճնշման տակ դուրս է հրվում միզուկի արտաքին բացվածքից։
Կանանց մոտ հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից՝ կմախքային մկանների ռիթմիկ կծկումից, որը ըստ էության ընթանում է նույն մեխանիզմով, ինչ և էյակուլյացիան։
Այսպիսով, տղամարդու հեշտանքի փուլում տարբերվում են երկու սեռական դրսևորումներ՝ սերմնաժայթքում և բուն հեշտանք։ Կախված թե այս երկուսից ինչի վրա է շեշտադրում կատարվում՝ սեռական խանգարումը ստանում է համապատասխան անվանում։ Եթե զույգը անհանգստացած է անպտղության խնդրով, սերմնաժայթքման բացակայությունը հայտնվում է ուշադրության առաջին պլանում, և ախտորոշվում է ուշացած սերմնաժայթքում։
Սակայն գործնականում ուշացած սերմնաժայթքումը անհանգստություն է պատճառում ավելի շուտ հեշտանքի բացակայության կամ բթության պատճառով, և բուժումը ուղղված է կոիտալ լիարժեք հեշտանք ունենալու անկարողության հաղթահարմանը։ Այս դեպքում ավելի ստույգ է սեռական խանգարումը անվանել հեշտանքի խանգարում։ Չնայած սրան, «ուշացած սերմնաժայթքում» տերիմինը (ejaculatio tarda) գերադասելի է, որովհետև ավելի ակնառու է բնութագրում վիճակը։
Երբեմն անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ սեռական հարաբերության ժամանակ ստացվող հաճույքը որակապես տարբերվում է ձեռնաշարժության ժամանակ ստացված հաճույքի զգացումից։
Ուշացած սերմնաժայթքումով որոշ տղամարդիկ հպարտանում են իրենց ուշ սերմնաժայթքման փաստով, քանի որ դա հնարավորություն է տալիս քանիցս բավարարելու զուգընկերոջը։ Այնուհանդերձ սերմնաժայթքման ուշացումը կամ անկարողությունը ոչ միայն տհաճորեն հոգնեցնում է տղամարդուն, այլ նաև կարող է լուրջ միջանձնային խնդիրներ առաջացնել, քանի որ դրանից կնոջ մոտ մերժվածության զգացում է առաջանում՝ կապված սերմնաժայթքման բացակայության հետ։
Հետաքրքիր է նշել, որ մեր հասարակությունում տղամարդու ուժեղ սեռականության մասին տիրում է այնպիսի պատկերացում, համաձայն որի ուժեղ տղամարդը պետք է ունենա բարձր սեռական ցանկություն, հաճախակի և պինդ էրեկցիաներ, ունակ լինի երկարատև սեռական հարաբերության։ Սովորաբար, սերմնաժայթքման կառավարման բացակայության դեպքում, ուժեղ սեռական կոնստիտուցիայով տղամարդիկ ավելի շուտ են սերմնաժայթքում, քան թույլ սեռական կոնստիտուցիա ունեցողները։ Սա հետաքրքիր գիտական փաստ է, քանի որ եթե վերոնշյալ երեք կետերից առաջին երկուսը իսկապես ուժեղ սեռականության մասին են վկայում, ապա սերմնաժայթքման ուշացումը ընդհակառակը՝ թույլ սեռական կոնստիտուցիայի նշան է։ Նման տղամարդիկ, որոնք չունեն էրեկցիայի խանգարում, այս տեսանկյունից կարող են իրոք համարվել սեռապես ուժեղ և սերմնաժայթքման հապաղումով մրցել սերմնաժայթքման կառավարման մեծ փորձով տղամարդկանց հետ։ Մինչդեռ, ուժեղ սեռականության նշանը հենց այս վերջին` սերմնաժայթքման կառավարման ունակության փաստն է, որը ուժեղ սեռական կոնստիտուցիայի բնորոշիչներից է։
Մյուս կողմից, թյուր պատկերացում կա, որ տղամարդը պետք է կարողանա այնքան հետաձգել իր սերմնաժայթքումը, քանի դեռ կինը չի հասել հեշտանքի։ Սակայն շատ կանայք, իրենց հոգեսեռական զարգացման ընթացքում ձեռք են բերում հակասեքսուալ դիրքորոշումներ, որը դանդաղեցնում կամ լրիվ անհնարին է դարձնում հեշտանքը։ Այսպիսի դեպքերում միանգամայն անհեթեթ է տղամարդուց պահանջել սերմնաժայթքման անվերջ ձգձգում, որը կարող է միայն ախտաբանական առեակտիվության դեպքում գործել։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
DSM-IV-ում տղամարդու հեշտանքի խանգարումը բնութագրվում է հետևյալ կերպ. «Պարբերաբար կրկնվող և կայուն ուշացող կամ բացակայող հեշտանք, որին նախորդում է բավարար գրգռանքի փուլը»։
ՈՒշացած կամ բացակայող հեշտանքն ախտորոշելու համար հիմք չի ծառայում հեշտանքին հասնելու երկարատևությունը։ Սեռական ցիկլի բոլոր փուլերի տևողությունը տարբերվում է տարբեր անհատների մոտ և տարբեր իրավիճակներում։ Շատերը նույնիսկ կարող են ինքնուրույն տնօրինել ցանկացած փուլի տևողությունը` իրենց և իրենց զուգընկերոջ լիարժեք բավարարման համար։ Ուշացած սերմնաժայթքման մասին խոսք է գնում այն ժամանակ, երբ տղամարդը ուզում է պլատոյի փուլից անցնել երմնաժայթքման փուլին, բայց չի կարողանում։ Սերմնաժայթքման հասնելու աճող ցանկությունը բարձրացնում է լարվածության մակարդակը և էլ ավելի դժվարացնում այդ գործընթացը` իջեցնելով հաճույքի զգացումը։ Անգամ եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում, այն լի է անբավարարության զգացումով։ Սովորաբար այս խանգարումով տղամարդիկ ձեռնաշարժության ժամանակ նմանատիպ խնդիր չեն ունենում։
Տարբերում են փսիխոգեն և օրգանոգեն ուշացած սերմնաժայթքումներ, կախված առաջացման էթիոպաթոգենեզից։ Տարբերում են նաև առաջնային և երկրորդային ձևերը` հաշվի առնելով ուշացած սերմնաժայթքման առաջացման պատմությունը։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ուշացած սերմնաժայթքման օրգանական կամ փսիխոգեն լինելը որոշելու համար իրականացվում է տարբերակիչ ախտորոշում, որը հիմնականում հեշտ լուծվող խնդիր է։ Սովորաբար ուշացած սերմնաժայթքումով 50-ից ցածր տարիքի տղամարդիկ առանց դժվարության կարող են հասնել հեշտանքի` ձեռնաշարժության ժամանակ։ Այս դեպքերում ախտածագման օրգանական պատճառները կարելի է հերքել։ Ավելի տարեց մարդկանց մոտ սերմնաժայթքման ուշացումը, որ տեղի է ունենում ցանկացած իրավիճակում, օրգանական պատճառների մասին մտածելու տեղիք է տալիս։
Սերմնաժայթքումը կարող է արգելակվել ցանկացած ֆիզիոլոգիական սթրեսորներից, որոնք ազդում են սեռական ֆունկցիայի վրա։ Դրանցից են տեստոստերոնային անբավարարությունը, դեպրեսիան, որոշ դեղեր, որոնք ներգործում են նյարդային համակարգի վրա, ալկոհոլը, սեդատիվները, նարկոտիկները։ Թեև այս դեպքերում տուժում են սեռական ցիկլի բոլոր երեք փուլերը, սակայն այցելուները հաճախ չեն նկատում սեռական ցանկության նվազման փաստը, այլ կենտրոնացնում են ուշադրությունը հենց սերմնաժայթքման ուշացման վրա։
Տարիքը, որ սովորաբար երկարացնում է հեշտանքի ռեֆրակտեր շրջանը, ալֆա-ադրենոբլոկատորները և թիորիդազինը այն օրգանական պատճառներն են, որոնք ընտրողաբար ազդում են սեռական ցիկլի հեշտանքի փուլի վրա` առանց այլ սեռական խանգարումների առաջացման։
Առաջնային ուշացած սերմնաժայթքման պատճառները սովորաբար հոգեբանական են, իսկ երկրորդայինի պատճառները` առավելապես օրգանական։ Եթե տղամարդը հեշտանքի հետ կապված խնդիրներ նախկինում չի ունեցել և այժմ գանգատվում է ուշացած սերմնաժայթքումներից, մանավանդ եթե առկա չէ բարձր տարիքի գործոնը, ապա այցելուին պետք է մանրակրկիտ բժշկական քննության և նյարդաբանական հետազոտության ենթարկել, որովհետև կասկած կա լուրջ նյարդային հիվանդության։
Հեշտանքի խանգարումով ուղեկցվող նյարդային հիվանդություններից կարելի է նշել ողնուղեղի և կոնքի նյարդերի տրավմատիկ կամ վիրահատական վնասումները։ Շաքարային դիաբետը, որ ախտահարում է պերիֆերիկ նյարդերը, նույնպես կարող է առաջացնել սերմնաժայթքման դժվարություններ։ Ինչևիցե, նման դեպքերում այցելուն ունի անամնեզ՝ կոնքի կամ որովայնի շրջանում տարած վիրահատության, ողնուղեղի տրավմայի մասին։ Մյուս կողմից, այցելուի մոտ մեծ հավանականությամբ կարող են հայտնաբերվել նևրոլոգիական այլ ախտանշաններ։ Հնարավոր է, որ դիտվեն ստորին վերջույթների շարժական կամ զգացողական ֆունկցիայի խանգարումներ։ Եվ քանի որ հեշտանքի ռեֆլեքսն ապահովող ողնուղեղային կենտրոնները մոտիկ են գտնվում միզելու և աղիների դատարկման համար պատասխանատու կենտրոններին, ապա այս վերջիններիս խանգարումները հաճախ հանգեցնում են սերմնաժայթքման խանգարման։
Երբեմն այցելուն նշում է, որ հեշտանքի նորմալ գգացողությունը պահպանված է, բայց գանգատվում է սերմնահեղուկի արտաբերման բացակայությունից։ Նման դեպքերում ախտորոշիչ տարբերակումը անց է կացվում անէյակուլյատոր հեշտանքի և ռետրոգրադ էյակուլյացիայի միջև։ Տարբերակումը այնքան էլ դժվար չէ, որովհետև այս երկու վիճակները ունեն տարբեր ախտածնություն։ Ռետրոգրադ էյակուլյացիայի ամենից հաճախ հանդիպող պատճառը տրանսուրետրալ րոստատէկտոմիան է և թիորիդազինը։ Անէյակուլյատոր հեշտանքի պատճառը կարող է լինել զուտ հոգեբանական, սերմի արտադրման խանգարման կամ սերմնատար ծորանների խցանման պատճառներով։ Վազեկտոմիան անէյակուլյատոր հեշտանքի ամենահաճախ հանդիպող պատճառն է։
Անէյակուլյատոր հեշտանքի և ռետրոգրադ էյակուլյացիայի միջև ախտորոշիչ տարբերակումը անց է կացվում հետհեշտանքային մեզի նստվածքի մանրադիտակային քննությամբ։ Ռետրոգրադ էյակուլյացիայի հետևանքով միզապարկում հայտնվում են սպերմատոզոիդներ, որոնք հայտնաբերվում են մանրադիտակային քննության ժամանակ։ Անէյակուլյատոր հեշտանքի պարագայում սպերմատոզոիդներ չեն հայտնաբերվի։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒշացած սերմնաժայթքման պատճառագիտությունը մնում է վիճելի։ Հաճախ այս խանգարմանը նպաստում են սեռական հարաբերության և սերմնաժայթքման շուրջ չգիտակցված ներքին հոգեբանական կոնֆլիկտները, միջանձնային դժվարությունները։ Սովորաբար այս խնդիրը ունի երկար պատմություն և զարգանում է հոգետրավմատիկ միջադեպից (օրինակ զուգընկերուհու դավաճանությունից) հետո, կնոջ նկատմամբ արտամղված կամ ճնշված բարկության հետևանքով։
Սերմնաժայթքման համար արգելակ հանդիսացող անմիջական հոգեբանական մեխանիզմը հիմնականում նույնն է, ինչ որ կանանց հեշտանքի խանգարման ժամանակ է, այն է՝ օբսեսիվ ինքնադիտարկումը։ Այցելուին հետապնդում են կպչուն մտքեր սեռական հարաբերության տևողության, սերմնաժայթքմանը հասնելու պահի, զուգընկերուհու կարծիքի մասին։ Սովորաբար նման մտքերը բացակայում են, երբ նա ձեռնաշարժության է դիմում՝ ընկղմվելով սեռական երևակայությունների մեջ։ Արդյունքում նա հեշտորեն հասնում է սերմնաժայթքման և ունենում հեշտանքի բուռն զգացում։
Ավելի խորը հոգեբանական պատճառներից են միջանձնային անառողջ հարաբերությունները, սեռական կյանքի շուրջ ծագած նևրոտիկ կոնֆլիկտները։ Այս խմբի տղամարդկանց բնորոշ է կանանց նկատմամբ թշնամանքի և երկակի վերաբերմունքի դրսևորումը, որի արմատները ձգվում են հեռավոր մանկության տարիներ և հանգրվանում մոր հետ չլուծված հոգեբանական խնդիրներում։ Կանանց նկատմամբ այցելուի ունեցած զգացմունքների և մասնավորապես մոր և ներկա զուգընկերուհու հետ ունեցած փոխհարաբերությունների մանրակրկիտ վերլուծությունը թույլ է տալիս հայտնաբերելու նևրոտիկ պրոցեսներ, որոնք լուրջ բուժական մոտեցում են պահանջում։ Ուշացած սերմնաժայթքումով այցելուները հաճախ բարկությամբ են լցված իրենց կանանց և սիրուհիների նկատմամբ, որոնց հետ հաստատում են սադոմազոխիստական հարաբերություններ։ Նրանք կարծես «հետ են պահում» իրենց սերմնաժայթքումը բարկության զսպման հետ միասին։ Այցելուների այս խումբը աչքի է ընկնում անձնային այնպիսի գծերով, ինչպիսիք են ռիգիդությունը, գերինքնակառավարումը, բարկությունը զսպելու դժվարությունը։ ՈՒշացած սերմնաժայթքումը կարող է դիտվել նաև մտերմության, վստահության և հաճույքի նկատմամբ վախով անձանց մոտ։
Օրգանական ծագման ուշացած սերմնաժայթքումը երբեմն հետևանք է ինտրաուրետրալ ոչ ճիշտ կատարված ներլվացումների, որի հետևանքով առաջանում է սերմնային թմբիկի ասեպտիկ բորբոքում և գերէպիթելիզացիա։ Սա իր հերթին բարձրացնում է գրգռողականության շեմը և բերում ուշացած սերմնաժայթքման։
Օրգանական պատճառների մեջ դեր են խաղում նաև շագանակագեղձի խրոնիկական բորբոքային հիվանդությունները, որոնք բերել են գեղձի սկլերոտիկ ձևախախտման։
ԲՈՒԺՈՒՄԸ
Ուշացած սերմնաժայթքման բուժումը սովորաբար դժվար խնդիր է, և հաճախ բուժման հաջողությունը կարող է ընդհատվել կրկնողություններով։ Հաճախ զույգի հուզական զարգացումները ընդգրկվում են բուժական գործընթացում, ինչը պետք է զգուշորեն հաշվի առնել։ Կիրառվում է վարքային հոգեթերապիա, որը կարող է շաբաթներ տևել։ Առաջադրվում են ձեռնաշարժության վարժություններ` սկզբում զուգընկերուհու ներկայությամբ, այնուհետև նրա ակտիվ մասնակցությամբ` մինչև իմիսիայի իրականացում այն պահին, երբ սերմնաժայթքումն ուր որ է վրա է հասնելու։
Որպես դեղորայքային բուժում կիրառվում են նյարդային գրգռի հաղորդականությունը հեշտացնող պրեպարատներ, օրինակ՝ պրոզերին, գալանտամին։
Վաղաժամ սերմնաժայթքում
Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Ejaculatio Praecox, EP) տղամարդկանց սեռական խանգարումների մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում։
Գրեթե բոլոր տղամարդիկ իրենց առաջին սեռական հարաբերությունը ավարտում են վաղ սերմնաժայթքմամբ։ Սակայն պատանեկության շրջանում նմանատիպ սեռական դրսևորումը համարվում է նորմալ, թեև սուբյեկտիվ գնահատականը, որ հաճախ տրվում է նմանատիպ դեպքերում, երբեմն կարող է ծայրաստիճան բացասական լինել և անհանգստության աղբյուր դառնալ։ Վաղ սերմնաժայթքումը այս տարիներին դեռևս վաղաժամ սերմնաժայթքում չէ, քանի որ պատանին պարզապես դեռ չի սովորել կառավարել սերմնաժայթքումը, մի հատկություն, որ զարգանում է սեքսուալ փորձառության աճի հետ և հետևաբար պահանջում է որոշակի ժամանակ։ Ինչևիցե, շատ տղամարդկանց համար սերմնաժայթքման կառավարումը այդպես էլ մնում է անհասանելի հմտություն, և վաղաժամ սերմնաժայթքումը նրանց սեռականության դրսևորման սովորական ստերեոտիպն է դառնում։ Վաղաժամ սերմնաժայթքման տարածվածությունը ըստ տարբեր հեղինակների կազմում է 30% -ից մինչև 75%։ Թվերի այսպիսի լայն տատանումը պայմանավորված է ՎՍ բնորոշման անորոշության հետ։ Շատ դեպքերում վիճակը բարդանում է երկրորդային էրեկտիլ դիսֆունկցիայով, և այցելուն դիմում է բժշկի այլ գլխավոր գանգատով։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
DSM-IV-ում վաղաժամ սերմնաժայթքումը բնորոշվում է հետևյալ չափանիշներով՝
Ա. Մշտական կամ պարբերաբար կրկնվող այնպիսի սերմնաժայթքում, որն առաջանում է ինտրոմիսիայից անմիջապես հետո կամ հենց դրա ժամանակ, նախքան անձը ցանկանում է այդ։ Սերմնաժայթքմանը նախորդող գրգռման փուլը կարճատև է, որը գնահատում է բժիշկը՝ ելնելով մի շարք չափանիշներից, ինչպիսիք են՝ տարիքը, զուգընկերուհու կամ սեքսուալ գրգռիչի նորույթը, նախորդող սեքսուալ աբստինենտ շրջանի տևողությունը։
Բ. Խանգարումը լուրջ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում է միջանձնային խնդիրներ։
Գ. Վաղաժամ սերմնաժայթքումը հետևանք չէ որևէ դեղամիջոցի կամ այլ նյութի ուղղակի ազդեցության։
Վաղաժամ սերմնաժայթքման բնորոշումը միշտ եղել է վիճահարույց խնդիր։ Վասիլչենկոն գտնում է, որ սերմնաժայթքումը վաղաժամ պետք է համարել, եթե այն հայտնվում է ինտրոմիսիայից հետո` մեկ րոպեի ընթացքում կամ 20 ֆրիկցիայից հետո։ Այսպիսի սերմնաժայթքումը նա անվանում է բացարձակ վաղաժամ սերմնաժայթքում՝ ejaculatio praecox absoluta-EPA։
Իսկապես, իր լայնածավալ հետազոտության արդյունքում Կինզին պարզել է, որ ամերիկացի տղամարդկանց հիմնական մասը` համարյա 75%-ը, սերմնաժայթքում են ունենում ինտրոմիսիայի պահից հաշված 2 րոպեի ընթացքում։ Այս ցուցանիշը, սակայն, չի բնութագրում տղամարդու կամ նրա զուգընկերուհու բավարարվածության մակարդակը։ Մաստերսի և Ջոնսոնի կարծիքով, վաղաժամ պետք է համարել զուգընկերուհու սեքսուալ բավարարման համար անհրաժեշտ ժամանակից շուտ սերմնաժայթքումը, եթե կինը չի տառապում անօրգազմիայով։ Վասիլչենկոն նույնպես նշում է վաղաժամ սերմնաժայթքման այս ձևի մասին, անվանելով այն ejaculatio praecox relativa-EPR` հարաբերական ՎՍ , եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում ինտրոմիսիայից 1րոպե անց, բայց նախքան կնոջ հեշտանքը։ DSM-IV-ում, ինչպես նշվեց վերևում, « վաղաժամի» ցուցանիշը ոչ թե ժամանակն է (1 կամ 2 րոպե), ֆրիկցիաների քանակը (20-25) կամ անձնական բավարարումը (ելնելով կնոջ հեշտանքից), այլ սերմնաժայթքման կառավարման սուբյեկտիվ զգացողությունը։ Այս մոտեցումը, ըստ երևույթին, ավելի գործնական է, քանի որ որոշ տղամարդիկ և նրանց զուգընկերուհիներ ամենևին էլ անհանգստացած չեն վաղ սերմնաժայթքման փաստով։ Այս վիճակի կապակցությամբ օգնություն փնտրողները այն անբավարարված տղամարդիկ են, ովքեր սերմնաժայթքում են ունենում ոչ այն ժամանակ, երբ կցանկանային։
Հաճախ (բայց ոչ միշտ) վաղաժամ սերմնաժայթքումը զուգընկերուհու մոտ դժգոհություն է առաջացնում և միջանձնային խնդիրների պատճառ դառնում։ Նման իրավիճակում տղամարդն ապրում է ամոթի, նսեմացման զգացումներ։ Նրա զուգընկերուհին սկզբում կարող է շփոթմունքի մեջ հայտնվել՝ իրեն մեղավոր համարելով իրավիճակի կապակցությամբ, սակայն ավելի հաճախ կանայք, հատկապես սեռական հարցերից տեղեկացվածները, հուսախաբության զգացում են ունենում, դառնում անհամբեր և զայրացկոտ։ Սա իր հերթին էլ ավելի է ուժեղացնում տղամարդու տագնապը և խորացնում սեռական խանգարումը։
Տարբերում են վաղաժամ սերմնաժայթքման առաջնային և երկրորդային ձևերը։ Առաջնային ձևը գոյություն ունի սեռական կյանքի հենց սկզբից։ Երկրորդային վաղաժամ սերմնաժայթքումը, որ պայմանավորված է հոգեսեքսուալ տրավմայով, բավականին հազվադեպ հանդիպող վիճակ է։ Երկարատև սեռական ձեռնպահությունը նույնպես կարող է վաղաժամ սերմնաժայթքում առաջացնել։ Սովորաբար այսպիսի դեպքերում տղամարդիկ շատ արագ վերականգնում են կամային կառավարումը, սակայն երբեմն այն չի հաջողվում և պատճառ է դառնում աճող տագնապի։
Բոլոր վաղաժամ սերմնաժայթքում ունեցողները տագնապի զգացում ունեն, որն այս խանգարման առանցքային նախապայմանն է։ Կայանալիք սեռական հարաբերությունը թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մոտ վատ նախազգացում է առաջ բերում, իսկ սեռական ակտիվությունն ավարտվում է անբավարարվածության զգացումով։ Որպես երկրորդային խանգարում առաջանում է սեռական ցանկության իջեցում, իսկ որոշ դեպքերում խանգարվում է էրեկտիլ ֆունկցիան։ Երբեմն զարգանում է նաև խուսափում սեռական հարաբերությունից։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Շատ փորձեր են կատարվել վաղաժամ սերմնաժայթքման պատճառները բացատրելու համար։ Այս այցելուների սեքսուալ ստատուսի քննությունը բացահայտում է, որ նրանք հաճախ տեղյակ չեն իրենց սեռական գրգռման մասին կամ ճշգրիտ չեն գնահատում սեքսուալ լարվածության մակարդակը։ Այս տղամարդիկ համառորեն, բայց ապարդյուն փորձում են կառավարել իրենց սերմնաժայթքումը և չեն նկատում, թե ինչպես է բարձրանում իրենց գրգռվածության մակարդակը, չեն ապրում այն զգացողությունը, որ անմիջապես նախորդում է հեշտանքին։ Հաստատվել է, որ ընկալման այս խանգարումն էլ հենց ընկած է քննարկվող համախտանիշի հիմքում։ Զգայական ընկալումը պարտադիր պայման է բոլոր կամային ռեֆլեքսների կառավարման համար, և սերմնաժայթքումը բացառություն չի կազմում։ Ավելի խորքային մակարդակում այս այցելուները կոնֆլիկտ ունեն սեռական բավարարման և հաճույքի վերաբերյալ, և ճնշում կամ մերժում են իրենց էրոտիկ զգացողությունները, երբ վերջիններս դառնում են «չափից դուրս ուժգին» կամ տևում են «չափից դուրս երկար»։ Զգայական ընկալման դեմ վաղաժամ սերմնաժայթքումով այցելուների պաշտպանողական մեխանիզմները խափանում են սերմնաժայթքումը կառավարելու նրանց ջանքերը։
Ի տարբերություն սեռական այլ խանգարումների, վաղաժամ սերմնաժայթքման դեպքում անգիտակից ներհոգեբանական կոնֆլիկտները մեծ դեր չեն խաղում։ Վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ հանդես է գալիս իբրև մեկուսացված ախտանիշ` հիմքում չունենալով հոգեբանական որևէ այլ խնդրի առկայություն։ Այս դեպքերում կարելի է խոսել զուտ սեռական մարզվածության բացակայության մասին։ Այլ դեպքերում, վաղաժամ սերմնաժայթքումը կապված է ավելի խորը ներանձնային և միջանձնային խնդիրների հետ։ Առաջ է քաշվել մի ենթադրություն, ըստ որի վաղաժամ սերմնաժայթքումը ծառայում է իբրև գործիք կանանց նկատմամբ թշնամանք տածող տղամարդկանց համար։ Այս միջոցով նրանք կարծես վրեժ են լուծում` կնոջը զրկելով ամենաբաղձալի հաճույքից։ Հոգեվերլուծության տեսանկյունից վաղաժամ սերմնաժայթքումը ամորձատման բարդույթի դրսևորում է։ Այս դեպքում հեշտոցը դիտարկվում է իբրև սպառնացող և սարսափ ներշնչող օրգան, իսկ վաղ սերմնաժայթքումը այն միջոցը, որի շնորհիվ կարելի է հնարավորինս շուտ «դուրս հանել առնանդամը այնտեղից»։ Կլինիկական ակներևությունը վկայում է, որ այս այցելուների հոգեբանական խնդիրները միանման չեն։ Կարելի է հանդիպել կանանց նկատմամբ ինչպես ջերմ և սիրագորով, այնպես էլ թշնամական վերաբերմունքով տղամարդկանց, զուգընկերուհիները նույնպես տարբեր կարող են լինել։ Այս պատճառով յուրաքանչյուր դեպքում հարկավոր է անցկացնել հոգեդինամիկ և միջանձնային հարաբերությունների քննություն՝ կիրառելով անհատական մոտեցում։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հոգեթերապիայի բարձր արդյունավետությունը ցույց է տալիս, որ առաջնային վաղաժամ սերմնաժայթքումը հազվադեպ է օրգանական ծագման լինում։ Այնուհանդերձ կան ուռոգենիտալ և նյարդային համակարգի որոշ բնածին հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել առաջնային ՎՍ։ Ամենից հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներն են spina bifida-ն և պարացենտրալ բլթակների համախտանիշը։ Սրանք հազվադեպ հանդիպող վիճակներ են, որոնց ժամանակ դիտվում են այլ կլինիկական ախտանշաններ, նևրոլոգիական նշաններ։
Պարացենտրալ բլթակների համախտանիշի դեպքում, որը ուռոգենիտալ ֆունկցիաները վերահսկող կեղևային կենտրոնների ախտահարման հետևանք է, վաղաժամ սերմնաժայթքումը ուղեկցվում է գիշերամիզության, հաճախամիզության հետ։ Բնորոշ են կոնստիտուցիոնալ պարամետրերին չհամապատասխանող վաղաժամ օյգարխեն, ինչպես նաև պիրամիդային համակարգի ախտահարման նշաններ՝ աքիլեսյան ռեֆլեքսների ինվերսիա, ոտնաթաթերի կլոնուս, Բաբինսկու և Ռոսոլիմոյի ախտանիշներ, ռեֆլեքսային զոնաների լայնացում, անիզոկորիա, օրալ ավտոմատիզմի արտահայտումներ։
Երկրորդային ՎՍ-ի հիմքում ավելի մեծ հավանականությամբ ընկած են օրգանական պատճառներ, հատկապես երբ սերմնաժայթքման կառավարման կորուստը ոչ մի կերպ կապված չէ փսիխոէմոցիոնալ սթրեսի կամ սեռական փոխհարաբերությունների էական փոփոխության հետ։ ՎՍ-ի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացումը։
Օրգանական պատճառներով առաջացած էրեկտիլ դիսֆունկցիան կարող է առաջ բերել ՎՍ, քանի որ այդ ձևով հնարավոր է խուսափել էրեկցիայի խանգարման դրսևորումից, այլ խոսքերով ասած, այցելուն սերմնաժայթքում է կատարում նախքան էրեկցիայի կորուստը։
Որոշ վիրահատություններ և ողնուղեղի վնասվածքներ խաթարում են էյակուլյացիան կարգավորող ողնուղեղային կենտրոնների և նյարդերի գործունեությունը` առաջ բերելով երկրորդային ՎՍ։ Որոշ ուռոգենիտալ բորբոքային գործընթացներ, ինչպիսիք են շագանակագեղձի բորբոքային հիվանդությունները, նույնպես առաջացնում են սերմնաժայթքման երկրորդային խանգարումներ։ Այսպիսով, երբ նախկինում սերմնաժայթքումը հաջողությամբ կարգավորող տղամարդը կորցնում է իր այդ ունակությունը, մանրազնին ուռոգենիտալ և նևրոլոգիական քննությունը դառնում է պարտադիր։
ԲՈՒԺՈՒՄԸ
Վաղաժամ սերմնաժայթքումը մեծ արդյունավետությամբ բուժվում է սեքսթերապիայի միջոցով՝ օգտագործելով “squeeze” կամ “stop-start” մեթոդները։ Վարքային փսիխոթերապիայի այս մեթոդների կիրառմամբ հնարավոր է դառնում վերացնել ախտանիշը, անգամ եթե այն ծառայում է իբրև անգիտակից պաշտպանական մեխանիզմ։ Այնուհանդերձ, երբ վաղաժամ սերմնաժայթքումը նշանակալից դեր է խաղում այցելուի հոգեդինամիկ զարգացման կամ զույգի փոխհարաբերությունների նևրոտիկ կազմավորման մեջ, բուժումը հաճախ բարդանում է։ Այսպիսի դեպքերում սեռական խանգարման վերականգնումը կարող է վտանգվել այցելուի մոտ տագնապի առաջացումով և բուժման դեմ պաշտպանական մեխանիզմների ստեղծումով։
Պարացենտրալ բլթերի հիվանդության ժամանակ Վասիլչենկոյի կողմից առաջարկվել է Միխայելիսի ռոմբի շրջանում կատարել 60-80 սմ2 մակերեսով մաշկի քլորէթիլային բլոկադաներ։
Խրոնիկական բորբոքային հիվանդությունների հետևանքով առաջացած վաղաժամ սերմնաժայթքումների համար նույնպես օգտագործվում է վերոնշյալ բուժական մեթոդը։
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն