Համակարգային հիվանդություններ
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ. գ. դ, ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ Գայանե Գևորգի Ամարյանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում պարբերական հիվանդությունը:
Պարբերական հիվանդությունը կամ միջերկրածովյան ընտանեկան տենդը պարբերական ժառանգական տենդերին պատկանող աուտոսոմ-ռեցիսիվ ճանապարհով ժառանգվող հիվանդություն է, որն իր բնույթով դիտվում է որպես աուտոբորբոքային հիվանդություն: Այն հիմնականում արտահայտվում է տենդի կրկնվող դրվագներով, որոնք ուղեկցվում են փորացավով, կրծքավանդակի ցավով և կամ հոդացավով, հոդաբորբով:
Այլևս չե՞ն կիրառվում երևանյան կամ հայկական հիվանդություն անվանումները:
Բազմաթիվ անգամներ հեռուստաեթերով, ռադիոյով, համացանցում լուսաբանելով ՊՀ ՀՆԿ աշխատակիցները փորձել են այդ անվանումները հանել գործածությունից: Բազմիցս դիմել ենք նաև լրագրողներին այս հարցի մասին բարձրաձայնելու խնդրանքով: Սակայն սովորությունը հզոր գործոն է:
Բնականաբար, այս արտահայտությունները սխալ են, և դրանով մենք մեր ազգն ենք պիտակավորում անհեթեթ կերպով:
Ներկայումս միջազգային հանրության կողմից և նաև պաշտոնապես ընդունված է միջերկրածովային ընտանեկան տենդ անվանումը, որն ունի իր սեփական միջազգային ախտորոշումների կոդային համարները: Սակայն մեր իրականության մեջ, մանանվանդ ռուսալեզու, ինչպես նաև ֆրանկոֆոն գրականության մեջ օգտագործվում է նաև մյուս տարածված` պարբերական հիվանդություն անվանումը:
Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները և ռիսկի գործոնները:
Արդեն նշվեց, որ այն աուտոսոմ-ռեցիսիվ ճանապարհով ժառանգվող հիվանդություն է, այսինք այն կարող է չարտահայտվել մի քանի սերնդում: ՊՀ ժառանգական բնույթը վերջնականապես հաստատվել է 1997 թ.` գենի հայտնաբերումից հետո: Նշանակություն ունեն նաև շրջակա միջավայրի գործոնները, որոնց դերը ներկայումս հետազոտվում է, կարևոր են նաև սթրեսային գործոնները և այլ տարբեր տրիգերներ:
Սակայն միևնույն է, ՊՀ հիմքը ժառանգական է, և կասկածելի դեպքերում ախտորոշումը պետք է հաստատվի գենետիկական հետազոտությամբ:
Ինչո՞ւ է այն կոչվում նաև ընտանեկան:
Քանի որ հիվանդությունը ժառանգական բնույթ է կրում, բնականաբար նույն ընտանիքում այն կարող է արտահայտվել տարբեր սերունդների, ներկայացուցիչների մոտ:
Ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդության խնդիրների լուծումը Հայաստանում:
ԵՊԲԻ Մանկաբուժության ամբիոնը Հանրապետական մանկական հիվանդանոցի ներքո /ներկայում «Արաբկիր» Բժշկական համալիր/ սկսած 80-ականներից բազմակողմանի ուսումնասիրել է ՊՀ խնդիրը երեխաների շրջանում, հետագայում կազմակերպելով պարբերական հիվանդության դիսպանսերը, որը 90 – ականներից արդեն առանձին կենտրոնի կարգավիճակ է ստացել: Կենտրոնը սերտ համագործակցում է ՀՀ Բժշկական գենետիկայի կենտրոնի, ինչպես նաև Իսրայելի, Ֆրանսիայի, ՊՀ կենտրոնների հետ, աշխատելով մշտապես ներկայացնել կենտրոնի տվյալները և նվաճումները միջազգային կոնֆերանսներում, իսկ ստացված նոր գիտական և գործնական նորույթները հնարավորինս կիրառել:
Կենտրոնում 2003 թ-ից՝ պետ. պատվերի շրջանակներում, իրականացվում է մինչև 18 տարեկան հիվանդների դիսպանսեր հսկողություն: Վերջին 15 տարիների «ՊՀ վաղ ախտորոշման, հսկողության և բուժման » ծրագրային աշխատանքների շնորհիվ կենտրոնում առկա են նախ՝ վաղ ախտորոշման զգալի բարելավում, ապա նաև կոլխիցինով բուժման աննախադեպ դրական արդյունքներ:
Տարեց տարի ավելանում է ընդգրկված ՊՀ հիվանդ երեխաների թիվը, բարձր է դիմելիությունը, և եթե նախկինում հսկվում էր 500 հիվանդ, ներկայումս այդ թիվը 3300-ից ավելի է: Փաստորեն, ՊՀ ՀՄԿ աշխարհում հիվանդ մանուկների ամենամեծ թվով կենտրոններից մեկն է: Այս հարցում նշանակություն ունի և՛ ՊՀ դեպքերի ավելացումը վերջին տարիներին, և իհարկե հիվանդության վաղ հայտնաբերումը և ախտորոշումը:
Այս հիվանդության զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի ազգային պատկանելությունը:
Հիվանդությունը կրում է էթնիկ բնույթ, և այն երկրներում, որտեղ այն ավելի տարածված է՝ Իսրայել, Թուրքիա, Հայաստան, Արաբական երկրներ և այլն, ինչպես ՊՀ, այնպես էլ այլ ժառանգական պարբերական տենդերով զբաղվում են հատուկ ՊՀ կենտրոններում, ուսումնասիրելով ազգային, համաճարակաբանական և այլ առանձնահատկությունները:
Արդյո՞ք հիվանդությունը հաճախացել է վերջին տարիներին:
ՊՀ ՀՄԿ ԵՊԲՀ Առողջապահության կազմակերպման ամբիոնի հետ համատեղ կատարված վերջին համաճարականաբանական հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում առկա է ՊՀ գենի մուտացիաների չափազանց բարձր կրողություն՝ 1: 3- ի կամ 1:4-ի: Գրեթե նույն թվերն է տալիս նաև Բժշկական գենետիկայի կենտրոնը, որի հետ մենք տարիներ շարունակ սերտ համագործակցում ենք:
Ի՞նչ կասեք կլինիկական պատկերի, դասակարգման և ախտանիշների մասին:
Կլինիկորեն այս հիվանդությունն արտահայտվում է պարբերաբար կրկնվող տենդի դրվագներով, որոնք զուգակցվում են որովայնի, կրծքավանդակի շրջանի ցավերով, հոդացավերով կամ հոդաբորբերով:
Միշտ պետք է հիշել, որ հիվանդության հիմնական արտահայտությունն է համարվում պարբերաբար կրկնվող տենդը, որը կարող է զուգակցվել տարբեր վերընշված նշանների հետ:
Ներկայումս չեն տարանջատվում ՊՀ որովայնային, հոդային կամ կրծքային ձևերը: Բոլոր դեպքերում էլ մանրամասն հետազոտությամբ պարզվում է, որ հիմնականում ախտահարվում են տարբեր շճային թաղանթները և ընդգրկվում են մի շարք օրգան-համակարգեր: Հաճախ հենց ՊՀ գենի մուտացիաների տարբեր զուգակցումներով է պայմանավորված՝ այս կամ այն օրգան-համակարգի ախտահարման ախտանիշների գերակշռումը հիվանդի մոտ:
Տարբերում են ՊՀ տիպիկ և ատիպիկ ընթացքներ: Տիպիկ ընթացքին բնորոշ է կրկնվող տենդը և վերոնշյալ ախտահարումները: Ատիպիկ ընթացքի դեպքում լինում են ոչ հստակ կրկնվող տենդի դրվագներ, գերակշռում է մյուս օրգան-համակարգերի ընդգրկումը, այսինքն՝ որովայնային կրկնվող ցավեր, կրծքային ցավեր, կայուն հոդային համախտանիշ, հոդամկանային ցավեր:
Հիվանդության նոպաների հաճախականությունը և միջնոպայական տևողությունը տարբեր են: Պաթոգեն, ծանր ՊՀ մուտացիայի դեպքում նոպաները կարող են հաճախակի լինել՝ ամսվա մեջ մի քանի անգամ: Երբեմն հնարավոր է երկար ընդմիջում: Սակայն դա խաբուսիկ և վտանգավոր վիճակ է, քանի որ նոպայի բացակայության դեպքում արյան բորբոքային ակտիվությունը կարող է պահպանված լինել, և հետո հանկարծ հնարավոր է սկսվի բարդությունների շրջանը:
Ո՞ր տարիքում է հիմնականում սկսվում հիվանդությունը:
70 տոկոս դեպքերում հիվանդությունն սկսվում է վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, որից 50 տոկոսը՝ մինչև 3 տարեկանն է արտահայտվում: Կենտրոնի կանոնակարգված ծրագրային աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են ՊՀ բազմաթիվ դեպքեր մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:
ՊՀ մոտ 10 տոկոս դեպքերում կարող է սկսվել նաև մինչև 40 տարեկանը: Բայց սովորաբար դրանք ևս կարող էին ավելի վաղ ախտորոշվել, եթե ժամանակին լավ հետազոտվեին, և հավաքվեր ընտանեկան և անձնական մանրամասն անամեզ:
Ի՞նչ գործոններ են նպաստում հիվանդության և նոպաների արտահայտմանը:
Նպաստող գործոնները հստակ չեն, սակայն նշանակություն ունեն հիմնականում սթրեսային գործոնները, ինչպիսիք են հուզական սթրեսը, ցուրտը (մրսածությունը, անգամ առանց հիվանդության արտահայտման), ֆիզիկական և կամ աշխատանքային լարվածությունը, կլիմայի փոփոխությունը: ՊՀ սրացմանը կարող են նպաստել նաև ուղեկցող հիվանդությունները` ՍՇԻ, դիարեան և այլն: Կլիման փոխելը, երկրից մեկնելը կամ տեղափոխվելը ՊՀ ընթացքի վրա էական չի ազդում:
Եթե ՊՀ ախտորոշվում է, ապա անմիջապես նշանակվում է անընդմեջ և կանոնավոր կոլխիցինով բուժում:
Ինչպե՞ս է տարվում հղիությունը այս հիվանդների մոտ:
Հղիությունը հիվանդության առումով համարվում է ռիսկային՝ կապված հորմոնալ տեղաշարժերի հետ: Հղիության ընթացքում հիվանդությունը կարող է սրվել: Ծննդաբերության ժամանակ հնարավոր է կարճատև դադար, որից հետո կրկին ախտանիշների առաջացում:
Դաշտանի ժամանակ նույնպես հնարավոր է նոպաների առաջացում: Եվ եթե վերջինները ընթանում են տենդով և ցավերով, անհրաժեշտ է MEFV գենի մուտացիաների քննություն և հետազոտում կատարել հերթական տենդի դրվագի ժամանակ: Այլապես, չհայտնաբերված պերիտոնեալ սերոզիտը՝ կպումային հիվանդության պատճառ դառնալով, հետագայում կարող է նպաստել չբերությանը:
Ի՞նչ դեր ունի ալկոհոլը հիվանդության դրսևորման առումով:
Մանկական տարիքում հիմնականում այն դեր չունի: Մեծահասկաների շրջանում`չարաշահել խորհուրդ չի տրվում:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հիվանդությունն ախտորոշելու համար:
Ախտորոշումը իրականացվում է երկու ուղղությամբ` պարտադիր են և կլինիկական, և գենետիկական հետազոտումները:
Կլինիկական ախտորոշումն ընդգրկում է առաջին հերթին հետազոտումը հերթական տենդի և սերոզիտների (շճաբորբերի՝ սրտամզի, կրծքամզի, հոդերի բորբոքում) տիպիկ դրվագի ժամանակ: Հաստատման համար անհրաժեշտ են նաև հիվանդության պատմությունը, ՊՀ ընտանեկան անամնեզը: Ըստ միջազգային ուղեցույցների՝ կլինիկական ախտորոշումը պետք է իրականացվի նոպայի ժամանակ՝ հիմնականում ստացիոնար պայմաններում, որովհետև գենոտիպը կարող է լինել կիսատ՝ հետերոզիգոտ և նոպաներն արտահայտվեն հազվադեպ:
Կատարվում է արյան քննություն՝ սուր բորբոքային ցուցանիշների հայտնաբերման համար, ուլտրաձայնային հետազոտություն, էխոսրտագրություն և թոքերի ռենտգեն հետազոտություն՝ շճաբորբերի՝ սրտամզի, կրծքամզի, հոդերի բորբոքումը հայտնաբերելու համար: Վերջնական ախտորոշումը հաստատվում է գենետիկական քննության տվյալներով:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հիվանդության հետևանքով և որքանո՞վ են դրանք վտանգավոր կյանքի համար:
Ամենավտանգավոր և կյանքին սպառնացող բարդությունը համակարգային, երիկամային ամիլոիդոզն է: Վաղ ախտորոշման, կանոնավոր բուժման, դիսպանսեր հսկողության վերջնական նպատակը ամիլոիդոզը կանխելն է:
Չբուժված դեպքերում 10 տարվա ընթացքում հիվանդների մոտ զարգանում է երիկամային ամիլոիդոզ, որի հետևանքով էլ առաջանում է երիկամային անբավարարություն, և հիվանդները դիալիզի՝ արհեստական երիկամի կարիք են ունենում: Նման դեպքերում, իհարկե, տարիներ հետո, վախճանն անխուսափելի է: Այդ բարդությունն սկսվում է տրանզիտոր սպիտամիզությամբ:
Բարդություններից է նաև կպումային հիվանդությունը, որը մեծահասակ տարիքում կարող է չբերության բերել, իսկ վաղ տարիքում` աղիքային անանցանելիության պատճառ դառնալ:
Հաճա՞խ է հանդիպում երիկամային ամիլոիդոզը մանկական հասակում:
Եթե կոլխիցինով բուժումը սկսվել է ժամանակին, ճիշտ և կանոնավոր է կազմակերպվում, հնարավոր է լինում կանխել ամիլոիդոզը, և ՊՀ ՀՄԿ այդ ուղղությամբ հասել է աննախադեպ հաջողությունների:
Ի՞նչ բուժում է կիրառվում ներկայումս և որքանո՞վ է այն արդյունավետ:
Կոլխիցինը համարվում է ներկայումս միակ, միջազգային ուղեցույցներով և FDA կազմակերպության պաշտոնապես հաստատված դեղորայքը, որն արդյունավետ է և՛ նոպաները, և՛ բարդությունները կանխելու առումով:
Կոլխիցինը հակացուցում չունի թե հղիության, թե ծննդաբերության, թե կրծքով կերակրման ժամանակ: Պարզապես դեղի ընդունումը հատուկ խորհրդատվությամբ է իրականացվում: Շատ հազվադեպ կոլխիցինը տոքսիկ ազդեցություն է ունենում, սակայն նորմալ դեղաչափով և կանոնավոր ընդունման դեպքում այն միայն նպաստում է հետագայում ընտանիք կազմելուն և երեխաներ ունենալուն:
Կոլխիցինը նշանակվում է միայն վերջնական ախտորոշումից հետո:
Գոյություն ունի կոլխիցինով բուժման նկատմամբ բացարձակ և մասնակի կայունություն: Մասնակի կայունությունը հաճախ պայմանավորված է դեղերի անկանոն և սխալ ընդունման հետ: Եթե կոլխիցինի առավելագույն դեղաչափի ֆոնի վրա նոպաները շարունակվում են, այդ դեպքում ախտորոշվում է կոլխիցինի հանդեպ լրիվ կայունություն և ցուցված դառնում սկսել այլ բուժում՝ ինտերլեյկինների-1 բետա ինհիբիտորներով (իլարիս, կանանկինումաբվ):
Նոպաների ընդհատումը չի կարող բուժման ընդմիջման պատճառ համարվել: Կոլխիցինը պետք է ընդունել ողջ կյանքի ընթացքում կամ գոնե մինչև 40 տարեկանը, իհարկե, հաշվի առնելով գենոտիպը և հիվանդության ընթացքը:
Հնարավո՞ր է հիվանդության արմատական բուժում իրականացնել:
Արմատական բուժումը, ինչպես մյուս գենետիկ հիվանդությունների դեպքում, հնարավոր է գենային ինժեներիայի միջոցով:
Իսկ սովորական բուժման առումով ՊՀ, ունենալով կոլխիցինոթերապիայի բարձր արդյունավետություն ինչպես նոպաների, այնպես էլ բարդությունների կանխարգելման առումով, համարվում է կառավարվող գենետիկական հիվանդություն:
Ի՞նչ զարգացումներ կամ հեռանկարներ կան բուժման հարցում:
ՊՀ ՀՄԿ արդյունավետ գործունեությունը կարելի է ասել՝ ազգային գործ է և լավ կլիներ, որ ապահովվեր դիսպանսեր հսկողությունը ոչ թե մինչև 18, այլ գոնե մինչև 25 տարեկանը: Պետք է շարունակել կազմակերպել արտագնա այցեր Հայաստանի տարբեր մարզեր, հատկապես թիրախային շրջաններ (Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի ավազան, Շիրակի մարզ և այլն):
Մինչ այժմ մենք աջակցություն ստացել ենք միայն դեղորայքի հարցում, մյուս աշխատանքներն արվել են միայն կենտրոնի հնարավորություններով և ջանքերով: Մի քանի բժիշկներ 80- ականներից անձնուրաց կերպով նվիրվել են այս աշխատանքին, ովքեր հիմնականում եղել են ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի աշխատակիցները, դոցենտները, ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Վ.Ա. Աստվածատրյանը, ով առաջինն է հայ երեխաների շրջանում նկարագրել հիվանդությունը:
Ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ հիվանդներին:
Հիվանդները պետք է ժամանակին դիմեն բժշկի, տեղեկացված լինեն հետագա խնդիրների՝ երեխաներ ունենալու, ամուսնության մասին:
Եվ աղջիկների, և տղաների մոտ հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը նպաստում է ներդաշնակ ֆիզիկական և սեռական զարգացմանը, հասունացման նորմալ ընթացքին և հետագայում՝ պտղաբերությանը:
Հնարավո՞ր է գենետիկորեն նախատրամադրված երեխայի մոտ կանխարգելել հիվանդության դրսևորումը:
Հիվանդության դրսևորումը պայմանավորված է ՊՀ գենի մուտացիաներով, երկու ծանր մուտացիայի դեպքում հիվանդությունը ունենում է ծանր դրսևորում, մեկ մուտացիայի դեպքում՝ ատիպիկ ընթացք և անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտում նոպաների ժամանակ:
Ցուցումների բացակայության դեպքում պետք չէ նախապես իրականացնել գենետիկական հետազոտություն:
Կարդացեք նաև
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...
Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...
Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...
Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...
Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...
Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...
1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն