Հիվանդություններ Թուլամտություն կամ դեմենցիա (քրոնիկական օրգանական հոգեհամախտանիշ)
fdfsdfsdf
F0 — Օրգանական, ներառյալ ախտանիշային, հոգեկան խանգարումներ
F00 - Այլցհեյմերի հիվանդություն,
F01 - Անոթային թուլամտություն,
F02 - Թուլամտություն այլ խանգարումներում դասակարգված հիվանդությունների ժամանակ,
F03 - Թուլամտություն չճշտված,
F04 - Օրգանական ամնեստիկ համախտանիշ,
F05 - Դելիրիում,
F06 - Հոգեկան այլ խանգարումներ, պայմանավորված գլխուղեղի վնասվածքով կամ դիսֆունկցիայով կամ մարմնական հիվանդությամբ,
F07 - Անձի օրգանական խանգարումներ։
Թուլամտությունը կամ դեմենցիան (F00) հոգեկան ֆունկցիաների գեներալիզացված խանգարում է։ Այն գլխուղեղի քրոնիկական հարաճուն հիվանդության համախտանիշ է, որի ժամանակ ախտահարվում են կեղևային ֆունկցիաները՝ հիշողությունը, մտածողությունը, կողմնորոշումը, դատողությունը, այլ կերպ ասած՝ ինտելեկտը, հիշողությունը և անձը՝ առանց գիտակցության խանգարման։ Սովորաբար, առկա են կոգնիտիվ (ճանաչողական) խանգարումներ, հուզականության, սոցիալական վարքի, մոտիվացիաների խաթարումներ։
Թուլամտությունը ձեռք բերովի խանգարում է և մեծ մասամբ՝ անդարձելի։
Համաճարակաբանություն։ Մոտավոր գնահատականներով 65 տարեկանից բարձր բնակչության 10%-ը տառապում է թուլամտությամբ։ Իսկ 80 տարեկանից բարձր ծերունիների շրջանում այն հասնում է մինչև 22%։ Այսինքն՝ տարիքի հետ հիվանդացությունն աճում է։ Հետևաբար, տարեցների (65 տարեկան և ավելի) թվաքանակի աճին զուգընթաց (նրանք, ըստ որոշ տվյալների՝ 2030 թ. կկազմեն բնակչության 20%-ը) թուլամտությունը կդառնա շատ լուրջ առողջապահական հիմնախնդիր։ Այս հիվանդների շուրջ 80%-ը շարունակում է ապրել ընտանիքում և միայն յուրաքանչյուր հինգերորդը՝ կապված թուլամտության ծանրության հետ, ուղարկվում է հոգեբուժարան կամ ծերանոց։
Տերմինաբանությունը։ ՄԻնչև 65 տարեկանն առաջացող քրոնիկական օրգանական հոգեհամախտանիշի (դեմենցիայի) համար, սովորաբար, օգտագործվում է նախածերունական թուլամտություն տերմինը։ «Ծերունական (կամ սենիլ) թուլամտություն» տերմինը կիրառվում է այդ նույն վիճակների համար, որոնք, սակայն, ձևավորվում են ավելի ուշ տարիքում։
Կլինիկական ախտանիշները։ Թուլամտությունը, սովորաբար, սկսվում է աննկատ և աստիճանական, որը չեն նկատում ոչ հարազատները և ոչ էլ բժիշկները մինչև որևէ ախտանիշի սրացումը, ինչն արդեն ուշադրություն է գրավում։ Աստիճանաբար խանգարվում է նաև հիվանդի հարմարվողականությունը զանազան սոցիալական իրավիճակներում և հանգամանքներում։ Հիվանդությունն ակնհայտ է դառնում, երբ հիվանդն արդեն ի վիճակի չէ կատարել սովորական պարտականությունները և լուծել իր խնդիրները։
Հիվանդության կլինիկական պատկերը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով՝
1. Ամնեզիա (հիշողության խանգարում) առանց գիտակցության խանգարման։ Հիշողության խանգարման վրա սկզբում, սովորաբար, ուշադրություն են դարձնում հարազատները, մինչդեռ հիվանդները ժխտում են այդ խանգարումը։ Հիշողության խանգարումները սկսվում են «հասկանալի» մոռացկոտությունից (նկատի ունենալով հիվանդի տարիքը), հատկապես՝ անունների, համարների, ընթացիկ իրադարձությունների հանդեպ։ Հետագայում երևան են գալիս ավելի կոնկրետ և ձևավորված ամնեստիկ նշաններ։ Այսպես, հիվանդները կարող են ապակողմնորոշվել իրենց շատ լավ ծանոթ միջավայրում (տեղանքում)՝ չգտնել հացի խանութը, դեղատունը, թերանալ առօրյա պարտականությունները կատարելիս, վրիպումներ թույլ տալ կերակուր պատրաստելիս, գազօջախը միացրած թողնել, չկատարել ծրագրված գործերը մոռանալու պատճառով, անիմաստ թափառել։ Սովորաբար, հենց նման դրսևորումներն են գրավում շրջապատի ուշադրությունը։ Ավելի արտահայտված է վերջին իրադարձությունների և տեղեկությունների, ավելի քիչ ավտոմատիզացված գործողությունների հանդեպ հիշողության խանգարումը։ Հիշողության այս բացը լրացվում է կոնֆաբուլյացիաներով, փսևդոռեմինիսցենցիաներով կամ կրիպտոմնեզիաներով։
2. Անձի դեգրադացիան արտահայտվում է անձի ինտելեկտուալ և սոցիալական իջեցումով։ Սկսվում է պրեմորբիդ անձին բնորոշ հատկությունների սրացումով, ինչը նպաստում է օբսեսիվ (սևեռուն) և հիպոխոնդրիկ ախտանիշների դրսևորմանը։ Հիվանդին բնորոշ կեցվածքն ու պահվածքը փոխվում են, հիվանդը սկսում է արհամարել և անտեսել ուրիշների զգացմունքներն ու ապրումները, դառնում ավելի համառ, դյուրագրգիռ և մեկուսացված։ Հետագայում, անտարբեր է դառնում սեփական անձի հանդեպ, արհամարում է անձնական հիգիենայի պահանջները, չի հետևում իր արտաքինին, վարում է անկանոն, թափթփված կյանք։ Արտահայտված և հարաճուն դեպքերում զարգանում է մարազմային վիճակ՝ համընդհանուր դեգրադացիա, ունակությունների, գիտելիքների և հմտությունների կորուստ՝ ֆիզիկական այլասերման (կախեքսիայի) հետ մեկտեղ։
3. Մտածողության խանգարումները հիվանդության սկզբում արտահայտվում են դանդաղկոտությամբ և ընդգծված կենտրոնացմամբ անցյալի մի քանի էական թեմաների շուրջ (պերսևեռացիա)։ Թուլամիտ մարդն ի վիճակի չէ ընկալել նոր գաղափարներ, կորցնում է վերացարկելու հնարավորությունը։ Քննադատական դատողությունների, տրամաբանական եզրահանգումների ունակությունն աստիճանաբար թուլանում է, ինչը որոշ դեպքերում նպաստում է զառանցանքների ձևավորմանը։ Մտածողությունն արտահայտված դեպքերում սահմանափակվում է շատ կոնկրետ թեմաներով և կորցնում փոխկապակցվածությունը։ Սա արտահայտվում է հիվանդի խոսքում, այն աստիճանաբար՝ թուլամտության խորացմանը զուգընթաց, դառնում է ավելի ու ավելի դանդաղկոտ, աղքատիկ։ Իսկ հիվանդության վերջնափուլում այն վերածվում է անհասկանալի վանկերի, բառերի, անիմաստ արտահայտություների։
4. Հոգեախտաբանական դրսևորումները հաճախ հանդիպող և կլինիկական պատկերին որոշակի երանգ և յուրահատկություն տվող խանգարումներից են։ Մասնավորապես, Ալցհեյմերի թուլամտության 33-50% դեպքերում նման խանգարումները կարող են երևան գալ հիվանդության որևէ փուլում։ Դրանք են զառանցանքները, ցնորքները, կեղծ ճանաչումները, աֆեկտիվ խանգարումները (երբեմն, նույնիսկ, մանիան), վարքային խանգարումները (ագրեսիվություն, սեռական ապարգելակում և այլն)։
5. Աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան և այլ օջախային խանգարումներն արտացոլում են գլխուղեղի ախտահարմամբ պայմանավորված հոգեկան ֆունկցիաների շեղումը։ Աֆազիան խոսքը հասկանալու ունակության կորստի (սենսոր աֆազիայի) զուգակցումն է բանավոր խոսքի, գրելու և կարդալու խանգարումների (մոտոր աֆազիայի) հետ։ Այն արտահայտվում է անվանելու ունակության կորստով (ամնեստիկ աֆազիա)։ Ապրաքսիան շարժողական և զգացողական ֆունկցիաների պահպանման պայմաններում որևէ գործողություն կատարելու անընդունակությունն է։ Հիվանդն ապրաքսիայի դեպքում չի կարողանում, օրինակ, հագնվել, օգտվել պատառաքաղից, կոճկվել։ Ագնոզիան մտերիմներին, առարկաները ճանաչելու ունակության կորուստն է (օրինակ, հիվանդը չի ճանաչում ընկերոջը, հարազատին)։
Թուլամիտ հիվանդների վարքը, հիմնականում, իրավիճակին անհամապատասխան է, նրանք պասիվ են, աննախաձեռնող, անկայուն, անհանգիստ, հեշտությամբ են շեղվում տարբեր գրգիռների ազդեցությամբ։ Անձի փոփոխությունների արդյունքում ցուցաբերում են ասոցիալական վարք՝ հակված են սեռական սանձարձակության, գողության։ Բնորոշ են աշխարհայացքային սահմանափակվածությունը, հաստատված ռեժիմին բծախնդրորեն հետևելը և սովորական իրավիճակի փոփոխման դեպքում կամ հանձնարարությունների դժվարության տակ բուռն ցասումի և զայրույթի դրսևորումները (այսպես կոչված, կատաստրոֆիկ ռեակցիաներ)։
Պատճառագիտությունը։ Բազմաթիվ պատճառներ կարող են առաջացնել թուլամտություն, չնայած, մեծ մասամբ, բացակայում են տվյալները սպեցիֆիկ գործոնների վերաբերյալ։ Ամենատարածված պատճառն առաջնային դեգեներացիան է, որն ընկած է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հիմքում (դեպքերի շուրջ 65%-ը)։ Իր հաճախականությամբ հաջորդ պատճառն է համարվում գլխուղեղի ատրոֆիան (1%)։ Թուլամտությունների շուրջ 15%-ը համարվում է դարձելի, եթե բուժումը ժամանակին է սկսվել։
Թուլամտության պատճառներն են՝
1. դեգեներատիվ պրոցեսները (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն, ծերունական թուլամտություն և այլն),
2. տրավմատիկ ախտահարումները (բռնցքամարտիկների տրավմատիկ էնցեֆալոպաթիա),
3. նորագոյացությունները (գլխուղեղի ուռուցքներ, սուբդուրալ հեմատոմա և այլն),
4. ինֆեկցիոն հիվանդությունները (պրոգրեսիվ պարալիչ, էնցեֆալիտներ),
5. անօքսիաները (անեմիա, սրտային կամ թոքային անբավարարություն),
6. նյութափոխանակության խանգարումները (լյարդի անբավարարություն, ուրեմիա),
7. էնդոկրին հիվանդությունները (միքսեդեմա, Ադիսոնի հիվանդություն, հիպոգլիկեմիա և այլն),
8. տոքսիկ ազդեցությունները (ալկոհոլային ծագման գլխուղեղի ատրոֆիա, բարբիտուրատների, բրոմիդների ներգործություն),
9. վիտամինային անբավարարությունը (B12 վիտամինի անբավարարություն, նիկոտինաթթվի անբավարարություն և այլն)։
Հարկ է նշել, որ թվարկված պատճառներից առաջացած թուլամտությունների մեծ մասը սկզբունքորեն ենթակա են բուժման, եթե այն ժամանակին և ճիշտ կազմակերպվի (վիտամինային անբավարարությունները, բարբիտուրատների և բրոմիդների ներգործության հետևանքները, միքսեդեման և Ադիսոնի հիվանդությունը, սրտի և լյարդի անբավարարությունը, ուռուցքները և այլն)։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Դեպքեր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն