Ավանդական բժշկություն Լոշտակ սպիտակ - Переступень белая - Bryonia alba L.
Լոշտակ սպիտակ (loshtak) - Переступень белая- Bryonia alba L.
Հայկական տարանունները - մարդախոտ, մարդածաղիկ, մարդատակ, մարմնատակ, օձի թաղ, օձի թուզ, օձի խաղող, ֆաշարա
Դեղաբույսի նկարագրությունը: Դդմազգիների ընտանիքին պատկանող, 2-4 մետրի հասնող, մագլցող և փաթաթվող ցողուններով բազմամյա խոտաբույս է, հաստ, բողկանման, մսալի արմատով: Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խոր կտրտված կամ ամբողջական, ծաղիկները միասեռ, դեղնականաչավուն, պտուղը` գնդաձև հատապտուղ: Մեր հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ` սպիտակը և երկտունը: Երկու տեսակն էլ թունավոր են և բուժական առումով գրեթե չեն տարբերվում իրարից: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիս-օգոստոսին: Աճում է թփուտների արանքում, գետահովիտներում, այգիների ցանկապատերի վրա, անտառի բացատներում, քարացրոններում, աղբուտներում` որպես մոլախոտ: Մագլցող բեղիկներով ամրանում է ծառերին կամ որևէ հենարանի և տալիս փարթամ աճ: Ձմեռում է լավ, վերաճում ինքնացանովի կամ սերմերը թռչունների միջոցով տարածվելու եղանակով: Ցեղի անունը` «բրիերին», հունարեն նշանակում է արագ աճող, քանի որ արմատը գարնանը կարճ ժամանակում տալիս է մագլցող, արագ աճող ընձյուղներ: Գրականության մեջ որպես գիգանտ նմուշ նկարագրում են մինչև 6 կգ-ի հասնող արմատ, մինչդեռ մենք ունեցել ենք 11,23 կգ քաշով արմատ, որը հանվել է Սևանի ավազանից:
Քիմիական բաղադրությունը: Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնիցին, բրիոնոլ), խեժ (որն օժտված է ուժեղ լուծող հատկությամբ), ֆիտոստերին, դաբաղանյութեր, կումարիններ, ստերոլ, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա: Սերմերը պարունակում են ալկալոիդներ, 20-25% չսառչող ճարպայուղ, տերևները` վիտամիններ (C, E, կարոտին):
Բուժական նշանակությունը: Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի արմատը, որը բահով կամ քլունգով հանում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում ջրով, կլորաձև կտրատում և շարում թելին, չորացնում քամահարվող հով տեղում` կախված վիճակում: Արմատն ունի դառը համ և թարմ հացի բույր: Լոշտակը որպես դեղաբույս դեռ շատ վաղուց հայտնի է եղել մարդկությանը: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ արմատը փոքր դեղաչափերով օգտագործվել է որպես ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, լուծողական և միզամուղ միջոց:
Ավիցեննայի կողմից լոշտակի արմատի և նվիկի հյութերն իրար խառնած օգտագործվել են կաթիլների ձևով` ականջի բորբոքական պրոցեսների, իսկ խմելու ձևով` բրոնխիալ ասթմայի ժամանակ: Լոշտակը որպես դեղաբույս արմատացած է հայկական ժողովրդական բժշկության մեջ: Մատենադարանի բազմաթիվ ձեռագրերից քաղումներ է կատարել դեղաբույսերի լավ գիտակ Հ.Հ. Սեպետճյանը: Նրա քաղումներով «Լոշտակին գիրքը» վերնագրով բազմաթիվ ձեռագրերում նշված է` քանի որ բույսի տերևները նման են խաղողի տերևներին, լոշտակը կոչել են նաև «սպիտակ որթատունկ»: Այն օգտագործվել է շուրջ 40 տեսակի հիվանդությունների բուժման նպատակով: Թարմ արմատը կտրում են կլորաձև ու քսում մարմնի ցավոտ մասին, հատկապես կոնքի և ոտքերի մկաններին, նստաներվի և բորբոքված հոդերի հատվածներին: Կանայք թարմ արմատը քսում են դեմքերին` մաշկին թարմություն տալու նպատակով: Մեծ տարածում է ունեցել բուժման նպատակով արմատի հյութը հանելը, կամ այսպես կոչված` «լոշտակի արցունք խլելը»: Այդ նպատակով բաց են արել արմատի գլխամասը, դանակով թեյի գդալի մեծության փոսիկ արել: Մեկ օրից հետո այդ փոսիկում հավաքվել է «լոշտակի արցունքը»: Հիվանդը ամեն առավոտ խմել է այդ «արցունքը»: Եթե առաջացել է փորլուծություն, ապա խմել են 2-3 օրը մեկ անգամ: Հ.Հ. Սեպետճյանի տվյալներով, չի պարզված, թե այդ «արցունքը» հատկապես որ հիվանդությունների ժամանակ են ընդունել, սակայն մի բան է պարզվել, որ այն ընդունել են բոլոր չպարզված և անբուժելի համարվող հիվանդությունների ժամանակ: Լոշտակի փոշին ստանալու համար հեռացրել են նրա կեղևը և փչացած մասերը, ապա` մանր կտրատելով, լավ չորացրել են արևի տակ ու սուրճի նման մանր աղացել: Փոշին ընդունել են տարբեր բնույթի ուռուցքների ժամանակ: Դեղաբույսից պատրաստել են նաև սպեղանի` վերքերի և չարորակ խոցերի բուժման համար:
Լոշտակի մասին իր խոսքն է ասել Ամիրդովլաթը: «Ֆաշարա» կամ «ֆաշարասին» անվան տակ մեծ բժշկապետն այն օգտագործել է կրծքային հիվանդությունների, ընկնավորության, ոսկրային թուլության, հազի, երիկամային մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը դաշտանամուղ է և վիժեցնող: Այնուհետև Ամիրդովլաթը նշում է, որ լոշտակն օգնում է անդամալույծին, որ հյութով լվանալով գլուխը` մազերը չեն թափվի, այրելով` ծուխն կօգնի ասթմայով հիվանդին, տերևը կավելացնի կաթը, թզով ընդունելուց` կառաջացնի լուծ, որ բացում է մեզը և դաշտանը, արգանդի մեջ սպանում է պտղին, հյութը քսելով` օգնում է հետանցքի ցավին, քամուկը վերացնում է աղիների նիքը, մաքրում և թարմացնում է մաշկը, վերացնում թարախաբշտիկները, օգնում մատնաշնչին, ձեթով խմելուց` «պեղծ ոսկրն հանե, օգտե օձահարին»: Նոր դուրս եկած ընձյուղները, եթե եփեն և ուտեն, կօգնի միզակապության դեպքում, առաջ կբերի լուծ: Պտուղները, տերևները և արմատն` աղով սպեղան անելով, «օգտե մաշկի պեղծ խոցերուն, մաշկի ոչ բորբոքական ցաներին, կոծիծներին»:
Արմատից պատրաստված սպեղանին օգնում է ոսկրի կոտրվածքին, իսկ արմատահյութը ներքին ընդունման ձևով դրական է ազդում գլխացավերի, փայծաղի ուռուցքների և օձահարության դեպքերում: Արմատահյութը խմելիս լուծում է խուխը, ավելացնում կաթը, իսկ որոշ դեպքերում տալիս նաև փսխում: Ծեծված պտուղներն արտաքին ձևով օգնում են մաշկի խոցերին և էկզեմային:
Հայկական այլ բժշկարաններում լոշտակի մասին նշվում է, որ ծեծած արմատը գլխին քսելով` վերացնում է գլխացավը, իսկ խառնելով մոմի և ձեթի հետ` բուժում է խոցը և կտրած վերքը: Արմատափոշին` վարդաջրի հետ խառնած դեմքին քսելիս, պայծառացնում է մաշկի գույնը: Ուսագոտու ցավերի ժամանակ կանաչ զանգվածը ծեծում են և դնում ցավող մասին: Նույնը եփելով քացախի հետ` օգտագործում են կարմիր քամին բուժելու համար: Ոգեթուրմը իջեցնում է արյան ճնշումը:
Կ. Գաբիկյանի տվյալներով, բույսի արմատը, բացի խոցի և վերքերի սպեղանի լինելուց, բուժում է լնդախտը, քթի հավելյալ միսը, ատամնացավը, երեսի ցանավորումը, արգանդից դուրս բերում մահացած պտուղը, անջատում ընկերքը, կտրում փայծաղի ցավը, վերացնում գլխի թեփը: Պարզված է, որ բույսի գերդոզավորումից առաջ է գալիս փսխում, որովայնի ուժեղ ցավեր, ցնցումներ, անդամալուծություն, երիկամների սուր բորբոքում: Ա.Պ. Պոպովի տվյալներով, արմատահյութը, ներքին ընդունման ձևով, օգտակար է սակավ դաշտանի, պլևրիտների, տարբեր բնույթի արյունահոսությունների և փորկապության ժամանակ, իսկ արտաքին կիրառման ձևով` որպես ցավ հանգստացնող և վարատող, ծեծած արմատն օգտակար է թարախապալարների բուժման, նևրալգիաների, հոդերի այտուցների և գլխի գոնջության ժամանակ: Վարատող հատկությամբ է օժտված նաև թարմ արմատի ոգեթուրմը:
Հոմեոպաթիայում լոշտակը մեծ չափերով օգտագործվում է բրոնխիտների, պլևրիտների, թոքաբորբերի և դիֆթերիայի ժամանակ: Արմատն օֆիցինալ է Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում` որպես լուծողական, միզամուղ և տեղական գրգռիչ միջոց և համարում են որպես հերոիկ բույս: Մեզ մոտ արմատի ոգեթուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի և Լոռի սպիրտի կազմի մեջ, որոնք կիրառվում են պոդագրայի, ռևմատիզմի և նևրալգիաների ժամանակ` որպես վարատող միջոց: Մեր տվյալներով` լոշտակի արմատի եփուկը, ներքին ընդունման ձևով, լավացնում է ախորժակը, բարորակ ներգործում քրոնիկական թերսեկրետոր գաստրիտների ընթացքի վրա` առաջ բերելով ստամոքսի սեկրետոր և շարժիչ ֆունկցիաների դրդում: Արմատափոշին օգտագործել ենք արտաքին, մոնո և պոլիարթրիտների ժամանակ` քսուքային փաթաթումների ձևով: Չնայած բուժման ընթացքում ոմանց մոտ մաշկի վրա առաջ են եկել տեղական գրգռման երևույթներ (քոր, ցանավորում և այլն), սակայն լավացել են հոդային շարժումները, ներծծվել այտուցները, մեղմացել կամ լրիվ վերացել են հոդացավերը: Գիտականորեն պարզված է, որ արմատի պատրաստուկներն օժտված են որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ:
Կիրառման եղանակները: Արմատից եփուկ պատրաստելու համար 20 գ կտրատված չոր հումքը եռացնում են 30 րոպե 200 մլ ջրում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց հետո: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1/2 գդալ արմատափոշին 2 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում և ընդունում 2 օրվա ընթացքում: Ոգեթուրմ պատրաստելու համար 1 մաս արմատափոշին խառնում են 30 մաս 70° սպիրտի հետ` հաճախակի խառնելով, թողնում 2-3 օր, ապա քամում մառլյայով և ընդունում ջրով` 15-20 կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց հետո: Արմատափոշուց քսուք պատրաստելու համար 1 մաս հումքը խառնում են 4 մաս վազելինի կամ կովի կարագի հետ, կամ` 1 թեյի գդալ արմատափոշին խառնում են 100 մլ արևածաղկի յուղի հետ: Մեր եղանակով քսուք պատրաստելու համար վերցնում ենք 20 գ արմատափոշի, խառնում 40 մլ ջրին, այնուհետև` լավ խառնելով, ավելացնում վազելին (40 գ) և լանոլին (20 գ). ստացվում է համասեռ, դեղնադարչնագույն զանգված: Քանի որ դեղաբույսը թունավոր է, խորհուրդ չի տրվում օգտագործել առանց բժշկի նշանակման:
Այլ օգտակար հատկանիշները: Բույսը նեկտարատու է: Նրանից ստացված եթերայուղն ունի մանրէասպան հատկություն: Պտուղներից ստացվում է կարմիր ներկ: Արմատի ջրիկ մզվածքը ոչնչացնում է միջատներին: Բույսի վերգետնյա մասով թունավորվում են ձիերն ու ոչխարները, պտուղներով` թռչունները, իսկ արմատով` խոզերը:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն