Ավանդական բժշկություն Իշառվույտ դեղատու - Донник лекарственный - Melilotus officinalis (L.) Pall
Իշառվույտ դեղատու (isharvuyt) - Донник лекарственный- Melilotus officinalis (L.) Pall
Հայկական տարանունները - դառնոսպ, եդիսար, նշահամունք
Դեղաբույսի նկարագրությունը: Բակլազգիների կամ թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, 50-150 սմ բարձրության, երկամյա խոտաբույս է: Տերևները բարդ եռմասնյա են, կոթունավոր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկապսակը դեղին, իսկ պտուղը 1-2 սերմ պարունակող ունդ է, սերմերը` ձվաձև, դեղնականաչավուն: Արմատը լավ զարգացած է, դեղնասպիտակավուն: Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ սերմերը հասունանում են հուլիսից մինչև ուշ աշուն: Բույսը չորակայուն է, ցրտադիմացկուն: Պտղակալում է կանոնավոր: Աճում է գրեթե բոլոր տեսակի հողերում, վատ է տանում միայն գերխոնավությունը: Մեր հանրապետությունում տարածված մոլախոտ է, աճում է մարգագետիններում, ցանքերում, թփուտներում, աղբուտներում, տնամերձ հողամասերում և այլուր, հաճախ` ընդարձակ տարածություններով: Բազմանում է սերմերով: Ցեղի «մելիլոտուս» անունը հունարեն նշանակում է «մեղրատու առվույտ», քանի որ իշառվույտը հիանալի մեղրատու է:
Քիմիական բաղադրությունը: Բույսի մեջ հայտնաբերված է գլիկոզիդ մելիլոտոզիդ, որը հումքի չորացման հետևանքով վեր է ածվում 0,4-0,9% կումարինի. դրանով էլ պայմանավորված է իշառվույտի դուրեկան հոտը: Վերգետնյա մասը պարունակում է նաև դիկումարին, կումարաթթու, մելիլոտին, մելիլոտոլ, միլիլոտաթթու, ցիմարին, վիտամիններից` C, E, կարոտին, դաբաղանյութեր, խոլին, մինչև 17% սպիտ, պուրինային ածանցյալներ, եթերայուղ, լորձ, խեժանյութ, ֆլավոնային գլիկոզիդ, սերմերը` մինչև 42% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով ծաղկման ընթացքում հավաքում են բույսի գլխամասերը` ծաղկաբույլերով ու տերևներով, ինչպես նաև կողմնային ընձյուղները: Հումքը չորացնում են անմիջապես արևի տակ, փռած վիճակում: Այն ունի դառը համ և դուրեկան հոտ: Պահում են ապակյա ամաններում կամ թիթեղյա տուփերի մեջ` թղթով փաթաթված վիճակում: Պիտանի է օգտագործման մոտ 2 տարի: Որպես դեղաբույս իշառվույտն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին կան նշումներ հունական, արաբական և հայկական հին բժշկարաններում:
Առանձին կամ խառնված այլ դեղաբույսերի հետ, թուրմի, եփուկի, թրջոցների, լոգանքի և այլ ձևերով Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, գլխի փակ վնասվածքների, անքնության, մելանխոլիայի, վերջույթների թուլության և անդամալուծության, մկանային սպազմների, աչքի բորբոքումների, արյունազեղումների, քաղցկեղի, լուսավախության, ակնաջի ցավերի և բորբոքումների, լեզվի ախտահարումների, պլևրիտների, որկորի և ստամոքսի ուռուցքների, փսխումների, ստամոքսի սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն: Մ. Հերացին խորհուրդ է տվել բարձր ջերմերի և գլխացավերի ժամանակ գոլորշահարել գլուխն իշառվույտի և երիցուկի եփուկով կամ նույն եփուկի մեջ լոգանք դնել ձեռքերն ու ոտքերը: Նա խորհուրդ է տալիս լոգանք ընդունել նաև իշառվույտի, սուսանբարի և խնկածաղկի խառնուրդով, իսկ ֆլեգմոնան բուժելու համար թրջոցալաթ դնել իշառվույտի, կորնգանի սերմերի և օձագալարի խառնուրդից` կտավատի ձեթի հետ միասին: Ամիրդովլաթն «աքլիլմելիք» անվան տակ` դեղաբույսը տարբեր համակցումներով և եղանակներով, օգտագործել է ականջի ցավերի և բորբոքումների, ականջի ուռուցքների, ակնացավի, կրծքագեղձի ախտահարումների ժամանակ և այլն: Նա նշում է, որ գինու հետ եփած դեղաբույսը մաքրում է ստամոքսը, օգնում լերդի և ամորձու ուռուցքներին, իսկ ձվի դեղնուցի հետ խառնելիս` իշառվույտն արագացնում է ֆլեգմոնայի հասունացումը:
Հնդկաստանում իշառվույտն օգտագործում են որպես արոմատիկ, փափկացնող, փքահան և արյունահոսությունը դադարեցնող միջոց: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որովայնի մի շարք հիվանդությունների և պոդագրայի ժամանակ: Ավստրիայիում բույսն անվանում են «մեղրառվույտ» և օգտագործում են նրա թուրմը` ստամոքսային հիվանդությունների և բրոնխիտների, Լեհաստանում` սրտի շրջանի ցավերի, անքնության, նևրասթենիայի, գլխացավերի և թութքի, Բուլղարիայում` քրոնիկական բրոնխիտների, միզուղիների ցավերի, միգրենի, հիպերտոնիկ հիվանդության, կլիմակտերիկ խանգարումների, միջին ականջի և մաշկի թարախային բորբոքումների ժամանակ: Բուլղարիայում դեղաբույսից ստացել են նորագալենյան պատրաստուկ, որն օժտված է հիպոտենզիվ հատկությամբ: Ֆրանսիայում դեղաբույսը համարում են որպես հակասեպտիկ, մածող և ներկող միջոց:
Հայրենական ժողովրդական բժշկության մեջ իշառվույտն` արտաքին և ներքին ընդունման ձևով, օգտագործվում է շնչուղիների հիվանդությունների, աղեփքանքի, անքնության, հոդային ռևմատիզմի, մաստիտների, մաշկային թարախաբորբերի ժամանակ և այլն: Ըստ Ս.Ա. Վարդանյանի, հայկական միջնադարյան բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվել է մաշկային և ստամոքսային ուռուցքների բուժման նպատակով: Ն.Գ. Կովալևան իշառվույտն օգտագործում է հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ` որպես հակասեպտիկ, հիպոտենզիվ, հակամակարդիչ և ցավազրկող միջոց: Դեղաբույսն օֆիցինալ է Նիդեռլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում և Ռումինիայում: Մեզ մոտ այն մտնում է իշառվույտային սպեղանու, ինչպես նաև լուծողական և փափկացնող հավաքածուների կազմի մեջ: Փորձնական աշխատանքները ցույց են տվել, որ բույսի մզվածքը` ներքին ընդունման ձևով, արագացնում է մասնահատված լյարդի հյուսվածքների վերականգնումը: Հիմնավորված է, որ կումարինն ընկճում է կենտրոնական նյարդային համակարգը, ցուցաբերում հակացնցումնային և նարկոտիկ ներգործություն: Ճառագայթման հողի վրա առաջ եկած լեյկոպենիայի դեպքում կումարինը դրդում է լեյկոպոեզը, որի շնորհիվ այն լայնորեն օգտագործվում է լեյկոցիտոզը բարձրացնելու նպատակով: Հիմնավորված է նաև դեղաբույսի հակամակարդիչ, ֆիբրինալիտիկ և հակամիկրոբային հատկությունները:
Ժամանակակից բժշկության մեջ իշառվույտի պատրաստուկները կիրառվում են քրոնիկական բրոնխիտների, միգրենի, անքնության, ջրգողության, աղեփքանքի, գլխացավերի, հիպերտոնիկ հիվանդության, աղիների և միզապարկի կծկողական ցավերի, հիսթերիայի, նևրասթենիայի, մելանխոլիայի, հատկապես կլիմաքսի հետ կապված դաշտանային շեղումների, ձվարանների բորբոքումների, սակավամիզության, ստնտու կանանց թերկաթնարտադրության ժամանակ: Դեղաբույսից պատրաստված սպեղանին` դնելով մաշկային թարախային օջախների վրա, արագացնում է դրանց հասունացումը: Այս նպատակով սպեղանին կիրառվում է նաև մատնաշնչի, որպես ներծծող և վարատող` սալջարդերի, կերակրող կանանց մոտ` կրծքագեղձերի պնդացումների ժամանակ: Շնորհիվ դիկումարինի, դեղաբույսը ցուցաբերում է հակամակարդիչ ներգործություն անոթների թրոմբոզային ախտահարումների ժամանակ: Սերմերից ստացվող դիկումարոլն օգտագործվում է ստորին վերջույթների թրոմբոֆլեբիտների բուժման համար: Հոմեոպաթիայում դեղաբույսն օգտագործում են միգրենի ժամանակ: Սակայն, տեղին է նշել, որ մեծ դոզաներով կամ երկարատև ընդունումից իշառվույտի պատրաստուկները կարող են առաջ բերել գլխացավեր, գլխապտույտ, նողկանք, փսխում, քնկոտություն, լյարդի ախտահարում, ներքին օրգանների, մկանների և ենթամաշկային ճարպաշարակցական շերտի արյունազեղումներ, ընդհուպ մինչև կենտրոնական նյարդայան համակարգի պարեզ: Մեր կողմից, իշառվույտը` թուրմի ձևով, մեկ ամիս կուրսային ընդունման եղանակով կիրառվել է սրտի և ուղեղի անոթների աթերոսկլերոզային ախտահարումների ժամանակ: Բուժման կուրսն ավարտելուց հետո նկատվել է հիվանդների արյան մեջ խոլեսթերինի, B- լիպոպրոտեինդների, պրոթրոմբինի և աթերոսկլերոտիկ այլ ցուցանիշների քանակական որոշակի նվազում, արյան ճնշման իջեցում և ուշագրավ է եղել այն հանգամանքը որ հիպերգլիկեմիկ պայմաններում դեղաբույսն ի հայտ է բերել որոշակի հիպոգլիկեմիկ ներգործություն: Բուժման շնորհիվ այս կամ այն չափով բարելավվել են էլեկտրասրտագրության տվյալները, ինչպես նաև այնպիսի սուբյեկտիվ ցուցանիշներ, ինչպիսիք են` գլխացավերը, գլխապտույտը, սրտխփոցները, սրտի շրջանում պարբերաբար կրկնվող նոպայաձև ցավերը, կանոնավորվել են քունը, հիվանդների ընդհանուր ինքնազգացումը և այլն:
Կիրառման եղանակները: Թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 2-3 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրում 4 անգամ: Թրջոցների համար 2 թեյի գդալ հումքը 20 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում կամ 2 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են փակ ամանի մեջ, 200 մլ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 30 րոպե 200 մլ ջրում եռացնելուց հետո` հովացնում են, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, կամ 30 գ ծաղկահումքը 30 րոպե եռացնում են 1 լ ջրում, ապա ըմպում 50-ական մլ, ժամը 1 անգամ` շնչուղիների հիվանդությունների ժամանակ: Ջրիկ մզվածք ստանալու համար 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, որից 1 ճաշի գդալ խառնում են 4 մաս վազելինի կամ կովի կարագի հետ և որպես քսուք օգտագործում մաստիտների, ֆուրունկուլի և կարբունկուլի դեպքերում: Լոգանքի, թրջոցի, կոմպրեսի, լվացումների և ողողումների համար 5 թեյի գդալ հումքը փակ ամանում 1 լ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո օգտագործում են գոլ վիճակում: Ձվարանների բորբոքումների ժամանակ հավասարաչափ վերցնում են իշառվույտ, տատրակի և տերեփուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են 2-3 շաբաթ տևողությամբ, 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ:
Փքացնող № 1 հավաքածուի մեջ հավասարաչափ մտնում են իշառվույտ և երիցուկ, № 3 հավաքածուի մեջ` 1-ական մաս իշառվույտ, տուղտ, երիցուկ, փիփերթի ծաղիկներ և 3 մաս կտավատի սերմ, № 4 հավաքածուի մեջ` հավասարաչափ իշառվույտ, երիցուկ և տուղտի տերևներ: Այս բոլոր հավաքածուներն օգտագործվում են միանման. այսպես, 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ցավող տեղամասի վրա գոլ վիճակում թրջոցալաթ դնում: Լուծողական № 5 թեյի մեջ մտնում են 1 մաս իշառվույտ, 3 մաս բեկտենու կեղև և 1 մաս եղինջ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, հովացնում և քնելուց առաջ ըմպում 0,5-1 բաժակ:
Այլ օգտակար հատկանիշները: Իշառվույտով համեմում են պանիրը, ծխախոտը, սպիրտային խմիչքները, բուրմունք տալիս օճառին: Բույսը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի: Ստացված մեղրը բաց սաթագույն է կամ սպիտակ, վանիլի հոտով: Որպես կերաբույս ոչնչով չի զիջում առվույտին: Կիրառվում է աղակալած հողերի մելիորացիայից հետո դրանք կանաչապատելու և որպես սիդերատ` հողն ազոտով հարստացնելու համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն