Ավանդական բժշկություն Խռնդատ - Коровяк - Verbascum L.
Խռնդատ - Коровяк - Verbascum L.
Հայկական տարանունները - արճիճուկ գետնի, եզան ագի, եզնագի, խռնտալ, խռջտակ, կովագի, ձկան մահարար, պախրու ագի
Դեղաբույսի նկարագրությունը: Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող, 60-150 սմ բարձրության, երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում տարածված 25 տեսակից դեղորայքային նշանակություն ունեն միայն 3-ը` գեղեցիկը, գավազանանմանը և սովորականը: Սրանք բնորոշ են թաղիքավոր, հակադիր դասավորված, երկարավուն տերևներով: Ծաղկաբույլը գագաթային ողկույզ է, պատված խոշոր, վառ դեղնավուն ծաղիկներով, պտուղը` բազմաթիվ սերմերով երկփեղկ տուփիկ է: Խռնդատն աճում է չոր տափաստաններում, անտառեզրերին, բացատներում, քարքարոտ և տրորված լանջերին, ավազուտներում, աղբուտներում, ճամփեզրերին և այլուր: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում` լավ: Չորադիմացկուն է` շնորհիվ խոր գնացող արմատի և խավոտ թավիկների, որոնք պատելով ամբողջ բույսի վերգետնյա մասը, նվազեցնում են ջրի գոլորշացումը: Ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում` հուլիս-սեպտեմբերին: Դեղորայքային խռնդատների առէջքներից նույն ծաղկի մեջ 3-ը թավոտ են, ծածկված դեղին կամ սպիտակ մազմզուկներով, իսկ երկուսը մերկ են: Մինչդեռ ոչ դեղորայքային տեսակների բոլոր առէջքները համատարած մերկ են կամ թավոտ` ծածկված մանուշակակագույն մազմզուկներով: Ցեղի «վերբասկում» անունը ծագել է լատինական «բարբասկում»՝ «բարբա» բառից, որը նշանակում է մորուք, ելնելով այն բանից, որ ամբողջ բույսը ծածկված է թավիկներով:
Քիմիական բաղադրությունը: Ծաղկապսակներում հայտնաբերված մինչև 2,5% լորձ, մոտ 11% շաքար (այդ թվում` 3,5%-ը գլյուկոզա), տրիտերպենային գլիկոզիդներ` սապոնինների ձևով, ֆլավոնոիդներ, եթերայուղ, խեժ, կումարին, կարոտին, C վիտամին, ֆոսֆորաթթու, խնձորաթթու, ներկանյութ: Տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, հեմոլիտիկ սապոնին, արմատները` ածխաջրեր, իսկ ամբողջ բույսը` գլիկոզիդ աուկուբին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի ծաղկապսակները, իսկ ժողովրդական բժշկության մեջ` նաև տերևներն ու արմատը: Ծաղիկները հավաքում են լրիվ բացվելուց անմիջապես հետո` պարզ, արևոտ օրերին, չորացնում մութ սենյակում կամ չորանոցում: Ճիշտ չորացնելիս ծաղիկները պահպանում են իրենց բնական գույնը: Չոր հումքը, որը կազմում է ելանյութի 16-18%- ը, խիստ խոնավածուծ է, որի համար էլ այն պահում են հերմետիկ, մուգ գույնի բանկաների մեջ, 2 տարի: Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն ունի կիրառական հին պատմություն: Ծաղիկներց ու տերևներից պատրաստված ջրաթուրմն օգտագործվել է շնչուղիների, նյարդային, փայծաղի և ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ձայնի խռպոտման, ընդհանուր հյուծման և թութքի ժամանակ: Տերևների և ծաղիկների փոշին ցանել են ծննդկանների պտուկների վրա առաջացող ճաքվածքներին, վերքերի և այրվածքների վրա, ոգեթուրմը քսել են հոդերին` դրանց ռևմատիկ ախտահարումների ժամանակ: Ծաղիկների և տերևների եփուկը` որպես միզամուղ և հակաբորբոքիչ միջոց օգտագործել են քրոնիկական ցիստիտների ժամանակ, իսկ լոգանքի ձևով ընդունել են թութքով տառապող հիվանդները: Մ. Հերացին` խռնդատը խառնելով այլ դեղամիջոցների հետ, որպես «օգտակար և գովական բլթիկներ» օգտագործել է գլխացավերի և ոսկրացավերի դեպքում: Բույսն ամբողջովին օգտագործվել է նաև թոքաբորբերի և ստամոքսաաղիքային տրակտի ու մի շարք հիվանդությունների ժամանակ:
Ամիրդովլաթը «մահի զահրաճ» (ձկան թույն) անվան տակ, նշում է, որ եթե բույսը ծեծեն և հյութը կաթեցնեն ատամին, կկտրի ցավը: Նյուն հյութը` ներքին ընդունմնան ձևով, օգնում է հազին, գինու հետ խառնած` կտրում է լուծը: Տերևի եփուկը սպեղանու ձևով բուժում է բորբոքական ուռուցքը, իսկ մեղրի կամ գինու հետ` տրվել է օձահարին, կարճահարին, դրվել է խոցակալված հին վերքերի վրա:
Ըստ Ս. Շահրիմանյանի, ամբողջ զանգվածը լավ տրորելով, խառնում են կարագի հետ և քսում ուշ լավացող վերքերին: Ըստ Գ. Մենևիշյանի, բույսի ծաղիկները և տերևներն օգտակար են արյունային լուծի (թանչի) ժամանակ, իսկ ըստ Կ. Գաբիկյանի մեջբերման, բույսի արմատն օժտված է սեռագրգռիչ հատկությամբ: Ռուսական ժովրդական բժշկության մեջ բույսն անվանում են «արքայական գայիսոն»: Այն կիրառվում է կոկորդի և թոքերի հիվանդությունների (բրոնխիտ, ասթմա, էմֆիզեմա), դիզենտերիայի (որպես մածող և ցավ հանգստացնող), ստամոքսի կատառի, թութքի, լյարդի և փայծաղի որոշ հիվանդությունների, հյուծման ժամանակ և այլն: Գերմանիայում խռնդատը կոչվում է «արքայամոմ» կամ «ծաղկաջահ»: Ծաղկաթուրմն օգտագործվում է որպես ցավ հանգստացնող, հակաբորբոքիչ, հակացնցումնային, արյունահոսությունը դադարեցնող և մածող միջոց` թոքերի, բրոնխների և պլևրայի հիվանդությունների` հատկապես բրոնխիալ ասթմայի և հարբուխի ժամանակ: Ոգեթուրմը քսելու ձևով կիրառվում է դիմաներվի բորբոքման և թութքի ժամանակ: Ֆրանսիայում դեղաբուսը համարվում է որպես հակաբորբոքիչ, ցավազրկող և հազը փափկացնող միջոց: Կիրառվում է նաև որպես թեթև լուծողական: Բուլղարիայում ծաղիկներից պատրաստված թուրմն օգտագործվում է վերին շնչուղիների բորբոքումերի, կապույտ հազի, շնչարգելիության և բրոնխիալ ասթմայի ժամանակ , Լեհաստանում` թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, ձայնալարերի բորբոքման, նևրիտների, ստամոքսաաղիքային տրակտի կծկողական ցավերի ժամանակ: Եփուկով լվանում են գլուխը` մազաթափության ժամանակ և որպես հանգստացնող միջոց ընդունում են մեղրով` քնելուց առաջ: Հնդկական բժշկության մեջ բույսի վերգետնյա մասը հայտնի է որպես հակաասթմատիկ, իսկ սերմերը` որպես քնաբեր միջոց:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների եփուկը` կաթով, օգտագործվում է թոքերի պալարախտի, որովայնային խիթերի, նքոցների, կոկորդի հիվանդությունների և բերանի վատ հոտի դեպքում: Հոմեոպաթիայում և անասնաբուժության մեջ օգտագործվում է հազը և մաշկի վրայի վերքերը բուժելու նպատակով: Ըստ Մ.Ա. Նոսալի, կաթնային դիետայի պայմաններում, խռնդատի ծաղիկները` խառնված այլ բույսերի հետ (դեղատոմսը տե՛ս հաջորդ բաժնում) դրական արդյունք են տալիս փորի բքնածության ժամանակ: Հեղինակը ծաղիկների եփուկը լոգանքի ձևով նշանակում է գեղձախտի և ռախտի ժամանակ: Ըստ Ա.Պ. Պոպովի, ծննդկանների պտուկների ճաքվածքը բուժելու համար սկզբում վերքը մշակում են գազարի հյութով, այնուհետև նրա վրա ցանում բույսի ծաղիկների կամ տերևնեի փոշին: Նույն հեղինակը բույսի սերմերի քսուքը օգտագործում է ինֆեկցիայի ենթարկված վերքերը և խոցերը բուժելու համար:
Ըստ Ն.Գ. Կովալևայի, կտրտած և չորացրած վիճակում խռնդատի արմատն ունի միզամուղ հատկություն և այն կարելի է օգտագործել միզաքարային հիվանդության և պոդագրայի ժամանակ, ծաղիկներն ու տերևները` մաշկային հիվանդությունների (էկզեմայի, որքինի, թարախաբորբի), մատնաշնչի, այրվածքի և թութքի բուժման նպատակով: Թարմ տերևը թեթևակի եփում են կաթով և տաք վիճակում դնում ախտահարված տեղի վրա` որպես հակաբորբոքիչ և ցավազրկող: Հեղինակը բեղաբույսն օգտագործում է նաև հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ. նրա տվյալերով, որոշակի բուժական հատկություններով օժտված է նաև սև խռնդատը: Նրա ծաղիկներն ու տերևները` եփուկի ձևով, օգտագործում են նյարդային խանգարումների, ընկնավորության, լուծի և այտուցների ժամանակ:
Դեղաբույսի ծաղիկներն օֆիցինալ են աշխարի 14 երկրներում. որպես խուխամուղ, փափկացնող և մածող միջոց օգտագործում են հազի և վերին շնչուղիների բորբոքումերի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Հիմնավորված են բույսի խուխը ջրիկացնող և բրոնխասպազմը վերացնող հատկությունները, գտնում են, որ այդ պայմանավորված է խռնդատի մեջ պարունակվող լորձով, եթերայուղով և սապոնիններով: Դեղաբույսի պատրաստուկներն օժտված են լորձաթաղանթները գրգռիչ գործոններից պաշտպանող, տեղական ցավային պրոցեսը մեղմացնող, այտուցվածությունը և սպաստիկ (կծկողական) վիճակը վերացնող հատկություններով: Ծաղիկների թուրմը` խառնելով քլորալհիդրատին, կանխում է վերջինիս գրգռիչ ներգործությունը մարսողական տրակտի լորձաթաղանթների վրա, երբ այն ընդունվում է ըմպելու կամ հոգնայի ձևով: Դեղաբույսը մտնում է մի շարք միքստուրաների, կրծքային, քրտնամուղ և կոկորդային թեյերի բաղադրության մեջ: Այն ունի որոշակի միջատասպան և հակաբիոտիկ հատկություններ:
Կիրառման եղանակները: Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը լցնում են 1 բաժակ եռման ջրի մեջ, թրմում1 ժամ, քամում և ըմպում օրական 3-4 անգամ: Երեխաների համար այս դոզան կիսվում է, կամ` 15 գ ծաղիկը թրմում են 1 ժամ 1 լ եռման ջրում և ըմպում օրական 4 անգամ, կամ` 20 գ հումքը կես ժամ թրմում են 200 մլ եռման ջրում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 20 գ չոր հումքը կես ժամ թրմում են 1լ եռման ջրում, քամում, ապա ըմպում օրվա ընթացքում 4 անգամ: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ եռման ջրում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 125 -225 գ չոր հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, քամում և ըմպում կեսական բաժակ` օրական 3-4 անգամ: Փորի բքնածությունը բուժելու համար Մ.Ա. Նոսալի խառնուրդը պատրաստում են հետևյալ կերպ. իրար են խառնում 8- ական գրամ խռնդատի ծաղիկներ ու անիսոնի սերմեր, ավելացնում 30 գ չամիչ, 1 ճաշի գդալ շաքար, 5 գ քեմոնի սերմ և 0,5 լ ջուր: Խառնուրդը եփում են 5-10 րոպե ու քամում: Այն ընդունում են կեսական բաժակ` օրական 3 անգամ, մի քանի օր տևողությամբ: Քրտնամուղ թեյի բաղադրության մեջ մտնում են խռնդատի, անտառի մոլոշի, սև թանթրվենու, լորենու ծաղիկները և ազնվամորու պտուղները: Այս ամենից վերցնում են մեկական պտղունց և խառնում 2 բաժակ եռման ջրին, կես ժամ թրմելուց հետո ըմպում միանվագ: Կրծքային № 5 թեյը պարունակում է 2-ական մաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 1 մաս մանուշակի արմատ, 3 մաս մատուտակ, 4 մաս տատրակի տերև և 8 մաս տուղտարմատ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, քամում և ըմպում ½ բաժակ, 3 ժամը 1 անգամ: Կրծքային № 6 թեյի մեջ մտնում են 2 մաս խռնդատի ծաղիկ, 3-ական մաս եղեսպակ և մատուտակ, 4-ական մաս անիսոնի սերմ, սոճու կոներ և տուղտարմատ:
Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում կեսական բաժակ` ուտելուց հետո, օրական 2-3 անգամ: Կրծքային № 8 թեյը պարունակում է հավասար քանակով տուղտի, խռնդատի և անտառի մոլոշի ծաղիկներ: Թեյն օգտագործվում է վերոհիշյալ եղանակով: Երեխաների հազը դադարեցնելու նպատակով պատրաստում են հետևյալ օշարակը. վերցնում են խռնդատի ծաղիկ և տուղտարմատ` 7,5-ական գրամ և` խառնելով 250 մլ ջրին, եփում 15-20 րոպե, քամում ու ավելացնում 200 գ շաքար, նորից եփում` մինչև հեղուկի թանձրանալը: Այն տալիս են թեյի գդալով` օրվա մեջ 6-8 անգամ: Կոկորդի ողողման համար վերցնում են հավասար քանակներով խռնդատի և անտառի մոլոշի ծաղիկներ, տատրակի տերև և տուղտարմատ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և օգտագործում գոլ վիճակում: Սերմերից քսուք պատրաստելու համար փոշիացրած հումքը 1:2 հարաբերությամբ խառնում են կովի կարագի հետ:
Այլ օգտակար հատկանիշները: Ծաղիկներից որոշ դեպքերում օգտագործում են լիկյորի և օղու արտադրության մեջ` խմիչքի համը լավացնելու համար: Սերմերը խիստ թունավոր են ձկների համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն