Ավանդական բժշկություն Խնկեղեգ եղեգնային - Аир тростниковый - Acorus calamus L.
Խնկեղեգ եղեգնային (khnkegheg) - Аир тростниковый - Acorus calamus L.
Հայկական տարանունները - ագարակի խոտ, ալպուճ, ակիր, բաղշտակ, բաշխ, եղեգնախունկ, շառավ, շավառեղեգ
Դեղաբույսի նկարագրությունը: Նվիկազգիների ընտանիքին պատկանող, մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ: Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է: Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում: Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով): Այն սերմերով բազմանում է միայն իր հայրենիքում` Չինաստանում և Հնդկաստանում: Մեզ մոտ հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը, որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում` հաճախ տալով համատարած բուսուտներ: Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում: Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ: Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գ-ից:
«Ակոռուս» բառը հունական ծագում ունի: Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում: Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում: Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ:
Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի կոճղարմատը, որն աշնանը հանում են բահով, լվանում, հեռացնում են արմատները և տերևները, թողնում 1 օր արևի տակ, ապա կտրատում 15-20 սմ երկարության ու չորացնում տանիքում կամ լավ քամհարվող սենյակում: Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված վիճակում` թիթեղյա տուփերի մեջ, 3 տարի ժամկետով: Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Թեոֆրաստը, Պլինիոսը, Դիոսկորիդը և Գալենը` որպես նյարդային համակարգը տոնուսավորող, ստամոքսաաղիքային խիթերը հանգստացնող, լուծը դադարեցնող, հակաջերմային և միզամուղ միջոց: Համաձայն Ս.Ա. Վարդանյանի տվյալների, Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, կոճղարմատը` որպես ստամոքսային և խուխամուղ միջոց: Բժշկապետի նշումով կոճղարմատի ծուփն օգնում է հին հազին, իսկ եփուկը կամ թուրմը` լյարդի և ստամոքսի ուռուցքներին, մեզի քանակի ավելացմանը և այլն:
Առաջավոր և միջին Ասիայի ժողովուրդները դեղաբույսն օգտագործում են կրծքավանդակի օրգանների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև անեմիաների ժամանակ: Հնդկաստանում այն համարում են որպես միջատասպան և տոնուսավորող` նևրոզների ժամանակ, նաև ասթմայի և օձի կծելու դեպքերում: Տիբեթում ևս կոճղարմատը համարում են օրգանիզմը տոնուսավորող, ինչպես նաև ճիճվամուղ: Դեղաբույսն այստեղ օգտագործում են միաժամանակ եղունգային հիվանդությունների դեպքերում կիրառվող սպեղանիների մեջ: Չինաստանում խնկեղեգը ճանաչում են որպես օրգանիզմի ընդհանուր ուժերը խթանող, հակալուծային և փքահան միջոց: Այստեղ դեղաբույսն օգտագործում են նաև ռևմատիզմի, խոցային հիվանդության, թերսեկրետոր քրոնիկական գաստրիտների ժամանակ: Ըստ չին բժիշկների, բույսի ոգեթուրմը լավացնում է տեսողությունը և լսողությունը: Կոճղարմատը` տերևների հետ, եփուկի ձևով տալիս են ջերմերի ժամանակ, իսկ նույնը` լոգանքի ձևով, նշանակում են որպես թարմացնող միջոց:
Լեհաստանում, ներքին ընդունման ձևով, խնկեղեգն օգտագործում են որպես խուխամուղ, հակաբորբոքիչ և ստամոքսաաղիքային տրակտի որոշ հիվանդություններ բուժող միջոց, իսկ արտաքին` մազաթափության ժամանակ: Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես ախորժակաբեր, մարսողությունը լավացնող և լորձաթաղանթները ցավազրկող միջոց: Կոճղարմատը լայնորեն օգտագործվում է ինչպես ախիլիկ, այնպես էլ գերթթու քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության և լուծերի ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ խնգեղեգն օգտագործում են անեմիանների, խոլեցիստիտների, միզուղիների մի շարք հիվանդությունների, հիսթերիայի, հիպոխոնդրիայի, որովայնային օրգանների խիթերի և դաշտանային խանգարումների դեպքերում:
ԱՄՆ-ում բույսի եփուկն օգտագործում են լուծերի և տարբեր ծագումնային ջերմերի ժամանակ: Ֆրանսիայում և Իտալիայում, բացի դրանցից` նաև որպես հեմոստատիկ և միզամուղ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հանրածանոթ միջոց է որպես ախորժակաբեր, ցավազրկող, խուխամուղ և ախտահանիչ, այդ պատճառով օգտագործվում է պոդագրայի, գեղձախտի, ռախիտի, գաստրիտների, լնդախտի, կանացի մի շարք հիվանդությունների, ալվեոլային պիորեայի ժամանակ և այլն:
Նախկինում ընդունված է եղել կոճղարմատը ծամել որպես պրոֆիլակտիկ միջոց` խոլերայի, բծավոր տիֆի և գրիպի դեպքերում: Ըստ Հ. Օղուլլուխյանի, դեղաբույսի կոճղարմատն օժտված է անոթասեղմիչ հատկությամբ: Մ.Ա. Նոսալը դեղաբույսն առաջարկել է ատամնացավի, հազի, վատ ախորժակի և թոքային պալարախտի հետ կապված` վատ ինքնազգացման ժամանակ: Ըստ Ա.Պ. Պոպովի, խնկեղեգի պատրաստուկները դրականապես են անդրադառնում դեղնուկի, մալարիայի, էքսուդատիվ դիաթեզների, թարախային վերքերի, լնդերի փխրունության վրա և այլն: Ն.Գ. Կովալևան դեղաբույսը հաջողությամբ օգտագործում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների և տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ:
Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում: Փորձերով պարզված է, որ կոճղարմատում պարունակվող դառը գլիկոզիդ ակորինը բարձրացնում է համզգաց նյարդերի ռեցեպցիան, ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում ստամոքսահյութի, հատկապես աղաթթվի արտազատումը, բարձրացնում է լեղարտադրությունը, լյարդի և լեղապարկի տոնուսը, ավելացնում` դիուրեզը: Բացի այս բոլորից, դեղաբույսը ցուցաբերում է նաև հակաբորբոքիչ ազդեցություն (Ա.Դ. Տուրովա):
Կլինիկայում խնկեղեգն օգտագործվում է ախորժակի գրգռման, թերսեկրետոր գաստրիտների, ստամոքսաաղիքային տրակտի խիթերի, հեպատիտների և խոլեցիստիտների բուժման նպատակով: Բույսի մզվածքն ունի ցավը հանգստացնող և արյան ճնշումն իջեցնող հատկություն, իսկ սպիրտային պատրաստուկները հանգստացնող են և օժտված հակասնկային ներգործությամբ: Կոճղարմատի փոշին մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի և հակախոցային պատրաստուկների` վիկալինի և վիկաիրի բաղադրությունների մեջ: Կոճղարմատից ստացվող եթերայուղը կազմում է լեղուղիների ախտահարումների ժամանակ լայնորեն կիրառվող օլիմետին պատրաստուկի բաղադրիչ մասերից մեկը:
Մեր կողմից խնկեղեգի կոճղարմատն օգտագործվել է քրոնիկական տարբեր սեկրետոր և մոտոր շեղումներով ընթացող գաստրիտով հիվանդների մոտ: Մենք փորձել ենք պարզել ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ գոյություն ունեցող այն փաստը, թե ինչով է պայմանավորված դեղաբույսի օգտակարությունը և´ թերսեկրետոր, և´ գերսեկրետոր գաստրիտների պայմաններում: Մեզ հաջողվեց պարզել, որ դեղաբույսի փոքր դոզաները` 0,1- 0,2 գ, փոշու ձևով, օրական 3 անգամ ուտելուց առաջ օգտագործելիս, ստամքսի սեկրետոր և մոտոր ֆունկցիաներն ակտիվանում են. հետևաբար, թերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների համար նման դեղաչափերը միանգամայն բավարար արդյունք են տալիս: Գերսեկրետոր բնույթի գաստրիտով հիվանդների մոտ փոքր դոզաները ոչ միայն չեն նորմալացրել հյութի և նրա բաղադրատարրերի պատկերը, ընդհակառակը, հաճախ ի հայտ են բերել արդեն դրդված ֆոնի վրա` նոր դրդում: Այս խմբի հիվանդներին կոճղարմատի փոշին նշանակել ենք մեծ դոզաներով` 0,3-0,5 գ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, և արդյունքը եղել է այն, որ առաջ է եկել հիվանդների մեծամասնության ստամոքսահյութի ժամային լարվածություն և նրա կարևոր բաղադրատարրերի արտազատման որոշակի արգելակում, մի հանգամանք, որը միանգամայն բարելավել է այս բնույթի հիվանդների վիճակը: Այսպես, մեր տվյալներով, խնկեղեգի կոճղարմատի պատրաստուկները (բացի փոշուց, խոսք է գնում նաև ջրաթուրմի և եփուկի մասին) փոքր դոզաներով ցուցված են միայն թերսեկրետոր, իսկ մեծ դոզաներով` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդության ժամանակ:
Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 3-4 գ մանրացրած հումքը 1 ժամ թրմում են 250 մլ եռման ջրում և ըմպում միանվագ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Ավելի թունդ ջրաթուրմ պատրաստելու համար վերոհիշյալ դոզան նույն քանակի ջրի մեջ կրկնապատկվում է կամ 1 թեյի գդալ հումքը նույն ձևով թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում միանվագ` օրական 2 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ սառը ջրում 5 ժամ թրմելուց հետո եռացնում են ու գոլ վիճակում ողողման ձևով օգտագործում ստոմատիտների և լարինգիտների ժամանակ:
Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 2-3 բաժակ ջրում, փակ ամանի մեջ եփում են 15 րոպե, հովացնում ու քամում, ապա ըմպում 1-ական բաժակ, օրական 3 անգամ` մարսողության խանգարումների ժամանակ, կամ` 15 գ (1 ճաշի գդալ) հումքը 1 բաժակ ջրում եփում են 20 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ: Կամ` 8-10 գ հումքը 1 լ ջրում 30 րոպե եռացնելուց հետո ըմպում են 150-ական մլ, օրական 2 անգամ, ուտելուց առաջ: Կոճղարմատի փոշին ընդունում են 0,3-0,5 գ (մեծ դոզաներ) օրը 3 անգամ` գերսեկրետոր քրոնիկական գաստրիտների և խոցային հիվանդությունների ժամանակ: Ոգեթուրմ պատրաստելու համար 20 գ կոճղարմատը, 100 մլ 70° սպիրտի մեջ տաք տեղում թրմում են 8 օր, ապա ընդունում 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ` ջրով կամ շաքարով: Այս ոգեթուրմով թրջված տամպոնը կարելի է օգտագործել նաև ատամնացավի ժամանակ: Կանացի հիվանդությունների դեպքում նստած լոգանքի համար վերցնում են 30 գ հումք` 1 լ եռման ջրին:
Եթերայուղը` 1-2 կաթիլ կաթեցնելով շաքարի վրա, տալիս են ծծելու հիսթերիայի և հիպոխոնդրիայի ժամանակ: Վիկալինը և վիկաիրը բաց են թողնվում հաբերի ձևով. օգտագործվում են քրոնիկական գերսեկրետոր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ:
Ախորժակաբեր № 2 թեյի մեջ հավասարաչափ մտնում են խնկեղեգի կոճղարմատ, օշինդր, ջրառվույտ և քեմոնի սերմ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` ուտելուց 10-15 րոպե առաջ: Ստամոքսային № 1 թեյի մեջ մտնում են 1-ական մաս խնկեղեգի կոճղարմատ և բեկտենու կեղև, 2-ական մաս անանուխ և կատվախոտի արմատ և 3 մաս եղինջ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եփում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` առավոտյան և երեկոյան: Խավրծիլի դառը ոգեթուրմը, որ պատրաստի բաց է թողնվում դեղատներից, պարունակում է նաև խնկեղեգի կոճղարմատ: Այն օգտագործվում է աղիքային ատոնիայի, աղեփքանքի և մարսողության խանգարումների ժամանակ, 1/2-1 թեյի գդալ, օրը 2 անգամ` ուտելուց առաջ:
Մազաթափության ժամանակ վերցնում են 20-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ և կռատուկի արմատ, 10 գ վաղենակ և 15 գ գայլուկի կոներ: Այս բոլորը 2 ժամ թրմում են 1 լ եռման ջրում և գիշերը դրանով թրջոցալաթ դնում գլխին: Բերանի խոռոչի և նշիկների բորբոքումների ժամանակ վերցնում են 10-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ, կաղնու կեղև և եղինջ, ավելացնում 8 գ եղեսպակ: Այս բոլորը 30 րոպե եփում են 1 լ ջրում, հովացնում և օգտագործում ողողումների ձևով: Լուծերի ժամանակ վերցնում են 25-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ, մատնունի, կաղնու կեղև և ընկուզենու տերև: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 1 բաժակ սառ ջրում թրմում են 6 ժամ, ապա եռացնում ու ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում: Լոգանքների և կոմպրեսների համար (մասնավորապես ֆուրունկուլի, մատնաշնչի և այլ բորբոքումների ժամանակ) վերցնում են 50-ական գրամ խնկեղեգի կոճղարմատ և կաղնու կեղև: Այս խառնուրդից 1-2 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1/2 լ եռման ջրում, քամում ու օգտագործում գոլ վիճակում: Այս թուրմը ողողումների ձևով օգտագործվում է նաև ալվեոլյար պիորեայի և բերանի վատ հոտի դեպքերում: Դեղաբույսն օգտագործվում է նաև անասնաբուժության մեջ որպես ախորժակը և մարսողությունը կարգավորող միջոց: Արմատափոշին ցանում են թարախային վերքերի վրա:
Այլ օգտակար հատկանիշները: Տերևարմատից պատրաստում են մուրաբա: Բույսից ստացվող եթերայուղը մտնում է մրգային էսենցիաների բաղադրության մեջ: Այն ավելացնում են թխվածքներին, օշարակին, օգտագործվում է պարֆյումերիայում, ձկնարդյունաբերության մեջ, ոգելից խմիչքների և օճառի արտադրություններում: Բույսի տերևները հաճույքով ուտում են որմզդեղները, մշկամկները, ջրառնետները և կուղբերը:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն