Ախտանիշներ Գլխացավ
«Գլխացավ» տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը։ Կենցաղում գլխացավ տերմինն օգտագործում են գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրման համար։ Գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն։ Այս ախտանիշի տարածվածության շնորհիվ, անհրաժեշտ է դառնում դրա մեխանիզմի հետազոտությունը։
Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Գլխուղեղի պարենխիման և գանգի ոսկրային հյուսվածքներն անզգա են ցավի նկատմամբ։ Գլխի մնացած հյուսվածքներն օժտված են ցավային զգացողության ապարատով։ Հատկապես զգայուն են կարծրենու, ոստայնենու և նրբենու զարկերակները։ Դրա համար, փոփոխություններն այդ անոթներում բերում են սուր բութ ցավի առաջացմանը։ Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային՝ հատկապես եռորյակ նյարդի թելերի միջոցով։
Կարծրենու սագիտալ և մյուս ծոցերը նույնպես զգայուն են ցավի նկատմամբ։ Ցավը կարող է ի հայտ գալ կարծրենու մանր երակների ձգման ժամանակ։ Գլխացավը կարող է առաջանալ 1-ին, 2-րդ, 3-րդ պարանոցային նյարդերի գրգռման ժամանակ, որն սովորաբար արտահայտվում է պարանոցի և գլխի հետին հատվածի ցավերով։
Գլխացավի ախտածնության հասկացման մեջ սկզբունքորեն նորություն էր, անցյալ դարի երկրորդ կեսին հայտնաբերված, եռորյակ նյարդի թելերով ուղեղային անոթների նյարդավորման փաստը։
Տրիգեմինո-անոթային գործոնն օգնում է թաղանթային և միգրենոզ ցավերի ինտենսիվության և տարածման մեկնաբանմանը, ինչպես նաև պաղպաղակով կամ սառը ջրով սադրված «սառը» գլխացավի մեխանիզմի հասկացմանը։
Գլխացավը կարող է արտացոլել լարվածության կամ հոգնածության վիճակը, մյուս կողմից, այն կարող է լինել լուրջ հիվանդության ազդանշան։ Բոլոր դեպքերում գլխացավը պահանջում է բժիշկների լուրջ ուշադրությունը, երբեմն էլ գլխացավով հիվանդի լրիվ համալիր հետազոտություն։ (Նկ1,2)։
Նկար 1
Ֆիզիկալ հետազոտությունը
Գնահատում են հիվանդի գիտակցությունը, ինտելեկտը, տրամադրությունը | Նշում են դեմքի հյուսվածքների այտուցի, երակային անբավարարության մասին վկայող, տեսանելի լորձաթաղանթների ցիանոզի առկայությունը | Չափում են ԶՃ-ը, իրար հետ համադրելով դրա բարձրացման և ԳՑ-ի ի հայտ գալու ժամանակը |
Նկար 2
Գլխացավի բնութագիրը
Նոպաների ամսական հաճախականությունը (օրերի քանակը) |
Հիվանդության տևողությունը |
Մշտական և նոպայաձև |
Տեղակայումը |
Ճառագայթումը |
Բնույթը |
Նոպաների ի հայտ գալու հաճախականությունը |
Նոպայի տևողությունը |
Ինչպես է այն սկսվում և ինչպես է ավարտվում |
Սադրիչ գործոնները |
Գլխացավի ի հայտ գալու ժամանակը |
Ինչն է ուժեղացնում, ինչն է դադարեցնում գլխացավը |
Ուղեկցող ախտանիշները |
Գլխացավով տառապող հիվանդին զննելիս, հարկավոր է ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների վրա։ Մեծ նշանակություն ունի գլխացավի ինտենսիվությունը, տեղակայումը և դրա ճառագայթումը։ Ինտենսիվ գլխացավը չի թողնում կատարել ընթացիկ աշխատանքը։
Հետին գանգափոսի պրոցեսներն առաջացնում են ցավեր ծոծրակա-հետին պարանոցային շրջանում։ Ցավի նմանատիպ տեղակայում դիտվում է նաև պարանոցային ողների օստեոխոնդրոզի ժամանակ։ Կարևոր նշանակություն ունի գլխացավի առաջացման ժամանակը։ Այսպես, առավոտյան գլխացավերը բնորոշ են ներգանգային ճնշման բարձրացման, անոթային ծագման համար։ Սովորաբար, միգրենի նոպան սկսվում է առավոտյան։
Բարորակ կամ հազվադեպ գլխացավերից են հազային, օրգազմիկ և սառը գլխացավերը։
Գլխացավի հազվադեպ ձևերը
Նկար 3
Սառը գլխացավը | Հազային գլխացավը | Օրգազմիկ գլխացավը |
Հազային գլխացավը Հազի հետևանքով առաջացած, երկկողմանի, հանկարծակի ի հայտ եկող, մի րոպեյից քիչ տևող գլխացավ է։ Հազային գլխացավ կարելի է ախտորոշել միայն ծավալային պրոցեսի, մասնավորապես հետին գանգափոսի, ժխտման դեպքում։
Օրգազմիկ գլխացավը Գլխացավն ի հայտ է գալիս սեռական դրդման ժամանակ, այն հատկապես ուժեղանում է օրգազմի պահին։ Գլխացավի ինտենսիվությունը կարող է լինել խիստ տատանողական՝ բութից մինչև շատ ուժեղ և սուր; տեղակայումը՝ երկկողմանի է։ Գլխացավը չի զարգանում կամ զգալիորեն նվազում է օրգազմից առաջ սեքսուլ ակտիվության դադարեցման դեպքում։
Առաջնակի նշանակություն ունի ուղեղի անոթների անևրիզմայի ժխտումը։ Սեռական ակտի ժամանակ հնարավոր է անևրիզմայի պատռում և սուբարախնոիդալ արյունազեղման զարգացում։
Այդ դեպքում գլխացավն ուժեղանում է և ուղեկցվում է մենինգյալ և այլ օրգանական ախտանշանաբանությամբ։
Սառը գլխացավը ի հայտ է գալիս գլխի սառեցման, շրջակա միջավայրի ջերմաստիճանի իջեցման դեպքում։ Սառը գլխացավին է պատկանում պաղպաղակ ուտելուց առաջացած գլխացավը։ Այն ի հայտ է գալիս բերանի խոռոչ և ըմպան պաղպաղակի կամ այլ սառը հեղուկների մտնելու դեպքում։ Գլխացավը երկկողմանի է, իսկ ինտենսիվությունը կապված է սառի ուժգնության և ազդեցության տևողությունից։ Հիվանդի մոտ գանգային և ներգանգային գոյացությունների ախտաբանություն չի հայտնաբերվում։
Սիմպտոմատիկ գլխացավեր
Գանգուղեղային տրավմայի ժամանակ առաջացած գլխացավ |
Անոթային խանգարումների ժամանակ առաջացած գլխացավ | Հիպերտենզիոն գլխացավեր (ուղեղի ուռուցք, բորբոքային հիվանդություններ՝ մենինգիտներ, արախնոիդիտներ, ուղեղի աբսցես)։ |
Աբուզուսային գլխացավ | Միոֆասցիալ դիցֆունկցիայով պայմանավորված գլխացավ | Ցերվիկոգեն գլխացավ |
Ուղեղի արյան շրջանառւթյան սուր խանգարումների (սուբարախնոիդալ արյունազեղում, իշեմիկ ինսուլտ, հեմոռագիկ ինսուլտ) ժամանակ գլխացավեր | Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիայի ժամանակ գլխացավեր | Զարկերակային հիպերտենզիայի հետ կապված գլխացավեր(հիպերտոնիկ կրիզներ, սուր հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա) |
Սիմպտոմատիկ գլխացավերն արժանի են առանձին ուշադրության, քանի որ դրանք հաճախ հանդիպում ոչ միայն նյարդաբանի, այլ նաև այլ ոլորտի բժշկի պրակտիկայում։
Սիմպտոմատիկ գլխացավի ախտորոշիչ չափորոշիչները
Հիմնական հիվանդության ախտանիշների առկայությունը
Հիմնական հիվանդությունը հաստատող լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալները
ԳՑ-ը նոր ախտանիշ է կամ ի հայտ է գալիս այլ տիպի ԳՑ կապված հիմնական հիվանդության սկզբի կամ սրացման հետ
ԳՑ-ն անհետանում է հիմնական հիվանդության արդյունավետ բուժման արդյունքում։
Հիպերտենզիոն գլխացավերը Ներգանգային ճնշման բարձրացումը գլխացավի ախտածնության կարևոր գործոն է։ Այն հիմնականում ի հայտ է գալիս այնպիսի վտանգավոր հիվանդությունների արդյունքում, ինչպիսիք են ուղեղի ուռուցքը, ուղեղի բորբոքային հիվանդությունները (մենինգիտներ, արախնոիդիտներ, էնցեֆալիտներ, ուղեղի աբսցես), որոնք համարժեք և ժամանակին բուժման բացակայության պայմաններում, կարող են բերել հիվանդի մահվան։ Հիպերտենզիոն գլխացավերն ունեն բնորոշ կլինիկական պատկեր։ Նորմալ ՆԳՃ-ը պառկած վիճակում 100-150 մմ ջրի սյան է։ Բարձրացման դեպքում այն կարող է հասնել 300-400 մմ ջրի սյան, իսկ երբեմն և 700 մմ ջրի սյան։ ՆԳՃ-ն դանդաղ բարձրացումը, օր.՝ մի քանի ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, հիվանդը հեշտ է տանում։ ՆԳՃ-ն բարձրացումը մինչև 600-700 մմ ջրի սյան 1-2 օրվա ընթացքում, որը կարող է դիտվել մենինգիտների, հեմատոմաների ժամանակ, կարող է բերել կոմատոզ վիճակի կամ քունքային բլթի միջային հատվածի ներհրմանը տենտորյալ կամ ուղեղիկի նշիկների՝ մեծ ծոծրակային անցքի մեջ։
Հիպերտենզիոն գլխացավերն ունեն պայթող բնույթ։ Մեծ մասամբ,ցավը դիտվում է առավոտյան, ուժեղանում է հազի, փռշտոցի ժամանակ։ Բնորոշ է գլխացավի կախվածությունը գլխի և մարմնի դիրքից։ Ներգանգային ճնշման բարձրացումը պայթող բնույթի գլխացավի հետ մեկտեղ, ուղեկցվում է փսխումով, հաճախ առավոտյան, աչքի հատակում կանգային երևույթներով, ՆԳՃ-ն բարձրացման էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ նշաններով։ ՆԳՃ-ն մեծության մասին կարելի է դատել գոտկային պունկցիայի ցուցանիշներով, միաժամանակ անհրաժեշտ է զգույշ լինել գոտկային պունկցիայի կատարման ժամանակ։
Բուժումը՝ դեհիդրատացիոն միջոցներով բուժման կրկնակի կուրսեր։
Ցեֆալգիայի վերլուծման ժամանակ ամենից առաջ պետք է ուշադրություն դարձնել «վտանգի ախտանիշների» առկայությանը, որոնք վկայում են ներգանգային հիպերտենզիայի զարգացմամբ հարաճող նյարդաբանական օրգանական տառապանքի և գլխացավի երկրորդային բնույթի մասին։
- Ըստ բնույթի անսովոր (նախկինում տվյալ հիվանդի մոտ չի դիտվել) գլխացավերի ի հայտ գալու բավականին կարճ ժամկետը;
- Հարաճող գլխացավը;
- Առավոտյան գլխացավը;
- Գլխացավի ի հայտ գալը ֆիզիկական լարվածության, ուժեղ ձգման կամ հազից հետո;
- Գլխացավերի արտահայտվածության կախվածությունը գլխի և մարմնի դիրքից;
- Նոր ուղեկցող ախտանիշների՝ փոխում, ջերմություն, կայուն նյարդաբանական ախտանշանաբանության ի հայտ գալը կամ զարգացումը;
- Միգրենանման նոպաների առաջնակի ի հայտ գալը 50 տարեկանից հետո։
«Վտանգավոր ախտանիշները» պահանջում են մանրակրկիտ նյարդաբանական և օֆթալմոլոգիական հետազոտություն, հաճախ նաև նեյրովիզուալիզացիա (ԿՏ,ՄՌՏ)՝ օրգանական պրոցեսի ժխտման համար։
Գլխուղեղի ուռուցքների ժամանակ գլխացավի ինտենսիվությունը կախված է ուռուցքի աճման տեմպից և հեղուկատար ուղիների նկատմամբ դրա տեղակայումից։ Ուռուցքի դանդաղ աճի դեպքում, երբ երկար ժամանակ հեղուկի շրջանառությունը չի խանգարվում, հիպերտենզիոն գլխացավերը կարող են բացակայել, իսկ հիվանդության կլինիկական պատկերում առկա են օջախային նյարդաբանական նշաններ, էպիլեպտիկ նոպաներ, աչքի հատակում կանգային երևութներ։ Սրան հակառակ, հեղուկատար ուղիների արագ զարգացող խցանման դեպքում, գլխացավն ունի ինտենսիվ բնույթ, ի հայտ է գալիս գլխի և մարմնի ցանկացած դիրքում, բացառությամբ մի դիրքի, որում հեշտանում է հեղուկի շրջանառությունը։ Այդպիսի հիվանդներն ընդունում են գլխի հարկադրված դիրք։ Լրիվ խցանման դեպքում ԳՑ-ը դառնում է մշտական, ինտենսիվ։
Գլխացավերը արտաուղեղային ինֆեկցիաների ժամանակ Գլխացավը, ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ ինֆեկցիոն հիվանդությունների ամենահաճախ ախտանիշն է։ Այն կարող է ի հայտ գալ հիվանդության տարբեր փուլերում՝ պրոդրոմալ փուլում (նախանշանների փուլ), հիվանդության զարգացման փուլում (ախտանիշերի աճման փուլ), ռեկոնվալեսցենցիայի շրջանում։ Որպես կանոն, ԳՑ-ն անհետանում է արդյունավետ բուժումից մի ամիս անց։
Մենինգիտների ժամանակ հիպերտենզիոն գլխացավը կարող է ուղեկցվել գլխի հիպերէքստենզիայով, պարանոցի մկանների տոնիկ կծկումով, պարանոցային մկանների կարկամումով, ծայրանդամների ծալված դիրքով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, գիտակցության խանգարմամբ։ Գլխացավի արտահայտվածությունը և ուղեկցող ախտանիշները կախված են բորբոքային պրոցեսի բնույթից։ Օրինակ, պալարախտային մենինգիտի ժամանակ ԳՑ-ը միջին ինտենսիվության է, ուղեկցվում է հոգնածությամբ, անոռեքսիայով, սրտխառնոցով։ Մենինգյալ և ինտոքսիկացիայի ախտանիշների արտահայտվածությունը կախված է հիմնական հիվանդության ընթացքից։ Համարժեք բուժման բացակայության պայմաններում ԳՑ-ը-ն աճում է։
Ցերվիկոգեն գլխացավը Օստեոխոնդրոզի ռենտգենոլոգիական նշանների առկայությունը հիվանդների մեծամասնության մոտ բերում է ցերվիկոգեն ԳՑ-ի ավելորդ ախտորոշմանը։ Սովորաբար, այն առաջանում է ողնաշարի C1-C2 մակարդակում ախտահարման դեպքում։ Հաճախ ցավի աղբյուր են միջողնային հոդերը, ֆիբրոզ օղակը, նյարդարմատները, մկանները և ջլերը։ Որպես կանոն, ցավը միակողմանի է, տեղակայվում է ծոծրակում, ճառագայթում է կողմնային հատված, ականջը, ակնակապիճ (հաճախ այս դեպքերում ախտորոշվում է միգրեն)։ Բութ, միջին ինտենսիվության ցավեր կարող են առաջանալ ամենօրյա նոպաների ձևով։ Նոպայի տևողությունը 1-6 ժամ է։ Բնորոշ է նոպայի առաջացումն առավոտյան, քնից հետո; գլխի թեքումը կամ երկարատև, անհարմար դիրքն ուժեղացնում է ԳՑ-ը։ Տիպիկ նախատրամադրող գործոն է ողնաշարի պարանոցային հատվածի կտրուկ գերծալմամբ, հաճախ ավտոմոբիլային տրավման (մտրակային տրավմա)։ Ֆիզիկալ հետազոտությունը հայտնաբերում է դիմադրում և պասիվ շարժումների սահմանափակում պարանոցում, պարանոցային մկանների լարվածություն։ Ռենտգենոլոգիորեն ծալման և տարածման ժամանակ հայտնաբերվում է ողնաշարի շարժումների սահմանափակում (ֆունկցիոնալ նկարները), ինչպես նաև բնածին անոմալիաներ, կոտրվածքներ, ռևմատոիդ արթրիտ, ոսկրերի ուռուցքներ և այլ տեղային ախտաբանություն (սպոնդիլոզից և օստեոխոնդրոզից բացի)։
C2 նյարդարմատի կամ մեծ ծոծրակային նյարդի դուրս գալու կետի անեսթետիկներով (նովոկաին, լիդոկաին և այլն) ինֆիլտրացիան զգալիորեն մեղմացնում է ցավային համախտանիշը և կարող է օգտագործվել որպես ախտորոշիչ և բուժիչ միջոց։ Ցերվիկոգեն ԳՑ-ի ժամանակ ցուցված է մանուալ թերապիան, ֆիզիոպրոցեդուրաներ, միոռելաքսանտներ (սիրդալուդ), ՈՍՀՄ (նուրիֆեն, դիկլոֆենակ և այլն)։
Գլխավորապես անոթային մեխանիզմներով պայմանավորված գլխացավը։ Սրանք ամենատարածված գլխացավերն են, որոնք պահանջում են լուրջ ուշադրություն։ Սովորաբար, այն առաջանում է անոթների պատերի անբավարար լարվածության դեպքում, դրանց արյունով ավելորդ ձգման հետևանքով, ինչպես նաև այլ գործոններով։
Կենցաղում տարածված է, որ զարկերակային ճնշման ցանկացած բարձրացում կարող է գլխացավի պատճառ լինել։ Իհարկե, զարկերակային ճնշման չափումը գլխացավով տառապող հիվանդի առաջին ախտորոշիչ մեթոդն է։ Մինչդեռ, վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ զարկերակային ճնշման թեթև կամ չափավոր քրոնիկ բարձրացումը չի ուղեկցվում գլխացավով։ Մինչդեռ, զարկերակային ճնշման սուր բարձրացումն ուղեկցվում է արտահայտված գլխացավով։ Գլխացավի ի հայտ գալու համար հիմնական նշանակություն ունի դիաստոլիկ ճնշումը, որի սովորական տվյալներից 25-ով բարձրացումը կարող է արտահայտված գլխացավի պատճառ լինել։ Գլխացավը նույնպիսի սերտ կապվածություն ունի քրոնիկ զարկերակային հիպերտենզիայի հետ, որի դիաստոլիկ ճնշումը գերազանցում է 120մմ սնդ.սյանը։ Կարելի ասել, որ զարկերակային հիպերտեզիայով հիվանդների գլխացավերն ունեն հետերոգեն բնույթ, դրանք կարող են լինել վերտեբրոգեն բնույթի, ինչպես նաև կարող են պայմանավորված լինել հոգեբանական գործոններով և այլն։
Գլխացավը կարող է կապված լինել գանգի խոռոչից երակային արտահոսքի դժվարացման հետ։ Բնորոշ է այդպիսի ցավի ի գալը և ուժեղացումն առավոտյան ժամերին, ինչպես նաև մեղմացումն ու վերացումն ակտիվացման և վեր կենալուց հետո։ Այսպիսի ցավի ի հայտ գալուն նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են երակների ցածր տոնուսի պայմաններում երակային արտահոսքի դժվարացումը գանգի խոռոչից (հորիզոնական դիրքը, իջեցրած և թեքած գլուխը և այլն)։ Ցավերն անցնում են սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումից, որը բարձրացնում է երակների տոնուսը, ինչպես նաև մարմնի ուղղահայաց դիրքը, որը հեշտացնում է երակային արտահոսքը գանգի խոռոչից։ Երակային արտահոսքի դժվարացումը գանգի խոռոչից կարելի ճանաչել մի շարք օբյեկտիվ նշաններով՝ աչքի հատակի երակների լայնացմամբ, տեսանելի լորձաթաղանթների ցիանոզով, ինչպես նաև դեմքի հյուսվածքների այտուցով և ուռածությամբ։ Այս ախտանիշներն ավելի արտահայտված են քնից հետո։
Գլխացավն ի հայտ է գալիս նաև հեմոռեոլոգիական խանգարումներից, երբ էրիթրոցիտները կորցնում են իրենց էլաստիկությունը, թրոմբոցիտները հակում են ցուցաբերում ագրեգացիայի նկատմամբ և բարձրանում է արյան կոագուլյացիոն ակտիվությունը, բարձրանում է արյան մածուցիկությունը։ Հիվանդները նշում են ծանրության զգացում, աղմուկ ականջներում, թուլություն, քնկոտություն։ Այսպիսի հեմոռեոլոգիական խանգարումներ դիտվում են աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, արյան հիվանդությունների ժամանակ։
Նևրալգիկ բնույթի գլխացավերը
Կլինիկական առանձնահատկությունները հնարավորություն են ընձեռում առանձնացնել երկու տիպի ցավային համախտանիշներ գլխի և դեմքի շրջանում ։
Թույլ արտահայտված պարոքսիզմայնությամբ, չափավոր սուր ցավով, առանց կուրկային գոտիների դիմային ցավերը՝ պրոզոպալգիաները հետևանք են գանգուղեղային նյարդերի հանգույցների և վեգետատիվ հանգույցների դրդման։ Այս նևրալգիաներն ի հայտ են գալիս արյան շրջանառության տեղային խանգարումների, ցրտահարման, էնդոգեն և էկզոգեն ինտոքսիկացիաների ֆոնի վրա։ Դրանց բուժման ժամանակ միասնական բուժման անցկացման համար հաճախ դիմում են ստոմատոլոգներին և նյարդավիրաբույժներին։
Բուժման մեջ հատուկ հետաքրքրություն և դժվարություններ են ներկայացնում պարոքսիզմալ նևրալգիաները։ Վերջիններս բնութագրվում են արտահայտված նոպայականությամբ, անտանելի էլեկտրական հոսանքի հարվածի տիպով կրակող ցավերով, որոնք տարածվում են հարևան կամ նույնիսկ հեռակա հատվածներ, ինչպես նաև կուրկային կամ տրիգերային գոտիների առկայությամբ, որոնց գրգռումն (հպումը, լվացվելը, սափրվելը, խոսելը, ծամելը) սադրում է նոպան։
Պարոքսիզմալ նևրալգիայի տիպիկ ձև է ծոծրակային և եռորյակ նյարդերի նևրալգիան։
Իդիոպաթիկ ծոծրակային նևրալգիան։ Սա C2 նյարդարմատից դուրս եկող Առնոլդի մեծ ծոծրակային նյարդի նևրալգիան է։ Իդիոպաթիկ նևրալգիայի բնույթը պարզ չէ։ Նոպան բնութագրվում է միակողմանի ուժեղ ցավով, որն ի հայտ է գալիս պարանոցում և ճառագայթում է ծոծրակ մինչև կողմնային շրջան։ Ցավն սլաքտող է, հիշեցնում է էլեկտրական հոսանքի անցումը, ի հայտ է գալիս գլխի որոշակի շարժումների դեպքում կամ ինքնաբերաբար։ Նոպաների հաճախականությունը տատանողական է։ Երբեմն նոպյայից հետո մնում է բութ ցավ սուբօկցիպիտալ շրջանում։ Հնարավոր են միայն կողմնային շրջանի ցավերով, առանց ծոծրակային կամ պարանոցային շրջանների ընդգրկման նոպաներ։ Բուժումը նույնանման է եռորյակ նյարդի նևրալգիայի բուժմանը։
Ավելի հաճախ դիտվում է ծոծրակային նևրալգիայի սիմպտոմատիկ ձևը։ Պատճառը վերին պարանոցային միջողնային հոդերի արթրոզն է։ Այս դեպքում ցավերն ավելի մեղմ են, ունեն երկարատև բնույթ և տևում են մի քանի շաբաթ։ Անհրաժեշտ է մանրակրկիտ կլինիկական և հարկլինիկական հետազոտություն։
Եռորյակ նյարդի նևրալգիան Ավելի քան 200 տարի տրիգեմինալ նևրալգիան գտնվում է նյարդաբանների, ստոմատոլոգների, նյարդավիրաբույժների ուշադրության կենտրոնում։ Դրա պատճառը մեծ տարածվածությունն է, հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև բուժման բարդությունն ու դժվարությունը։ Վերջին 20 տարում այս հիվանդության էթիոլոգիային և պաթոգենեզին առընչվող նոր տվյալներ են ստացվել։ Այստեղից էլ բխում են այս հիվանդության բուժման սկզբունքորեն նոր մոտեցումները։ Այս խնդրի ժամանակակից նոր մակարդակը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։
Էթիոլոգիան։ Դեռ 1934թ. W.Dandy-ն, եռորյակ նյարդի նևրալգիայով հիվանդների վիրաբուժական մեթոդով բուժման իր փորձի վրա հիմնվելով, ցույց տվեց, որ դեպքերի 60-ում հիվանդության պատճառը այս նյարդի տարբեր ախտաբանական գոյացություններով սեղմումն է։ Հետագայում, այս տվյալները հաստատեցին այլ հետազոտողները, որոնք նույնպես գտնում էին, որ նյարդարմատի սեղմման պատճառը, սովորաբար վերին կամ առաջային ստորին ուղեղիկային զարկերակների հանգուցավոր ծռված լայնացումն ու տեղաշարժն է։
Եռորյակ նյարդի 2-րդ ճյուղի նևրալգիայով տառապող հիվանդների մի մասի մոտ տոմոգրաֆիայի միջոցով հայտնաբերվել է ստորակնակապճային խողովակի բնածին կամ ձեռքբերովի նեղացում։ Նևրալգիայի կողմում, օրտոպանտոգրաֆիայի միջոցով 30 հիվանդների մոտ հայտնաբերվել է ստորին ծնոտի խողովակի ստենոզ։
Հիվանդների մի մասի մոտ ռենտգենոլոգիապես հայտնաբերվում է կլոր և օվալաձև անցքի նեղացում։
Եթե ի մի բերենք այս տվյալները, ապա ակնառու է դառնում, որ հիվանդների 93-97-ի մոտ նևրալգիան ունի թունելային, կոմպրեսիոն ծագում և, շատ հազվադեպ, այն կարող է առաջանալ այլ պատճառներից, օր.՝ եռորյակ նյարդի օջախային ապամիելինիզացիայով ցրված սկլերոզի ժամանակ։
Պաթոգենեզը այս խնդրի ամենաբարդ բաժիններից է։ Հիվանդության առաջնակի – ծայրամասային ծագումը հաստատվում է նախ, հիվանդության առաջացման մեջ կոմպրեսիոն, թունելային գործոնի դերի տվյալներով, երկրորդ, հիվանդության սկզբնական փուլերում նյարդում կառուցվածքային փոփոխությունների առաջացմամբ։ Երրորդ փաստարկը, որը խոսում է հիվանդության ծայրամասային ծագման օգտին, այն փաստն է, որ տրիգեմինալ նևրալգիայի ժամանակ ցավերն անհետանում են ախտահարված ճյուղի կամ նյարդարմատի կտրելուց հետո և չեն լինում մինչև նյարդի ռեգեներացիան։
Միաժամանակ, ծայրամասից ախտաբանական աֆֆերենտացիայի ազդեցության տակ, երկրորդային միանում են ցավային նոպայի իրագործման կենտրոնական մեխանիզմները։ Ցավային նոպայի իրագործման մեջ եռորյակ նյարդի կենտրոնական գոյացությունների մասնակցությունը հաստատվում է կուրկային գոտիների յուրահատուկ տեղակայմամբ, որոնք անկախ ախտահարված ճյուղից, հիմնականում ի հայտ են գալիս դեմքի միջային հատվածներում, սա վկայում է եռորյակ նյարդի ողնուղեղային ուղու կորիզի օռալ հատվածի ախտաբանական պրոցես ընդգրկման մասին։ Այս բոլորը հնարավորություն ընձեռեցին ձևակերպել դրույթն այն մասին, որ եռորյակ նյարդի նևրալգիայի ժամանակ ծայրամասից եկող երկարատև ախտաբանական իմպուլսացիան դեպի եռորյակ նյարդի ողնուղեղային ուղու կորիզի կենտրոնական և դրանց հետ կապված գոյացություններ, կազմավորում է նոպայաձև ալկոգեն համակարգ։ Սա հեղաշրջում առաջացրեց տրիգեմինալ նևրալգիայի բուժման խնդրի մեջ կարբամազեպինի և այլ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների ընդգրկմամբ։
Կլինիկան։ Եռորյակ նյարդի նևրալգիան արտահայտվում է խիստ կտրտող, սլաքտող, պատրող բնույթի ցավերի նոպաներով երկրորդ և երրորդ ճյուղերի նյարդավորման գոտում։ Յուրահատկությունը՝ նոպայի կարճատևությունն է, որը տևում է մի քանի վայրկյանից մինչև 1-2 րոպե։ Նոպաների հաճախականությունը տարբեր է, կարող է հասնել մինչև օրը100 և ավել։ Սովորաբար. նոպաներն ի հայտ են գալիս ցերեկը։ Նոպաները սադրվում են ցանկացած գրգռիչներով՝ խոսելը, ծամելը, դիմախաղի շարժումները։ Հիվանդները չեն կարողանում լվացվել, սափրվել, դժվարությամբ ուտում են միայն հեղուկ սնունդը։ Նոպայի ժամանակ հիվանդն սառում է տանջալից դիրքով՝ վախենալով շարժվել։ Նոպաները, ցավերն ուղեկցվում են դեմքի մկանների սպազմով՝ ցավային տիկ (tic dolorosa)։ Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ խանգարումներով՝ արցունքահոսություն, դեմքի կարմրություն։ Բնորոշ են կուրկային գոտիները՝ մաշկի, լորձաթաղանթի հատվածները, որոնք օժտված են գերգրգռականությամբ, սովորաբար դրանք տեղակայված են դեմքի միջային հատվածներում։ Այդ հատվածների ամենափոքր գրգռումը կարող է առաջացնել նոպա։ Կուրկային գոտիներն ի հայտ են գալիս սրացաման և անհետանում են ռեմիսիայի ժամանակ։
Հիվանդների օբյեկտիվ հետազոտման ժամանակ, բացի կուրկային գոտիներից, եռորյակ նյարդի համապատասխան ճյուղերի դուրս գալու տեղերի կետերի վրա սեղմելիս հայտնաբերվում է ցավոտություն, հիպերեսթեզիա ախտահարված ճյուղի նյարդավորման գոտում։
Տարբերակիչ ախտորոշումը։ Եռորյակ նյարդի նևրալգիան, որպես պարոքսիզմալ նևրալգիա դժվարություն չի ներկայացնում ախտորոշման համար։ Նևրալգիայի հիմնական նշաններն են բնորոշ ցավային նոպաները և կուրկային գոտիների առակայությունը։
Լեզվաըմպանային և վերին կոկորդային նյարդերի նևրալգիայից դրան տարբերում է ցավերի և կուրկային գոտիների տեղակայումը։ Դժվարություն կարող է ներկայացնել տրիգեմինալ նևրալգիայի ամենածանր ձևը status nevralgicus, որի դեպքում դիտվում են երկարատև ցավային նոպաներ։ Հիվանդի մանրակրկիտ հարցման դեպքում պարզվում է, որ երկարատև նոպան բաղկացած է իրար հաջորդող էլեկտրական հոսանքի հարվածի տիպի նոպաներից։ Այս դեպքում անպայման առկա են կուրկային գոտիները։ Հիվանդները, ահավոր ցավերից սարսափած, խուսափում են շարժումներից, խոսելուց։ Հաճախ, երկարատև եռորյակ նյարդի նևրալգիայի դեպքում, հիվանդի մոտ կարող են դիտվել սիմպաթալգիկ բնույթի դիմային ցավեր։ Հիվանդության սրացման ժամանակ հիմնական նշանները հստակ են, այստեղ հանդես են գալիս էլեկտրական հոսանքի հարվածի տիպի ցավերի կարճատև նոպաներ և կուրկային գոտիներ։
Բուժումը Եռորյակ նյարդի նևրալգիայի բուժման ժամանակ ամենաարդյունավետը հակաէպիլեպտիկ դեղամիջոցներն են, որոնք թաղանթակայունացնող ազդեցություն են ցուցաբերում և ճնշում են ախտաբանական ակտիվության օջախները կենտրոնական նոցիցեպտիվ համակարգում։ Ամենաարդյունավետը կարբամազեպինն է (տեգրետոլ, ֆինլեպսին, էպիրամատ)։ Բուժումն սկսում են փոքր դոզաներից օրը 1/2 դեղահաբ։ Ապա, աստիճանաբար դոզան բարձրացնում են 1/2 դեղահաբով մինչև կայուն կինիկական արդյունքի ի հայտ գալը։ Արդյունավետ դոզան օրը 3-ից 8 դեղահաբն է։ Արդյունքի կայունացման դեպքում հակաէպիլեպտիկ դեղամիջոցների դոզան իջեցնում են։ Պահպանողական դոզան՝ օրը 1/2-1 դեղահաբ, նշանակում են մի քանի ամիս։ Որոշ հիվանդների մոտ պահպանողական բուժման ժամանակ արդյունավետությունն իջնում է։ Դեղամիջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ կոմբինացված։ Որոշ դեպքերում, արդյունավետ է բակլոֆենը, որն ուժեղացնում է պրեսինապտիկ արգելակումը եռորյակ նյարդի ողնուղեղային կորիզի նեյրոններում։ Սրացման ժամանակ ցուցված են հակադեպրեսանտները (սիմբալթա 60մգ, ամիտրիպտիլին, սկզբնական դոզան օրը 1,5 դեղ.՝ աստիճանաբար շատացնելով մինչև օրը 3-6 դեղահաբ), ինչպես նաև ախտահարված ճյուղի մաշկի միջոցով դրդում։
Երկարատև, առանց ռեմիսիայով ընթացող եռորյակ նյարդի նևրալգիայով տառապող հիվանդներին բուժելիս օրալ հակափսիխոտիկ օրանը (պիմոզիտ) ավելի արդյունավետ է, քան կարբամազեպինը։ Նշանակում են օրը 4-12մլ, 3 շաբաթական 2 կուրս, 4 շաբաթ ընդմիջումով։
Որպես օգնող թերապիա նշանակում են B1 , B6 , B12 (օրը 1000-2000մկգ), ինչպես նաև վազոակտիվ և ներծծող միջոցներ, ասեղնաբուժություն։ Նյարդի ճյուղերի կոմպրեսիայի կամ ռետրոգասերալ նյարդարմատի ճնշման դեպքում դիմում են վիրահատության՝ հասերյան հանգույցի ստերեոտաքսիկ դեստրուկցիայով դեկոմպրեսիա։
Սուր գլխացավը
Առանձին ուշադրության է արժանի «սուր գլխացավը», այստեղ անհրաժեշտ է անհապաղ ախտորոշում և համապատասխան միջոցառումներ, այսինքն տեղափոխում մասնագիտացված հիմնարկ։
Չափորոշիչները բերված են սխեմայում։ Սուր գլխացավը ցանկալի է հաշվել ժամերով։
Սուր գլխացավը (չափորոշիչները)
Ի հայտ է եկել վերջերս (մի շաբաթից ոչ ավել), ընթանում է ծանր։ |
Գլխացավի զուգակցումը նյարդաբանական դեֆեկտի հետ։ | Զարգանում է գանգի տրավմային հետո (2-3 շաբաթ անց։ |
Հաջորդ դասախոսությունը նվիրված է առաջնային գլխացավերին։ Առաջնային են կոչվում այն գլխացավերը, որոնք կազմում են հիվանդության հիմքը։ Դրա հետ մեկտեղ ցեֆալգիաների էթիոլոգիան հաճախ մնում է չպարզված։ Առաջնային գլխացավերից են լարվածության գլխացավը, միգրենը, փնջային գլխացավը։
Լարվածության գլխացավը
Լարվածության գլխացավերը (ԼԳՑ) գլխացավերի ամենատարածված ձևն է։ Առաջ ԼԳՑ-ի բնութագրման համար կային շատ հոմանիշներ։ Դրանք կոչվում էին սթրեսոգեն գլխացավեր, հասարակ, իդիոպաթիկ, էսենցյալ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավեր, «նևրոտիկ գլխարկ»։ Ներկայումս, ամբողջ աշխարհում ընդունված է «լարվածության գլխացավեր» տերմինը։
ԼԳՑ-ն բնութագրում են որպես գլխացավ, որն ի հայտ է գալիս ի պատասխան, սուր կամ քրոնիկական սթրեսի արդյունքում առաջացած հոգեբանական գերլարվածության։ Հոգեբանական գերլարվածությունը կարող է ուղեկցվել ճակատային, ծոծրակային, տրապեցաձև մկանների տոնուսի բարձրացմամբ։ Մկանների լարվածությունը սպազմի է ենթարկում դրանցում տեղակայված անոթները, որը բերում է իշեմիայի և այտուցի զարգացմանը և ուժեղացնում է ցավային զգայությունները։
Ոչ բոլորն են սթրեսին գլխացավով պատասխանում, դրա համար հարկավոր է ունենալ հատուկ անձնական հատկություններ՝ իր սոմատիկ զգայությունների վրա սևեռման հակումով և նևրոտիկ ռեակցիաներով։ Բացի անձնական առանձնահատկություններից, մեծ դեր է խաղում նաև ուղեղի գործունեության առանձնահատկությունը՝ ուղեղային ցավային համակարգերի ակտիվությամբ և հակացավային մեխանիզմների անբավարարությամբ։
ԼԳՑ-ի տարածվածությունը հասնում է 70։ Այսպիսի գլխացավեր կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում։ Կանայք ավելի շատ են տառապում ԼԳՑ-ով։
Գլխացավի միջազգային ասոցիացիան առաջարկում է ԼԳՑ-ի հետևյալ չափորոշիչները։
- Գլխացավի տևողությունը պետք է լինի 30 րոպեից ոչ քիչ։ Էպիզոդիկ ԼԳՑ-ի դեպքում գլխացավը տևում է 30 րոպեից մինչև 7 օր։
- Գլխացավի բնույթը շատ յուրօրինակ է։ Դա սեղմող, ձգող, ճնշող, մոնոտոն ցավեր են։ Պուլսացող ցավերը բնորոշ չեն ԼԳՑ-ի համար։
- Ըստ տեղակայման, գլխացավը տարածուն է և անպայման երկկողմանի։ Դրա հետ մեկտեղ ավելի ուժգին կարող է ցավել մի կողմը։ Հիվանդները բավականին պատկերավոր են նկարագրում իրենց ցավերի տեղակայումը՝ «գլուխը ձգվում է սաղավարդով, օղակապով, մամլակով»։
- Գլխացավը չի ուժեղանում սովորական առօրյա ֆիզիկական գործունեությունից։ Չնայած գլխացավին, հիվանդները սովորաբար շարունակում են աշխատել, սակայն նրանց կատարած աշխատանքի որակն ընկնում է։
- Գլխացավի գագաթնակետին ի հայտ են գալիս ուղեկցող ախտանիշները՝ լուսա- և ձայնավախություն, անոռեքսիա կամ սրտխառնոց։ Որպես կանոն, ուղեկցող ախտանիշներն իրար հետ չեն լինում, այլ դիտվում են առանձնացված և կլինիկորեն լավ արտահայտված չեն։ Սակայն, ԼԳՑ-ի քրոնիկ ընթացքով տառապող հիվանդների մոտ ցավային նոպայի գագաթնակետին ուղեկցող ախտանիշները կարող են լրիվ ներկա լինել։
Էպիզոդիկ ԼԳՑ-են այն ցավերը, որոնց դեպքում գլխացավով օրերի թիվը չի գերազանցում ամիսը15 կամ տարին 180։ Հեղինակների մեծ մասի կարծիքով Էպիզոդիկ ԼԳՑ-ն ըստ հաճախականությամբ չպետք է գերազանցեն ամիսը 7-8 օրը։ Այսպիսի առանձնացումը պայմանական է։ Էպիզոդիկ ԼԳՑ-ն ավելի թեթև ընթացք ունեն, քանի որ գլխացավի առաջացման մեջ առաջնակի նշանակություն ունի դեպրեսիան։
Ինչպես Էպիզոդիկ, այնպես էլ քրոնիկական ԼԳՑ-ը, ըստ պերիկրանիալ մկանների լարվածության առկայության կամ բացակայության, բաժանվում են ենթախմբերի։ Ենթախմբերի առանձնացումն ամենից առաջ հարկավոր է համարժեք թերապևտիկ տակտիկայի ընտրության համար։
ԼԳՑ-ի լայն տարածվածությունը հասարակության մեջ ունի իր բացատրությունը։ Դա, ամենից առաջ պայմանավորված է այն առաջացնող բազմաթիվ պատճառներով։
ԼԳՑ-ի պատճառների մեջ առաջին տեղում են հուզա-սոցիալական սթրեսի նկատմամբ ռեակցիան և աֆեկտիվ վիճակները (տագնապը և դեպրեսիան)։ Մինչդեռ, դեպրեսիան կարող է կլինիկորեն շատ արտահայտված չլինել, այլ լինել ապաթիկ, թաքնված ձևով։ Այսպիսի դեպքերում հիվանդները, բացի գլխացավից, գանգատվում են դյուրագրգռությունից, մշտական հոգնածության զգացումից, դյուրհոգնելիությունից, քնի և ախորժակի խանգարումից։ Դեպրեսիվ ախտանշանաբանությունը թաքնված է լինում այս գանգատների օղակի տակ։ Բժիշկը ցանկացած տեղակայմամբ քրոնիկական գլխացավերով տառապող բոլոր հիվանդներին պետք է խուրհուրդ տա փնտրել դեպրեսիա։ Սրան կարող է օգնել նպատակասլաց հարցումը և դեպրեսիան հայտնաբերող հարցաթերթիկի լրացումը։
ԼԳՑ-ի պատճառներից է նաև մկանների երկարատև լարումը ոչ ֆիզիոլոգիական դիրքերում։ Հարախ դա կապված է որոշակի մասնագիտական գործունեության հետ՝ համակարգչով, գրամեքենայով երկարատև աշխատանքը, մեքենա վարելը, մանր մասերով աշխատանքը։ Այդ դեպքում, երկար ժամանակ լարված վիճակում են գտնվում աչքի մկանները, գլխամաշկի ապանևրոզի, պարանոցային մկանները։
Աբուզուսային գլխացավ
ԳՑ-ի պատճառների մեջ մեծ դեր ունի դեղորայքային գործոնը։ Այսպես, անալգետիկների ավելորդ, երկարատև ընդունումը (ասպիրի կամ դրա համարժեքի ամիսը ավելի քան 45գ) կարող է ԳՑ-ի պատճառ լինել։ Դա վերաբերվում է նաև տրանկվիլիզատորների ավելորդ ընդունմանը։ Կարևոր է, որ ինչպես անալգետիկների, այնպես էլ տրանկվիլիզատորների երկարատև ընդունումը, կարող է ինդուկցել ինչպես գլխացավերի ուժեղացումը, այնպես էլ դեպրեսիվ վիճակի զարգացումը։ Գտնում են, որ անալգետիկներով ինդուկցված գլխացավն ի հայտ է գալիս դրանց երեքամսյա չարաշահումից հետո։ Այն կոչվում է աբուզուսային գլխացավ և պահանջում է հատուկ բուժում։
Հաճախ մի հիվանդի մոտ զուգակցվում են մի քանի պատճառական գործոններ։ Դեպքեր են լինում, երբ ԼԳՑ-ի պատճառը հնարավոր չի լինում պարզել։
ԼԳՑ-ի ժամանակ ցավն ուժեղացնող սադրիչ գործոններից են հուզական սթրեսը, եղանակի փոփոխությունը, ստիպված սովը, աշխատանքը հեղձուցիչ սենյակում, գիշերային աշխատանքը, ալկոհոլի ընդունումը, երկարատև ֆիզիկական և մտավոր գերլարվածությունը։
ԼԳՑ-ի կլինիկական պատկերը բազմաբնույթ է և հազվադեպ է արտահայտվում միայն գլխացավերով։ Բացի գլխացավերից, հիվանդի մոտ դիտվում են այլ ցավային համախտանիշներ՝ սրտային, որովայնային, պարանոցային, մեջքի, հոդային ցավեր ։ Որպես կանոն, այլ տեղակայման ցավերը քրոնիկական են և փսիխալգիայի բնույթի են։ Հաճախ, հատկապես քրոնիկական բնույթի ԼԳՑ-ը, զուգակցվում են արտահայտված հոգեախտաբանական և հոգեվեգետատիվ խանգարումներով։ Հոգեախտաբանական արտահայտությունների մեջ առաջատար են տագնապա-դեպրեսիվ խանգարումները, թաքնված, ատիպիկ դեպրեսիան, կարող են դիտվել անձի հիպոխոնդրիկ գծեր։ Սովորաբար, հոգեվեգետատիվ խանգարումներն արտահայտվում են կամ մշտական վեգետատիվ, կամ նոպայական, կամ դրանց զուգակցումը։ Դա կարող է լինել զարկերակային ճնշման տատանումը, հաճախասրտությունը, հիպերվենտիլյացիոն համախտանիշը, տիպիկ կամ ատիպիկ տագնապային գրոհները, ուշաթափությունները։ Կանանց մոտ կարող է դիտվել նախադաշտանային լարվածության համախտանիշ, որի ժամանակ գլխացավերի ինտենսիվությունն շատանում է։ Այսպիսով, բավականին հաճախ ԼԳՑ-ի կլինիկական պատկերը որոշվում է ոչ միայն գլխացավերով, այլ նաև կոմորբիտ համախտանիշներով։ Բուժման նշանակման ժամանակ պետք է հաշվի առնել կլինիկական ախտանշանաբանության ամբողջ բազմազանությունը։
ԼԳՑ-ի սրացումը կարող է կանխարգելել օրվա ճիշտ ռեժիմը; ժամանակին հանգստանալու ունակությունը՝ թուլացնելով մկանները և հասնելով հոգեկան հանգստության; հարմարավետ աշխատանքը։ Սակայն, կանխարգելման հիմնական մեթոդը սթրեսային ազդեցությունների նկատմամբ կայունության բարձրացումն է։ Էպիզոդիկ և քրոնիկական ԼԳՑ-ի բուժման մոտեցումը տարբեր է։
Էպիզոդիկ ԼԳՑ- բուժումը։ Հազվադեպ էպիզոդիկ ԼԳՑ-ի դեպքում, որոնք չեն վատացնում հիվանդի կյանքի որակը, երկարատև բուժման կուրսերի կարիք չկա, հիվանդին կարելի է խորհուրդ տալ գլխացավն անց կացնել անալգետիկների (ացետիլսալցիլաթթու, պարացետամոլ, իբուպրոֆեն, կոմբինացված անալգետիկներ) կամ տրանկվիլիզատորների (դիազեպամ և այլն) միանգամվա ընդունումով, ինչպես նաև դրանց զուգակցումով։
Ներկայումս, ավելի շատ ակտիվություն ստանում են նոր սերնդի հակադեպրեսանտները, նախասինապտիկ թաղանթում սերոտոնինի հետադարձ զավթման ինհիբիտորները (ՆԹՍՀԶԻ)։ Այս դասի դեղերն ազդում են միայն սերոտոնինէրգիկ համակարգի վրա, դրանց հակադեպրեսիվ հատկությունները չեն զիջում ՏՑԱ-ին, դրա հետ մեկտեղ դրանք զուրկ են ՏՑԱ-ն բնորոշ բազմաթիվ կողմնակի երևույթներից։ Այս դեղերից են ֆլուոքսետինը, պարոքսետինը, սերտրալինը, ֆլուվոքսամինը։
Հակադեպրեսանտների հակացավային ազդեցությունն ունի մի քանի մեխանիզմ։ Նախ, անալգետիկ արդյունքը հասնում է ինչպես էկզոգեն, այնպես էլ էնգոգեն նյութերի, հիմնականում օփիոիդ պեպտիդների միջոցով։ Երրորդ, սերոտոնինմիմետիկ ազդեցության հակադեպրեսանտներն ակտիվացնում են վայրընթաց անտինոցիցեպտիվ համակարգերը։ Ընդ որում, հակադեպրեսանտների անալգետիկ էֆեկտն ավելի շուտ է ի հայտ գալիս և ավելի փոքր դոզաների պայմաններում, քան հակադեպրեսիվը։
Հակադեպրեսանտներով խորհուրդ տրվող կուրսը կազմում է 2 ամիս։ Խորհուրդ չի տրվում կտրուկ ընդհատել կուրսը, ընդհակառակը, հարկավոր է հակադեպրեսանտների դոզան աստիճանաբար իջեցնել։ Շատ կարևոր է, որ հակադեպրեսանտներն ոչ միայն անցկացնում են ԳՑ-ը, այլ նաև նորմալացնում են հիվանդի հոգեկան վիճակը և լավ բուժական էֆեկտ են թողնում կոմորբիտ համախտանիշների վրա։ Այսպես, հակադեպրեսանտներով լավ բուժման են ենթարկվում տագնապային գրոհները, նախադաշտանային լարվածության համախտանիշը, քնի խանգարումը, այլ տեղակայման փսիխալգիաները։
Քրոնիկական ԳՑ-ի միայն ֆարմակոթերապիայով բուժումն արդարացված չէ։ Հակադեպրեսանտներով բուժմանը պետք է միացնել փսիխոթերապիայի կուրսերը, ֆիզիոթերապևտիկ մեթոդները, մերսումը։ Ֆարմակոլոգիական և ոչ ֆարմակոլոգիական բուժման կոմբինացված կուրսերը պետք է բավարար լինեն և տևում են 3-4 ամսից քիչ։
ԳՑ-ով, հատկապես քրոնիկական, տառապող հիվանդների բուժումը բժշկից պահանջում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև համբերություն։ Ոչ միշտ է հիվանդին առաջարկած առաջին բուժումն օպտիմալ արդյունք տալիս, հաճախ հարկավոր է լինում փոխել բուժման տակտիկան և նշանակել կրկնակի կուրսեր, զուգակցել ֆարմակոլոգիական և ոչ ֆարմակոլոգիական մոտեցումները։
Նեյրոֆարմակոլոգիա
Հ.Մ. Մանվելյան
Տեղեկատվություն. med-practic.com
Օգտագործող դեղամիջոցներ
(բժշկի խորհրդատվությամբ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն