Ավանդական բժշկություն Ոզնենի կլորագլուխ - Мордовник круглоголовчатый - Echinops sphaerocephalus L.
Ոզնենի կլորագլուխ - Мордовник круглоголовчатый - Echinops sphaerocephalus L.
Հայկական տարանունները - թոփոճիկ, թոփ-փուշ, հզնենի, ոզնագլխիկ, ոզնածաղիկ, ոզնիկ, փշակն, փուշ խնձոր, փուշ ծաղիկ, քաղցր փուշ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության, հաստ առանցքային արմատով խոտաբույս է: Ունի ակոսավոր, սպիտակ, գեղձային ցողուն, փետրաձև, եզրերը փշաատամնավոր տերևներ: Ծաղկաբույլերը զամբյուղներ են` ամպագույն կամ մոխրագույն երանգով: Բույսը ծաղկում է ամբողջ ամռանը, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում` լավ, բազմանում սերմերով, երբեմն էլ` արմատամերձ ելունդներով: Որպես մոլախոտ հանդիպում է մեր հանրապետության բոլոր գոտիներում, բացառությամբ ցածրադիր գոտու: Աճում է աղբուտներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, խամահողերում, լեռնալանջերին, արոտավայրերում և այլուր` հաճախ տալով ոչ ընդարձակ բուսուտներ: Մեր հանրապետությունում աճում է 10 տեսակ, որոնցից շատերն ունեն որոշակի բուժական նշանակություն: «Էխինոպսը» ծագել է հունական «էխինոս» բառից, որը նշանակում է «ոզնակերպ», իսկ «սֆերոցեֆալուս» նշանակում է գնդագլխիկ, ելնելով այն բանից, որ բույսի պտղագլխիկները գնդաձև են:
Քիմիական բաղադրությունը; Սերմերը պարունակում են մինչև 1,5-2% ալկալոիդ էխինոպսին, ինչպես նաև 25-27% ճարպայուղ: Ոզնենու մյուս մասերում հայտնաբերված է նաև մինչև 110 մգ% C վիտամին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են միայն սերմերը` առանց փուփուլիկների: Լրիվ հասունացած ոզնագլխիկները հավաքելուց հետո չորացնում են տանիքում կամ վառարանի մեջ, հետո փշրելով, հեռացնում են փուփուլիկները, թողնելով միայն սերմիկները: Ոզնենին ժողովրդական բժշկության մեջ կիրառման մեծ պատմություն չունի, իսկ գիտական բժշկությունը տալիս է հիմնավորված տվյալներ:
Չինական բժշկության մեջ կիրառվում է ոզնենու մի տեսակը` որպես հեմոստատիկ, իսկ արտաքին` մաշկային որոշ հիվանդություններ բուժելու նպատակով: Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն օգտագործվել է գլխացավերի և մաշկային որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ միջոց:
Ա.Դ. Տուրովայի և համահեղինակների փորձնական աշխատանքները լայն ուղի բացեցին դեղաբույսի գիտական արժեքավորման գործում: Հեղինակների տվյալներով, դեղաբույսից ստացված էխինոպսին ալկալոիդը, նիտրատային և սուլֆատային աղերի ձևով, օժտված է ստրիխնինային կամ բրուցինային ներգործությամբ: Դեղորայքի փոքր դոզաները, մտցնելով գորտի ավշապարկ, հեղինակները նկատեցին կենդանու ընդհանուր գրգռվածությունը, իսկ մեծ դոզաներից սկզբում ուժեղացել է այդ գրգռվածությունը, իսկ հետո փոխարինվել ցնցումներով և արգելակումով: Նման վիճակ նկատվել է նաև սպիտակ մկների և կատուների մոտ: Ուշագրավ է եղել փորձերի այն սերիան, որոնք հեղինակները դրել են տրավմատիկ անդամալուծությամբ ճագարների վրա: Էխինոպսինի ազդեցության տակ բարձրացել է վնասված նյարդի գրգռականությունը. 3-4 շաբաթվա ընթացքում այն վերականգնվել է: 1957 թ. Էխինոպսինը` նիտրատային աղի ձևով, օֆիցինալ է մեր երկրում: Ն.Պ. Դորնիկովան, ներարկման կամ ներքին ընդունման ձևով, էխինոպսինն օգտագործել է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող անձանց մոտ: Դեղորայքի միանվագ ներարկման («սուր փորձ») պայմաններում հեղինակը նկատել է օսցիլյատոր ինդեքսի մեծացում, մի հանգամանք, որը վկայում է անոթների պատի տոնուսի ճկունության բարձրացման մասին: 3-4 շաբաթ տևողությամբ, բուժման կուրսն ավարտելուց հետո, հեղինակն արձանագրել է հիվանդների զարկերակային արյան ճնշման կայուն բարձրացում, գլխացավերի, ընդհանուր թուլության, հոգնածության մեղմացում կամ լրիվ վերացում: Հիվանդներն առույգացել են, քունը և ախորժակը լավացել:
Էխինոպսինի կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև նյարդային հիվանդությունների կլինիկայում: Այսպես, գոտկասրբանային ռադիկուլիտների և նրբոլոքային նյարդի ախտահարումների ժամանակ հիվանդների մի մասը ստացել է միայն էխինոպսին, իսկ մյուս մասը` հանրահայտ ընդհանուր միջոցներ: Պարզվել է, որ էխինոպսինից նկատվում են ավելի շատ և ավելի շուտ առողջացման դեպքեր: Դեղամիջոցի կիրառումից հուսալի տվյալներ ստացվել են նաև կողմնային ատրոֆիկ սկլերոզով, պոլիոմիելիտային անդամալուծությամբ, ցրված սկլերոզով, բորբոքական պրոցեսի հետ կապված` դիմանյարդի պարեզով և տեսանյարդի ատրոֆիայով տառապող բազմաթիվ հիվանդների մոտ (Գուբինա Գ.Պ., Յանկելևիչ Տ.Յա.): Դեղորայքն արդյունավետ է ներգործել նոր սկսվող պրոցեսի վրա. ուշացած դեպքերում նկատվել է ավելի թույլ արդյունք: Էխինոպսինը բարձրացնում է ողնուղեղի ռեֆլեկտոր գրգռվածությունը, տոնուսավորում կմախքային մկանները, առաջ բերում օրգանիզմի ընդհանուր ուժերի ակտիվացում: Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում` կենտրոնական և ծայրամասային նյարդերի ախտահարումների (պարեզ, կաթված, պլեքսիտ, ռադիկուլիտ, մկանային ատրոֆիա և այլն), միոպաթիայի, ասթենիկ վիճակի, ռադիոակտիվ ճառագայթումից առաջ եկած հիպոտոնիայի ժամանակ և այլն (Մ.Դ. Մաշկովսկի):
Ըստ որում` պատրաստուկի փոքր դոզաները բարձրացնում, իսկ մեծ դոզաներն իջեցնում են արյան ճնշումը: Ն.Գ. Կովալևան դեղաբույսի պտուղներն օգտագործում է որպես կարդիոտոնիկ միջոց` աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ:
Մեր կողմից էխինոպսինը` ենթամաշկային ներարկման ձևով, օգտագործվել է նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի հիպոտոնիկ ձևով տառապող հիվանդների մոտ: Բուժման կուրսը (որ տևել է 4 շաբաթ) ավարտելուց հետո հիվանդների 88%-ի մոտ նկատվել է զարկերակային արյան ճնշման նորմալացում, գլխացավերի, գլխապտույտի, ականջների խշշոցի, աչքերի մթագնման և սրտի շրջանի անախորժ զգացողությունների մեղմացում կամ լրիվ վերացում: Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ վերացել են ակրոպարեսթեզիայի և ընդհանուր ապատիայի երևույթները, իսկ ոմանց մոտ բարձրացել է մինչև այդ ընկճված մերձավորության հակումը: Էլեկտրասրտագրությամբ արձանագրվել է հիվանդների սրտի բիոպոտենցիալների և սնուցականության լավացում:
Կիրառման եղանակները: Դեղաբույսը թարմ վիճակում հիմնականում չի կիրառվում: Էխինոպսինը բաց է թողնվում դեղատներում ամպուլաներով և սրվակներով: 0,4% էխինոպսին նիտրատի լուծույթը 1 մլ դոզայով օգտագործվում է ենթամաշկային, իսկ սրվակներով բաց է թողնվում 20 մլ 1%-անոց լուծույթի ձևով, որն ընդունում են 10-ական կաթիլ` օրական 2-3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Որոշ տեղերում ոզնենին, մշակովի կանկարի (արտիշոկի) նման, օգտագործում են կերակուրների մեջ, իսկ սերմերն ուտում են հում վիճակում: Որպես դեկորատիվ այն աճեցնում են զբոսայգիներում և պուրակներում: Ծաղիկներն արտադրում են 60-75% շաքարայնությամբ նեկտար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն