Ավանդական բժշկություն Կղմուխ Հեղինեի - Девясил высокий - lnula helenium L.
Կղմուխ Հեղինեի - Девясил высокий - lnula helenium L.
Հայկական տարանունները - ախրիճանակ, անտուզ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ, ձվախոտ, վայրի արևածաղիկ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 100-250 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է` բնորոշ հաստ կոճղարմատով, հոտավետ, բարկահամ, մսալի արմատով: Ունի հաստ, ուղղականգուն ցողուն, խոշոր, խորդուբորդ, թավշանման տերևներ: Եզրային ծաղիկները երկար են` նեղ լեզվակով, միջինները` խողովակաձև, ոսկեդեղին: Պտուղը լերկ, փուփուլավոր, քառանիստ սերմիկ Է: Մեր հանրապետությունում նկարագրված է 13 տեսակ, որոնց գերակշռող մասն ունի բուժական նշանակություն: Բույսն աճում է խոնավ մարգագետիններում, գետեզրերին, գետահովիտներում, նախալեռնային գոտուց մինչև մերձալպյան գոտին ներառյալ: Ծաղկում է հուլիս–սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բազմամում են սերմերով, իսկ մշակության մեջ` նաև արմատամասերով: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում` լավ:
Ցեղի հունարեն «ինուլա»անունը նշանակում է դատարկել, մաքրել. այն կապված է բույսի` շնչուղիների վրա ցուցաբերված ներգործության հետ և հաճախ է հանդիպում Պլինիուսի, Ցելսիուսի և Դիոսկորիդի գործերում, իսկ «հելենիում» բառը ոմանք կապում են հունական հելիոս` արև հասկացության հետ (ծաղիկներն` արևի նմանվելու հետ կապված):
Քիմիական բաղադրությունը: Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում` C վիտամին: Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են դեղաբույսի արմատն ու կոճղարմատը, որոնք հանում են ուշ աշնանը, մաքրում հողից, լվանում սառը ջրով, վերածում 3-5 սմ կտորների, չորացնում ստվերում` միջանցուկ քամու տակ: Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված, փակ տուփերի մեջ: 100 կգ թարմ արմատից ստանում են 35 կգ չոր հումք: Դեռևս Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք: Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը: Ավիցեննան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խուխամուղ հակաասթմատիկ միջոց: «Իմացիր, - գրում է մեծ բժիշկը, - կղմուխը և նրա թուրմը շատ օգտակար են այս հիվանդության ժամանակ»: Ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, հատկապես բղկոցների դեպքում «չոր կղմուխը հրաշալի միջոց է»: Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է սրտային մի շարք հիվանդությունների, նստաներվերի բորբոքման և հոդացավերի ժամանակ: Արմատի եփուկը` խաղողի հյութով, տրվել է սրտային և թոքային հիվանդներին, իսկ օշարակով` սակավամիզության ժամանակ: Մ. Հերացին «ռասան» կամ «ըռասան» անվան տակ, բույսի արմատը և կոճղարմատն օգտագործել է որպես օրգանիզմը տոնուսավորող, մարսողությունը լավացնող, թոքաբորբը և այլ բորբոքական պրոցեսները բուժող միջոց: Այլ դեղամիջոցների հետ խառնված, նա կղմուխն օգտագործել է լյարդի և փայծաղի ուռուցքների, այդ օրգանների խցանումների, ջրգողության և ստամոքսաելքի ուռուցքի ժամանակ: Այստեղ ևս, ինչպես նախորդ դեպքերում, կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ: Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին: Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս` հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին:Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին: Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը:
Առնոլդ Վիլլանովցու տվյալներով (XIV դար) բույսի հյութն օգնում է ճողվածքին, կանոնավորում դաշտանը, ցուցաբերում միզամուղ և վիժեցնող հատկություն: Տրորված արմատը դնելով վրայից` բուժում է կոնքի հատվածի ցավերը, իսկ տերևները` գինով, օգտակար են նեֆրիտների դեպքում: Արմատափոշին` մեղրով, ունի հազը հանգստացնող և հևոցը վերացնող հատկություն: Տիբեթական բժշկության մեջ բույսի տերևներն ու ծաղիկներն օգտագործում են սիբիրախոցի, հնդկական բժշկության մեջ` բրոնխիտների և ռևմատիզմի, հոմեպատիայում` հազի, ասթմայի և դիաբետի ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատը համարում են խուխամուղ միջոց և օգտագործվում է շնչահեղձման, բրոնխիտների, գրիպի և կապույտ հազի ժամանակ: Կղմուխը ճանաչվում է նաև որպես ճիճվամուղ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ և ախորժակը լավացնող միջոց: Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է էկզեմայի, նեյրոդերմիտի, քոսի և վերքերը բուժելու նպատակով: Եփուկի մեջ իրար խառնված կռատուկի և կղմուխի արմատներն, օգտագործում են ռևատիզմի դեպքում:
Ուկրաինայում ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ, մարսողությունը և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող, քրտնամուղ, միզամուղ, դաշտանամուղ միջոց: Նշվում է, որ բեղաբույսից լավանում է ախորժակը, վերանում աղեփքանքը, աղեխիթը և բղկոցները: «Կղմուխի գինի» անվան տակ դեղաբույսն օգտագոծվում է ընդհանուր թուլության և ետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է կապույտ հազի, գլխապտույտների, սրտխփոցների, գլխացավերի, ընկնավորության ժամանակ, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով: Գերմանիայում դեղաբույսն օգտագործվում է շնչուղիների և ստամոքսային հիվանդությունների, Ավստիրայում` թոքերի հիվանդությունների և ճիճվակրության ժամանակ, իսկ քսուքի ձևով` մաշկի քորի և էկզեմայի դեպքում: Ռուֆը (ցիտ. ըստ Ն.Պ. Իորիշի) ուժեղ հազով ուղեկցվող շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ առաջարկում է բույսի արմատն ընդունել մեղրով: Որոշ երկրներում դեղաբույսն օգտագործվում է լնդերի ախտահարման, հին վերքերի բուժման, ստամոքսի թերսեկրետոր բնույթի բորբոքումների և ցավի ժամանակ:
Դեղաբույսի վերաբերյալ հետաքրքիր փորձառական աշխատանքներ է տարել Ն.Վ. Կլենինան: Նա ընտանի կենդանիների վրա հետազոտելով կղմուխի եփուկը, պարզել է, որ վեջինս ունի ոչ բորբոքական բնույթի լուծերը դադարեցնող հատկություն: Այսպես, բուժման 2-րդ օրվանից կենդանիների մոտ պակասել է լուծը, լավացել ախորժակը, ընդհանուր վիճակը, նվազել ինտոքսիկացիան: Եփուկը 2.10-3 գ/մլ խտությամբ նեղացնում է ճագարի մեկուսացված ինչպես էլ բորբոքված ականջի անոթները, իսկ 10-3 գ/մլ խտությամբ ճնշում է մեկուսացված աղիքի շարժունակությունը, թուլացնում նրա տոնուսը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն խտությամբ եփուկը վերացրել է պիլոկարպինից և բարիումի քլորիդից առաջացած աղիքի սպազմը: Գալարակծկանքի ճնշման հետ մեկտեղ նվազել է նաև ստամոքսի սեկրեցիան և մարսողական տրակտի որոշ ֆերմենտների ակտիվությունը և հակառակ այս բոլորի` ուժեղացել է լեղագոյացումը և լեղու արտահոսը: Ն.Վ. Կլենինան բացահայտել է նաև դեղաբուսի հակաբորբոքիչ և նաև հականեխիչ հատկությունները, որոնք, հավանաբար պայմանավորված են արմատի մեջ պարունակվող եթերայուղով, իսկ դեղաբույսի ճիճվամուղ հատկությունը նա կապում է նույն եթերայուղի մեջ մտնող ալանտոլակտոնով, որն օժտված է սանտոնինատիպ ներգործությամբ: Պետերբուրգի ֆարմացևտիկ գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով, խուխամուղ և հազը հանգստացնող հատկությամբ դեղաբույսը միանգամայն կարող է փոխարինել արտասահմանից ներմուծվող կաթնախոտին (սենեգային): Դեղաբույսի արմատը և կոճղարմատը օֆիցինալ են Նիդեռլանդիայում:
Մեզ մոտ կղմուխը օգտագործվում է որպես խուխամուղ և ախտահանող միջոց` վերին շնչուղիների սուր և քրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ: Այն մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի բաղադրության մեջ: Մեր տվյալներով, բացի արմատից և կոճղարմատից, որոշակի լեղամուղ և քրտնամուղ հատկությամբ օժտված են նաև բույսի ծաղիկները, որոնց ջրաթուրմը` 1/10-ի հարաբերությամբ, 1-ական ճաշի գդալ, օրական 5-6 անգամ օգտագործել ենք լեղուղիների քրոնիկական բորբուքումներով հիվանդների բուժման ժամանակ. կրկնվող դուոդենաժները ցույց են տվել լեղու բոլոր բաժինների ավելացում, բորբոքական երևույթների զգալի պակասում, լեղու բաղադրատարրերի նորմալացման հակում: Շնչուղիների սուր բորբոքման ժամանակ նույն ջրաթուրմը, շնորհիվ թրտնամուղ արդյունքի, զգալի չափով թեթևացնում է հիվանդի վիճակը, նվազեցնում կատառային և ինտոքսիկացիայի երևույթները, նպաստում ջերմության իջեցմանը:
Կիրառական եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանրացրած հումքը 10 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 3 անգամ` 10 օրվա ընթացքում, կամ` 2 թեյի գդալ հումքը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, քամում ու ավելացնում 1 թեյի գդալ մեղր, ըմպում ½ բաժակ օրական 4 անգամ` ուտելուց 1 ժամ առաջ, կամ` 20-30 գ հումքը 30 րոպե թրմում են 1 լ եռման ջրում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` դաշտանային խանգարումների, վատ մարսողության, բղկոցների, վատ ախորժակի, աղեփքանքի և աղեխիթերի ժամանակ: Այս հումքից եփուկ պատրաստելու համար 2 բաժակ ջրում 6-9 գ եփացնում են այնքան, մինչև 2/3 մասը մնալը, որից հետո այն ընդունում 1-2 ճաշի գդալ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ, կամ` 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Այս եփուկը պատրաստելուց կարելի է իրար հետ խառնել կռատուկի և կղմուխի արմատները, 10-ական գրամի չափով` ընդունելով վերոհիշյալ եղանակով:
Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում են 70° սպիրտի հետ և ընդունում 25-ական կաթիլ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է խառնել մեղրի հետ, դարձնել դեղատնային մեծության դեղահատեր և ընդունել 2-3 դեղահատ, օրական 3-4 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է ընդունել դանակի ծայրով` օրական 3-4 անգամ:
Ըստ Ա.Պ. Պոպովի, քսուք պատրաստելու համար մանր կտրտված արմատից մի պտղունց 15 րոպե եռացնում են 4-5 ճաշի գդալ խոզի ճարպի մեջ, քամում տաք վիճակում, ավելացնում 2 ճաշի գդալ կեչու կուպր և մի քիչ ծծմբափոշի, լավ խառնում ու օգտագործում քոսի դեպքում: Մի քանի օր հիվանդը լողանում է բույսի արմատաեփուկով: Կամ` 50 գ մանրացրած արմատը 20 րոպե եփում են 100 մլ ջրում, քամում և խառնում 50 գ խոզի հալած ճարպի հետ, կամ` 1 մաս արմատափոշին խառնում են 2 մաս իրար հավասարաչափ խառնված խոզի հալած ճարպի, վազելինի և ձկան յուղի հետ: Ընդհանուր թուլության և ետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ օգտագործվում է «կղմուխի գինի», որը պատրաստելու համար 12 գ թարմ արմատը 10 րոպե եփում են 500 մլ պորտվեյնի կամ կագորի մեջ, ապա ըմպում 50-ական մլ` օրական 2 անգամ: Այս եփուկը Ա.Պ. Պոպովը առաջարկում է հիպացիդ գաստրիտների և աղիքային բորբոքումների ժամանակ, ընդհանուր խառնուրդին նախապես ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է նաև հավաքածուների ձևով: Այսպես, հավասարաչափ իրար են խառնում տուղտի, մատուտակի և կղմուխի արմատները, որից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, ապա ընդունում ½ բաժակ, օրական 3 անգամ` հազի ժամանակ:
№ 5 միզամուղ թեյի մեջ իրար հետ խառնված են 1-ական մաս մաղադանոսի սերմեր, կեչու բողբոջներ, տերեփուկ և կղմուխ, 2 մաս արջախաղող, 4 մաս երեքնուկ: Այս խառնուրդից 1ճաշի գդալ 15 րոպե թրմում են 20 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1–ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:
Շչուղիների մի շարք հիվանդությունների, հատկապես բրոնխիալ ասթմայի ժամանակ, օգտագործում են հավասարաչափ իրար խառնված ուրցի, տատրակի տերևների, եռագույն մանուշակի, անիսոնի սերմերի և կղմուխի արմատի խառնուրդը, որից 4 թեյի գդալ 2 ժամում թրմում են 1 բաժակ սառը ջրում, եռացնում, հովացնում և քամում, ապա ըմպում 1 օրում ` 3 անգամ: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ իրար խառնած հետևյալ խառնուրդը. կռատուկի և կղմուխի արմատներ, ընկույզի տերև և սրոհունդ, որից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 200 մլ ջրում և ըմպում օրվա մեջ 1-ական ճաշի գդալ` 2-3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ: Կղմուխը դեկորատիվ բույս է, այն հաճախ աճեցնում են պուրակներում և այգիներում: Չափավոր մեղրատու է, չոր արմատից ստացվում է կապույտ ներկ: Շնորհիվ հաճելի հոտի, այն օգտագործվում է հրուշակեղենի, լիկյորի և օղու արտադրության մեջ:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն