Ախտանիշներ Էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են։ Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները։ Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն` նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց։ Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված իմպոտենցիա ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր։ Տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը նախընտրելի է փոխարինել էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես նշված է DSM-IV ում՝ «Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ»։ Այս բնորոշումը ենթադրում է, որ սեռական ցանկությունը պահպանված է, և առկա են հաջող սեռական հարաբերություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս սահմանումը ներառում է նաև ձեռնաշարժության ժամանակ հազվադեպ հանդիպող էրեկտիլ դժվարությունները։
Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ տարբերակի մեջ էրեկտիլ դիսֆունկցիան նկարագրված է գենիտալ ռեակցիայի բացակայության խորագրի տակ` իբրև էրեկցիայի առաջացման և սեռական գործողության ընթացքում դրա բավարար պահպանման դժվարություն։
ԷԴ-ով շատ այցելուներ հաճույքաբեր են համարում համբուրվելը, շոշափումը և անգամ սեռական օրգաններին անմիջական հպումը, սակայն վերոնշյալ վարքային ակտիվությունները ոչ միշտ են ուղեկցվում գենիտալ ռեակցիայի առաջացմամբ։ Եթե այս կարգի արգելակումները հաճախ են կրկնվում, կարող է ի հայտ գալ սեռական ցանկության երկրորդային խանգարում՝ իջեցման կամ լրիվ անհետացման տեսքով։ Որոշ դեպքերում նույնիսկ կարող է զարգանալ սեռական խուսափման վարքագիծ, և տվյալ տղամարդը արտաքուստ կընկալվի որպես բացարձակ ասեքսուալ։
ԷԴ-ն այնպիսի խանգարում է, որը հնարավոր չէ քողարկելը։ Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ այն եզակի դեպքերում, որոնք անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում։ Էրեկցիայի խանգարումը նման տղամարդկանց կողմից կարող է տարբեր մեկնաբանություններ ստանալ, որոնցից էլ կախված է, թե զարգացման ինչպիսի ընթացք կունենա ախտանիշը։ Շատ տղամարդիկ ցուցաբերում են հանդուրժող վերաբերմունք, որը նրանց թույլ է տալիս շարունակել իրենց սեռական կյանքը առանց որևէ արգելքի։ Նրանց զուգընկերուհիները սովորաբար է՛լ ավելի պակաս են անհանգստացած։ Իսկ որոշ տղամարդիկ էրեկցիայի խանգարման անգամ մեկ դեպքից հետո սեռական հարաբերությանը մոտենում են իբրև սպառնալից մի փորձության և սկսում վերահսկել սեռական գործողության կատարումը ողջ ակտի ընթացքում։ Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը։ Բուժման հիմնական նպատակը կատարման հենց այս տագնապի վերացումն է։
Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ։ Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են։ Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար։ Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն, որը նպաստել է ԷԴ-ի առաջացմանը։
Այս կապակցությամբ ուշադիր քննարկվում և մեկնաբանվում են այցելուի բոլոր դիտարկումները` կապված էրեկցիայի առաջացման հետ։ Շատ այցելուներ նշում են, որ ունեն առավոտյան էրեկցիաներ և հեշտությամբ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել մենակ գտնվելիս, մինչդեռ բացարձակապես անկարող են էրեկցիայի հասնելու` երբ զուգընկերուհու հետ են։ Որոշ դեպքերում հաջողվում է հասնել էրեկցիայի, բայց դժվարություն է ներկայացնում այն պահպանելը։ Մյուսները կորցնում են այն որոշակի հանգամանքներում` հագուստը հանելիս, ներթափանցումից անմիջապես առաջ կամ երբ առնանդամը հեշտոցում է, երբ սեռական հարաբերության պահանջ է ներկայացվում, կամ էլ երբ տվյալ զուգընկերուհին ինտիմություն և վստահություն է պահանջում։ Երբեմն անբավարար է լինում էրեկցիայի պնդության աստիճանը։
Վերոնշյալ ախտորոշիչ տվյալներին անչափ օգտակար հավելում է զուգընկերուհու հետ վարած զրույցը, որի ընթացքում կարող են բացահայտվել նոր մանրամասներ և հաստատվել արդեն ձեռք բերվածները։
Կանայք տարբեր կերպ են արձագանքում իրենց զուգընկերների ԷԴ-ին։ Ոմանք հրաշալի գոտեպնդողներ են և հասկացնել են տալիս, որ իրենք կարևորում են տղամարդու անձը և ոչ թե նրա պրկված առնանդամը։ Այսպիսի վերաբերմունքը պատճառային գործոնների շարքում բացառում է զուգընկերուհու մասնակցությունը։ Սրան հակառակ, սեռապես պահանջկոտ կանայք առավելապես անզիջում են և քննադատաբար են տրամադրված։ Նման կանանց ծայրաստիճան զայրացնում է այն հանգամանքը, որ իրենց զուգընկերը չի բավարարում իրենց սեռական պահանջը։ Կան կանայք, որոնց բավականության միակ աղբյուրը առնանդամի իմիսիայի մեջ է։ Այլ խումբ կանայք դեմ են իրենց զուգընկերոջ կողմից էրոտիկ մեդիայի օգտագործմանը և հրաժարվում են տղամարդու սեռական օրգանները գրգռելուց։ Հաճախ տղամարդուց ակնկալում են ակնթարթային էրեկցիա և դրա պահպանում մինչև իրենց բավարարումը։ Տղամարդը փորձում է ամեն կերպ բավարարել այդ ակնկալիքները և այդ պատճառով ստեղծվում է մի ճնշում, որն ուժեղացնում է սեռական տագնապը, արդյունքում առաջացնելով կամ խորացնելով էրեկցիայի խանգարումը։
Տե'ս նաև Սեռական գրգռման խանգարումներ
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն