Ավանդական բժշկություն Մամխի փշոտ - Терн колючий - Prunus spinosa L.
Մամխի փշոտ - Терн колючий - Prunus spinosa L.
Հայկական տարանունները – կոկոնենի, մամխենի, մամոխի, փշաթուփ, փշասալոր
Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիներին պատկանող, փշոտ թուփ է, ձվաձև, ատամնաեզր տերևներով: Ծաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով: Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով, կորիզները ձվաձև են, կնճռոտ: Ունի գորշամոխրագույն, մոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև: Ծաղկում է գարնանը` մինչև տերևների դուրս գալը, պտղակալում հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատային շյուղերով, հաճախ տալով անանցանելի, փշոտ բուսուտներ: Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր: Աճում է գլխավորապես մեր հանրապետության անտառատափաստանային գոտիներում, դաշտերում, անտառի բացատներում, ձորեզրերին, գետահովիտներում և այլուր:
Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են մինչև 9,3% շաքար, մինչև 1,7% խնձորաթթու, ցիանային միացություններ, պեկտինային, բուրավետ և բաղադրիչ նյութեր, վիտամիններից` C, կարոտին, B1, B2, PP, E ինչպես նաև կարմիր ներկ, սպիրտ, քիմիական տարերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և երկաթ: Տերևներում հայտնաբերված է մինչև 250 մգ% C վիտամին, ծաղիկներում` կապտաջրածնաթթու, բենզալդեհիդ, եթերայուղ, դառը և բաղադրիչ նյութեր, սերմերում` մինչև 3% գլիկոզիդ ամիգդալին (որը ճեղքվելով տալիս է կապտածնաթթու), մինչև 37% ճարպայուղ և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման համար օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները, որոշ դեպքերում` նաև տերևները, կեղևը և արմատը: Ծաղիկները հավաքում են լրիվ բացվելուց հետո, կտրելով ճյուղերով, որոնք հետո առանձնացնում են: Ծաղիկները չորացնում են բացօթյա, միջանցուկ քամու տակ, փաթաթում թղթով ու պահում չոր տեղում: Պտուղները հավաքում են առաջին սառնամանիքից հետո, երբ կորցնում են տհաճ համը, չորացնում են արևի տակ կամ վառարանի ջեռոցում: Նշենք, որ դեղաբույսը դեռևս կիրառվում է միայն ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում:
Մամխին որպես դեղամիջոց ունի կիրառման հին պատմություն: Այսպես, Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ: Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխու պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց` աղիների խանգարուների, ձայնի խզման և հազի ժամանակ: Ծաղիկները` որպես լուծող, հաճախ օգտագործում են այլ լուծողականների հետ: Դրանք օժտված են նաև միզամուղ և խուխամուղ հատկություններով և առավել չափերով գնահատվում են մանկական հիվանդությունների բուժման պրակտիկայում: Ինչպես ծաղիկների, այնպես էլ պտուղների, կեղևի, տերևների և արմատների եփուկը (1/10-ի հարաբերությամբ), բացի միզամուղ լինելուց, ունի նաև նյութափոխանակությունը կարգավորող և «արյունը մաքրող» հատկություններ: Դրանք, առանց դոզայի խիստ պահպանման, նշանակվում են երիկամների, լյարդի և մաշկային մի շարք հիվանդությունների ժամանակ: Ստամոքսի կծկողական բնույթի ցավերի դեպքում այս եփուկը ցուցաբերում է ցավը հանգստացնող և սպազմը վերացնող հատկություն: Մ.Ա. Նոսալը արմատից պատրաստված եփուկը 1/50-ի հարաբերությամբ, ներքին ընդունման ձևով, տալիս է ջերմերի դեպքում, իսկ ներլվացուների ձևով նշանակում է գինեկոլոգիական հիվանդներին: Ըստ հեղինակի, երիտասարդ տերևներից պատրաստված թեյը, որպես միզամուղ և թեթև լուծողական, խիստ օգտակար է նստակյաց կյանք վարող մարդկանց: Կարմիր քամու ժամանակ կեղևի եփուկից ախտահարված օջախների վրա դնում են թրջոցներ:
Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագօրծում են մաշկային ցանավորումների և հազի ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղների բորբոքումներ ժամանակ` որպես միզամուղ և հակաբորբոքիչ, իսկ լուծերի դեպքում տալիս են կեղևի և պտուղների եփուկը` կարմիր գինու հետ խառնած: Հոմեոպաթները մամխու ծաղիկներն օգտագործում են նևրալգիաների ժամանակ: Մենք պտուղներց պատրաստված կոմպոտը կամ թարմ պտուղները նշանակել ենք սպիտային նեխումով ընթացող քրոնիկական էնտերիտների ժամանակ: Հիվանդները, որոնք դեղամիջոցն ընդունել են տան պայմաններում, առանձնապես դեղաչափ չեն պաշտպանել, քանի որ դրանք համեղ հատապտուղ են: Բուժման 4-5-րդ օրերից հիվանդները նշել են փորի շրջանի ցավերի, բքնածության, աղիների գրգռվածության մեղմացում, զգալի չափերով աղիների ֆունկցիոնալ գործունեության նորմալացում: Բուժման վերջում (բուժումը տևել է մոտ 3 շաբաթ) բավականաչափ լավացել են հիվանդների արյան և կղանքի լաբորատոր տվյալները: Մեր համոզմամբ, դեղաբույսի պտուղներն օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով:
Կիրառման եղանակները: Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում ½ բաժակ, օրական 3 անգամ` փորկապության, միզուղիների և լեղուղիների հիվանդությունների ժամանակ: Սառը ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում 3 անգամ: Ծաղիկներից կամ պտուղներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն ձևով պատրաստում և օգտագործում են կեղևից և արմատից կազմված եփուկը` 1/20-1/50 հարաբերությամբ: Ծաղիկներից կամ պտուղներից ջրիկ մզվածք պատրաստելու համար 40 գ հումքը 2 բաժակ ջրում եռացնում են այնքան, մինչև կիսով չափ մնալը: Այն քամում են, ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Պտուղները կարելի է ուտել թարմ կամ չորացրած վիճակում:
Դեղաբույսը լայնորեն օգտագործում են խառնուրդների ձևով: Այսպես, նևրոգեն հողի վրա առաջ եկած դաշտանի բացակայության դեպքում վերցնում են հավասարաչափ կատվախոտի արմատ, սրոհունդ և մամխու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և կումերով ընդունում ամբողջ օրվա ընթացքում: Մեզի դիուրեզը ավելացնելու նպատակով հավասարաչափ վերցնում են մամխու և թանթրվենու ծաղիկներ, եղինջ և կեչու տերևներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանգամից` առավոտյան ժամերին: Միզուղիների քրոնիկական բորբոքումների ժամանակ վերցնում են 25 գ արջախաղող և 15-ական գրամ լոբու պատիճ, խնկեղեգի կոճղարմատ, ձիաձետ, գիհու պտուղներ և մամխու ծաղիկներ: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, ապա ընդունում միանգամից: Ցրտառական հիվանդությունների ժամանակ, որպես քրտնամուղ միջոց, հավասարաչափ իրար են խառնում մամխու, խռնդատի, երիցուկի, լորենու և թանթրվենու ծաղիկները և դարձյալ հավասար քանակությամբ ավելացնում ուռենու կեղև: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2-3 անգամ:
Այլ օգտակար հատկանիշներ: Մամխու պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, խնձորին, կիտրոնին և նարինջին (Պոկրովսկի Ա.Ա.): Հասուն պտուղներից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, սուրճի փոխմիջոց, չիր, պովիդլո, պաստեղ, ցուկատ, մարինադ, քացախ, կվաս, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպես համեմունք:
Ֆրանսիայում լրիվ չհասունացած պտուղները մարինադի ձևով օգտագործում են ձիթապտղի փոխարեն, տերևներից պատրաստում են վիտամինային թեյ: Մամխու կարմրադարչնագույն բնափայտը շատ ամուր է և պիտանի ատաղձագործական մանր իրեր պատրաստելու համար: Տերևներով դաբաղում են կաշին, իսկ սերմերից ստացվող յուղը օգատգործում են տեխնիկական նպատակով: Մամխին մեղրատու է և ունի որոշակի դեկորատիվ նշանակություն: Այն աճեցնում են առվաեզրերը և հեղեղատներն ամրացնելու ու անջրպետներ ստեղծելու նպատակով: Այն նաև լավ պատվաստակալ է դեղձենու, սալորենու և այլ ծառատեսակների համար: Պտուղներով ձմռան ամիսներին սնվում են թռչունները:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն