Ավանդական բժշկություն Մանդիկ մսագույն - Горец мясокрасный - Polygonum carneum C. Koch.
Մանդիկ մսագույն - Горец мясокрасный - Polygonum carneum C. Koch.
Հայկական տարանունները – հովվի գավազան, օձագալար, օձտակ
Դեղաբույսի նկարագրությունը: Մատիտեղազգիների կամ հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող, 30–100 սմ բարձրության խոտաբույս է, բնորոշ օձաձև գալարներով, ուժեղ տտիպ համի կոճղարմատով: Ցողունը մեկն է կամ բազմաթիվ, ուղղաձիգ, արմատամերձ տերևները երկարավուն են կամ նշտարաձև: Ցողունային տերևները հերթադիր են, փոքր, ծաղիկները դալուկ վարդագույն են, բնորոշ դուրեկան հոտով: Պտուղը ձվաձև, գորշավուն կամ կանաչ դարչնագույն սերմիկ է: Ծաղկում է մայիս–հունիս, իսկ պտուղները հասունանում են հունիս–հուլիս ամիսներին: Բույսն աճում է մեր հանրապետության ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում, ճահճուտներում, խոտհարքներում, ջրամբարների շուրջը, առուների ափերին, նոսր անտառներում, բացատներում, տորֆային հողերում և այլուր` հաճախ տալով նոսր բուսուտներ: Ունի բազմաթիվ տեսակներ, որոնց մեծ մասը բուժական նշանակություն ունեն: Գիտական բժշկության մեջ գլխավորապես օգտագործվում են օձակերպ և մսագույն մանդիկները: Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով:
Ցեղի «Պոլիգոնում» անունը հունարեն «պոլիս» և «գոնի» բառերից է, որը նշանակում է բազմածունկ: Այս ընտանիքի մեջ մտնող շատ տեսակներ իրականում ունեն բազմածունկ ցողուններ:
Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է մինչև 25% դաբաղանյութեր, գալաթթու, էլլագաթթու, կատեխին, օքսիմեթիլանտրախինոն, մինչև 26,5% օսլա, կարոտին, ներկող նյութեր, օքսալատներ, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, քրոմ, մանգան, երկաթ, ալյումին: Ծաղիկներում հայտնաբերված է C վիտամին` մինչև 747, տերևներում` 722, կոճղարմատում`132 մգ%: Վերգետնյա մասում հայտնաբերված են ֆլավոնային գլիկոզիդներ, հիպերոզիդ, կոֆեինաթթու, քլորոգենաթթու, պրոտոկատեխաթթու:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով գլխավորապես օգտագործվում է կոճղարմատը, իսկ ժողովրդական բժշկության մեջ` նաև բույսի վերգետնյա մասը: Կոճղարմատը մթերում են սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, երբ թառամում է բույսի վերգետնյա մասը, կամ` վաղ գարնանը: Կոճղարմատը` բահով կամ քլունգով հանելուց հետո, մաքրում են հողից, լվանում ջրով, ամբողջական կամ կտրտված վիճակում չորացնում արևի տակ: Չոր հումքը, որը պիտանի է օգտագործման 6 տարի, հոտ չունի, բնորոշ է ուժեղ տտպող համով, արտաքինից մուգ գորշավուն է, իսկ կտրվածքում` գորշ վարդագույն: Ըստ որում` բույսի վերաճի ապահովման համար թույլատրվում է նույն տեղից մթերել 8-10 տարին մեկ անգամ, իսկ կոճղարմատները հանելիս` անհրաժեշտ է մանրերը թողնել հողում:
Դեղաբույսն ունի կիրառման հին պատություն: Նրա մասին նշել են դեռևս Հիպոկրատը, Դիոսկորիդը և Գալենը: Ավիցեննան, տերևների եփուկը խառնելով այլ դեղամիջոցների հետ, օգտագործել է գլխացավերի ժամանակ` ներքին ընդունման և գլխի փաթաթումների ձևով: Կոճղարմատը լայնորեն օգտագործել է անքնության, աչքերի որոշ հիվանդությունների, թոքային պալարախտի, ականջի և լեզվի սուր բորբոքումների, անգինայի, քթային արյունահոսության, արյունաախխման, արյունային փսխման ժամանակ և այլ դեպքերում: Մ. Հերացին բույսի կոճղարմատը («հովվի բիր» կամ «բրսի անդարու» անվանումների տակ) լայնորեն օգտագործել է բազմատեսակ արյունահոսությունների և լուծերի, արգանդի, ականջի և այլ օրգանների թարախային բորբոքումների ժամանակ: Կոճղարմատով բուժել է բորբոքային ուռուցքները: Ուժեղ լուծի ժամանակ` աղիների խոցակալումը կանխելու նպատակով, բժշկապետը բույսի կոճղարմատը խառնել է եզան լեզվի և այլ դեղաբույսերի հյութերի հետ և օգտագործել հոգնայի ձևով: Քսուքի ձևով կոճղարմատն օգտագործել է ֆլեգմոնայի դեպքում, իսկ բարձր ջերմերի ժամանակ` առաջ եկած գլխացավը բուժելու նպատակով, գլխի վրա կոմպրեսներ է դրել:
Ամիդովլաթը նշել է, որ. «եթե ջուրը խմեն` կտրե կրծոց արյուն, լուծը կտրե, թե գինով խմեն` օգտե գազանահարին, դեղորայքով թունավորվածին, օգտե ջերմին, եթե դողից առաջ` դող չլինի, օգտե ստամոքսի ցավերուն»:
Որպես ուժեղ մածող միջոց, բժշկապետը բույսի կոճղարմատն օգտագործել է բոլոր տեսակի արյունահոսությունների, լուծերի, արգանդի և միջին ականջի, ինչպես և այլ օրգանների թարախային արտադրության ժամանակ:
Մ. Ա. Նոսալի նմուշով, ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի կոճղարմատը հանրահայտ է որպես մածող միջոց և օգտագործում է վերքերի, արյունահոսությունների, ֆուրունկուլյոզի, լուծերի և ցիստիտների ժամանակ: Նա դիզենտերիան բուժելու համար մանդիկի և խոլորձի կոճղարմատների փոշին խառնում է իրար և օգտագործում հոգնայի ձևով: Արմատի եփուկը նշանակում է լեղուղիների և միզուղիների քարային ախտահարման, քրոնիկական կոլիտների, ստամոքսաաղիքային արյունահոսությունների, մաշկային հին վերքերի և խոցերի դեպքում: Կանանց սպիտակաթորանքի ժամանակ Մ.Ա. Նոսալը կոճղարմատի եփուկն օգտագործում է ներլվացումների ձևով:
Չինաստանում կոճղարմատը մտնում է բորի դեմ կիրառվող խառնուրդների կազմի մեջ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ կոճղարմատը` ներքին ընդունման ձևով, նշանակում է ցիստիտների, լեղուղիների բորբոքումների, ներքին արյունահոսությունների և արյունային լուծի ժամանակ, իսկ արտաքին. թրջոցների ձևով դնում են արյունահոսող վերքերի վրա, ողողումների ձևով` օգտագործում բերանի լորձաթաղանթի, լնդերի, լեզվի և կոկորդի բորբոքումների ժամանակ: Ըստ Ա.Պ. Պոպովի, մանդիկն ունի նաև միզամուղ և ստամոքսաաղիքային տրակտի խախտված ֆունկցիաները կարգավորող հատկություն:
Մանդիկի մասին դեռևս 1905 թ. միտք է հայտնել պրոֆ. Լ.Ֆ. Իլյինը. որպես ուժեղ մածող և հեմոստատիկ: Նա բույսի կոճղարմատն առաջարկել է արտասահմանից ներմուծվող հանրահայտ ռատանիայի փոխարեն: Իսկ դեղաբույսի կոճղարմատի վերաբերյալ փորձնական և կլինիկական ուշագրավ տվյալներ են բերում Ս.Հ. Միրզոյանը և նրա աշխատակիցները: Այսպես, դեղաբույսի տտպող և բուժիչ ազդեցությունները (թուրմի, եփուկի, ոգեթուրմի և միզվածքի ձևով) որոշվել են առողջ և ստոմատիտով հիվանդ անձանց բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա: Ստացված տվյալները համեմատվել են արտասահամնից ներմուծվող ռատանայի ազդեցության հետ: Պարզվել է, որ բույսի ջրիկ մզվածքը` 002-1% նոսրացումներով, բերանի խոռոչում առաջ է բերում փոթոթման, պրկման և չորացման զգացում: Դեղաբույսը լորձաթաղանթները չի գրգռում, որն ապացուցել է ողողման հեղուկների մեջ էպիթելային բջիջների և լեյկոցիտների նվազ քանակով: Ավելի ուժեղ ներգործել է ջրիկ մզվածքը: Համեմատելով ռատանիայի հետ, պարզվել է, որ մանդիկը 20 անգամ գերազանցում է հանրահայտ այս տտպող դեղամիջոցին:
Հեղինակները մանդիկի ջրիկ մզվածքը` ողողման ձևով, օգտագործելով ստոմատիտով և գինգվիտով հիվանդների մոտ, ստացել են հիանալի արդյունք: Այսպես, բուժման հետևանքով նվազել է բորբոքման պրոցեսը, ներծծվել ինֆլիտրացիան, դադարել արյունահոսությունը: Խիստ պակասել է լեյկոցիտների էմիգրացիան և ծածկող էպիթելային բջիջների շերտազատումը: Համեմատած ռատանիայի հետ, մանդիկի ագլյուտինացիոն ռեակցիան էրիթրոցիտների նկատմամբ ավելի ուժեղ է: Այսպես, թե մանդիկի 0,2%-անոց մզվածքը էրիթրոցիտներն ագլյուտինացիայի է ենթարկում 5 րոպեում, ապա ռատանիայի նույն տոկոսանոց լուծույթը` միայն 90 րոպեում: Մզվածքի պերֆուզիան գոտիների մոտ առաջ է բերել ուժեղ անոթասեղմիչ ռեակցիա: Հեղինակները բարձր գնահատական են տվել դեղաբույսի տտպող, հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններին:
Ջրիկ մզվածքը կիրառման մեջ է մտել գիտական բժշկության մեջ 1944 թ., իսկ դեղաբույսն օֆիցիալ է համարվում ոչ միայն մեզ մոտ, այլև Բելգիայում և Բրազիլիայում: Դեղաբույսի պատրաստուկները թույլ տոքսիկ են և ընդհանրապես, կողմնակի անցանկալի երևույթներ չեն առաջացնում: Գիտական բժշկության մեջ կոճղարմատը լայնորեն կիրառվում է ռատանիայի փոխարեն` սուր և քրոնիկական ցավերի, էնտերոկոլիտների, գինգվիտների, գլոսիտների, ստոմատիտների և բերանի խոռոչի այլ տեսակի հիվանդությունների ժամանակ:
Ըստ Ա.Դ. Տուրովայի, ոչ դիզենտերիային բնույթի լուծերի ժամանակ դեղաբույսի ջրիկ մզվածքը կիրառման 3-րդ օրվանից դադարեցնում է լուծը, վերցնում փորի շրջանի ցավերը, բքնածությունը:
Մեր կողմից մանդիկի եփուկը օգտագործվել է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությամբ տառապող 18 անձանց մոտ: Նախքան բուժումը բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է խոցային հիվանդությանը բնորոշ ստամոքսի սեկրետոր և մոտոր ֆունկցիաների արտահայտված գրգռված վիճակ: Այսպես, սեկրեցիայի գրգռված տիպ ունեցել են 12, իներտ` 3, ասթենիկ` 1, նորմալ` 2 հիվանդ: Հյութի ժամային լարվածությունը եղել է 214± 20 մլ, աղաթթվի դեբիտ-ժամը` 246±27մգ, պեպսինային ակտիվությունը` 6840±260 մգ%: Նորմայից բարձր են եղել նաև հիվանդների ստամոքսի ֆունկցիոնալ այլ ցուցանիշները, ինչպես, օրինակ, գաստրոմուկոպրոտեիդները, ներստամոքսային ֆազային և ստաբիլ ճնշումները, ներխոռոչային ջերմությունը և այլն: Էլեկտրագաստրոգրաֆիկ եղանակով հիվանդներից 14-ի մոտ արձանագրվել է հիպերկինետիկ կամ հիպերկինեզ-դիսկինետիկ շարժիչ տիպ: Դեղաբույսի կոճղարմատի եփուկը` 1/10 հարաբերությամբ, հիվանդներն ընդունել են1-ական ճաշի գդալ, ուտելուց 20-30 րոպե առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ: Բուժման ընթացքում հիվանդները ոչ մի քիմիաթերապևտիկ միջոց չեն ստացել և գտնվել են միայն որոշակի դիետիկ պայմաններում: Նշենք, որ բուժման 2-րդ շաբաթվանից մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների վերփորի շրջանի ցավերը, պակասել են թթվահամ այրոցներն ու բղկոցները, իսկ բուժման կուրսն ավարտելուց հետո հիվադներից 15-ի վիճակը լավացել է, մինչդեռ խոցային նիշան փոքրացել կամ լրիվ փակվել է ընդամենը 8 հիվանդի մոտ: Ստամոքսի սեկրետոր տիպերը փոփոխվել են հետևյալ կերպ. gրգռված տիպ արձանագրվել է միայն 4, իսկ նորմալ տիպ` 13 հիվանդի մոտ, վիճակագրականորեն հավաստի սահմաններում, նորմալացել են ստամոքսահյութի ժամային լարվածությունը (162±32 մլ), աղաթթվի դեբիտ-ժամը (202±18 մգ), պեպսինային ակտիվությունը (4300±320 մգ%), ինչպես նաև հյութի մյուս բաղադրատարրերը, ստամոքսի այլ ֆունկցիաները, հատկապես շարժիչ ֆունկցիան: Այսպես, 18 հիվանդներից 12-ի մոտ գրանցվել է նորմոկինետիկ տիպ: Գրանցված դրական արդյունքի տևողությունը` մեծ մասամբ, կախված է եղել հետագա անհրաժեշտ ռեժիմի պահպանումից:
Նույն եփուկը մեր կողմից օգտագործվել է նաև հեպատոբիլյար պաթոլոգիայով տառապող 34 հիվանդների մոտ, ինչպես դուոդենաժի, այնպես էլ բուժման նպատակով: Համեմատելով գործնականում լայն կիրառվող մագնեզիում սուլֆատի հետ, պարզվեց, որ մանդիկի 1/10 հարաբերությամբ 50 մլ եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է ներգործում լեղարտադրության վրա, քան ծծմբաթթվական մագնեզիումը: Վերջինիս կիրառման դեպքում «լեղապարկի ռեֆլեքս» չի ստացվել 34-ից 10 հիվանդի մոտ, մինչդեռ մանդիկի կիրառման դեպքում արդյուքը չի ստացվել միայն 3 հիվանդի մոտ, որոնցից 2-ն ունեցել են լեղածորանի քարային խցանում: Մանդիկի կոճղարմատի եփուկից ստացված լեղամուղ արդյունքը բնորոշ է եղել նաև լեղապարկից արտահոսող լեղու առավել քանակով, լեղու թանձրությամբ, նրա բարձր տեսակարար կշռով և չոր մնացորդով: Մեր կարծիքով, դեղաբույսի լեղամուղ արդյունքը պայմանավորված է ոչ միայն 12- մատյա աղիքի լորձաթաղանթից դեպի լեղապարկ գնացող ռեֆլեքսներով և Օդդիի սֆինկտորի թուլացմամբ, այլև բարակ աղիների վերին հատվածում խոլեցիստոկինինի առաջացումով, որը ներզատվելով արյան մեջ, ոչ միայն կծկում է լեղապարկը, այլև հեշտացնում է լեղու արտահոսը: Նույն եփուկը (1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ) օգտագործել ենք բուժման նպատակով լեղապարկի հիպոկինետիկ դիսկինեզիաների ժամանակ` տյուբաժիների ձևով: Դեղամիջոցին ընդունելուց 0,5-1 ժամ հետո արտահայտված չափերով թուլացել են աջ թուլակողի շրջանի ցավերը, նշվել է լեղապարկի հատվածի ճնշման և ծանրության զգացումների վերացում: Այս բոլորը վկայել են լեղապարկի տոնուսի բարձրացման և լեղականգի վերացման մասին: Դեղաբույսն օգտագործվում է նաև անասնաբուժական պրակտիկայում` լուծի և արյունահոսությունների ժամանակ:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ մանրացրած կոճղարմատը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1 օրում: Երեխաների համար ահս քանակը նախատեսվում է 2 օրվա համար:
Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ, կամ` 15 գ հումքը 30 րոպե եփում են 500 մլ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ` 20 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում, հովացնում, քամում, ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ:
Ջրիկ մզվածք պարտաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եփում են այնքան, մինչև նրա կիսվելը, ապա ընդունում 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստում են 70° սպիրտի վրա, 1/1 հարաբերությամբ: Ստացված դեղամիջոցը թափանցիկ է, գորշ, կարմրավուն, ուժեղ տտպող, դառնահամ: Այն ընդունում են 20-30-ական կաթիլ, օրական 2-3 անգամ` ուտելուց առաջ:
Արմատափոշին ընդունում են 0,5-1 գ` ժելատինե պարկուճներով, օրական 3 անգամ կամ` տրորում են մեղրի հետ, պատրաստում նույն դեղաչափի դեղահատիկներ և ընդունում օրական 3 անգամ: Ստամոքսային № 2 թեյի կազմի մեջ մտնում են մանդիկի կոճղարմատ և լաստենու կոներ` ½ հարաբերությամբ: 2 ճաշի գդալ այս խառնուրդից 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, որը ըմպում են 1 օրում` 3-4 անգամ: № 4 ստամոքսային թեյի կազմի մեջ մտնում են մատնունի և մանդիկ` դարձյալ ½ հարաբերությամբ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ խառնում են 1 բաժակ եռման ջրին, եփում 30 րոպե, ապա ըմպում 1 օրում` 3-4 անգամ:
№ 5 ստամոքսային թեյի մեջ հավասարաչափ իրար են խառնված մանդիկ և արյունխմիկ, իսկ № 6 նույնատիպ թեյի մեջ` մանդիկ և ձիու ավելուկի արմատ: Այս թեյերը ըմպում են նախորդ թեյի նման` ստամոքսային ցավերի և բորբոքումների ժամանակ: Մ.Ա. Նոսալը արյունային լուծի և էնտերոկոլիտների ժամանակ վերցնում է 5 գ մանդիկ և 1 թեյի գդալ կտավատի սերմ, լցնում 200 մլ ջրի մեջ, եփում 20 րոպե, հովացնում, ապա տալիս ըմպելու 1-ական ճաշի գդալ` յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ: Նույն հեղինակը կանանց սպիտակաթորանքի ժամանակ ներլվացումների համար իրար է խառնում 20 գ. մանդիկ, 10 գ հավվամաղախ, 15 գ մղամուճի տերև, 10 գ կաղնու կեղև, 10 գ անթառամ ծաղիկ, 10 գ ջրապղպեղ և 15 գ հազարատերևուկ: Այս խառնուրդից 10 ճաշի գդալ վերցնելով, խառնում են 2 լ ջրին, 30 րոպե եռացնում մարմանդ կրակի վրա: Ներլվացումն առաջարկվում է կատարել տաք եփուկով:
Այլ օգտակար հատկանիշներ: Բույսի տերևները և մատղաշ ընձյուղները կարելի է ուտել հում, եփած, չորոցրած և թթու վիճակում: Դեղաբույսը լավ մեղատու է: Այն ունի կաշին դաբաղող, մահուդը սև կամ դեղին ներկող հատկություն: Անասունների համար բարձր որակի կեր է:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն